ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               

Թե ինչպես «ցրտեց աշխարհը» ամառվա մի կիզիչ օր

Թե ինչպես «ցրտեց աշխարհը» ամառվա մի կիզիչ օր
06.10.2024 | 13:45

Հր. Մաթևոսյանը Հր. Թամրազյանի մահվան առիթով գրել է. «Չտա՛ Աստված, որ հայոց մեր հողը անպատվախնդիր լինի այնքան, որ Թամրազյանի սերնդի, Հր. Թամրազյանի` իրեն անցնելու հետ նոր ժամանակները չօժտի մարդու, գրականագետի ու գրականության պատմաբանի նրա տիպով` գիտնականի ու զինվորի, զինվո՛ր գիտնականի, տիրոջ ու մշակի, մշա՛կ տիրոջ տիպով. այլապես մենք դարձյալ աշխարհ ենք կորցնելու, որովհետև... երկիրը հայրենիք է խոսքով...»:

Իսկ Աստվա՞ծ...

Աստված բարեգութ եղավ մեր հանդեպ... մենք չկորցրինք, օրհնվեցի’՛նք, գտա՛նք մեր Աշխարհը, մեր Գրականագետին, մեր Զինվորին, զինվո՛ր Գիտնականին, մեր Մշակին, մշա՛կ Տիրոջը` Սերժ Սրապիոնյանի վեհ, բարձր ու ազնիվ տիպը, և երկիրը ՀԱՅՐԵՆԻՔ դարձավ նրա ոգեղեն Խոսքով:

Նա թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ գիտության մեջ երբեք չկաղապարվեց: Միշտ մնաց ազատ ու ինքնիշխան, «մտքի ու սիրո անխոնջ Սերմնացան»:

Այսպես ապրեց Նա և այսպես էլ կշարունակի ապրել: Սկսած ոսկեղենիկ հին մատենագիրներից մինչև Թումանյան ու Իսահակյան, Սիամանթո ու Վարուժան, Մեծարենց ու Ռ. Սևակ, Շանթ ու Մուշեղ Իշխան, մինչև մեր օրեր՝ շունչ ու ոգի են ստացել տաղանդավոր Գրականագետի, պաշտելի ՈՒսուցչիս խոսքի, գրի մեջ ու շատ եզրերից բացահայտվել:

Ս. Սրապիոնյանը գրական հարցերը քննում էր մեր ազգային կերպարի ու հոգեբանության տիրույթում: Միշտ նորն ու անսովորն էր ասում` արտասովոր գրավչությամբ: Նրա վսեմ միտքը լի էր «կատարյալ խոհականությամբ»: Իսկ ուզում էի, որ թանկագին Ղեկավարիս «բախտի ժամանակը» քիչ չլինի, իրականանան նրա բոլոր երազանքները, ծրագրերը, ամեն, ամե՛ն ինչ, որ ... «չցրտի աշխարհը»:

Բայց... Ահա թե ինչ եմ կարդում, երբ ձեռքս է ընկնում իր սիրելի ՈՒսուցչին մոտ 30 տարի առաջ գրված հոդվածում.

«Իսկ ուզում ես, «որ բախտի սահմանած ժամանակը», քիչ չլինի, որ այս դեպքում ամբողջովին իրականանան մեծ Մտավորականի, Արվեստագետի, Հայրենասերի ու Մարդու բոլոր ծրագրերն ու իղձերը, որ հայտնաբերվեն Գեղեցիկի նորանոր ու թաքուն խորհուրդներ, որ... «չցրտի աշխարհը»»: Ի՜նչ իմանայի, որ այսքան շուտ ես էլ Խորենացու պես մի օր իմ ՈՒսուցչի համար կապրեմ այս անմխիթար, անսփոփ ցավը. «Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում: ՈՒ՞ր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ու՞ր է այն բարյացակամ սիրտը, որ արբանյակներ էր գրավում, ու՞ր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացնողը... լքե՛ց օգնականը, լռե՛ց խրախուսիչ ձայնը: Ո՞վ այսուհետև պիտի հարդե մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ: Ո՞վ պետք է զսպե առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը: Երբ մտածում եմ այս բաների մասին իմ մեջ հառաչանք ու արտասուք են ծագում: ՈՒ՞մ արտասվեմ... ինձ` նրա հոգու խանդից զրկվածիս, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս»:

Ս. Սրապիոնյանի անժամանակ, անակնկալ հեռացումը տեղիք է տալիս տխուր, անկարեկից մտորումների և մի տեսակ սրբագրում քեզնից հեռացող ուսուցչի, հարազատի հետ համատեղ անցած ճանապարհիդ սովորական ընթացքը: Բացվում է հուշերի կծիկը, խմորվում մի թախծալի կարոտ: Մերձավորների, ճանաչողների մեջ միշտ մնալու է նրա լուսեղեն հիշատակը, իսկ ընկերները ամեն օր զգալու են նրա բացակա ներկայությունը: Ինչևէ` շնորհավո՛ր բոլոր կանչված, նվիրյալ ուսուցիչների տոնը, և Աստծուց ընտրված, օրհնված իսկական ՈՒսուցչի` Սերժ Սրապիոնյանի` «գիտության Վարդապետի, Արժեքի ստեղծիչի» տոնը:

Թող Աստված պահի նրան իր պանծալի արքայության մեջ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ