Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ՝ կապված ռուսական գազը Հայաստան տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի հետ, կավարտվեն առաջիկա երկու շաբաթներին` լրագրողներին հայտնել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան:
«Այս պահին «Գազպրոմի» հետ քննարկվում են նոր համաձայնագրի հասնելու պայմանները՝ կապված ռուսական գազը Հայաստան տարանցելու հետ, մինչև այս բանակցությունների ավարտը նախկին պայմանագրի պայմանները (լրացել է 2018թ. դեկտեմբերի 31-ին) մնում են ուժի մեջ»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ ««Գազպրոմի» հետ բանակցություններից հետո, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, կհայտարարվեն արդյունքները»:
Հունվարի 18-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դերակատարությունից: