2017-ի սինխրոն գլոբալ տնտեսական վերելքից հետո 2018-ին, ԱՄՆ-ից բացի, համարյա բոլոր երկրներում սկսվեց անկում: Տագնապը, որ հարուցել էին ինֆլյացիան ԱՄՆ-ում, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունը, առևտրական պատերազմները, Իտալիայի պարտքի խնդիրները, տնտեսական աճի դանդաղումը Չինաստանում, զարգացող շուկաների խոցելիությունը, հանգեցրեց անկման համաշխարհային ֆոնդային շուկաներում 2018-ի վերջին` գրում է Նուրիել Ռուբինին Project Syndicate-ում: 2018-ի տարեսկզբին լավ նորություն է, որ գլոբալ ռեցեսիայի ռիսկը ցածր է: Վատ նորություն է, որ մոտենում ենք սինխրոն գլոբալ տնտեսական անկման շրջանին: Աշխարհի շատ տարածաշրջաններում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են: ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը քվեարկել է դրույքների մակարդակը պահելու օգտին: Շուկաները գները սահմանելու են` կողմնորոշվելով այդ դադարներով, աշխատանքի շուկան ԱՄՆ-ում մնում է կայուն: Եթե աշխատավարձի աճը արագանա ու հանգեցնի չափավոր ինֆլյացիայի 2%-ից ավելի, արժի զգուշանալ, որ 2019-ին նվազագույնը երկու անգամ տոկոսադրույքները կբարձրանան: Դա կարող է շոկի մատնել շուկաները և խստացնել ֆինանսական պայմանները, որ կասկածի տակ կդնի ԱՄՆ տնտեսական աճը: Երկրորդ` Չինաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում չափավոր դրամական, վարկային ու հարկային խթանումները կառավարության կողմից կարող են բավարար չլինել` հաշվի առնելով մասնավոր հատվածում վստահության բացակայությունը, հագեցած արդյունաբերական հզորությունները և պետական կարգավորման բազմակողմանի համակարգը: Չինաստանում աճի տեմպերի դանդաղումը կարող է լրջորեն ազդել շուկաների վրա: Մյուս կողմից` տնտեսական աճի կայունացումը պետք է վերականգնի շուկաների վստահությունը:
Եվրագոտում նույնպես տնտեսական աճը դանդաղում է: Առայժմ հայտնի չէ` մոտենում է ԵՄ-ն միայն աճի հնարավոր նվազման, թե ավելի վատի: Վերջնական արդյունքի վրա կարող են ազդել քաղաքական իրադարձությունները Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, նաև տարածաշրջանային ու գլոբալ գործոնները:
Ակնհայտ է, որ կոշտ բրեկզիտը բացասաբար կազդի բիզնեսի ու ներդրողների վստահության վրա և Մեծ Բրիտանիայում, և ԵՄ-ում: Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի պատերազմ սկսել եվրոպական ավտոմոբիլային սեկտորի հետ, այդ որոշումը կնվազեցնի աճի տեմպերը ոչ միայն Գերմանիայում, այլև` ԵՄ-ում: Վերջապես կարևոր է` ի՞նչ արդյունքների կհասնեն եվրասկեպտիկները Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում: Եվրասկեպտիկների հաջողությունը եվրագոտու դրամական քաղաքականությունն առավել անորոշ կդարձնի: ԱՄՆ-ի ոչ իրավազոր ներքին քաղաքականությունը ևս բացասաբար կներգործի աշխարհի վրա: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի սպասվող հայտարարությունը կարող է հանգեցնել կամ չհանգեցնել իմպիչմենտի գործընթացի: 2019-ի ավարտին հարկերի կրճատումից ստացված օգուտները կարող են արգելակ դառնալ, որը կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպերը:
Նավթի գները կարող են իջնել չափազանց մեծ առաջարկի պատճառով, որ հարուցել է նաև թերթաքարային նավթի հանույթն ԱՄՆ-ում, Վենեսուելայի վարչակարգի հնարավոր փոփոխության, նավթի հանույթի կրճատման շուրջ պայմանավորվելու ՕՊԵԿ-ի երկրների անկարողության հետևանքով: Նավթի ցածր գները, իհարկե, ձեռնտու են սպառողներին, բայց կարող են թուլացնել ամերիկյան բաժնետոմսերն ու շուկաները նավթ արտահանող երկրներում, որ կարող է վերաճել ընկերությունների դեֆոլտների էներգետիկ ու խառը սեկտորներում (ինչպես 2016-ին): Մյուս կողմից` պետք չէ բացառել, որ 2019-ին կլինեն բավականաչափ դրական գործոններ և այս տարին համեմատաբար վատը չեն դարձնի համաշխարհային տնտեսության համար: Սակայն եթե արդարանան բացասական սցենարները, տնտեսական աճի տեմպերի սինխրոն նվազումը 2019-ին կարող է հանգեցնել գլոբալ աճի դանդաղման և կտրուկ անկման 2020-ին:
Project Syndicate
Հ.Գ. Դոնալդ Թրամփը ամեն ինչ կանի, որ 2020-ը տնտեսական անկման տարի չլինի` անկման տարիներին նախագահները չեն վերընտրվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ