Հայաստանում այսօր գործում են ձկնաբուծական շուրջ 250 մանր, միջին և խոշոր տնտեսություններ, որոնք տարեկան աճեցնում, արտադրում և իրացնում են ավելի քան յոթ հազար տոննա իշխան, թառափ, կարպ ձկնատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն, լայնորեն սպառվում են նաև արտերկրում ու Ռուսաստանի Դաշնությունում:
Ձկնամթերքի իրացման ոլորտի հետ կապված ինչպիսի՞ հիմնախնդիրներ կան ՀՀ-ում: Ի՞նչ է անհրաժեշտ այսօր ճյուղի հետագա զարգացումն ընդլայնելու, նշված ձկնատեսակների արտադրությունն առավել մեծացնելու համար: Այս հարցով մենք դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության ձկնաբուծության բաժնի պետ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ:
-Առաջինը պետական մակարդակով ընդունող, վերամշակող, փաթեթավորող, արտահանող կազմակերպությունների ստեղծումն է, երկրորդը` ՌԴ-ում և Եվրոպայում կայուն շուկաներ ձեռք բերելը,- ասաց պարոն Ալեքսանյանը։- Ոլորտին այսօր անհրաժեշտ են նաև բարձր տեխնոլոգիաներ: Դրանց կիրառման և արտահանման-իրացման գործընթացն առավել կայուն հիմքերի վրա դնելու պարագայում Հայաստանում հնարավոր կլինի աճեցնել ու արտադրել տարեկան ավելի քան 50 հազար տոննա ձուկ:
-Հանրապետության ձկնային տնտեսություններից որո՞նք են առաջատարները:
-Ամենախոշորները համարվում են Արմաշի, Մասիսի արդյունագործական տնտեսությունները, «Յունիֆիշ», «Օլդ Ռանշ», «Ինդո Ակվա» ՍՊ, «Հայր և որդի Բունիաթյաններ», «Ակվատեխավտոմատիկա», «Ակվատիկ», «Բակս», «Դիմիտրի», «Սպիտակ դելֆին» ԲԲ ընկերությունները: Վերջիններս միաժամանակ ձկնկիթի ինկուբացիայի և մանրաձկներ աճեցնող բուծարաններ են: Նշեմ, որ Արմաշի տնտեսությունը, որն ունեցել է մի քանի հազար տոննա արդյունագործական ձկան նախագծային հզորություն, խորհրդային տարիներին եղել է նաև Անդրկովկասի ամենամեծ ձկնաբուծական տնտեսությունը, որտեղ աճեցվել է հիմնականում կարպ ձկնատեսակ: Նշված տնտեսությունում, կերի, էլեկտրաէներգիայի և ջրի բարձր գների պատճառով, աճեցվող ձկան քանակը մի քանի անգամ նվազել է:
-Ինչպիսի՞ այլընտրանքային առաջարկներ ունեք:
-Ներկայումս ձկնաբուծությունը հանրապետությունում զարգանում է ցածրորակ, աղուտային, գրունտային ջրերով ողողված հողերի վրա, որոնք գյուղատնտեսության մշակման համար պիտանի չեն: Այդպիսի հողեր շատ կան, որոնց 30 տոկոսը հիմնականում Արարատյան դաշտում է: Դրան զուգահեռ հանրապետության բարենպաստ կլիմայական գոտիներում կան բազմաթիվ չօգտագործվող ջրային օբյեկտներ, որոնց շահագործումը կենսառեսուրսների աճեցման նպատակով հեռանկարային է և մեծ դեր կունենա ճյուղի տնտեսության հետագա զարգացման գործում: Նշված օբյեկտների ֆինանսավորման դեպքում հնարավոր կլինի առանց ավելորդ էներգածախսի տարեկան աճեցնել 2500 տոննա կարպ և 1600 տոննա իշխան` միաժամանակ ապահովելով այդ ձկնատեսակների հետագա վերարտադրությունը: Նշեմ, որ 2011 թվականին Հայաստանի ձկնաբուծարաններում (2010 թվականի 5420 տ դիմաց) աճեցվել է 6814 տոննա ձուկ, որից 1500 տոննան արտահանվել և սպառվել է հիմնականում ՌԴ-ում:
-Վերջին երկու տարում ձկնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկվել հանրապետությունում:
-Նշված ժամանակամիջոցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության` ոլորտում իրականացրած գործնական քայլերի շնորհիվ Հայաստանը դարձավ Կենտրոնական Ասիայի և կովկասյան երկրների ձկնաբուծության միջազգային կոմիտեի անդամ: Նախարարության մասնագետները մշակել են ՀՀ ձկնաբուծության զարգացման ծրագիր` հանրապետության ձկնորսության ոլորտի առջև ծառացած խնդիրներով ու զարգացմանն ուղղված միջոցառումներով: Ծրագիրը, որը համատեղ քննարկվել է «Հայ ձկնաբույծների միության» և շահագրգիռ մյուս նախարարությունների հետ, առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն: Բացի այդ, Հայաստանում արտադրված ձկնամթերքի արտահանման գործընթացին աջակցելու նպատակով, ՀՀ և ՌԴ գյուղատնտեսության նախարարությունները 2010 թվին համատեղ պայմանագիր են ստորագրել: Շնորհիվ դրա, Հայաստանի 22 ձկնաբուծարանների արտադրած ձկնամթերքի արտահանման ծավալները ՌԴ ավելացել են ավելի քան հինգ անգամ: Նշեմ նաև, որ ոլորտում գիտակ ձկնաբույծ մասնագետներ ունենալու նպատակով, ՀՀ գյուղատնտեսության և գիտության ու կրթության նախարարությունների համատեղ որոշմամբ, «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում 2013 թվականից բացվելու է ձկնաբուծության բաժին, որտեղ կրթություն կստանան ոլորտին անհրաժեշտ մասնագետները:
Հավելենք, որ ոլորտի օրենսդրական դաշտը կարգավորելու նպատակով «ՀՀ ձկնաբույծների միությունը» մշակել և վերջերս կառավարություն է ներկայացրել ջրօգտագործման, ջրահեռացման և ձկնապաշարների աճեցման համար օգտագործվող հողերի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրություն: Ջրօգտագործման, ջրահեռացման հետ կապված խնդիրները լուծելու համար միությունն առաջարկել է նոր ձևավորվող, ջրային օբյեկտներից մի քանի կմ հեռու գտնվող տնտեսություններին, տեխնիկական օժանդակությունից բացի, թույլատրել օգտագործված ջրերի ելքն ուղղել դրենաժային համակարգեր: Իսկ ջրաղբյուրներից և գետերից վերցրած ջրերի վրա տեղադրվելիք ջրաչափերի փոխարեն հսկիչ համապատասխան մարմիններին հանձնարարել պարբերաբար վերահսկումներ իրականացնել համապատասխան չափիչ սարքավորումների միջոցով: Ոլորտի հետագա զարգացմանը չխոչընդոտելու նպատակով միությունն առաջարկել է ձկնարդյունաբերությանը հատկացվելիք հողը, առանց կարգի փոփոխության, տրամադրել ոչ թե երեք տարով, այլ անժամկետ օգտագործման երաշխիքով, որպեսզի ձկնաբույծն առանց երկմտելու գործունեություն ծավալի:
Ըստ ոլորտի մասնագետների, վերոհիշյալ հարցերի լուծումը ոչ միայն կնպաստի Հայաստանում ձկնաբուծության բուռն զարգացմանը, այլև հնարավորություն կտա ուրույն տեղ զբաղեցնելու համաշխարհային շուկայում` ոլորտը դարձնելով զարգացման հեռանկարային ճյուղ Հայաստանի համար:
Դրա հիմքերն արդեն իսկ կան` ջրային գերազանց օբյեկտներ, ոլորտը կանոնակարգող հմուտ մասնագետներ, ձկնաբուծարաններին կից բացված սննդի անվտանգության ախտորոշման լաբորատորիաներ, մասնագետ վաճառողներով համապատասխան վաճառակետեր:
Պատրաստեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ