ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Գյուղ կանգնի, գերան կկոտրի

Գյուղ կանգնի, գերան կկոտրի
26.06.2015 | 00:33

Հունիսի 23-ի դեպքը չկոտրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված քաղաքացիական շարժման թափը. պայքարը շարունակվում է։ Կատարվածի առնչությամբ ներկայացնում ենք օրենսդիրների գնահատականները։

«ԿԱ ՄԻ ՍԱՀՄԱՆ, ՈՐՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ»

ՌՈՒԶԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ինչ խոսք, շատ ողջունելի է, որ քաղաքացիական հասարակությունը պայքարում է իր և ժողովրդի շահերի համար, սակայն երբ այդ պայքարի մեջ որոշ խժդժություններ են տեղի ունենում, խանգարում են հենց քաղաքացիական հասարակության բարձրացրած խնդրի ըմբռնմանը։ Գուցե որոշ ոստիկաններ ևս ոչ ճիշտ պահվածք են ցուցաբերել՝ դա ուսումնասիրությունը կպարզի։ Ի դեպ, այդ դեպքի առիթով հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և հստակ խոստացավ լուրջ ուսումնասիրություն իրականացնել։ Իհարկե, եթե չլիներ այդ դեպքը, կունենայինք քաղաքացիական ձայնի բարձրացման քաղաքակիրթ դրսևորում կարգ ու կանոնի պահպանմամբ, ինչից ոչ ոք չէր տուժի։ Այսինքն, կա մի սահման, որն ամեն դեպքում պետք է պահպանել։ Շատ բարձր եմ գնահատում ժողովրդավարությունը, որն առկա է մեր երկրում, ինչով էլ մեր երկիրն առանձնանում է ոչ միայն տարածաշրջանային, այլև շատ երկրներից։ Սրան զուգահեռ, մենք մեր ներքին «զսպաշապիկը» պետք է ունենանք, կարողանանք պահպանել, մեր զգոնությունը. ներքին այդ սահմանը երբ չես կարողանում պահպանել՝ տանում է օրենքի խախտման։
Ամենագլխավորն այն է, որ մեր երկրի նախագահն ակտիվիստներին իր մոտ հրավիրեց։ Դա նշանակում է, որ ՀՀ նախագահն իր այդ քայլով ողջունում է քաղաքացիական ակտիվիստներին։ Ի դեպ, Հայաստանի անկախության պատմության ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ երկրի նախագահը ցանկություն հայտներ հանդիպելու ակտիվիստների հետ։ Եթե ՀՀ նախագահը ցուցաբերել է այդպիսի ժողովրդավարական մոտեցում, նույն այդ ժողովրդավարության համար մարտնչողները համարժեք մոտեցում չեն ցուցաբերել արված առաջարկին։ Սրանից ելնելով՝ ակամայից մտածում ես՝ գուցե այս շարժման տակ որոշ մարդիկ ա՞յլ շահեր են հետապնդում։
-ՈՒզում եք ասել՝ շարժումը «տակից» ուղղորդող ձե՞ռք ունի։
-Քաղաքացիական այս շարժումը, ինչպես նշեցի, ողջունելի է, և ասացի առանց որևէ ենթատեքստի։ Եթե անգամ շարժումը գաղափարական մասով է ուղղորդվում, այն պետք է ճիշտ աշխատի և հասկանալի լինի ակտիվիստների համար, թե իրենց յուրաքանչյուր քայլ հանդիպակաց ինչ քայլերի հնարավորություն է ստեղծում։ Իսկ երբ այդ հնարավորությունը սահմանափակվում է մի քանիսի որոշումով, դա արդեն ճիշտ չէ։ Չեմ կարծում, թե բոլոր ակտիվիստներն էլ չէին ցանկանում, որ իրենցից կազմված խումբը հանդիպի նախագահի հետ, իրենք էլ որոշակի պարզաբանումներ ներկայացնեին հավաքվածներին։ Այսինքն, այդ իրավունքից, հնարավորությունից հրաժարվելը տեղիք է տալիս մտածելու։ Ինչո՞ւ չեն ցանկացել հարցի պատասխանն ստանալ պետության առաջին դեմքից։


«ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ (ԲՀԿ խմբակցություն)
-Պարոն Էնֆիաջյան, ի՞նչ եք կարծում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված այս շարժումն ուշացած չէ՞։
-Կարծում եմ՝ քաղաքացիական այս նախաձեռնությունը ուշացած չէ։ Խնդիրը մեկ հավաքով կամ խորհրդարանում մի քանի ելույթներով լուծում չի ստանա։ Բնականաբար, երբ պայքարում ես, պետք է պատրաստ լինես նաև տարբեր անակնկալների, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին տեղի ունեցավ հունիսի 23-ին։ Համոզված եմ, որ այդ դեպքը և ընդհանրապես հանրահավաքի ցրումը չեն հիասթափեցնի քաղաքացիական հասարակությանը։ Հակառակը, այն պարտավորեցնող գործոն կդառնա, որպեսզի տվյալ երևույթի հետ կապված բոլոր մեղավորները պատժվեն և այս պայքարը շարունակվի, մինչև խնդիրն արդարացի լուծում կստանա։

«ԵԹԵ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ, ԱՅՆ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՈՒՄ ՍՏԱՆԱ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ)
-Պարոն Սահակյան, որպես պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, ի՞նչ եք ձեռնարկել ակտիվիստներին և լրագրողներին ազատ արձակելու ուղղությամբ՝ նրանց բերման ենթարկած օրը։
-Խոսել եմ և՛ գլխավոր դատախազի, և՛ ոստիկանության ղեկավարների հետ։ Նրանք վստահեցրել են, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի շրջանակներում։ Այսինքն, եթե քննության արդյունքում պարզվի, որ որոշ դեպքերում ոչ իրավաչափ գործողություններ են կատարվել, ապա նման բան իրականացնող կողմը կպատժվի։
-Դուք հսկողության տա՞կ եք պահելու խնդիրը։
-Ես շոուներից հեռու եմ և Facebook-ում լայքեր հավաքելու համար չեմ աշխատում, ուստի չեմ ցանկանում ամպագոռգոռ ներկայացնել անելիքներս։ Սակայն որպես մտահոգ և պետականամետ մտածողություն ունեցող մարդ նշեմ, որ պետք է ձևավորվի անկախ քաղաքացիական հասարակություն, ինչին նպաստում է մեր երիտասարդությունը։ Քաղաքացիական հասարակությունը պետք է լինի անկախ և ոչ ուղղորդված։ Ես հավատում եմ երիտասարդներին և ողջունում եմ այդ շարժումը, սակայն միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ պայքարը պիտի ընթանա օրենքի շրջանակներում։
-Իրավական մասով գուցե և որոշ խախտում շարժումը թույլ տվեց, քանի որ երթն արտոնված չէր, և անտեսվեց ՀՀ նախագահի հրավերը՝ հարցը քննարկելու առնչությամբ։ Սակայն եթե խնդիրը դիտենք բարոյական հարթությունում, ապա այդ երիտասարդները պայքարում են մեր, այդ թվում՝ Ձեզ համար։ Արդյոք ճի՞շտ էր նման ձևով հավաքը ցրելը։
-«Հավաքների մասին» օրենքը հստակ կարգավորում է նման դեպքերը, ըստ որի, նախանշված են այն վայրերը, որտեղ թույլատրվում է անցկացնել հանրահավաքներ։ Նախատեսված են նաև ինքնաբուխ հավաքները, որոնք կարող են կապված լինել այս կամ այն խնդրի հետ։ Եթե հունիսի 23-ի դեպքերը դիտարկենք իրավական հարթության մեջ, ապա ոստիկանությունը բազմաթիվ կոչեր արեց Բաղրամյան պողոտան բացելու մասին, հորդորելով հանրահավաքը շարունակել Ազատության հրապարակում։ Ամբողջ գիշերվա ընթացքում այս կոչն արձագանք չունեցավ։ Ավելին, հանրահավաքի մասնակիցները չարձագանքեցին նաև երկրի նախագահի առաջարկին։ Եթե հանրությունը խնդիր է բարձրացրել, այն պետք է լուծում ստանա, և երկրի նախագահը թիվ մեկ պաշտոնյան է, ով իրավասու է միջամտելու խնդրին։ Հանրահավաքի մասնակիցները պետք է խումբ ձևավորեին և հանդիպեին ՀՀ նախագահի հետ՝ ներկայացնելով իրենց պահանջները։ Կարծում եմ, երբ իշխանությունը հանդիպման առաջարկ է անում, չպետք է մերժել։ Ի վերջո, խոսելով հանրահավաքի մասնակիցների իրավունքներից, չպետք է մոռանալ նաև մեր մյուս քաղաքացիների իրավունքը, որոնք, թեև համամիտ են բարձրացված խնդրին, այնուհանդերձ, չէին մասնակցում հանրահավաքին։ Փակելով Բաղրամյան պողոտան՝ ամբողջ երթևեկությունը կաթվածահար են անում։ Իսկ եթե ոստիկանությունը ոչ համաչափ գործողությունների է դիմել, ապա դա լուրջ ուսումնասիրություն է պահանջում, և, ինչպես իր խոսքում նշել է ՀՀ ոստիկանապետը, այդ ուսումնասիրություններն իրականացվելու են։

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՆՎԱԶ ՊԱՐՏՔԻ ԲԵՌ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ»

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ (ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ)
-Պարոն Ջանջուղազյան, Ձեզ հետ իմ նախորդ հարցազրույցը «մարգարեական» եղավ։ Այն ժամանակ Դուք չբացառեցիք, որ պետական պարտքի սահմանափակման շեմը, ըստ անհրաժեշտության, կարող է և բարձրացվել։ Այսօր արդեն, «Պետական պարտքի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն, ԿԲ-ի և կառավարության պետական պարտքերն առանձնացվում են։ Հայաստանը Հունաստանի օրը չի՞ ընկնի։
-Պետական պարտքի սահմանն անընդհատ մեծացնելու վտանգ չկա, քանի որ սահմանափակումը շարունակում է գործել։ Սակայն սահմանափակումը գործում է միայն կառավարության պարտքի դեպքում, քանի որ այդ սահմանափակմանը հաջորդող կարգավորումները վերաբերում են կառավարության գործողություններին։ Եթե հիշենք «Պետական պարտքի մասին» գործող օրենքը, ապա այնտեղ ասվում է. «Պետպարտքը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ԿԲ-ի և կառավարության գործողությունների ձևավորված պարտքային պարտավորությունների հանրագումարից և չի կարող գերազանցել 60 %-ը»։ Որ պահից այն գերազանցի 50 %-ը, ապա հաջորդ տարվա բյուջեի պակասորդը չպետք է գերազանցի նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի ցուցանիշի 3 %-ը։ Այսինքն, տվյալ դեպքում կարգավորումը վերաբերում է բացառապես պետբյուջեին, այն է՝ կառավարությանը։ Ներկայացված փոփոխությունը չի հանում նշված սահմանափակումը, այլ հստակեցնում է կանոնները։ Որպեսզի հարցն ավելի պարզ լինի, մանրամասնեմ։ 2008-ին, երբ այս օրենքն ընդունվեց, դրա հիմքում Եվրամիության անդամ երկրների գնահատականն էր։ Հիմա անդրադառնամ Հունաստանին։ Երբ ԱԺ-ում ներկայացրի եվրոպական մի շարք երկրներ, որոնց պարտքը գերազանցում է վերը նշված 60 %-ը և խնդիրներ չունեն, օրենսդիրներն այս համեմատությունը տեղին չհամարեցին, նշելով, որ եվրոպական այդ երկրներում տնտեսությունը շատ ավելի բարձր մակարդակի է։ Լավ օրինակները համեմատելի չեն համարվում, իսկ Հունաստանի օրինակն ընդունելի եք համարում։
-Հունաստանի վիճակը տխուր է, և համեմատելով այն Հայաստանի հետ՝ ուզում ենք հասկանալ՝ արդյոք նման վտանգ չի՞ սպառնում նաև մեզ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրների հետ Ձեր համեմատությանը, ապա պատգամավորների հետ ես համաձայն եմ։
-Դրա համար էլ զարգացած երկրների անուններ Ձեզ հետ զրույցում չեմ տալիս, սակայն կարող եմ ասել, որ միայն մեկ ցուցանիշով չեն գնահատվում երկրի վարկունակությունն ու պարտքի բեռը։ Հայաստանը շարունակում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, ընդ որում, հաշվի առնելով նաև նոր վարկային ծրագրերը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ