Երկրների զարգացման պատմությունը մեզ հուշում է (հատկապես պատերազմներում պարտված, նոր անկախացած երկրների), որ տնտեսության արագ զարգացման համար կենարար օդի նման անչափ օգտակար են ներդրումները: Դրանք կարող են լինել ինչպես սեփական ռեսուրսների նպատակամղված ուղղորդման միջոցով, այնպես էլ օտարերկրյա ներդրումների հաշվին: Պետք է նկատել, որ օտարերկրյա ներդրումները կապված են մի շարք հարցերի հետ, միայն էժան բանվորական ուժը դեռևս հիմք չէ դրանց համար: Մեր նպատակն ամենևին էլ այդ հարցերի պարզաբանումը չէ, միայն նշեմ, որ օտարերկրյա ներդրումների հիմքում որպես կանոն առկա է քաղաքական գործոնը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեկեն սոցիալիստական դարձած Եվրոպայի և ոչ մի երկրում արևմտյան և ոչ մի երկիր ներդրում չի կատարել, և դա հասկանալի է, մինչդեռ Մարշալի պլանով զգալի գումարներ ներդրվեցին Գերմանիայի վերականգնման համար: Խորհրդային Միությունը հասկանալի պատճառներով չէր կարող էապես տնտեսական օգնություն ցույց տալ, առավել ևս ներդրումներ կատարել սոցիալիզմի ուղին բռնած Արևելյան Եվրոպայի երկրներին: Փորձեմ մասնատված Գերմանիայի տարածքում ստեղծված երկու պետությունների հետպատերազմյան զարգացման օրինակով հիմնավորել ասելիքս: Պատերազմի ավարտից հետո ստեղծված երկու պետություններն էլ զգալի տուժել էին պատերազմից` միլիոնավոր մարդկային կորուստներ, զարգացած տնտեսության կատարյալ ոչնչացում, պարտության պատճառով հաղթող երկրներին պատճառած վնասի հատուցում` կոնտրիբուցիայի ձևով: Բայց ամենաողբերգականը, թերևս, ֆաշիստ ղեկավարների նկատմամբ տածած անսահման հավատի կորուստն էր: Մոտ մեկուկես տասնամյակ «հա՛յլ Հիտլեր» գոռոցի ներքո տարած «փառավոր» հաղթանակներն էին, ինչը վերջին հաշվով գերմանացի ժողովրդին կանգնեցրեց անդունդի եզրին: Չնայած այդ ամենին, կարճ ժամանակ պահանջվեց երկու Գերմանիաների վերականգնման համար: Ֆեդերատիվ Գերմանիայի վերականգնման համար էական նշանակություն ունեցան արևմտյան ներդրումները, բայց միայն այդ գործոնով բացատրել նրա վերականգնումը, անշուշտ, սխալ կլինի: Հետպատերազմյան Ֆեդերատիվ Գերմանիայում կառավարման ղեկին էին մեկը մեկից խելոք, մեկը մեկից հայրենասեր կառավարողներ, որոնք չգնացին անձնական հարստացման ճանապարհով. նրանք չունեին նացիոնալիստական մտածելակերպ և չէին բղավում, թե Գերմանիան վեր է ամենքից, բայց իրենց պրակտիկ գործունեությամբ արեցին ամեն ինչ ոչ միայն Գերմանիայի հեղինակության, արդյունաբերական պոտենցիալի վերականգնման համար:
Պատերազմից հետո Արևմտյան Գերմանիային մնացին արդյունաբերական սիրտ հանդիսացող Ռուրը և հարուստ ածխահանքերը: Պարտվող ֆաշիստական Գերմանիան իր ամբողջ ռազմական ուժը կենտրոնացրել էր խորհրդային բանակի դեմ, և արդյունքում խորհրդային բանակը գրավեց ազգաբնակչության թվով և տարածքով անհամեմատ փոքր երկիր: Այդ փոքր երկիրը ավելի շատ էր տուժել ռմբակոծություններից և չուներ բնական հարուստ պաշարներ, բացի գորշ ածուխի հանքավայրերից: Ոչնչացվել էր ապագա ԳԴՀ-ի ողջ արդյունաբերությունը: Կարելի է ասել ավելին. նա հսկայական ռազմական կոնտրիբուցիա էր տալիս ԽՍՀՄ-ին: Պատմությունը փաստում է, որ ԳԴՀ-ից հանվում և ԽՍՀՄ էին տեղափոխվում անգամ տրամվայի, երկաթգծի ռելսեր: Եվ այդ քայքայված երկիրը, չունենալով բնական հարուստ պաշարներ, չստանալով և ոչ մեկից ֆինանսական ներդրումներ, կարճ ժամանակում ոչ միայն վերականգնեց արդյունաբերությունը, այլև անցած դարի յոթանասունական թվականներին ժողովրդի կենսամակարդակով սոցիալիստական ճամբարում առաջին տեղում էր: Գերմանիայի անցած ճանապարհը մեզ հուշում է, որ առանց դրսի ներդրումների էլ կարելի է երկիրը զարգացնել:
Հիմա դառնանք մեր երկրի օրինակին: Անկախությունից հետո Հայաստանն ուներ հզոր արդյունաբերություն: Ղարաբաղյան պատերազմից առաջ մենք հաղթող երկիր էինք, և հսկայական ռազմավար հասավ մեզ: Մենք, որպես երկիր, ավելի մեծ բնական պաշարներ ունեինք, քան աղքատիկ ԳԴՀ-ն: Ոչ պատերազմը, ոչ շրջափակումը մեր տնտեսական դժբախտությունների պատճառը չէին, միակ պատճառն այն է, որ մեր երկիրը տարիներ շարունակ կառավարման ղեկին չունեցավ իր Ադենաուերը: Եվս մի կարևոր գործոն, որ խոսում է մեր օգտին: Անգամ երկրաշարժ, ավերածություններ, հազարավոր զոհեր տեսած ժողովուրդը հոգեպես, բարոյապես վեհ էր ու հպարտ (խոսքերիս հաստատումն է ղարաբաղյան հիանալի հաղթանակը): Եվ այսօր այդ վեհ ու հպարտ ժողովուրդն ունի մոտ յոթ միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտք, ոչնչացված արդյունաբերություն, երկրի ապագայի անորոշությունից օր օրի աճող արտագաղթ: Ճիշտ է, հեղափոխությունը մեծ հույսեր է արթնացրել ժողովրդի մեջ, որն սպասում է հետհեղափոխական գործընթացներին: Հեղափոխությունից հետո պետության արտաքին պարտքը ավելացել է 200 միլիոն դոլարով և կազմում է 7,1 միլիարդ դոլար: Ո՞վ է վճարելու հետագայում այդ խոշոր գումարը: Իհարկե ժողովուրդը, և ինչի՞ համար: Միթե այդ 7,1 միլիարդ դոլարը ծախսվել է հօգուտ ՀՀ պետության զարգացման, հօգուտ ՀՀ բնակչի: Բնավ ո՛չ։
Նրանք, ովքեր մտածում են, թե խորհրդարանական ընտրություններից հետո երկրում խոշոր չափերով կավելանան արտասահմանյան ներդրումները, չարաչար սխալվում են: Ներկա իշխանությունները պետք է արմատախիլ անեն կոռուպցիան, օրենքի ողջ խստությամբ վերաբերվեն նրանց, ովքեր կշարունակեն ապրել նախկինների պես, պետք է նախկիններից հետ բերեն պետությունից տարածի գոնե կեսը: Հավատացած եմ, եթե օրենքը գործի ամենայն խստությամբ, հետ բերվելիք գումարները ոչ միայն կփակեն արտաքին պարտքը, այլև դրանցով խոշոր ներդրումներ կարելի է անել երկրի տնտեսության մեջ, թե չէ հույսը դնել միայն դրսի ներդրումների վրա և ակնկալել մեծ արդյունքներ, պարապ մտքի վարժանք է, որը կմարի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ