Գաղտնիք չէ, որ Հայաստանի «կապույտ գեղեցկուհին»` Սևանը, անխնա օգտագործվում է, ինչի համար բնապահպանները SOS են կանչում։ SOS են հնչեցնում նաև Սևանի ֆլորան ու ֆաունան։ Երկրի բնական պաշարի օգտագործումը, պահպանումն ու զարգացումը յուրաքանչյուր պետության թիվ 1 խնդիրն է, այսօր շատ կարևոր է օգնել Սևանին, նոր տարբերակներ գտնել, որոնք թեկուզ ժամանակավորապես կթեթևացնեն Սևանի բեռը։ Ինչ խոսք, այս խնդրի շուրջ բոլոր ժամանակների իշխանությունները մտածել են, բայց մինչ պետական չինովնիկները մտածում են, գործարար աշխարհը գործնական քայլեր է առաջարկում։ Այդպիսի մի հետաքրքիր ծրագրի շուրջ զրուցեցինք գործարար, ձկնաբուծական ընկերության ղեկավար ԱՐԱՅԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ հետ։
-Ցանկացած պետություն իր առջև դրված մարտահրավերները լուծում է տնտեսական առաջընթացով, ժողովրդական լեզվով ասած` փող աշխատելով,- ասաց գործարարը։- Հայաստանի տնտեսությունում կա չօգտագործված ռեսուրս, որով պետությունը կարող է փող աշխատել և լուծել ռազմավարական նշանակության հարց, ինչպիսին է պարենային ապահովումը։ Խոսքը մեր բնական պաշարի` ջրի օգտագործման նոր մոտեցման մասին է։ Հայաստանում կա 73 ջրամբար, առաջարկում եմ այդ ջրամբարներն օգտագործել նաև տնտեսության մեկ այլ` ձկնաբուծական ոլորտի զարգացման նպատակով։ Դրա համար խոշոր ներդրումներ հարկավոր չեն։ Ձկնաբուծարանների վերածված ջրամբարներում պետք է աճեցնել սազան, կարպ, հաստաճակատ և բելամոր ձկնատեսակները։ Ինչու՞ եմ այս տեսակներն առաջարկում։ Դրանք պահելը քիչ ծախսատար է, իսկ տնտեսական արդյունքը` շատ մեծ, բացի դրանից, այդ տեսակներն առանձնակի խնամք և ջրում օդի առկայություն չեն պահանջում, և քանի որ այս գաղափարը իմ առաջարկն է, ապա պատրաստ եմ ծրագրին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու։ Հասկանալի է, որ առաջին հայացքից շատերին կարող է խորթ թվալ առաջարկս, դրա համար, կարծում եմ, ճիշտ կլինի այն իրականացնել որպես փորձնական ծրագիր երկու-երեք ջրամբարներում։ Եթե նշված ձկնատեսակներից յուրաքանչյուրից 2-3 դույլ մանրաձկներ լցնեն ջրամբար և ապահովեն վերահսկողությունը, թույլ չտան որսը, մեկ տարի հետո դրանք կհարյուրապատկվեն, և գնալով դրանց քանակը կեռապատկվի։
-Ջրամբարները պետական սեփականություն են, որքանո՞վ ճիշտ կլինի այդտեղ մասնավոր բիզնես ծավալելը։
-Իսկ ո՞վ ասաց որ դա մասնավոր պետք է լինի։ Ես առաջինը դեմ կլինեմ, եթե այդ բիզնեսը մասնավորին տրվի։ Ծրագիրը պետք է լինի պետական, այսպես ասած, ջրամբար-ձկնաբուծարանները պետք է լինեն միայն պետական, որպեսզի պետությունը հարստանա։ Պատահական չէ, որ մեր զրույցի սկզբում կարևորեցի պետության կողմից փող աշխատելու գործոնը` պարենային ապահովման համատեքստում։ Մենք ունենք բանակը, ծերանոցները, մանկատները, տարբեր տուն-ինտերնատները կերակրելու առաջնահերթ խնդիր, եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, մեկ տարի հետո և՛ բանակը, և՛ բոլոր տուն-ինտերնատները պետությունը կարող է ապահովել ոչ միայն թարմ ձկով, այլև պահածոներով։ Այս ծրագիրը կլուծի շատ լուրջ պարենային ռազմավարական խնդիր, այն հնարավորություն կտա, որ մեր պետությունը հարստանա, ոչ միայն անհատը։ Սակայն այն իրականացնելու համար պետությունը պետք է ներդրում կատարի, ինչն ամբողջությամբ կարդարացվի։ Նշված ձկնատեսակների մանրաձկներն էժան են, իսկ նրանց վերարտադրությունը` շատ բարձր։ Մեկ տարի հետո պետությունը կարող է ուռկաններով որս անել և անգամ թույլ տալ քաղաքացիներին որսալ ձուկ, բայց միայն կարթով։
-Ըստ Ձեր ուսումնասիրությունների, պետության վրա այդ ներդրումն ինչքա՞ն «կնստի»։
-Թիվն այնքան փոքր է, որ կարող է զարմացնել։ Օրինակ, մեկ ջրամբարը ձկնաբուծարան դարձնելու համար կպահանջվի 5 մլն դրամ` 10 հազար դոլար։ Նկատենք, որ ներդրված 5 մլն դրամը մեկ տարի հետո դառնում է 50 մլն դրամ, և այդպես տարին տարվա վրա երկրաչափական պրոգրերսիայով եկամուտն ավելանում է, քանի որ նշված ձկնատեսակների վերարտադրությունը շատ մեծ է, իսկ պահպանման ծախսը` նվազ։ Պետք է ընդամենը ջրամբարների ջրարգելակների վրա տեղադրվեն հատուկ ցանցեր, որպեսզի ջրի մեծ հոսքի դեպքում ձկան կորուստ չլինի։ Հարկավոր է ձեռք բերել նավակներ ձկներին կերակրելու և իրավիճակը վերահսկելու համար։
-Պարոն Ամիրյան, Դուք նշեցիք, որ պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալու այդ գործում, ինչո՞վ է այն արտահայտվելու. եթե չեմ սխալվում, ձեր ձկնաբուծարանի ձկներին Դուք կերակրում եք ձեր ընկերության արտադրած կերով, իսկ պետությունն ինչպե՞ս պետք է լուծի այդ խնդիրը։
-Իմ ծառայություններն ու փորձն եմ առաջարկում։ Այո, Դուք ճիշտ եք, մեր ընկերությունը ձկան կեր է արտադրում բնական հումքով, նման բարձորակ կեր այսօր Հայաստանում չի արտադրվում։ Մենք պատրաստ ենք պետության հետ համագործակցելու այս ուղղությամբ։ Կարծում եմ` այսօր մենք պետք է լուրջ և խոշոր ծրագրեր, մասշտաբային գործեր իրականացնենք, որպեսզի մեկ-երկու տարի հետո լուրջ արդյունքներ արձանագրենք։
-Եթե Ձեր առաջարկած ծրագիրը պետությունն իրականացնի, հնարավո՞ր է երկու տարի հետո պետությունը կարողանա ձուկ արտահանել։
-Ոչ թե հնարավոր է, այլ դա պետք է պարտադիր իրականացվի։ Գուցե չհավատաք, սակայն այսօր վերը նշված ձկնատեսակների պահանջարկը կա Ռուսաստանում։
-Իսկ ինչու՞ եք առաջարկում միայն նշված ձկնատեսակներն աճեցնել։
-Իհարկե կարելի է ջրամբարներում այլ ձկնատեսակներ ևս բուծել, օրինակ` իշխան, լոքո։ Սակայն, որպեսզի հետո չասեն, թե պետությունը փորձում է այդպիսով հարվածել մասնավոր ձկնաբուծարանների շահերին, գների դեմպինգ անել, սրանով է պայմանավորված ձկնատեսակների ընտրությունը։
-Իսկ ինչպե՞ս կնայեն բնապահպանները, արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա։ Օրինակ, վերջիններս կարող են ասել, որ դրանով խախտվում է ջրամբարի միկրոֆլորայի բալանսը, և արդյո՞ք աշխարհում այդ փորձը կա։
-Բնապահպանական խնդիր չի առաջանա, հակառակը, դրանով մենք կնպաստենք այդ բալանսի կարգավորմանը։ Երբ ջրի մեջ ձուկ չի աճում, այդ դեպքում են խնդիրներ առաջանում։ Մասնավորապես առաջանում են տարբեր տիպի պլանկտոններ, որդեր, որոնք գնալով բազմանում են ձկան բացակայության դեպքում։ Ըստ էության, ձուկը ջրի սանիտար է, որն այդ բոլոր էլեմենտները, որդերը ուտում է և մաքրում ջուրը։ Օրինակ, սազանը և կարպը ամենակեր ձկներ են, որոնք կմաքրեն ջրամբարները որդերից, իսկ բելամորը և հաստաճակատը խոտակեր են` ուտում են պլանկտոնը։ Այսինքն, դրանք մաքրելու են ջրամբարի ջուրը վնասակար էլեմենտներից։ Ավելին, ձկների արտաթորանքը ջուրը հագեցնելու լավագույն պարարտանյութ է։ Ինչ վերաբերում է աշխարհի փորձին, իհարկե այդ փորձը կա։ Օրինակ, սկանդինավյան երկրները, որ շրջապատված են օվկիանոսներով, չունենալով ձկնարտադրության խնդիր, իրենց ջրամբարներում ձուկ են աճեցնում ջուրը մաքրելու նպատակով։
Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ