Ժամանակակից տնտեսության զարգացման գործում տեղեկատվական տեխնոլոգիաների բացառիկ դերի մասին այսօր շատերն են խոսում, այն, կարծես, մոդայիկ թեմա է դարձել: ՀՀ կառավարությունն էլ ՏՏ ոլորտը դեռևս տարիներ առաջ հայտարարել էր տնտեսության գերակա ճյուղ: Զարմանալի չէ, որ վերջին շրջանում ՏՏ ոլորտի զարգացման խնդրին առանձնակի նշանակություն են տալիս նաև հայկական երկրորդ պետությունում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս կապակցությամբ օրերս իր հարցազրույցներից մեկում ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար ԿԱՐԵՆ ԵՍԱՅԱՆԸ նշել էր, որ ԼՂՀ-ի այսօրվա տնտեսական և քաղաքական շրջափակման պայմաններում, երբ երկրի տնտեսական զարգացման առաջնային խոչընդոտ են հանդիսանում ռեսուրսների դեֆիցիտն ու աշխարհագրական դիրքը, ՏՏ զարգացումը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ունի մի շարք առավելություններ: «ՏՏ ոլորտի առավելություններից մեկն էլ այն է, որ ոլորտում ստեղծվում է բավականին մեծ հավելյալ արդյունք, ինչպես նաև ապահովվում են բարձր վարձատրվող աշխատատեղեր, բացակայում են արտահանմանը խոչընդոտող հանգամանքները»,- նշել է պարոն Եսայանը, հավելելով, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և բիզնես կազմակերպելու համար գոյություն ունեն մի շարք նպաստավոր պայմաններ. բնակչության բնատուր հակում բնական և ճշգրիտ գիտությունների հանդեպ, նպաստավոր հարկային դաշտ, առկա կադրային բազա, որի վերապատրաստման դեպքում կապահովվի միջինից բարձր մասնագիտական մակարդակ: ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարը խոսել է մի շարք ծրագրերի մասին, որոնք կա՛մ իրականացվել են, կա՛մ իրականացման փուլում են:
Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ում ՏՏ ոլորտին առնչվող ծրագրերն իրականացվում են նաև հայաստանյան կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, որոնցից մեկն էլ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է: ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարից փորձեցինք պարզել, թե ինչպես են Արցախում համագործակցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ և որքանով են կարևորում հիմնադրամի հետ համագործակցությունը Արցախում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում: Ըստ Կարեն Եսայանի` 2010 թ. ԼՂՀ-ում կայացած հայաստանյան ՏՀՏ լիդերների ֆորումի ժամանակ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ ձեռք բերվեց սերտ համագործակցության համաձայնություն: ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համագործակցությունը բավականին բեղմնավոր է: Նախարարը նշեց միայն արձանագրված մի շարք շոշափելի արդյունքներ: Մասնավորապես, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հանդիսանում է ԼՂՀ ՏԶՆ կողմից առաջ քաշված` Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն նախագծի մոդելի կազմման աշխատանքների, անհրաժեշտ հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացման հիմնական աջակիցը: Բացի դրանից, 2011-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հաջորդ այցի ժամանակ, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությունում կազմակերպվել են սեմինար-խորհրդակցություններ տեղի երիտասարդ մասնագետների և գործող ՏՏ ընկերությունների հետ: Ինչպես նաև կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի փորձագետների և Արցախի երիտասարդ մասնագետներից ձևավորված թիմերի հանդիպում, որի արդյունքում, ձեռներեց երիտասարդների ձգտումների խթանման նպատակով, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մի քանի թիմերի տրամադրել է փորձնական պատվերներ: Նախարարը նաև ասաց, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը ցուցաբերել է նաև խորհրդատվական և տեխնիկական օժանդակություն` «ԴիջիԹեք-2011» ցուցահանդեսի շրջանակներում: Եվ վերջապես, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարը կարևորեց այն իրողությունը, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով և աջակցությամբ այսօր միջազգային ճանաչում ունեցող մի շարք ՏՏ ոլորտի ընկերություններ մուտք են գործում Արցախ, ինչպես նաև նախաձեռնվում են արցախցի երիտասարդ մասնագետների վերապատրաստման դասընթացներ Հայաստանում և Արցախում:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ