Մոտ հինգ ամիս է, ինչ գործում է անշարժ գույքի կադաստրի բարեփոխված համակարգը։ Հայտնի բան է` բարեփոխումները պետք է նպաստեն ոչ միայն համակարգի զարգացմանը, այլև համակարգ-քաղաքացի շփման մակարդակի բարձրացմանը, ինչն ուղղակիորեն նկատելի պետք է լինի հասարակությանը։ Այլ կերպ ասած, բարեփոխումները նոր մոտեցումներ են ենթադրում։ Արդյո՞ք դրանց դրական զարգացումները նկատելի են քաղաքացուն։ Այս հարցից սկսեցինք մեր զրույցը կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ ԿԱՐԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։
-Առաջինը կնշեի բարեփոխումների արդյունքում ձևավորված առանձին սպասարկման գրասենյակները, որով բացառվեց քաղաքացու շփումը գրանցող մարմնի հետ,- ասաց պարոն Դավթյանը։- Աշխատել ենք, որ այդ երկու կառույցները նույն շենքում տեղակայված չլինեն։ Իհարկե, այս պահին որոշ տեղերում այդ խնդիրը դեռևս լուծված չէ, սակայն առաջիկայում լուծում կստանա, քանի որ գործընթացն ավարտված չէ։ Սրա արդյունքում քաղաքացիներից փաստաթղթեր ընդունող և ավարտական փաստաթղթեր տրամադրող մարմին հանդիսանում են այդ գրասենյակները, որոնք այս պահին Երևանում հինգն են։ Ըստ էության, դրանք իրականացնում են կադաստրի համակարգում նախկին տարածքային ստորաբաժանումների ընդհանուր բաժինների դերը։ Բոլոր գրասենյակներում գործառույթներն իրականացվում են էլեկտրոնային կարգով, ինչը հեշտացնում է նաև քաղաքացիների խնդիրը։ Ասեմ, որ պարտադիր չէ դիմումների պատասխանը ստանան միևնույն գրասենյակից, ուր քաղաքացին դիմել է. այն կարող են ստանալ նաև մյուս գրասենյակներից, որը նրան հարմար է ըստ բնակավայրի։ Երկրորդ կարևոր ձեռքբերումն առաջվա հաշվառման օղակի բացակայությունն է, ինչը բացառում է որևէ գործարք կատարելու դեպքում չափագրված գույքի (եթե որևէ բան չի փոփոխվել) նկատմամբ կրկնակի չափագրման անհրաժեշտությունը։ Իսկ չափագրման անհրաժեշտության դեպքում այդ գործողությունն իրականացնում են համապատասխան որակավորում ստացած անձինք։ Նշեցի հիմնականում մեկ-երկու գործընթաց, որոնք տեսանելի են քաղաքացիներին, սակայն նրանց աչքից հեռու նույնպես մեծածավալ փոփոխություններ են կատարվել, ու թեև դրանք անզեն աչքով տեսանելի չեն, սակայն խիստ կարևոր են ոչ միայն համակարգի, այլև պետական նշանակության տեսանկյունից։ Մասնավորապես, կադաստրի համակարգում պահվող բոլոր արխիվային նյութերը թվայնացվել և հավաքագրվել են մեկ տեղեկատվական բազայում։ Ստեղծվել է անշարժ գույքերի վերաբերյալ կադաստրային տվյալների միասնական տեքստային բազա:
-Իսկ որքա՞ն է այդ ամենը նվազեցրել աշխատողների կողմից թույլ տրվող սխալների քանակը։
-Թվարկված նորամուծությունները վերջերս են ներդրվել, և, բնականաբար, միանգամից բացառել սխալները հնարավոր չէ, սակայն կարևորն այն է, որ աշխատողները շատ արագ հմտանում են, օրեցօր նկատվում է աշխատանքների բարելավում, ինչը չի վրիպում նաև քաղաքացիների աչքից։ Պետք է ընդգծել, որ հին մոտեցումներից գրեթե ոչինչ չի մնացել, և այս պարագայում կարևորն այն է, որ աշխատողների թույլ տված սխալների քանակն այս ժամանակահատվածում չի ավելացել։ Բարեփոխումների առանցքում նախկին փոքր վրիպումներն արդեն իսկ աչք են ծակում, այնինչ նույն սխալները նկատելի չէին մինչ բարեփոխումները։ Ընդգծեմ, որ գրասենյակներին հանձնարարված է հետևել քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի և դիմումների լիարժեքությանը, որպեսզի թղթաբանության պատճառով քաղաքացու դիմումը չմերժվի։ Գրասենյակներում այդ նպատակով ներդրվել է խորհրդատուների ինստիտուտը, որը անվճար կատարում է նաև նոտարի գործառույթ։ Համաձայնեք, որ այս մոտեցումն արդեն իսկ լուրջ ձեռքբերում է քաղաքացու հարցը տեղում լուծելու առումով։
-Ինչպես բոլոր կառույցներում, այնպես էլ ձեր համակարգում բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը կոռուպցիայի նվազեցումն է։ Արդյո՞ք այն նկատելի է։
-Երբ բարձրացնում ես սպասարկման որակը, կոռուպցիոն ռիսկն ինքնին նվազում է։ Ըստ էության, քաղաքացին հաճախ պետական պաշտոնյայի հետ գործարքի մեջ է մտնում սպասարկումն արագ և լիարժեք իրականացնելու նպատակով։ Եթե սպասարկման խնդիրը լուծված է, բնականաբար, խնդիրն ինքնին վերանում է։ Միայն այն փաստը, որ քաղաքացուց փաստաթղթեր ընդունող մարմինը չի շփվում գրանցող կառույցի հետ, արդեն կարևոր գործոն է ստվերի նվազեցման համար։ Այս մասով համակարգում ստվերային ռիսկերը զգալիորեն նվազել են։ Այսօր կոմիտեն սպասարկման գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին հետևում է նաև տեսախցիկների միջոցով։ Այլ կերպ ասած, վերահսկողության գործառույթը մեծացել է։ Նշեմ, որ թվարկված գործառույթների իրականացման վերահսկողությունը գտնվում է կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում:
-Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ աշխատակիցները հեռացվել են խաղի նոր կանոններին չենթարկվելու պատճառով։
-Այո, նման չորս դեպք է եղել։ Ընդհանրապես, շատ ուշադիր հետևում ենք, որ հնարավորինս նվազագույնի հասցնենք գրասենյակ-տարածքային ստորաբաժանում շփումը։ Շատ ենք կարևորում չափագրողների ինստիտուտի կայացումը։
-Մեր բնակչությանը հետաքրքրում է մեկ այլ ցավոտ հարց. արդյոք սեփական հողի վրա կառուցված ինքնակամ կառույցի դեպքում ամբողջ գույքի նկատմամբ գրանցման արգելքը լուծվե՞լ է բարեփոխումների միջոցով, թե՞ ոչ։ Նշեմ, որ այս հարցադրումը պայմանավորված է նրանով, որ մինչև ինքնակամ կառույցը չի օրինականացվում քաղաքապետարանի միջոցով, եղած սեփականությունը չէր գրանցվում կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում մարդկանց համար։
-Ըստ գործող օրենքի, ինքնակամ կառույցների օրինականացումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն է, սակայն սեփական հողի վրա կառուցապատված գույքի նկատմամբ բարեփոխումների արդյունքում որոշ փոփոխություններ են կատարվել ի շահ ժողովրդի։ Եթե նախկինում սեփական հողի վրա ինքնակամ կառույց կար, ամբողջ անշարժ գույքի գրանցումը չէր կատարվում։ Այժմ գրանցվում է, սակայն ինչպես հատակագծում, այնպես էլ իրավունքի գրանցման վկայականում ինքնակամ կառույցը, որպես այդպիսին, առանձնացվում է։
Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ