«Ամուլսարի» հանքավայր տանող ճանապարհն արդեն մի քանի օր փակված է: «Լիդիան» ընկերության աշխատակիցներն այստեղ աշխատել չեն կարողանում, հանքի ու հարակից գործարանի շինարարական աշխատանքները կաթվածահար են եղել: Ջերմուկցիները դեպի հանքավայր տանող մի քանի ճանապարհների մոտ հսկողություն են սահմանել, ճանապարհները փակ են գիշեր ու ցերեկ, հետևաբար, աշխատակիցներն ու հատուկ տեխնիկան Ամուլսար հասնել չեն կարող:
Հայրենի բնաշխարհի համար պայքարող քաղաքացիները մինչ այս պահը չեն նահանջում, վստահաբար նշում են՝ պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ հանքը շահագործելու որոշումը չի չեղարկվել: Նրանք նաև ասում են, որ կանեն հնարավորը, միայն թե չտուժի Ամուլսարի էկոհամակարգը, սառնորակ ջրերը շարունակեն հոսել իրենց լեռներն ի վար, իրենք էլ կարողանան զարկ տալ զբոսաշրջությանը, ինչն անում են արդեն երկար տարիներ:
Ամուլսարի վրա խոր-խոր «վերքեր» չբացելու համար ջերմուկցիները բազմիցս դիմել են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց այցելելու, խնդրին տեղում ծանոթանալու և հարցին լուծում տալու համար, չնայած, հարցի լուծումը, ըստ ջերմուկցիների, մեկն է՝ չշահագործել հանքը: Վարչապետը, սակայն, մինչ օրս չի հանդիպել բողոքող քաղաքացիների հետ: Մի քանի օր առաջ նրանց հետ հանդիպել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու վերջիններիս գլխի տակ փափուկ բարձ դրել, ասելով, թե կառավարությանն առընթեր հանձնաժողով կստեղծվի, որը կքննարկի հանքի շահագործման կամ չշահագործման հարցը: Բայց հանձնաժողովը մինչ օրս չի ձևավորվել, փոխարենը մյուս փոխվարչապետն էր հայտարարություն տարածել ու հորդորել ջերմուկցիներին վերադառնալ կառուցողական քննարկումների դաշտ, տեսչական մարմնին թույլ տալ ստուգումներ իրականացնել ու պարզել հանքի շահագործումից բխող վտանգներն ու ռիսկերը: Նմանատիպ մի հորդորով հանդես էր եկել նաև վարչապետ Փաշինյանն իր հերթական գիշերային ուղիղ եթերի ժամանակ՝ ջերմուկցիներին կոչ անելով չխոչընդոտել «Լիդիանի» աշխատանքները, մինչև հարցը վերջնական լուծում կստանա: Ավելին, վարչապետի թիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Միքայել Նահապետյանն (Ավինյանի գրասենյակից) ասել էր, թե «Լիդիանն» իրենցից պահանջում է ապահովել շինարարական աշխատանքների շարունակականությունը, քանզի դա պետության գործառույթների մեջ է մտնում: Մյուս կողմից էլ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը տեսակետ էր հայտնել՝ եթե երկիրը հարստություն ու բնական պաշարներ ունի, դրանք պետք է օգտագործել: Սրան էլ ավելացել էր «Լիդիանի» բաց տեքստով այն հայտարարությունը, համաձայն որի, հանքի շահագործման ծրագրից չեն հրաժարվելու:
Ստեղծված իրավիճակը կարծես թե քիչ էր, կառավարության որոշ ներկայացուցիչներ ու նրանց մտերիմներն այժմ սկսել են տեղեկություն տարածել, թե բողոքող ջերմուկցիները, հանքավայրի ճանապարհը փակելով, սաբոտաժ են անում՝ փորձելով ստվեր գցել նոր կառավարիչների աշխատանքի վրա: Հստակ է, սակայն, որ այս մարդիկ ցանակնում են տեր կանգնել իրենց բնությանն ու «Թեղուտի» օրինակով կոտրած տաշտակի առաջ չկանգնել՝ զրկվելով թե՛ բնական պաշարներից, թե՛ բնության բարիքներից:
Այս պարագայում առավել քան անտրամաբանական են կառավարության անդամների այն հորդորները, թե՝ սպասեք տեսչական մարմնի ստուգումներին կամ ժամանակ տվեք, որ ստուգումներ իրականացնենք, հաշվարկենք ռիսկերը և այլն, և այլն: Ջերմուկցիների պահանջը հստակ է՝ դադարեցնել հանքի շահագործման ծրագիրը, հետևաբար, ի՞նչ կարիք կա մեջտեղ բերելու տեսչական մարմնին, ստուգումները, ռիսկերն ու այսպես շարունակ: Անտրամաբանական է նաև մարդկանց արդար պահանջին «սաբոտաժ» որակում տալը, քանի որ ջերմուկցիների պահանջն առկա էր նաև նախորդ իշխանությունների ժամանակ:
Պարզից էլ պարզ է, որ գործող կառավարությունն Ամուլսարի առնչությամբ, անկասկած, ժխտողական վերաբերմունք չունի, իսկ եթե նորեկ կառավարիչները ժամանակ են խնդրում, բնականաբար, հարցին միջանկյալ լուծում են ուզում տալ, ինչը կարող է չբխել ջերմուկցիների պահանջից: Հստակ է նաև, որ Փաշինյանը չի ցանկանում ընկնել ջերմուկցիների աչքից, ուստի բացեիբաց չի հայտարարում, որ հանքը, այնուամենայնիվ, կարող է շահագործվել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ