ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սիրիայի դեմ ռազմարշավին պետք է հավանություն տա ԱՄՆ-ի Կոնգրեսը

Սիրիայի դեմ ռազմարշավին պետք է հավանություն տա ԱՄՆ-ի Կոնգրեսը
06.09.2013 | 11:42

Հայտարարելով այդ մասին, Օբաման, այդուամենայնիվ, մտադիր է ստանալ Կոնգրեսի հավանությունը, որը գումարվելու է սեպտեմբերի 9-ին։ Գրեթե հաստատապես կարելի է ասել, որ կոնգրեսականները կքվեարկեն հարված հասցնելու օգտին։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի ռազմարշավը, փաստորեն, անխուսափելի է դառնում։ Սակայն փորձագետները կարծում են, որ ընդգրկման ու ժամանակի առումով կանխավ սահմանափակ ուժային գործողությունը հակասում է ԱՄՆ-ի վերջին տասնամյակների ռազմական պլանավորման սկզբունքներին։ Առանցքային հայտարարություն Բարաք Օբաման արդեն արել է։ «Իսկ ինչպե՞ս մենք պետք է արձագանքենք, եթե բռնապետը գազախեղդ է անում հարյուրավոր երեխաների ու ոչ մի պատասխան չի տալու դրա համար»,- հարց է տվել ԱՄՆ-ի նախագահը և ինքն էլ պատասխանել. «ԱՄՆ-ի արձագանքը պետք է լինի սահմանափակ ուժային գործողությունը»։ Բայց և Օբաման նշել է, որ Սիրիայում նախատեսվող ուժային ներգործությունը չպետք է դիտարկվի որպես իր միանձնյա գործողությունների հետևանք։ ՈՒստի և մտադիր է ստանալ Կոնգրեսի հավանությունը։ Այդուամենայնիվ, ավելի վաղ Օբաման քանիցս հասկանալ էր տվել, որ պատրաստ է Սիրիայում գործողություն սկսելու նաև առանց Կոնգրեսի թույլտվության։ Ի դեպ, ինչպես արել էր նրա նախորդ Ջ. Բուշը 2003 թ. Իրաքի ռազմարշավի ժամանակ, ԱՄՆ-ի Կոնգրեսը, որը հիմա արձակուրդում է, աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 9-ին միայն, բայց նախագահի ընդդիմախոսները` ներկայացուցիչների պալատի նախագահ Բեյները և Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Մակքոննելլն արդեն ողջունում են Օբամայի մտադրությունը` դիմելու օրենսդիրների աջակցությանը։ Այսպիսով, ԱՄՆ-ի նախագահն իրեն ապահովել է հնարավոր այն մեղադրանքներից, թե, պատերազմ սկսելով Սիրիայի դեմ, ինքն անտեսել է օրենսդիրների ու ժողովրդի կամքը։ Սակայն առաջիկա գործողության հաջողությունը կասկած է առաջացնում փորձագետների շրջանում։
Վատթարագույնը, որ կարելի է պատկերացնել, այն ռազմարշավն է, որը կանխավ ընդգրկման ու ժամանակի սահմանափակումներ է նախատեսում։ Դա անխուսափելիորեն հանգում է նրան, որ այն կողմը, որի վրա ուզում են ճնշում գործադրել, գիտե, որ հարկավոր է մի քիչ համբերել, հետո ամեն ինչ կվերջանա-կգնա։ Ռազմական տեսակետից դա ապարդյուն ճանապարհ է... Սահմանափակ գործողություն հայտարարելով Դամասկոսի դեմ, Օբաման խախտել է ԱՄՆ-ի ռազմական պլանավորման հիմնարար սկզբունքը, այն է` եթե ուժի գործադրման որոշում է ընդունվում, ապա այն գործադրվում է զանգվածայնորեն` մինչև կոնկրետ արդյունքի հասնելը։
Ի դեպ, ուժի սահմանափակ գործադրումը վերաճելու է մեծ պատերազմի։ Չէ որ Վիետնամի պատերազմն էլ սկսվեց նրանից, որ նախագահ Քենեդին սկզբում ռազմական խորհրդականներ ուղարկեց այնտեղ, հետո նրա փոխանորդ նախագահ Ջոնսոնը սահմանափակ զորախումբ ուղարկեց նրանց պաշտպանելու համար։ Թե ինչով դա ավարտվեց, լավ հայտնի է։ Հետաձգված սպառնալիքը դադարում է սպառնալիք լինելուց և մեծապես կորցնում է իմաստը ռազմական տեսակետից։ Չէ՞ որ այն հակառակորդին հնարավորություն է տալիս նախապատրաստվելու հարվածի ընդունմանը, տեղափոխելու ռազմական օբյեկտներն ու տեխնիկան և դրանով իսկ նվազագույնի հասցնելու իր կորուստները։ Ավելին, ռազմական գործողությունը կարող է նախագահ Ասադին մղել ավելի վճռական գործողությունների, այսինքն, այն կարող է հակառակ արդյունքը տալ։
Սիրիայում սպառնալից ռազմական բախման հնարավորությունը, որի մասին արդեն խոսում են իբրև լիովին որոշված մի բանի մասին, և նրա վերաճումը միջազգային մակարդակի, կարող են հանգեցնել այն բանին, որ ներդրողները խուճապահար փախչեն առանց բացառության բոլոր զարգացող շուկաներից։ Առաջին զանգն արդեն հնչել է Արաբական Միացյալ Էմիրություններից։ Դուբայի բորսայի ինդեքսը նվազել է 7 %-ով, ներդրողները կապիտալը վերածում են ոսկու, որը մեկ եռամսյակում թանկացել է առավելագույն չափով և, հումքային արժեթղթերի, մասնավորապես, նավթային ֆյուչերսների (կրկնվող բորսային առաջարկներ)։ Թեև նավթի գներն աճում են նաև առանց դրա, սիրիական կոնֆլիկտի ահագնացման վախից։ Հոկտեմբերի ֆյուչերսները երկու օրում բարձրացան 5 %-ով, ասիական սակարաններում բարձրորակ նավթի մեկ տակառի գներն անցան 117 դոլարից։
Սիրիան նավթի խոշոր արդյունահանող չէ, նրա արտահանությունը ևս մեծ չէ, սակայն երկյուղներ կան, որ ԱՄՆ-ի գործողությունները պատասխան արձագանք առաջ կբերեն Իրանի կողմից։ Իրանը Սիրիայի հետ ռազմական դաշինք ունի կնքած և մեծ հավանականությամբ կմասնակցի կոնֆլիկտին։ Եթե կոնֆլիկտի մեջ մտնի Իրանը, որը հնարավորություն ունի փակելու Հորմուզի նեղուցը, սպառնալիքի տակ կհայտնվի նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանության մինչև մեկ երրորդը, որն իրականացվում է այդ նեղուցով։ Իսկ եթե կոնֆլիկտը դուրս գա Սիրիայի սահմաններից, սպառնալիքի տակ կընկնեն Սուեզի ջրանցքն ու Իրաքի նավթարդյունահանությունը։ Եթե դաշնակիցները հրթիռակոծեն Սիրիան, ապա նա, ի պատասխան, կհարվածի Իսրայելին։ Այդ կոնֆլիկտը երկար է հասունացել, շատերը հնարավոր պատերազմական գործողությունները համարում են երրորդ աշխարհամարտի սկիզբ։
Ի դեպ։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Դամասկոսի արվարձանում ենթադրյալ քիմիական հարձակման հանգամանքներն արդեն քննարկել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարների հետ։ Հայտնի է դարձել նաև, որ Քերրին իր սիրիացի պաշտոնակից Վալիդ ալ-Մուլլայի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում տիրող իրադրությունը և, մասնավորապես, ենթադրյալ քիմիական հարձակման հանգամանքները։
Իսկ հիմա մի քանի թվաբանական պարզ գործողություններ անենք։ ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է աստղաբաշխական մեծության` մոտ 14,5 տրիլիոն դոլարի։ Բյուջեի դեֆիցիտը 2011-ին 1,5 տրիլիոն դոլար է եղել։ Այսինքն, ԱՄՆ-ը մեկ տարում ծախսել է 1,5 տրիլիոնով ավելի, քան վաստակել է։ Եվ դաշնային պահուստային համակարգից պարտք կվերցնի հենց այդքան գումար։ Իսկ խնայողությո՞ւնը... Առաջ ասում էին... տասը տարում 1 տրիլիոն դոլար տնտեսելու մասին։ Հիմա խոսում են նույն ժամանակամիջոցում 3 տրիլիոն դոլար տնտեսելու մասին։ Այսինքն, «ամենախնայողական տարբերակով» Միացյալ Նահանգները կկարողանա տարեկան «տնտեսել» 300 մլրդ դոլար, և անմիջապես էլ պարտքով կվերցնի ոչ թե 1,5 տրիլոն, այլ 1-2 տրիլիոն դոլար։ Այդ ծրագրով ԱՄՆ-ի պետական պարտքը չի կրճատվի, այլ մի փոքր դանդաղ կաճի։ Ահա և ամբողջ խնայողությունը։ Ընդ որում, իրական խնայողություն հնարավոր է միայն պարզապես ԱՄՆ-ի ռազմական ծախսերը (մոտ 700 մլրդ դոլար) կրճատելու հաշվին։ Բյուջեի դեֆիցիտը կարելի է կրճատել կամ էլ առհասարակ բյուջեն պլյուսով դարձնել, եթե պարզապես վերջ դրվի պատերազմելուն։ Պետք է հեռանալ Աֆղանստանից, հեռանալ Իրաքից, հրաժարվել «սիրիական ապստամբներին» օգնելուց։ Բայց ԱՄՆ-ը հենց դա էլ չի անում։ Չի հասկանում այդ ակնհայտ ճշմարտությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա պարտամուրհակների պահանջարկը, որը, ըստ էության, տուրք է (որը նրան վճարում է ամբողջ աշխարհը), պահպանվում է աշխարհի ամենախոշոր ու ամենահզոր բանակի առկայությամբ հենց։ ԱՄՆ-ի պետական պարտքի աճի խնդիրը տնտեսական լուծում չունի։ Այդ խնդիրն ունի միայն ռազմական լուծում։ Միակ բանը, որ կարող է փրկել դոլարը, լայնածավալ պատերազմն է։
Դամասկոսի դեմ «հետաձգված ուժային գործողության» մասին որոշում ընդունելիս Օբամայի համար գլխավոր շարժառիթը, փորձագետների կարծիքով, ներքին օրակարգն է։ Լինելով խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր` Օբաման նաև մտածում է այն մասին, թե ինքն ինչպես «կդիտվի» ամերիկյան պատմության մեջ։ Ի տարբերություն նախագահ Բուշի, կրթությամբ իրավաբան Օբաման մտահոգված է նրանով, որ իր գործողություններն օրինական լինեն։ Առավել ևս, երբ դաշնակից Մեծ Բրիտանիան չպաշտպանեց նրա պլանները, ինչն ուժեղ հարված եղավ նրա համար և մեծ անակնկալ։ Այդ կապակցությամբ Օբաման ուզում է առնվազն կիսել պատասխանատվությունը Կոնգրեսի հետ, երբ ամեն օրենսդիր ստիպված կլինի պատասխան տալ մի հարցի, որն իր համար լուծել է նաև ԱՄՆ-ի նախագահը։ Նախագահ Օբաման ավելի շատ քաղաքագետ է, քան աշխարհաքաղաքագետ, և նրա համար առաջնայինը մնում է ներամերիկյան բաղադրիչը։

Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ