Ինչպես վկայում են վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները, մասնավորապես, միջազգային ֆինանսական և ապրանքային բորսաներում տեղ գտած ցնցումները, գների անկանխատեսելի թռիչքներն ու ընդհանուր առմամբ` լարվածությունը, մեր կանխատեսումներն արդեն իրականություն են դառնում: Խոսքը միջազգային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին է, որն արդեն տարածվում է աշխարհով մեկ: Այդ մասին ստիպված են խոսել նույնիսկ միջազգային հեղինակավոր կառույցների փորձագետները և դրանց ղեկավարները: Այն, որ 2008-ին ծայր առած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքներից ձերբազատվելու` 2010-ին արձանագրված առաջին լուրջ քայլերից ու ձեռքբերումներից հետո 2011-ի հուլիս-օգոստոս ամիսներին համաշխարհային տնտեսությունը դարձյալ ընկղմվեց նոր ճգնաժամի մեջ, առնվազն հիմնավորում է մեր այն համոզմունքը, որ զարգացած երկրների ղեկավարներն ու միջազգային ֆինանսական կառույցներն անհրաժեշտ հետևություններ այդպես էլ չարեցին նախորդ ճգնաժամից:
Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը ստիպված է խոստովանել, որ աշխարհը դիմագրավում է նոր ֆինանսական ճգնաժամ: Նրա կարծիքով, մենք առայժմ վկա ենք համաշխարհային փոթորկի միայն ծնունդին, հավելելով, որ այն կարելի է համեմատել 2008 թվի ճգնաժամի հետ, սակայն մի տարբերությամբ, որ մարդկանց համար այն չպետք է նույնքան անկանխատեսելի լինի, որքան երեք տարի առաջ էր: Միաժամանակ չի բացառվում, որ աշխարհի խոշորագույն երկրների արժութային, ֆինանսական խիստ անկանոն, անարդյունավետ քաղաքականությունները կարող են հանգեցնել ծանր հետևանքների` ողջ աշխարհի համար:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ համաշխարհային ճգնաժամի հետևանքներին ավելացել են միաժամանակ մի քանի կարևորագույն տնտեսական սպառնալիքներ` արտաքին առևտրի և վճարային հաշվեկշռի աճող պակասուրդները, կապիտալի արտահոսքի ավելացող ծավալներն ու արտաքին պարտքի և ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) հարաբերակցության վատթարացումը:
Իհարկե, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ամենուր ունի նաև իր առանձնահատկությունները, որոնց ուսումնասիրություններն առավել կարևոր են Հայաստանի համար, սակայն հիշարժան է հատկապես Մեծ ճգնաժամի տարիներին` 1929-1933 թթ. բրիտանացիների առաջ քաշած այն սկզբունքը, որ եթե կառավարությունը ինքնակազմակերպվելու, ներքին ռեսուրսները համախմբելու ուղղությամբ ճիշտ քայլեր ձեռնարկի, ապա կարելի է խուսափել վատագույնից: Հետաքրքրական է, որ այս պահանջն առաջ էր քաշվել հենց իրենց` ճգնաժամից ամենաշատը տուժած մարդկանց` գործազուրկների կողմից, որոնց կոչին անսալով` կառավարությունը ստիպված էր ոչ ստանդարտ լուծումներ տալ բազմաթիվ խրթին հիմնահարցերի:
Այսօր, բնականաբար, փոխվել են տնտեսական և քաղաքական պայմանները, սակայն նույնն է ճգնաժամի մարտահրավերը: Պասիվ դիրքորոշումը չի կարող ելք լինել ստեղծված իրավիճակից: Հետևաբար, անհրաժեշտ են որոշակի միջոցառումներ ոչ միայն ապահովելու երկրի ֆինանսական համակարգի կայունությունը, այլև այն ծառայեցնելու տնտեսության իրական հատվածի զարգացման շահերին: Կարևոր է հաշվի առնել, որ ճգնաժամի փուլում տնտեսությանը հասցվող ծանրագույն հարված է «կապիտալի փախուստը» երկրից: Տնտեսական անվտանգության տեսանկյունից վերջին շրջանում նկատվող միտումներից են անհրապույր ներդրումային միջավայրը և անառողջ մրցակցային դաշտը, որ մենաշնորհների տարբեր ձևերի և մոնոպսոնիաների միջոցով ուղղակի ստեղծում են տնտեսական առումով անհանդուրժողականություն` փոքր և միջին ձեռներեցության համար, օրինաչափորեն աննպատակահարմար են դարձնում նաև ֆինանսական միջոցների աշխույժ կիրառությունը մեծ բիզնեսի և կլանների համար: Գաղտնիք չէ, որ վստահության բացակայությունն ու գործարար միջավայրի անկանխատեսելիությունը երբեմն պատճառ են դառնում, որ անգամ պետական հովանավորություն վայելող խմբերն իրենց ֆինանսական կապիտալներն ուղղեն արտերկիր: Ոմանք կապիտալի լայնածավալ արտահոսքը բացատրում են ներքին շուկայի փոքր ծավալներով, մինչդեռ շարունակում են աճել ներդրումների նկատմsամբ պահանջարկն ու արտերկրից ստացվող փոխառու միջոցների ներհոսքը: Կապիտալի «փախուստի» խնդիրները պարբերաբար քննարկվում են ինչպես G20, G8, այնպես էլ ոչ ֆորմալ բնույթ կրող Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովների ժամանակ:
Միջավայրի առողջացման գործում պակաս կարևոր չեն իրականում գործող և իրավաբանորեն գրանցված, սակայն իրականում չգործող ընկերությունների տարանջատումն ու դրա մասին հասարակությանն իրազեկումը, միաժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացվող «զտումը»: Նշենք, որ ներկայումս գործող 82,5 հազար կազմակերպությունների 99 տոկոսը գերփոքր, փոքր կամ միջին է: ՊԵԿ-ում գրանցված տնտեսավարողներն ավելի շատ են` շուրջ 150 հազար: ՓՄՁ-ներն ապահովում են ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը, բյուջեի մուտքերի 25-30 տոկոսը:
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ ԵՐԿՐԻ ՀՆԱ-ՈՒՄ
Համաշխարհային փորձը վկայում է, որ առանց ներդրումային ընկերությունների, փայատիրական և համատեղ ֆոնդերի իրականում անհնար է դառնում միջին խավի ֆինանսական միջոցների ներգրավումը, որը կարևոր գործոն կարող է դառնալ տնտեսության ներսում: Ինչ վերաբերում է հիշյալ միջոցների ներգրավման ձևերին ու մեթոդներին, ապա դրանք կախված են շուկայում իրացվելի ֆինանսական գործիքների առկայությունից: Տեղական ընկերությունների արժեթղթերը, պետական կարճաժամկետ փոխառությունները, արժութային ֆյուչերսները և այլ գործիքները կարող են հաջողությամբ իրացվել ոչ միայն ներքին ֆինանսական շուկայի պայմանների բարելավման արդյունքում, այլև համագործակցելով արտերկրի արժեթղթեր թողարկող հայտնի ընկերությունների հետ։ Առավել ևս գնահատելի են տեղական արժեթղթերի շուկայի մասնավորեցումն ու կառավարման ստանձնումը որոշակի փորձ կուտակած NASDAQ-ՕMX ընկերության կողմից (թեև խնդրի նման մասնակի հանգուցալուծումը չի կարող հանգեցնել ֆինանսական շուկայի կայացմանն առանց տնտեսության մյուս կարևոր գործոնների առկայության): Հայաստանի ֆինանսական շուկայի փոքր ծավալների դեպքում հնարավոր է դառնում համեմատաբար ավելի մեծ շուկաներից ներդրումների ներգրավումը։ Պակաս կարևոր չէ նաև ժամանակակից տեխնիկայով և տեխնոլոգիաներով հագեցվածության խնդրի լուծումը (այդ թվում` վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգի տարածմանն օժանդակելու պետական քաղաքականության իրականացման, աշխատանքի և այլ վարձատրության համար էլեկտրոնային համակարգի պարտադիր օգտագործումը ներդնելու միջոցով կանխիկ դրամաշրջանառության կրճատում) և դրանով պայմանավորված` գործարքների իրականացման սպասարկման արդյունավետության բարձրացումը: Արտերկրի ընկերությունների միջոցով այլ ֆինանսական շուկաների հետ շփումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն այլ երկրների ընկերությունների արժեթղթերի իրացմանը Հայաստանում, այլև, որ ավելի կարևոր է, հայկական ընկերությունների արժեթղթերի նկատմամբ պահանջարկի ձևավորմանն ու սպառմանը երկրից դուրս, որն իր հերթին կարող է նպաստել լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանն ու դրանց արդյունավետ ներդրումներին ներքին շուկայում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր