Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Տնտեսական հեղափոխությունն ասելով չի լինում

Տնտեսական հեղափոխությունն ասելով չի լինում
08.02.2019 | 01:33

Թեև օր չկա, որ իշխանությունը չխոսի տնտեսական հեղափոխության մասին, բայց քայլերի տրամաբանությունը այլ բան է հուշում։ Նախ` կառավարության ներկայացրած ծրագրում ամենամեծ խնդիրը տնտեսական կյանքի փոփոխությունների հստակ ժամանակացույցի բացակայությունն է, կառավարությունը կրկին, ինչպես նախորդ տարվա մայիսին, խուսափում է թվերի լեզվով խոսելուց։

Ընդհանուր ցանկություններ են, որոնք պետք է հաշվելի լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում մարդիկ պետք է շոշափելի տվյալ ունենան, թե քայլերի ինչ հերթականությամբ ու ինչ կոնկրետ արդյունքի է հասնելու երկիրը, տնտեսական ինչ աճ կարող է լինել։ Առաջիկայում տնտեսագետները կվերլուծեն կառավարության ծրագրի տնտեսական հատվածը, բայց մինչ այդ արդեն վերջիններս բավականին մեծ դժգոհություն են հայտնում հարկային օրենսգրքի սպասվող փոփոխությունների վերաբերյալ։ Վերջերս բավական հաճախ հնչող գնահատականն այն է, որ հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն էլ ավելի են աղքատանալու։ Ի թիվս այլ խնդիրների, շեշտվում է եկամտային հարկի համահարթեցման դրույթը. կառավարությունն առաջարկում է 2019-ի հուլիսի 1-ից եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ սահմանել 23 տոկոսի չափով և մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել այն` դարձնելով 20 տոկոս: Այս փոփոխությունը, ըստ մասնագետների, խախտում է արդարության սկզբունքը, քանի որ ցածր աշխատավարձ ստացողների հարկային բեռն ավելի է մեծանալու, անհավասար պայմանների մեջ են հայտնվելու բարձր վարձատրվող քաղաքացիների հետ՝ լինելով եկամտահարկի նույն հարթությունում։ Բարձր աշխատավարձ ստացողներն ավելի շատ պետք է հարկվեն, քան համեմատաբար ցածր վարձատրվողները, մինչդեռ այս փոփոխությամբ այդ սկզբունքը խախտվում է։


Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ խոսեց ներառական տնտեսության մասին, հետաքրքիր է, այսօր ներառական տնտեսության ո՞ր փուլում ենք, քաղաքացիների քանի՞ տոկոսն է իր մաշկի վրա զգում տնտեսական փոփոխությունների դրական շարժը։ Կառավարության հարկային քաղաքականության խնդիրներին գումարվում են այլ ոլորտների, մասնավորապես արդարադատության համակարգի բացթողումները, որոնք ներդրողների համար մեր երկիրը և՛ ռիսկային, և՛ անհետաքրքիր են դարձնում։ Հասարակությունը ամիսներ շարունակ սպասում է Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի գործադրմանը, հավանաբար մի փոքր էլ կսպասի, եթե ազնիվ մղումներ տեսնի, որոնք խելքին մոտ կլինեն։ Այս առումով վերջին նորամուծությունը բավականին խոսուն է։


Խոսքը նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով այն սուբյեկտներին տրամադրելու մասին է, որոնց համար նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել հունվարի 1-ից: Սա վերաբերում է փոքր և միջին բիզնեսի ոլորտում ընդգրկված շուրջ 25 հազար տնտեսավարողների։ Ակնհայտ է, չէ՞, որ պակասորդը չի փոխհատուցվելու ոչ ՊԵԿ-ի ղեկավարի, ոչ էլ վարչապետի գրպանից։ Իրականում այս «բարեգործությունը» կատարվելու է բյուջեի հաշվին, այսինքն, պետությունը քաղաքացու ոչ թե աջ, այլ ձախ գրպանից է փող վերցնում ու գնում այդ սարքերը։ Կամ էլ կա երրորդ տարբերակը. այս սարքերն իրականում հենց 60 հազար դրամ արժեն, իսկ հավելյալ 100 հազարով ՊԵԿ-ը, հավանաբար, մյուս տարվա պարգևավճարների գումարը մեկ զրոյով ավելացնելու խնդիր է ցանկացել լուծել։ Այսպես թե այնպես, կառավարության քայլերը համոզիչ պետք է լինեն ու կասկածի որևէ սողանցք չթողնեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ