Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ինքն էշ ըլլալով արժեքը գիտե, մենք՝ խելքներս գլուխներնիս, արժեքը չգիտե՞նք»

«Ինքն էշ ըլլալով արժեքը գիտե, մենք՝ խելքներս գլուխներնիս, արժեքը չգիտե՞նք»
15.01.2019 | 03:58

2006-ին սիրիահայ Ալբեր Մահշիկյանը Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքում 130 քմ մակերեսով բնակարան ունենալու համար շինարարական ընկերությանը վճարել է 28 մլն 500 հազար դրամ։ Սակայն այսօր նրա իրավահաջորդներին պարտադրում են վերստին գնել արդեն իսկ գնված բնակարանը, այս անգամ` 75 հազար դոլարով։ Ինչպես գնորդի եղբայր Վահե Մահշիկյանն է նկատում, հերթական անգամ փորձում են սփյուռքահային հիմարացնել ու «քցել»։ Իրողությունը ներկայացնենք առավել հանգամանորեն։


Կառավարությունը հավանություն է տվել 2013-ի նոյեմբերի 11-ին Բուզանդի 13-21 հասցեներում կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները վերանորոգելու ծրագրին։ Դրա իրականացումը ստանձնել է «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ն։ Այս ծրագրի շահառուներից է եղել նաև Ալբեր Մահշիկյանը, որը 2006-ին «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով 28 մլն 500 հազար դրամով գնել է վերոնշյալ հասցեի 4-րդ հարկի բնակարաններից մեկը։ 2013-ին Ալբեր Մահշիկյանը մահացել է, նրա լիազորված անձը դիմել է ՍՊԸ-ին, որպեսզի ծանուցում ուղարկի Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող Մահշիկյանի ծնողներին՝ տեղեկացնելու կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգման ծրագրի մասին, սակայն ՍՊԸ-ն դա չի արել։ 2015-ին Ալբեր Մահշիկյանի եղբայրը` Վահե Մահշիկյանը, ժամանում է Հայաստան և փորձում հետաքրքրվել եղբոր գնած բնակարանի ճակատագրով։ Ընկերության իրավաբանը նրան հայտնում է, թե նշված բնակարանը ստանալու համար պետք է վճարի ևս 75 հազար դոլար և ներկայացնի Ալբեր Մահշիկյանի մահվան վկայականը։ Մահշիկյանը մահացել է Իտալիայում, մահվան փաստաթղթերով Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ժառանգորդներ է ճանաչել նրա մորը, եղբորը և երկու քույրերին։ Այսօր բոլոր թղթերի տրցակով նա ժամանել է Հայաստան։


Չկա գնորդը, իսկ ժառանգորդ համարվողների դիմումներն ու պահանջները մնացել են օդում, ոչ ոք չի ցանկանում այս ընտանիքին պատկանող գույքը՝ բնակարանը, վերադարձնել նրանց։ Վահե Մահշիկյանը պատկան մարմիններից արդարադատություն էր պահանջում։ «Ինձ ասում են՝ գնա Իտալիայից մահվան, հարկերը օրինական վճարելու փաստաթղթերը բեր։ Նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը ասում է, թե այդ ամենն օրենքով է, երբ հարցնում եմ, թե ինչ օրենք, չգիտի, որովհետև նման բան չկա։ Մեզ ժառանգորդ չեն համարում։ Փոխանակ տեսնելով օրենքում խնդիրներ, կառավարությանը դիմի դրանք սրբագրելու համար, ինձ վրա կխնդա ու կասի՝ գնացեք Իտալիայից տեղեկանք բերեք։ Այս նոտարն ինձ շատ զայրացրեց, իրավաբան լինելով, թագավորի պես նստել ու հրամայում է, իր գործը ժողովրդի կյանքը հեշտացնելն է, ոչ թե անիմաստ խնդիրներով բարդացնելը։ Հերիք չէ սխալ է խոսում, հետն էլ պնդում է ասածը»,- պատմեց Վահե Մահշիկյանը։ Ընկերությունից նրան փոխանցել են, որ 2006-ին այդ տարածքում 1քմ-ն արժեցել է 1000 դոլար, իսկ հիմա 2500 դոլար է։ «Մեզանից կանխիկ գումարը վերցրել են, շենքը կառուցել են ու հիմա վերավաճառու՞մ են մեզ, սա ի՞նչ բան է»,- հավելեց նա։ Ավելին, ընկերությունից առաջարկել են բնակարանի փոխարեն շենքի ներքևի հարկում հինգ ավտոմեքենայի կանգառի տեղ։ «Կարո՞ղ եք այսպիսի բան պատկերացնել։ Տան տեղը 5 փարքինգի տեղ են առաջարկում, այսինքն գանք, փարքի՞նգ աշխատենք։ Մեր կողմերում ասանկներուն կսեն՝ էշ ըլլալով մեզի կուզե էշի տեղ դնել։ Ինքն էշ ըլլալով արժեքը գիտե, մենք՝ խելքներս գլուխներնիս, արժեքը չգիտե՞նք»,- զարմացած ու զայրացած ասում է սիրիահայ գործարարը։


Ի դեպ, ըստ նրա տեղեկությունների, «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս հարցով Վահե Մահշիկյանը նամակ է գրել վարչապետին, որի պատասխանից է կախված նաև` նա վստահություն կունենա՞ դրսի գործարարներին երաշխավորելու, որ Հայաստանում գումարներ ներդնեն։ Այս առնչությամբ էլ ասաց. «Եթե հասարակ ժառանգության հարցում են փորձում նման կերպ խաբել, ո՞ր մի գործարար այսպիսի երկրին կվստահի ու ներդրում կանի։ Եթե մարդը գործարան է բացում, բայց բախտի չար կատակով մահանում է, ուրեմն այդ գույքը գնում կորչու՞մ է, բա ու՞ր է այս երկրի արդարադատությունը։ Այս պայմաններում ոչ մի ներդրող էլ Հայաստան չի գա»։ Նրան դիմել են արաբ գործարարներ Հայաստան ներդրումներ անելու համար, բայց, սեփական մաշկի վրա զգալով խնդիրները, Մահշիկյանը տարակուսում է՝ հրավիրե՞լ նրանց Հայաստան, թե՞ ոչ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ