Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Այս դահլիճում դատվում է հայ ժողովրդի ըմբոստ ոգին»

«Այս դահլիճում դատվում է հայ ժողովրդի ըմբոստ ոգին»
23.07.2014 | 17:22

Ընդմիջումից հետո Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական նիստը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկան Արսեն Սարգսյանի հարցաքննությամբ: Նա կրկնում էր նույն ստանդարտ խոսքերը, ինչ մյուս ոստիկանները, ասելով, որ ինքն իր պարտականություններն է կատարել անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ հարցաքննվել են տուժող ճանաչված 16 ոստիկաններից 6-ը, և հետագա դատական նիստերի ժամանակ աշխատելու են ապահովել նաև մյուսների հարցաքննությունը:
Այնուհետև դատավորը ելույթ ունենալու հնարավորություն ընձեռեց ամբաստանյալներին:
Շանթ Հարությունյանն իր ելույթում կրկին անդրադարձավ ՌԴ-ի քաղաքականությանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում շատերը, խոսելով մեր երկրի շահերը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի ոտնահարելու մասին, միաժամանակ ասում են, որ ՀՀ-ն այլընտրանք չունի: Եվ այդ համատեքստում, ըստ Շանթ Հարությունյանի, նրանք հիշում են, որ Հայաստանը չունի նավթ ու գազ: Նա ասաց, որ կան նավթ ու գազ ունեցող երկրներ, որոնք այսօր հայտնվել են աղետի առաջ, քանի որ չեն առաջնորդվում իդեալներով: Շանթը հիշեցրեց, որ միայն բարձր իդեալներ ունեցող, անձնազոհ անհատները կարող են ստեղծել այլընտրանքներ, իսկ նրանք, ովքեր նշում են, որ ՌԴ-ի քաղաքականությանը այլընտրանք չենք կարող ստեղծել, նույն կերպ կարող են վաղն էլ ասել, որ Թուրքիային ու Ադրբեջանին էլ չկա այլընտրանք: Նա դա համարեց նյութապաշտ և առուծախի հոգեբանությամբ առաջնորդվող իշխանավորների մտածելակերպի արդյունք:
«Այս դահլիճում դատվում է հայ ժողովրդի ըմբոստ ոգին, այն փշրանքները, որոնք մնացել են Մարտի 1-ից հետո»,- իր խոսքն այսպես սկսեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը: Նա անդրադարձավ ոստիկանի կերպարին՝ նշելով, որ ճղած ջինսերով ոստիկանները ռոք երգչի պես գալիս, կանգնում են դատարանի դահլիճում և դասը սերտած աշակերտի պես ցուցմունքներ տալիս:
Հետո նա անդրադարձավ բանակում տիրող այսօրվա վիճակին և առաջարկեց լրագրողներին հետաքննություն անցկացնել և պարզել, թե քանի սպա է մնացել և ինչու է այդպես:
«Ես յոթ տարի ծառայել եմ, հետո դուրս եկել, մեկը չհարցրեց, թե ինչու ես գնում»,- ասաց Վարդան Վարդանյանը: Նա դրանից ելնելով էլ եկել է այն եզրակացության, որ կարող են որոշ ժամանակ անց ծախել Լեռնային Ղարաբաղը և մեղքը գցել ժողովրդի վրա: Նա նաև նշեց, որ հակակոռուպցիոն պայքարի անվան ներքո տարբեր կազմակերպություններ միլիոններ են ուտում, մինչդեռ բոլորին էլ հայտնի է, թե որ բենզալցակայանը կամ որ օբյեկտը որ նախարարին կամ ԱԺ պատգամավորին է պատկանում:
Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն էլ անդրադարձավ մի շարք նախարարների գործունեությանը և նշեց, որ մեր ժողովուրդը նախընտրում է իրեն պահել ջայլամի պես:
Ամբաստանյալ Սևակ Մնացականյանը կոչ արեց կառավարությանը՝ դադարեցնել կեղծ ընդդիմության ներդրումը, քանի որ կեղծ ընդդիմադիրները վճռական պահին լքում են ժողովրդին: Իսկ դրանից հետո, ըստ նրա, ժողովուրդը միայն ավելի է հուսալքվում: Նա հիշեց, թե Մարտի 1-ից հետո արտագաղթի ինչպիսի ալիք եղավ:
«Եվս մեկ նման ալիքի Հայաստանը չի դիմանա»,- ասաց Սևակ Մնացականյանը, նշելով, որ ոչ մի նախկին իշխանավոր չի կարող դառնալ անձնական շահ չհետապնդող ընդդիմադիր:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանն էլ հիշեց Գետաշենի հանձնումը, որի ժամանակ զոհվել է Թաթուլ Կրպեյանը: Նա ասաց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծառայել է նույն զորամասում, որը հանձնել է Գետաշենը, իսկ այսօր նույն նախարարությունում աշխատանքի է ընդունել Թաթուլ Կրպեյանի դստերը:
Ալեք Պողոսյանը նշեց նաև, որ այսօր Ցեղասպանության ճանաչում պետք է առաջին հերթին պահանջել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 30-ին, ժամը 12.00-ին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ