Առկա է «Արոտի, խոտհարքների բերքատվության բազմապատիկ աճի, խոտի որակի բարձրացման, երաշտի, ջրհեղեղների, տարածքային հրդեհների կասեցման տեխնոլոգիա և մեքենա»:
Այն դրական արդյունքով փորձարկվել է Լոռվա տոհմաբուծարանի արոտներում:
Նշված խնդիրները լուծվում են առաջարկվող մեքենայի մի անցումով. հանրապետությունից արտերկիր «փախչող», մեր երկրում «արտադրված» 7 մլրդ խորանարդ մետր անձրևաձնհալ ջուրը (ամբողջի մոտավորապես 85 %-ը) «պահ» է տրվում մեր արոտներին, խոտհարքներին, անջրդի հողատեսքերին, փխրեցվում է խոտածածկույթի արմատային հողազանգվածը, այն պարարտացվում է թռչնաղբից և գոմաղբից ստացված օրգանական պարարտանյութով, կատարվում է ենթացանքս:
Հանրապետությունում սպասվելիք օգուտը մեկ տարվա հաշվով միայն խոտի բերքի աճից գնահատվում է 100 մլն դոլարի չափով (կառավարություն ուղարկված հաշվարկի համաձայն):
Կառավարության աջակցության ֆինանսական ներդրումը, ըստ 4 նախարարությունների համատեղ քննարկման (15.01.2018 թ., պատասխանատու` Բաղդասարյան Արթուր), տեխնոլոգիան և մեքենայի աշխատանքը գյուղացիներին ցուցադրելու համար, գնահատվել է 4000 ԱՄՆ դոլար, որն առայսօր չեն կարողանում հայթայթել նշված կառույցները և նրանց խնդրանքով օգնության հրավիրված «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի «Գյուղատնտեսության և պարենի կազմակերպությունը»:
Կանխատեսվում է նաև, որ առաջարկվող տեխնիկայի ներդրմամբ կվերագործարկվեն ստորգետնյա ցամաքած աղբյուրները (ջրպետկոմի նախագահի հավաստմամբ` այդ պատճառով խմելու ջուր չունի մեր համայնքների կեսից ավելին), կբարձրանա Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի մակարդակը՝ միլիոնավոր դոլարների օգուտ տալով տեղի գյուղատնտեսությանը, ձկնաբուծությանը, նվազեցնելով երաշտի տարիներին Սևանից ջրառի ծավալը:
ՄԵՔԵՆԱՅԻ ՏԵԽՆԻԿԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Արտադրողականությունը` 1,2 հա/ժամ,
2. Մեկ ժամվա աշխատանքի մաքուր շահույթը` 100 ԱՄՆ դոլար/հա
3. Մեքենայի կանխատեսվող գինը` 12000-15000 դոլար
4. Հետգնման ժամկետը` մի տարուց պակաս,
5. Մեքենայի սպասարկման տիրույթը մի սեզոնում` 3 համայնքի համար մեկ մեքենա,
6. Ծախսը մեկ հեկտարի հաշվով` 8528 դրամ,
7. Օգուտը մեկ հեկտարից (խոտի բերքի աճից)` 44057 դրամ:
ՄԵՔԵՆԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԱՎԱՔԻ) ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1. Մեքենան հավաքվելու է Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ում, որտեղ գործարկման պատրաստ մեքենաշինական նշանակալի արտադրատարածքները անգործ են:
2. Հավաքվելու է արտերկրից, հիմնականում Ռուսաստանից, ներկրվող հանգույցներով:
ՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ընկերությանը պատկանող արոտներում գյուղացիների շահառուների ներկայությամբ կազմակերպվում է մեքենայի արտադրացուցադրական գործընթացների ծանոթացում, բերքատվության սկզբնական և տարեվերջյան ցուցանիշների համադրում, դրա հիման վրա մեքենայի հավաքի կազմակերպում և իրացում: Մոտավոր հաշվարկներով հանրապետության պահանջարկը 300 մեքենա է:
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ
Ըստ բնապահպանության նախարարության ՄԱԿ ուղարկված հաշվետվության nature-ic.am կայքի` հանրապետությունում սպասվում է առավել արժեքավոր և բերքատու արոտավայրերի կրճատում 9-22 %-ով, ինչը հանգեցնելու է անասունների գլխաքանակի և մթերատվության կրճատման 30 %-ի չափով:
Հանրապետությունում այս գործընթացը արդեն սկսվել է. ըստ ՀՀ վիճծառայության` միայն վերջին տարիներին արոտները կրճատվել են 60000 հեկտարով: Գյուղամերձ, առավել պահանջված արոտները ջնջվել են հանրապետության քարտեզից:
Կառավարության որոշմամբ (22.12.2017 թ., N Աշ2/ԱԲ-2/11628-17) խնդրի լուծման պատասխանատուներն են գյուղատնտեսության (հավաք), բնապահպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունները, ջրպետկոմը:
Սպասում ենք արձագանքի և կատարման ընթացքը կամփոփենք ամիսների կտրվածքով:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Տեխն. գիտ. թեկնածու, Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ-ի նախկին տնօրեն
Հ. Գ. Խնդրի մանրամասներին ընթերցողը կարող է ծանոթանալ նաև «Իրատեսի» հետևյալ հոդվածներից. «Գիտատեխնիկական մի նորույթի ներդրման ոդիսականը (թիվ 40, 2016 թ.), «Ծրագրերը կլինեն մրցունակ, եթե նրանք ապահովում են համայնքում ապրելու, արարելու անվտանգ պայմաններ» (թիվ 78, 2016 թ.), «Գյուղնախարարության ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի» (թիվ 11, 2017 թ.), «Ով ականջ ունի, թող լսի (թիվ 72, 2017 թ.), «Ի՞նչ է սա. բանականության կորու՞ստ, ծրագրված թալա՞ն, թե՞ ազգադավություն» (թիվ 33, 2018):