ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը չի էլ հեռացել, պարզապես որոշակիորեն պասիվ է»

«Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը չի էլ հեռացել, պարզապես որոշակիորեն պասիվ է»
09.12.2008 | 00:00

«Ե՛ՆՔ, ԻՆՉ ՈՐ ԵՆՔ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ
-Պարոն Ռուստամյան, ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ներքաղաքական առկա իրավիճակը:
-Այդ զարգացումներն ինչ-որ առումով հետին պլան մղվեցին հարավկովկասյան վերջին իրադարձություններից հետո: Սակայն, միևնույն է, շատ լուրջ անելիքներ մնացին այդ դաշտում, հիմնականում երկու ուղղությամբ. առաջինը` դեռ լիարժեք հաղթահարված չէ հետընտրական լարվածությունը, որի հիմնական հանգուցալուծումը տեղի կունենա մարտի 1-2-ի իրադարձությունների լիարժեք քննություն իրականացնելու արդյունքում: Եվ երկրորդ, այն առաջնահերթությունները, որոնք մենք մատնանշել ենք կոալիցիայի համաձայնագրում, այդ ուղղությամբ ևս բավականին անելիքներ կաn:
-Ի դեպ, պարոն Ռուստամյան, որքան ես եմ տեղեկացված, Դուք ձերբակալված տղաների ազատման խնդրով հանդիպել, զրուցել, հորդորել եք երկրի նախագահին՝ ազատ արձակել նրանց:
-Ես ասել և հիմա էլ եմ ասում. ամենաճիշտ լուծումն այն է, որ հոդվածները, որոնք իրենց բնույթով քաղաքական մոտիվացիաներին են առնչվում, այդ հոդվածներով պետք է համաներում հայտարարվի:
-Փոխանցե՞լ եք այդ տեսակետը Սերժ Սարգսյանին:
-Այո, բազմիցս:
-Ե՞վ:
-Եվ... մտածում են այդ մասին:
-Մի քիչ երկար չե՞ն մտածում:
-Գիտե՞ք, դատական, դատախազական համակարգի հետ պետք է խնդիրը համաձայնեցնեն. երևի թե էդտեղ է խնդիրը:
-Ի՞նչ են համաձայնեցնելու:
-Չգիտեմ: Ես չեմ տիրապետում մանրամասներին:
-Դուք ուզում եք ասել, որ դատախազա-դատական համակարգն էնպիսի մի ճաշ է եփել, որի տակից ո՛չ նախագահականը և ո՛չ էլ դատախազությունը դուրս գալ չե՞ն կարողանում:
-Ես նկատի ունեի, որ համաներումը պետք է նախապատրաստվի այդ համակարգերի միջոցով: Համաներումն այնքան էլ պարզ-հեշտ ակցիա չէ:
-Բա ինչպե՞ս եղավ, որ Դուք` «31-ի» և «Դրոյի» գործով դատապարտվածներդ, վայրկյանների ընթացքում ազատ արձակվեցիք:
-Եթե Ձեզ համար 2 տարի ութ ամիսը վայրկյաններ են, ի՞նչ կարող եմ ասել:
-Ո՛չ, ես նկատի ունեմ Քոչարյանի պաշտոնավարումից հետո եղած «վայրկյանները», որոնց ընթացքում Ձեզ ազատեցին:
-Բա որ դրանից առաջ երկու տարի ութ ամիս նստե՞լ էինք։ ՈՒզում եմ ասել, որ այդ ամենը հասունանում էր տարիների ընթացքում:
-Միևնույն է, երբ կամք է լինում ազատելու, չեն ասում` «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն», ազատում են և` վերջ:
-Դա համաներում չէր, դա իրավիճակի փոփոխության պատճառով տեղի ունեցած ազատ արձակում էր:
-Բա Ձեզ չի՞ խանգարում այդ հանգամանքը։ Փաստորեն, մեղադրանքը չի վերացել առայսօր. ուստի «օրենքով» Դուք հզոր փոխկանչի մեջ պետք է լինեք նստած տղաների հետ, էլ չեմ ասում, որ պիտի միանաք նրանց համար դատախազության դեմ պայքարող բողոքավորներին:
-Այդ բողոքավորները թող միանային մեզ ու չթողնեին, որ անհեթեթ հոդվածներով մեզ ձերբակալեին, և եթե ես ամբողջովին ներկայացնեմ այն ամենը, ինչ եղել է մե՜զ հետ, սար ու ձորի տարբերություն կտեսնեք:
-Ձեր դեպքում «հայրենիքի դավաճանություն» կար:
-Նույն այսօրվա 300-301 հոդվածներն էին: Էն ժամանակ դա հայրենիքի դավաճանությո՞ւն էր կոչվում, ու ես հայրենիքի դավաճան եմ, հա՞, մինչև հիմա: Իմ «հայրենիքի դավաճան» լինելն ո՞վ է ապացուցել, որտե՞ղ է ապացուցել: Մինչև հիմա ես Ձեզ վրա «հայրենիքի դավաճանի» տպավորությո՞ւն եմ թողնում:
-Չեք թողնում, պարոն Ռուստամյան, բայց մենք ի՞նչ կարող ենք անել, որ մինչև հիմա Ձեզ չեն արդարացրել: Թող Ձեզանից անվերջ սատարվող Քոչարյանն արդարացներ, լուծեր այդ խնդիրը, մենք էլ՝ «չար-թունավորներս», այդ մասին չհարցնեինք: Եվ, այնուհանդերձ, դաշնակցության մոտ շատ սիրուն է ստացվում. համ տուժած են, համ պահանջում են համաներում հայտարարել, համ…
-Լավ է, չէ՞, որ սիրուն է ստացվում: Այո, մեզ մոտ շատ սիրուն է ստացվում, պարզապես շատերին է անհանգստացնում, որ դաշնակցականների մոտ, չգիտես ինչու, սիրուն է ստացվում:
-Դաշնակցաբա՜ր սիրուն: Բայց եթե անկեղծ` չի կարող դաշնակցության մոտ սիրուն ստացվել այն պարզ պատճառով, որ դաշնակցությունն սկսվում է զենքից, առավել ստույգ` զենքի վրա երդվելուց: Իսկ այն, ինչ սկսվում է զենքից, սիրուն շարունակություն և ավարտ չի կարող ունենալ: Սա` «ա»: Եվ «բ», դաշնակցությունն ասում է` ա՜խ, ինչ վատ բան է, որ տղաները քաղաքական պատճառներով ձերբակալված են, ու այդքանով իր միսիան ավարտում է` որևէ պատասխանատվություն չկրելով` որպես իշխող կուսակցություն, իր շուրջը կատարվողի համար:
-Դաշնակցությունն անում է այն, ինչի համար լիազորված է ու ինչի իրավասությունն ունի, և եթե ես հայտարարություն եմ անում, ինչը Ձեզ համար ոչինչ չի նշանակում, դա արդեն Ձեր ընկալման խնդիրն է: Հայտարարություն անելը և՛ դիրքորոշում է, և՛ քայլ է: Ես դատախազ չեմ, ոչ էլ դատավոր, որ Ձեր ասած մնացած բաներն էլ անեմ, տղաներին ազատեմ:
-Պարոն Ռուստամյան, իսկ Դուք ճշտե՞լ եք` կոալիցիայում Ձեր տեսակետը, իմա` «քայլը» կիսո՞ւմ են:
-Առայժմ` ոչ, եթե կիսվեր, ամբողջությամբ ընդունվեր մեր ասածը, կլիներ այնպես, ինչպես մենք ենք ուզում` մեր ժամանակացույցով: Ավելին անել մենք այսօր չենք կարող, չնայած համոզված եմ, որ ավելին էլ անենք, միևնույն է` չեք գնահատի, որովհետև ով չի ուզում տեսնել, չի տեսնում ոչ մի բան:
-Հիմա Դուք անում եք, որ գնահատե՞նք, թե՞ որ տղաներն անթույլատրելիորեն անազատության մեջ են, ու պիտի անպայմանորեն հասնել նրան, որ ազատ արձակվեն: Ի դեպ. ինչպե՞ս եք վերաբերվում մարտի 1-ի իրադարձություններում «դիպուկահարների» առկայության փաստին:
-Բավականին լուրջ խնդիր և մանրամասներ են, որն ավելի ճիշտ է պարզաբանեն խնդրով զբաղվողները: Ճիշտ է, ՀՅԴ-ն ևս ներկայացուցիչներ ունի մարտի 1-ի հանձնաժողովում, և, այնուհանդերձ, կարծում եմ, որ խնդիրն այնքան էլ դիպուկահարներին վերաբերողը չէ, այլ շատ կարևոր է, որ օբյեկտիվ գնահատում լինի երկու կողմերի գործողություններին էլ, այսինքն` թե՛ ընդդիմության, թե՛ ոստիկանության իրավաչափ գործողությունների: Եթե դիպուկահարն աշխատել է այդ տրամաբանության մեջ, ուրեմն նորմալ է, եթե ոչ, ուրեմն ուզում է դիպուկահար լինի կամ` ով ուզում է լինի, համաչափ, իրավաչափ գործողություններ չեն եղել: Այ, սա պետք է գնահատվի:
-Իսկ հրաման տվողների հարց Ձեզ համար կա՞, թե՞ չկա:
-Գիտե՞ք, այդ հարցն այնքան են բարդացրել. պարզ չէ, թե այս երկրում օրենսդրության, մյուս կանոնակարգերի միջոցով որ հրամանն ով է տալիս: Ի՞նչ է, դա այդքան բա՞րդ է:
-Խնդրում եմ ճշտենք` ինձ համար բարդ է:
-Շատ ավելի արհեստական է այդ հարցը, քան այն իրականում է:
-Պնդումներն առ այն են, որ հրաման տվողը Քոչարյանն է: Դուք դրա հետ համաձա՞յն եք:
-Եթե Հայաստանում տեղի է ունենում մի իրադարձություն, որտեղ սահմանադրությամբ հստակ սահմանված է` ով ինչ պետք է անի, և Դուք, դա տեսնելով, նորից էդ հարցը տալիս եք` Ռոբերտ Քոչարյանինը ո՞րն է, ոստիկանապետինը ո՞րն է, ես դա համարում եմ հարցի արհեստականացում:
-Սեփական ժողովրդի դեմ նման հրաման տալի՞ս են. հայ մենթալ պլանը դա չի կարող ընկալել:
-Փաստահավաք խումբ է աշխատում, թող այդ բոլոր հարցերի պատասխանները տա:
-Բա Ձեր սիրտը չի ցավո՞ւմ Քոչարյանի համար:
-Իմ սրտի «կարդիոգրաման» չեմ պատրաստվում ներկայացնել թերթի միջոցով:
-Չէ, պարզապես որ ՀՅԴ-Քոչարյան համագործակցությունը շատ սրտամոտ է եղել, դրա համար:
-Չէ, այն ժամանակ էլ, երբ Քոչարյանը պաշտոնավարում էր, հարցնում էին` էդ տարբերությունները, որ կան Քոչարյանի և ձեր` ՀՅԴ-ի միջև, ո՞նց եք շարունակում այդպես համագործակցել, ինձ բազմիցս այդպիսի հարցեր էին տալիս:
-Եղե՞լ են տարաձայնություններ:
-Միշտ են եղել, որոնց մասին խոսել ենք, երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահը, չե՞ք հիշում: Շատ վատ է, էլի, որ չեք հիշում. պե՛տք է հիշեք:
-Չե՛ք ներում Քոչարյանին, որ նա ձեզ չդարձրեց քաղաքական իր միակ հենարանը:
-Մենք այդպիսի արտահայտություն մեզ երբեք թույլ չենք տվել, թե մենք դժգոհ ենք, որովհետև Քոչարյանը մեզ չդարձրեց իր հենարանը. նման բան երբեք հնարավոր չէր:
-Դե, որովհետև դուք փակ-գաղտնի կուսակցություն եք, ո՞նց կարող եք նման բանը բարձրաձայն ասել:
-Իսկ որ հիմա մենք էսպես նստած՝ ամեն ինչի մասին միմյանց հետ խոսում ենք, դա է՞լ է փակ-գաղտնի:
-Չէ՛: Բայց ի՞նչ դաշնակցություն, եթե «գաղտնի» չէ: Թե՞ այլևս այդպիսին չեք:
-Ե՛նք, ինչ որ ենք:
-...Հիշո՞ւմ եք մեր երբեմնի զրույցը, ուր ասում էիք, որ շատ սիրում և հարգում եք Սերժ Սարգսյանին. հիշել էինք, որ նա էր ԱԱ նախարարը, երբ Դուք «հայրենիքի դավաճանությամբ» էիք զբաղված, տեսնո՞ւմ եք` ես սա ասում եմ չակերտներում: Հիմա էլ ճշտենք Ձեր վերաբերմունքը, բայց արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:
-Շատ հարգալից և կառուցողական:
-Մի շարք փորձագետներ պնդում են, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում շատ ավելի ուժեղ «կոմպրոմատներ» է ձեռք բերել դաշնակցության նկատմամբ, որ դրանցից մեկը բավարար է, որ ՀՅԴ-ն...
-Մենք շատ ուրախ կլինենք, որ նման բաների մասին մեզ առաջին հերթին տեղյակ պահեն...
-Այսինքն, շուտ ասեն` խելոքանա՞ք:
-Ո՛չ, մենք ինքներս ենք նախանձախնդիր, որ նման երևույթներն արձանագրվեն շուտ, կանխվեն` լուծվեն, «կոմպրոմատի» որևէ հարց չկա: Մենք էդպիսի բաներից չենք վախենում: Եվ ամենից շատ նման պայքարներ իր դեմ դաշնակցությունն է տեսել:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձին:
-Դա պետք է որոշի Ռոբերտ Քոչարյանը, և ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Ի դեպ, ես կարծում եմ, որ նա չի էլ հեռացել, պարզապես որոշակիորեն պասիվ է, ինչն էլ բնական է, որովհետև հանգստանալու անհրաժեշտության կա: Որևէ նախագահ որևէ նորմալ երկրում պաշտոնաթողությունից հետո ընդհանրապես չի հեռանում ասպարեզից. դա սխալ բան է, նա իր փորձը, գիտելիքները և ընդունակությունները պետք է շարունակի ի սպաս դնել հայ ժողովրդի զարգացման և առաջընթացի գործում:
-Եվ, վերջապես, որքանո՞վ եք հնարավոր համարում կոալիցիայի «կազմաքանդումը», պարոն Ռուստամյան:
-Տասը տարի շարունակ տրվում է նույն հարցը, բայց պատասխանը շարունակում է լրագրողներին չբավարարել, որովհետև Ձեզ համար հարցն է կարևոր և ո՛չ պատասխանը:
-«Պարզ» է: ՈՒ ամենավերջին հարցը. պարոն Ռուստամյան, որքան էլ ՀՅԴ վերնախավը «սիրում-վստահում-հարգալցվում-կառուցողականացվում» է Սերժ Ազատի Սարգսյանի հետ, այնուամենայնիվ, նա (պնդում են), հենց ուժեղացավ, նույնքան ուժեղ ռոտացիա է իրականացնելու ՀՅԴ վերնախավում` յուրայիններին այնտեղ «տեսլացնելու» բուռն նպատակով:
-Ասեկոսեները հարցադրումների միջոցով ճշտելու մեխանիզմի մեջ ես չեմ ուզում օղակ հանդիսանալ:
-Իսկ հիմա մեկ «չհարց». պարոն Ռուստամյան, Դուք Ձեր թիմի ամենաթափանցիկ, ամենաբաց, ամենահավատացյալ անհատ-գործիչն եք. ինչպե՞ս եք համատեղում այդ բոլորը։ Եկեք անկեղծ լինենք. ինքը` դաշնակցությունը, բավականին դժվար կառույց է, ինքը` Հայաստանը, դժվար երկիր է, ինքը` հայոց քաղաքական դաշտը, է՛լ ավելի դժվար-անհնարին մի լաբիրինթոս է, էլ չեմ ասում, որ մարդն ինքն իր հետ էնքա՜ն հակասություններ ունի։ Ո՞նց եք էդ ամենը դասդասում Ձեր ներքին սենյակի դարակներում:
-Ապրած կյանքով՝ մարդկանց հիշողությունների մեջ որպես պարկեշտ-ազնիվ մարդ մնալու, հավատացյալի լեզվով ասած` երկու ճանապարհ կա. ճանապահը, իհարկե, մեկն է` դեպի Աստված, բայց երկու ուղիով է այն անցնում. կամ պիտի մեկուսանաս-գնաս անապատ` կտրվելով ամեն ինչից, պայքարելու անապատում ապրելու դժվարությունների դեմ և ինքնամաքրվելու անապատով: Կամ` ապրես այս կյանքով, ուր կան Ձեր նշած բազմաթիվ դժվարությունները, աղտեղությունները, բարդությունները և փորձես ինչ-որ բան փոխել, օգտակար լինել: Սա էլ ձև է: Դժվար է ասել` ո՞րն է սրանցից նախընտրելի, ու ես, փաստորեն, ընտրել եմ երկրորդը: Ես կատարյալ չեմ, չես էլ կարող այդպիսին լինել, բայց կատարյալ լինելուն պիտի ձգտես, ու ես ձգտում եմ:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3501

Մեկնաբանություններ