Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Դեռ ամեն ինչ կորած չէ

Դեռ ամեն ինչ կորած չէ
05.09.2014 | 01:10

Օրերս Երևանի թիվ 2 շուկայում գնումներ կատարելիս կորցրի դրամապանակս, որում կային փոքրիկ գումար, կենսաչափական անձնագիրս և ինձ համար թանկագին լուսանկարներ։
Միայն ուշ երեկոյան նկատեցի, որ դրամապանակս չկա (տրանսպորտի համար օգտագործել էի պայուսակիս գրպանիկում եղած գումարը): Ամբողջ գիշեր չկարողացա քնել: Ոչ այնքան գումարի, որքան անձնագրիս և հարազատներիս լուսանկարների համար։ Մտածում էի՝ տեսնես ո՞վ է եղել գտնողը, կվերադարձնի՞ դրամապանակս կամ գոնե լուսանկարներն ու անձնագիրս։
Հաջորդ օրը, չունենալով որևէ հույս, համենայն դեպս, քայլերս ուղղեցի դեպի շուկա: Շուկայի հսկիչներից մեկն ասաց, որ դիմեմ անվտանգության պետին՝ ՆԻԿՈԼԱՅ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻՆ: Այդպես էլ արեցի: Ներկայացա նրան, ով, ի դեպ, շատ կիրթ և բարեհամբույր մի անձնավորություն էր։ Եվ ի՞նչ, պատկերացնո՞ւմ եք, պարզվեց, որ դրամապանակս նրա մոտ է: Շուկայի աշխատակիցը գտել և հանձնել էր նրան, իսկ նա դեռ նախորդ օրն էր ինձ սպասել և որոշել էր, որ եթե այդ օրն էլ չդիմեմ իրենց, ապա ինքն է դիմելու ոստիկանություն՝ ինձ փնտրելու... ՈՒրախությունս անսահման էր: Այս դեպքում արդեն ոչ այնքան գտնված դրամապանակիս համար, որքան վերագտած հավատիս։ Պարոն Սիրեկանյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, խոշոր գումար կորցնողներ էլ են եղել, իրենք գտել և վերադարձրել են: Ինձ մնում էր միայն շնորհակալություն հայտնել պարոն Նիկոլայ Սիրեկանյանին: Ես դուրս եկա նրա մոտից մեծ լավատեսությամբ և հավատով, ինչն իմ մեջ վերջին շրջանում մի տեսակ մեռել էր։
Շնորհակալ եմ, որ այս դժվարին օրերում կան Նիկոլայ Սիրեկանյանի նման ազնիվ և անշահախնդիր մարդիկ:


Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2223

Մեկնաբանություններ