Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Գրիշա Վիրաբյանի գործը կրկին կքննեն

Գրիշա Վիրաբյանի գործը կրկին կքննեն
29.11.2013 | 14:41

«Սիրունյան» իրավաբանական գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, թե երեկ Վճռաբեկ դատարանը բավարարել է քաղաքական հետապնդումների ենթարկված և Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը: Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը ութ տարի առաջ իր կողմից ընդունված որոշումը փոխել է և Վիրաբյանի գործը ուղարկել առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2004 -ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Վիրաբյանի խոշտանգման հետևանքով վերջինս կորցրել է առողջությունը, ենթարկվել վիրահատության: Եվրադատարանը, քննելով Վիրաբյանի գործը, որոշում էր կայացրել վերջինիս օգտին` «25 հազար եվրո` որպես բարոյական վնասի հատուցում և 6 հազար եվրո` որպես դատական ծախսերի փոխհատուցում» վճռով: ՀՀ կառավարության բացատրությունները ԵԴ-ն համարել էր իբրև «ծայրահեղ կասկածելի ու անհավանական»: Գրիշա Վիրաբյանը 2003-ին եղել է այն ժամանակ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Եվրադատարանը վճիռ է կայացնում ՀՀ քաղաքացու օգտին, իսկ արդյունքում վնասները վճարվում են պետբյուջեից: Ինչպես Գրիշա Վիրաբյանի, այնպես էլ բազմաթիվ գործերով դատավարությունները ընթանում են օրենքի բազմաթիվ խախտումներով, փաստերի ակնհայտ խեղաթյուրման պայմաններում: Դա տեղի է ունենում առավելապես քաղաքական հիմքով գործերի պարագայում: Փաստ է, որ չնայած իրականացված բարեփոխումներին, Հայաստանի դատական համակարգը շարունակում է մնալ անկատար: ՀՀ քաղաքացին այսօր հավատ չունի դատական համակարգի նկատմամբ, և Հայաստանում բոլոր դատական ատյանները սպառելուց հետո շատերը դիմում են Եվրադատարան: Արդյունքում` մեր պետբյուջեի ոչ ճոխ միջոցների մի մասը ծախսվում է տուժածների փոխհատուցման և գործերը կրկին քննելու վրա: Ստացվում է, որ մեր դատական համակարգը ոչ թե նպաստում է երկրի կայացմանը, այլ` խոչընդոտում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ