ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Անկլավ ու էքսկլավ»… մի մեծ գլխացավ

«Անկլավ ու էքսկլավ»… մի մեծ գլխացավ
10.03.2024 | 14:04

Պարզվում է՝ Ադրբեջանը համաձայնում է, որ հաղորդակցությունների վերականգնումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա (իրավազորություն, օրենսդրություն, հավասարություն և փոխադարձություն), սակայն միաժամանակ պնդում է, որ 3-րդ կողմը պետք է ապահովի ճանապարհի անվտանգությունը, իսկ իրենց քաղաքացիներն ու բեռները պետք է հատեն Հայաստանի սահմանն առանց ստուգումների։

Ի պատասխան՝ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում երաշխավորել անցնող բեռների ու մարդկանց անվտանգությունը, ինչպես նաև պարզեցված ընթացակարգերի գործադրմանը, բայց և բացառությամբ՝ ոչ ոք չի կարող մտնել և դուրս գալ մեր երկրից առանց անգամ գրանցվելու։

Մարդուն պետք է ապուշի կամ մտավոր հետամնացի տեղ դնես, ասելով՝ ընդունում և համաձայն ենք 4 սկզբունքների հետ, բայց 3-րդ կողմի միջնորդությամբ, վրադիր էլ՝ առանց ստուգումների:

Ստացվում է՝ ոչ մի կետի հետ էլ համաձայն չեն:

Հետաքրքիր է, թե հայկական կողմը բացի իր վերոնշյալ պատրաստակամությունը հայտնելը, այդ անհեթեթությունը լսելով արդյոք տվե՞լ է տեղը տեղին պատասխան:

Որովհետև նման դեպքերում շատ դժվար է

զսպել ծիծաղն ու հեգնանքը:

Առավել ևս, երբ Ադրբեջանը, որը նախապես համաձայնել էր

Ալմա-Աթայի հռչակագրին, որով ԽՍՀՄ 12 հանրապետությունները (այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը) ճանաչել են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների միջպետականի վերածումը, այսօր մերժում է այն և ամեն կերպ փորձում է խոսանավել նրանից:

Ամեն ինչ արվում է, որպեսզի այն` «խաղաղության պայմանագրում» որպես պետությունների սահմանների վերահաստատման հիմք, չծառայեցվի:

Այսպիսով, փաստ է, որ Ադրբեջանը չի ցանկանում «խաղաղության պայմանագիր» ստորագրել՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին։

Իսկ դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը թե՛ հեռահար և թե՛ մոտալուտ ծրագրեր ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Իսկ դա նորություն չէ:

Ադրբեջանը հավակնում է Հայաստանի սուվերեն տարածքներին և երբեք չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից:

Դրա վառ ապացույցն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 7-րդ հանդիպումից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ նախ իրենց անհամաձայնությունն են հայտնում հայկական կողմի անհիմն պնդումներին, որ 31 հայկական գյուղ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո և որ տարածքային պահանջ են ներկայացնում Տավուշի մարզի 7 գյուղերի նկատմամբ:

Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ վերադարձնել իրեն պատկանող Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե էքսկլավային գյուղերից 4-ի (Բաղանիս Այրումը, Աշաղը Ասկիպարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին) «պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է» և այդ գյուղերը «ենթակա են անհապաղ ազատման», իսկ Տավուշի մարզի ևս 3 (Յուխարի Ասկիպարա, Սոֆուլու, Բարխուդարլու), ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքիի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) գյուղերի «վերադարձի» հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։

Այսպիսով՝ 4 գյուղի ու անկլավների հարցը շատ հստակ դրված է սեղանին, ընդ որում, որպես պահանջ, այլ ոչ թե որպես փոխանակում։

Ի դեպ, ադրբեջանցիները բանակցությունների ժամանակ ասել են, որ իրենք մեզ ոչինչ չունեն տալու, այդ թվում` Արծվաշենը։

Գեղարքունիքի մարզի Մեծ ու Փոքր Ալ լճերի, և առհասարակ՝ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերից օկուպացված տարածքների վերադարձի մասին խոսք անգամ չկա:

Այս մասին բարձրաձայնում է նաև անձամբ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում վերապահված է այդ հարցերով ադրբեջանցիների հետ բանակցելը:

Վերջինիս մնում է բարեկամաբար խորհուրդ տալ չմտնել նման խաղի ու գործարքների մեջ:

Պատճառահետևանքները շատ դաժան են լինելու, նույնիսկ անձամբ իր համար:

Եթե ՀՀ գործող իշխանությունները գնան նման համաձայնության (ես դա շատ հավանական եմ համարում, քանզի վարչապետ կոչեցյալը անկաշկանդ խոսել է անկլավների հնարավոր հանձնման մասին), ապա միակ բարոյական քայլը կլինի հրաժարական ներկյացանելը, չնայած որ մեկ ուրիշը կգտնվի, ով իր փոխարեն կանի այդ սև գործը:

Ինչևէ, թշնամուց ակնհայտ սպառնալիքի տարր կա։

Մեսիջը պարզ է և հասկանալի.

կամ խելոք ու սուսուփուս տալիս եք «օկուպացված անկլավները» կամ դրանք մենք հետ ենք գրավում:

Մանավանդ, երբ Ալիևը հստակ ասում է, որ Հայաստանն այլընտրանք չունի ու պետք է համաձայնի մեր բոլոր պայմաններին, վարչապետ կոչեցյալն էլ ակնարկել է, որ եթե չենք ուզում նոր պատերազմ, ուրեմն պետք է կոմպրոմիսների գնանք:

Վերջինս խոսելով հավանական պատերազմի մասին, սեփական ժողովրդին կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է ընտրենք Բաքվի օրակարգը, կա՛մ ստանանք էսկալացիա ու պատերազմ։

ՈՒ դեռ գեթ մեկ անգամ չեմ լսել, որ հայկական կողմը պաշտոնապես հայտարարի, որ ՀՀ տարածքում «անկլավ», առավել ևս ադրբեջանական՝ չկա:

Որ որևիցե իրավական փաստաթուղթ գոյություն չունի, որով Հայաստանը պարտավորվի ինչ-որ տարածք զիջել Ադրբեջանին:

Որ «անկլավների» մասին խոսք անգամ լինել չի կարող:

Սա աբսուրդ է, որը կյանքի է կոչվում ու լեգիտիմացվում:

Այնպես որ՝ հող հանձնելու հոտ եմ առնում:

Խիստ հավանական՝ պատերազմի բռնկումով ու այն կանգնեցնելու իմիտացիայով:

Շուտով կլսենք, որ դրանք ևս ժամանակին նախկինների օրոք ծախված են եղել, ուղղակի հիմա է հանձնվում:

Եվ որ դրանք հանձնվում են, որ մնացյալ Տավուշը պահպանվի, տավուշցին էլ փրկվի:

Հանձնման մի շարք պատճառահետևանքները չեմ բարձրաձայնի, պարզապես կասեմ, որ ողջ Տավուշը կլինի ադրբեջանի դիտակետի տակ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ