Այն պահից սկսած, երբ ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որտեղ արձանագրված էր, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ, փորձագետները նկատեցին, որ պաշտոնապես մեկնարկել է նախընտրական արշավը։
Ավելին, այն բանից հետո, երբ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը սկսեցին քննարկումներն ընտրական օրենսգրքի շուրջ, մամուլում տարբեր վարկածներ սկսեցին շրջանառվել ընտրությունների ժամկետների հետ կապված։
Այս պահի դրությամբ ընտրությունների հետ կապված նշվում է երկու հիմնական ժամկետ՝ 2018 թ. սեպտեմբերի վերջ կամ նոյեմբեր։ Իհարկե, շրջանառվում է նաև ձմեռային ամիսներին ընտրություններն անցկացնելու հնարավորությունը, սակայն վերլուծաբաններն ու քաղաքական գործընթացների մասնակիցները համարում են, որ ձմեռն ընտրություններ անցկացնելու լավագույն սեզոնը չէ։ Ձմեռը ցանկացած իշխանության համար ռիսկային է, ոչ բարենպաստ շրջան նույնիսկ ամենապոպուլյար իշխանության համար, քանի որ ժողովուրդը, որի 50-60 տոկոսն իրականում աղքատության մեջ է ապրում, կոմունալ մեծ ծախսեր է կատարում։
Սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելը շատ ձեռնտու ժամկետ է այսօրվա իշխանության, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի համար, քանի որ հետհեղափոխական ոգևորությունը գուցե որոշակիորեն իջել է, բայց, այնուամենայնիվ, իշխանությունը տարբեր գործողություններով, հիմնականում կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, կարողանում է որոշակի մակարդակի վրա պահպանել հետհեղափոխական պաթոսը։ Եթե անգամ ընտրությունները տեղի ունենան նոյեմբերին, երբ արդեն հասցրած կլինեն օրենսդրության փոփոխության հետ խնդիրները լուծել ու համաձայնեցնել միջազգային կառույցների հետ, ինչպես նաև ժամանակ կտրվի քաղաքական ուժերին նախապատրաստվելու համար, իշխանությունն իր վարկանիշը պահելու ռեսուրս ունի։
Ի՞նչ կարող է անել իշխանությունը մինչև ընտրությունները։
Իշխանությունն իրականում ունի երկու հիմնական խնդիր՝ շտկումներ մտցնել սոցիալ-տնտեսական իրավիճակում, ներկայացնել լավ տեսլական, ցույց տալ ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր և նշվածին զուգահեռ ձեռնարկել հակակոռուպցիոն գործողություններ, պայքարել քրեական աշխարհի հետ, երկրում վերականգնել արդարությունը, ոչ պոպուլյար, հանրության համար ատելի ֆիգուրների ձերբակալություններ և այլն։
Մինչև ընտրությունները տնտեսական հրաշքներ և սոցիալական իրավիճակի կտրուկ բարելավում սպասելը հեքիաթի ժանրից է։ Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ ձևավորվել են գերսպասումներ, ինչպես սովորաբար դա լինում է հեղափոխություններից հետո։ Պարզ է, որ նման գերսպասումները հնարավոր չէ բավարարել, դա ցույց է տվել նաև պրակտիկան՝ անցնող երկու ամիսները։ Առավել ևս, որ գործող կառավարությունը բնույթով ժամանակավոր է և կարծես թե առանձնապես ճիգեր էլ չի ցանկանում գործադրել, որպեսզի ռազմավարական առումով տնտեսական հարցեր լուծի։ Այս կառավարության ամենաթույլ օղակը հենց տնտեսական թիմի բացակայությունն է, առավել ևս որ տնտեսական թիմը կազմված է նախկին ռեժիմի հետ կապված ուժերի՝ ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներից։ Այսինքն՝ խոսել, որ մինչև ընտրություններ իշխանությունները կհասցնեն տնտեսական ոլորտում հեղափոխություն անել և սոցիալական ոլորտում էականապես իրավիճակ փոխել, հեռատեսական չէ։ Պրագմատիկ հաշվարկից ելնելով՝ ավելի իրատեսական է երկրորդ ճանապարհը՝ գործուն միջոցառումների շնորհիվ ցույց տալ պայքար կոռուպցիայի, քրեական աշխարհի դեմ, մեկուսացնել օդիոզ կերպարներին, այդ ամենը տեսագրել ու ցուցադրել հանրությանը՝ տուրք տալով վերջինիս պահանջներին։ Մի խոսքով այն, ինչ հիմա մենք ականատես ենք լինում. ամեն օր ներկայացվում են ԱԱԾ-ի և ոստիկանության գործողությունները նախկինում դիրքեր ունեցող այս կամ այն գործչի նկատմամբ, գործարարի ձերբակալման, բերման ենթարկելու դրվագներ, ապահովում է իշխանության վարկանիշի կայուն բարձր մակարդակը։ Նախկինում անձեռնմխելի համարվող, Հայաստանում թալանը, ամենաթողությունը խորհրդանշող մարդկանց ձերբակալությունների տեսարանները խթանիչի դեր են կատարում, սակայն, մյուս կողմից, հանրությունն իմունիտետ է ձեռք բերում, և նման դրվագները դառնում են սովորական պատմություններ։
ՈՒստի գործող անձինք աստիճանաբար պետք է խոշորանան։ Խոշորանալու խնդիրը, ինչպես երևում է, կա. երբ վարչապետը Մոսկվայից գալուց հետո անմիջապես անցավ գործողությունների, ակներև դարձավ, որ նա գնում է դեպի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատը։ Ըստ էության վարչապետը ցույց է տալիս, որ անձեռնմխելի մարդիկ չկան։ Բավականին տպավորիչ էր Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանի հետ կապված պատմությունը։ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա բավարարել հանրության գերսպասումները։ Ընդ որում՝ պահեստայինների նստարանը բավականին բազմամարդ է։ ՈՒ հասարակական պահանջ կա, որպեսզի զբաղվեն այդ մարդկանցով։
Իհարկե, իշխանությունների գործողությունները մի կողմից կարելի է շոու անվանել, սակայն մյուս կողմից՝ հաստատում են խաղի նոր կանոններ։ Երբ երկրում մթնոլորտն այնպիսին է, որ խաղի հին կանոններն այլևս չեն աշխատում, տեխնիկական, ֆինանսական, իրավական, բարոյահոգեբանական առումներով նոր կանոններ են հաստատվում։ Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը չէ։ Գերխնդիր է դրված կառավարել գործող իշխանությունների վարկանիշի անկումը, և թույլ չտալ, որպեսզի այդ անկումը մեծ տոկոսների հասնի։ Առաջիկա մի քանի ամիսներին գործող կառավարությունը հանրությանը սնելու է ձերբակալությունների տեսարաններով։ Այդ ձերբակալություններին զուգահեռ լուծվում է նաև այլ կարևոր խնդիր. քաղաքական ճնշում են գործադրում հնարավոր հակառակորդների նկատմամբ։ Մանավանդ որ հակառակորդներն էլ սուրբ չեն։ ԲՀԿ-ի պարագայում կարող են խնդիրներ առաջանալ և՛ հարկային պարտավորությունների, և՛ ապօրինի հարստացման ու բազմաթիվ այլ հարցերի հետ կապված։ ՈՒ չի բացառվում, որ հակառակորդների դեպքում հոգեբանական պրեսինգը ցանկացած պահի քաղաքական կամքի և քաղաքական որոշման պարագայում կարող է վերածվել պրեսինգի այլ ձևերի, ինչն այժմ շատ պատկերավոր ձևով կիրառվում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ