Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղ               
 

Ալավերդու պղնձաձուլարանի ոդիսականը ՎՏԲ-ից մինչև Չինաստան է ձգվում

Ալավերդու պղնձաձուլարանի ոդիսականը ՎՏԲ-ից մինչև Չինաստան է ձգվում
16.11.2018 | 01:47

Ալավերդու պղնձաձուլարանի ոդիսականը ՎՏԲ-ից մինչև Չինաստան է ձգվումԱլավերդու պղնձաձուլական գործարանը փակելու հարցը դեռևս քննարկման փուլում է, այն փակելու կառավարական պարտադրանք չկա: Գործարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերության և աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը դեռ չեն լուծարվել, սակայն վերջիններս, շուրջ 700 մարդ, կորցնելու են իրենց աշխատանքը՝ կառավարության անհասկանալի գործունեության և ոչ հստակ քննարկումների պատճառով: Եթե հաշվի առնենք վերջերս «Վալլեքս» ընկերությունների խմբին պատկանող Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման փաստը, ինչի հետևանքով աշխատանքից զրկվեց մոտ 1200 աշխատակից, ապա ստացվում է՝ Ալավերդու տարածաշրջանում մի քանի ամսում գործազուրկ է դառնում մոտ 1900 մարդ:


Արդյունաբերական Ալավերդի քաղաքի գերհսկան արդեն մոտ մեկ ամիս ծուխ չի արտանետում քաղաքի ու տարածաշրջանի երկայնքով: Բնապահպանական տեսանկյունից՝ սա ուղղակի հրաշալի է, բայց մարդկանց կյանքի, ապրելու ու սոված չմնալու առումով՝ չափազանց վնասակար: Տարածաշրջանի կենտրոնը համարվող քաղաքը, փաստորեն, զրկվում է գոյատևման միակ աղբյուրից, և դրա չփակվելու դեմ տեղացիների ընդվզումները տարօրինակ բնութագրել պետք չէ, քանի որ մարդու համար առաջնայինը նախ հանապազօրյա հացի խնդիրն է, հետո նոր աղտոտվող օդի վիճակը:


Պղնձաձուլարանի շուրջ ստեղծված այս վիճակը բխում է կառավարության աշխատաոճից: Խնդրով զբաղվող մարմինները գեղեցիկ կերպով շրջանցում են կարևոր ու հիմնական այն պատճառները, որոնք հանգեցրել են ստեղծված կրիտիկական իրավիճակին: Նոր կառավարիչները փաստացիորեն այդ պատճառների համար մինչ օրս լուծումներ չեն կարողանում գտնել:
Դրանցից առաջինը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թ. օգոստոս ամսին ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքներն են, որոնց համաձայն ընկերությանը ներկայացվել է 380 մլն դրամի լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015-ի հուլիսից մինչև 2018-ի հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով՝ ընկերությունից պահանջվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով, հաստատված արտանետումների թույլատրելի սահմանը 40000-ից իջեցվել է 5000-ի: Բայց 5000-ն այն թիվն է, որի գործնական կիրառման դեպքում ձուլարանն աշխատել ուղղակի չի կարողանա:


Երկրորդ խոչընդոտը կապված է ՎՏԲ բանկի հետ: Տարիներ առաջ Թեղուտի հանքավայրը շահագործելու համար բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց ՎՏԲ-ն «Վալլեքս»-ից պահանջել է գրավադրել նաև «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը: Այդ ժամանակ սակայն, «Թեղուտ» ընկերությունը, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, այսինքն, ձեռնարկությունը, հսկայական ֆաբրիկան և թանկարժեք սարքավորումները չեն եղել, հետևաբար նրա շուկայական արժեքը բոլորովին այլ էր, քան ՎՏԲ-ին անցնելուց հետո: Հիմա, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն անցել է բանկին, Ալավերդու պղնձաձուլարանը, փաստորեն, նույնպես բանկի ձեռքում է հայտնվում: Ըստ տրամաբանության, սակայն, «Էյ-Սի-Փի»-ի ընկերության ու բանկի միջև գոյություն ունեցող վարկային պարտավորությունները պետք է առ ոչինչ համարվեն, քանի որ «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ իր ենթակառույցներով, արտադրական ֆաբրիկայով հանդերձ, արդեն իսկ ՎՏԲ-ինն է:


Մյուս կողմից էլ՝ դեռևս հուլիսին կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր ձևավորվել, որը պետք է օժանդակեր «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ին՝ նոր պղնձաձուլարան կառուցելու հարցում: Իսկ նոր պղնձաձուլարան կառուցելը պատրաստ է ստանձնելու չինական կողմն ու 500 մլն դոլարի ներդրում անելու, ինչը մոտ 2000 աշխատատեղ կստեղծի: Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար չինական կողմն անգամ պատրաստակամություն է հայտնել մարելու ՎՏԲ-ի հետ ունեցած պարտքուպահանջը՝ փոխարենը Հայաստանի իշխանություններից հարկային արտոնություններ ակնկալելով: Չինական այս մեծ նախագծի նախահաշիվն է անգամ արված, բայց թե ինչ ճակատագիր կունենա այն, արդեն տևական ժամանակ այդպես էլ չի հստակեցվում, քանի որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նոր կառավարիչները չինացիների առաջ քաշած պայմանին այնքան էլ համաձայն չեն:


Ալավերդու պղնձաձուլարանի հարցը, հուսով ենք, ի շահ ալավերդցիների ինչ-որ լուծում կստանա, հակառակ պարագայում հարյուրավոր քաղաքացիներ գործազուրկ դառնալու պատճառով չեն կարողանալու նախապես վերցված վարկերը մարել ու օրվա հացի խնդիր լուծել, ինչի հետևանքը հարկադրված «խոպանի» ճանապարհը բռնելն է լինելու:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ