Երեկ ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ)` 540 մլն դրամի հարկային պարտավորությունից խուսափելու համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ` ձերբակալության ժամանակ նա փորձել է փախչել, սակայն իր ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ավտոմեքենային և կալանավորվել:
Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ նա երկար ժամանակ խուսափել է հարկային պարտավորություններից, խուսափել նույնիսկ այն դեպքում, երբ հարկային մարմինների կողմից երեք անգամ ակտ է կազմվել` 400, 80 և 60 մլն դրամի չափով: Հիշյալ գումարները գոյացել են գազի մայր խողովակից անօրինական գազ օգտագործելու պատճառով:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանն ունի գազալցակայան, նրան է պատկանում նաև «Զվարթնոց» հյուրանոցային համալիրը: Հենց այս հանգստյան գոտու համար էլ ԱԺ նախկին պատգամավորը շարունակաբար գողացել է գազը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ