Վտանգավոր են կորոնավիրուսի ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական, ֆինանսական հետևանքները
17.03.2020 | 01:08
Նոր տեսակի կորոնավիրուսը ոչ միայն խնդիրներ է առաջացնում հանրային առողջապահության‚ այլև համաշխարհային տնտեսության տեսակետից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարն արդեն հայտարարել է‚ որ կորոնավիրուսը ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա։
Հայաստանի դեպքում տեսանելի են հատկապես զբոսաշրջության ոլորտում ունեցած բացասական հետևանքները‚ ինչպես նաև ռուսական ռուբլու արժեզրկումն ու պղնձի գների անկումը համաշխարհային շուկայում։
Նշենք‚ որ հայաստանյան տնտեսությունը մեծապես կապված է ՌԴ տնտեսության հետ‚ և ռուբլու արժեզրկումն իր ազդեցությունն է ունենում նաև մեզ վրա։ Հայաստանի առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին‚ որի մեջ մեծագույն բաժինը հենց Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառությունն է։ Ռուբլու փոխարժեքի անկումը հանգեցնում է ռուսական շուկայում հայկական ապրանքների թանկացման։ Մեր ապրանքները սկսում են թանկանալ՝ դառնալով ոչ մրցունակ։
Նկատենք‚ որ ռուբլու կուրսի նվազման հետևանքով կրճատվել է նաև Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալը‚ առաջիկայում նույնպես արձանագրվելու է դրամական փոխանցումների ծավալների նվազում։ Սա հանգեցնելու է այն ընտանիքների գնողունակության անկմանը‚ որոնց եկամուտները հիմնականում ձևավորվում են ռուբլով։
Տնտեսական ճգնաժամն արտահայտվում է նաև արտադրության նվազմամբ։ Սպասարկման‚ մշակութային և այլ վայրերի այցելությունների սահմանափակումը հանգեցնում է պահանջմունքների նվազեցման‚ ինչն էլ իր հերթին հանգեցնում է արտադրական տարբեր ճյուղերի աշխատանքային ծավալների կրճատման։ Սպասարկման ոլորտի անկման հետևանքով առաջանում է նաև արդյունաբերական անկում, ինչն արդեն արձանագրվել է. համաշխարհային շուկայում նվազել են նավթի‚ ինչպես նաև պղնձի գները։ Ընդ որում‚ Հայաստանը պղինձ արտահանող երկիր է‚ հիմնականում արտահանում է Չինաստան։
Ակներև է‚ որ Հայաստանում կրճատվել են տուրիստական հոսքերը։ Մասնավորապես, իրանցի զբոսաշրջիկները, որպես կանոն, Հայաստան են ժամանում Նովրուզի օրերին` մարտի 21-ին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում, և նախորդ տարիներին այդ ընթացքում ազատ հյուրանոց ու հյուրատուն գրեթե հնարավոր չէր գտնել։ Այսօր ճիշտ հակառակ պատկերն է. հյուրատները չեն կարողանում զբոսաշրջիկ գտնել։
Չեղարկվում են հյուրանոցներում‚ հյուրատներում արված ամրագրումները։ Ընդ որում‚ որոշ հյուրատներ‚ հյուրանոցներ կառուցվել են վարկերով‚ և վարկերը վճարելու խնդիր է առաջացել։
Մասնագետները նշում են‚ որ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ‚ ընդ որում՝ ոչ միայն տնտեսական‚ այլև հասարակական կյանքի կազմակերպման առումով։ Մասնագետները նաև ընդգծում են‚ որ պետք է դիտարկել տնտեսական արտակարգ դրության տարբերակը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ