Գերմանիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները Բրյուսելի սամիթում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի համար կարևոր կոմպրոմիսի հասան` հաղորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Գազային դիրեկտիվի վերաբերյալ հասանք համաձայնության, որովհետև Գերմանիան ու Ֆրանսիան սերտ համագործակցում են միմյանց, Ռումինիայի նախագահության և, իհարկե, այլ երկրների հետ»` ասաց Անգելա Մերկելը լրագրողներին: Պայմանավորվածության մանրամասներից նա չխոսեց: Հունվարից 1-ից ԵՄ-ում նախագահում է Ռումինիան:
ԵՄ երկրների պաշտոնական ներկայացուցիչները փետրվարի 8-ին Բրյուսելում քննարկում էին Գազային դիրեկտիվի լրացումները, որ կարող էին խանգարել «Հյուսիսային հոսք 2»-ին: Այդ լրացումները մշակվել են 2017-ին, բայց քննարկումը հետաձգվել էր ԵՄ-ում Ավստրիայի ու Բուլղարիայի նախագահության օրոք: Լրացումները ենթադրում են, որ «Գազպրոմը» պետք է հրաժարվի գազատարի օպերատորի իրավասությունից ու փոխանցի անկախ ընկերության, նաև հրաժարվի «Հյուսիսային հոսք 2-ի» հզորության 50%-ից` գրել է «Коммерсант»-ը: Նախօրեին լրացումներին աջակցության մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Գերմանիան մինչև հիմա արգելափակում էր քննարկումը: Իվերջո, երեկ Բեռլինն ու Փարիզը հասան կոմպրոմիսի և ներկայացրին ԵՄ երկրներին Բրյուսելում: Բլումբերգ գործակալությունը հաղորդում է, որ ԵՄ-ի քննարկմանը ներկայացված առաջարկը մեղմացնում է Գազային դիրեկտիվի կետերը, որ կարող էին խանգարել «Հյուսիսային հոսք 2»-ի լիարժեք իրականացմանը: Նոր խմբագրությունը չի արգելափակում ռուսական նախագիծը:
Ռեյտեր գործակալությունը, որ տեղյակ է փաստաթղթին, գրել է, որ Բեռլինին է փոխանցվում գազատարի վերահսկողության առանցքային դերը, քանի որ Գերմանիայի տարածքով է անցնում ու ԵՄ հասնում: Դա սկզբունքային տարբերություն է բոլոր նախկին տարբերակներից` փոփոխված Գազային դիրեկտիվի նորմերը, որ վերաբերվում են նոր խողովակաշարերին, մնում են այն երկրի ենթակայության տակ, որի տարածքով մտնում են ԵՄ տարածք` գրում է «Ведомости»-ն, որ նույնպես տեղյակ է Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջարկների բովանդակությանը: Մեկնաբանելով համաձայնությունը` Մերկելը նշել է.
«Գերմանիան էներգամատակարարման դիվերսիֆիկացիայի կարիք ունի, այդ թվում` ռուսական գազի հաշվին, բայց ոչ բացառապես ռուսական գազի»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` «Հյուսիսային հոսք -2»-ը տնտեսապես նպատակահարմար է ԵՄ գազի մատակարարման որևէ այլ ճանապարհից: «Մենք կատեգորիկ համաձայն չենք պնդումներին, որ դա հանգեցնում է ռուսական գազից Եվրոպայի կախվածության մակարդակի բարձրացմանը, որովհետև նման նախագծերը ինչ-որ մեկին ինչ-որ բանից կախման մեջ չեն դնում»` հայտարարել է Պեսկովը ուրբաթ օրը նախքան Գերմանիան ու Ֆրանսիան կհայտարարեին իրենց կոմպրոմիսի մասին:
BBC
Հ.Գ. Ռուսական գազատարը, որ Բալթիկ ծովի հատակով պետք է Ռուսաստանից Գերմանիա հասնի, ԵՄ-ում վեճերի առարկա է վաղուց: Բրյուսելի խորհրդակցությունից առաջ գերմանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ֆրանսիան դեմ է Գերմանիայի` «Հյուսիսային հոսք-2»-ը ԵՄ սահմանափակումներից ազատելու ցանկությանը, որովհետև Փարիզը չի ցանկանում մեծացնել Մոսկվայից կախումը: Բանակցությունները բարդացնում է և Դանիան, որ Գազպրոմին թույլ չի տալիս Բալթիկ ծովի իր տնտեսական տարածք մտնել: ԵՄ-ի գազային դիրեկտիվի լրացումները սկսվել էին 2017-ի աշնանը: Եվրահանձնաժողովի առաջարկած լրացումների նպատակ էր եվրոպական էներգետիկ օրենսդրության առանցքային սկզբունքները տարածել ԵՄ երկրների տարածքով անցնող բոլոր գազատարների վրա: Հիմա այդ կանոնները «Հյուսիսային հոսք 2»-ի վրա չեն տարածվում: Եթե լրացումները ընդունվեին, էականորեն կկրճատվեր Գազպրոմի իրավասությունները նախագծում: Ռուսական գազային մոնոպոլիստը պետք է ապահովեր խողովակաշար այլ մատակարար ընկերությունների մուտքը: Բացի այդ` լրացումները ենթադրում են վաճառքի ու վառելիքի տեղափոխման գործունեության առանձնացում:
Նաև պետք է համաձայնեցվեին մաքսատուրքերը կարգավորիչի հետ, որ շահագործելը բացառվեր: Երբ նոր լրացումները հայտնի դարձան, Nord Stream 2 AG ընկերությունը հայտարարեց, որ կորուստների փոխհատուցում կպահանջի, եթե ԵՄ-ն գազային օրենսդրությունը փոխի ի վնաս նախագծի: Nord Stream 2 AG –ն նախագծային ընկերություն է, որ ստեղծվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման ու շահագործման համար: Բաժնետերը Գազպրոմ ընկերությունն է: «Коммерсант»-ը գրել էր, որ ԵՄ-ն ոչ այնքան ուզում է արգելել գազատարի կառուցումը, որքան «Գազպրոմի համար ստեղծել կարգավորման մեծ անորոշություն, որպեսզի ընկերությունը հրաժարվի բանակցություններից»: Այդ ժամանակ «Բրյուսելը հնարավորություն կունենա մոնոպոլիստին թելադրել գազատարի օգտագործման իր պայմանները, այդ թվում` ուկրաինական տարանցիկ երթուղու վերաբերյալ»:
«Գերմանիայի ու Ֆրանսիայի համատեղ փոփոխություններով Գազային դիրեկտիվի ընդունումը Մոսկվայի համար լավ նորություն կլինի»` «Ведомости»-ին ասել է Fitch կորպորացիայի բաժնի տնօրեն Դմիտրի Մարինչենկոն: «Բեռլինը պրագմատիկ վերաբերմունք ունի և հետևողականորեն պաշտպանում էր նախագիծը, որ թույլ կտա Գերմանիային ու Եվրոպային մեծացնել ռուսական գազի գնման ծավալները ներքին հանույթի կրճատման պայմաններում»` գտնում է փորձագետը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ