«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ
-Պարոն Իսագուլյան, վերջերս զգալիորեն աշխուժացել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկումները: Ի՞նչ գնահատական կտայիք այդ սկզբունքներին:
-Դեռ մինչև մադրիդյան սկզբունքների հիմնական դրույթների հրապարակումը, ինչը տեղի ունեցավ 2009 թվականի հուլիսի 10-ին իտալական Ակվիլա քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների Համատեղ հայտարարությամբ, ես թերահավատություն էի արտահայտել այդ սկզբունքների նկատմամբ, քանի որ դեռ այն ժամանակ հասկանալի էր, որ այդ սկզբունքների իրականացումը կհանգեցնի է՛լ ավելի մեծ լարվածության ղարաբաղյան հակամարտության գոտում: Մադրիդյան սկզբունքների հիմնական դրույթների հետ ծանոթացումը հնարավորություն է տալիս դրանք առարկայական քննադատական վերլուծության ենթարկել: Ընդ որում, պետք է նկատել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից այդ սկզբունքների վերամշակման անհրաժեշտության մասին որոշումից հետո, ընդհանուր առմամբ, դրանք պահպանել են իրենց տեսքը, որն առկա էր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարության մեջ: Մադրիդյան սկզբունքների, այսպես կոչված, նորացված տարբերակը կրում է Ադրբեջանի շահերը հաշվի առնող ավելի միակողմանի բնույթ՝ այն բանից հետո, երբ այդ վերամշակումն իրականացվեց ադրբեջանական կողմի ուժերով:
Հակամարտության բոլոր կողմերի շահերի տեսանկյունից ներկայացված մադրիդյան սկզբունքներում կարգավորման առանձին տարրերը չհավասարակշռված գնահատելու համար կան մի շարք հիմքեր:
Հանրությանը ներկայացված մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների քննադատական վերլուծությունը հնարավորություն է տալիս ասելու հետևյալը:
Նշված Համատեղ հայտարարության առաջին իսկ կետում նշվում է հայկական կողմի համար անընդունելի «Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձը ադրբեջանական վերահսկողության տակ» ձևակերպումը: Որևէ խոսք չկա այդ տարածքների լիարժեք ապասպառազինման մասին, չկա հիշատակում Ադրբեջանի ներկայիս ռազմական հսկողության մասին ԼՂՀ տարածքների նկատմամբ, որոնք, ի դեպ, տոկոսային հարաբերությամբ երկու անգամ գերազանցում են ԼՂՀ կողմից վերահսկվող նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքները:
Այս սկզբունքի կոշտ արձանագրումը բացարձակապես չի կապակցվում ղարաբաղյան կարգավորման համար անհրաժեշտ ընդհանուր ալգորիթմի հետ՝ որպես հակամարտության բոլոր կողմերի համար փոխադարձ ընդունելի ու հավասարակշռված լուծման որոնում: Դաշտային Ղարաբաղի տարածքների վերադարձը «ադրբեջանական վերահսկողության տակ» միայն կբարդացնի կարգավորման հետագա բոլոր դրույթների իրականացումը, ինչը հատկապես շոշափելի է ներկայիս փուլում՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից անդադար կրկնվող ռազմական շանտաժը: Զգացվում է միջազգային միջնորդների մոտ սխալական պատկերացումների առկայությունն այն մասին, որ ԼՂՀ կողմից վերահսկվող որոշ տարածքների զիջումով հնարավոր է կարգավորման գործընթացը հանգեցնել դրական արդյունքի: Իրականում, թեկուզ մեկ շրջանի կամ նույնիսկ դրա մի մասի զիջումը չի բացառի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զավթելուն ուղղված Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ջանքերը: Հակառակը, միայն մեկ շրջան կամ նույնիսկ շրջանի մի հատված ստանալու պարագայում Ադրբեջանի մոտ նոր «լիցք ու խթաններ», ինչպես նաև նոր «փաստարկներ ու ախորժակներ» կհայտնվեն ավելի կոշտ և ուժային դիրքորոշում ընդունելու համար:
Կարելի է նաև մատնանշել հիշատակված ցանկի վերջին կետի անորոշությունը: Վեցերորդ ամփոփիչ կետում ասվում է «անվտանգության միջազգային երաշխիքների մասին, որը կներառի նաև խաղաղարար գործողություններ»: Հաշվի առնելով առաջին կետը, որն անբողոքարկելի ձևով արձանագրում է «տարածքների փոխանցումը ադրբեջանական վերահսկողության տակ», հասկանալի չի դառնում, թե որտեղ պետք է խաղաղարար ուժերի ներգրավումով իրականացվեն նշված գործողությունները: Ենթադրվո՞ւմ է, արդյոք, այդ ուժերի բաշխումը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների պարագծով կամ նույնիսկ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բուն տարածքում, որի սահմանները հանգեցվելու են ԼՂԻՄ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին վարչական բաժանարար գծին: Ադրբեջանական կողմը, իհարկե, կպնդի նշված ձևակերպման նման մեկնաբանության վրա և արդեն այժմ առաջարկում է ամբողջովին ապասպառազինել Լեռնային Ղարաբաղը, իսկ հասարակական կարգի պահպանումը հանձնարարել տեղի բնակիչներից ձևավորված հայ-ադրբեջանական ոստիկանական խառը կազմին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի խորվաթ-բոսնիական անվտանգության ուժերի օրինակով:
ՈՒնենալով որոշակի պատկերացումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ ձևաչափով ներկայիս քննարկումների բովանդակության մասին, մենք կարող ենք ընդգծել, որ գործընթացը դեռ շատ հեռու է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարարների հարցի լուծումից, և ներկա փուլում կողմերը նույնիսկ դեռ չեն մոտեցել այս թեմային:
Հայաստանը մադրիդյան սկզբունքներն ընդունում է որպես հիմք Ադրբեջանի հետ կարգավորման քննարկումներ վարելու համար: Դա նշանակում է, որ մենք պետք է ինչ-որ հիմք, կարգավորման որոշակի տարրեր ունենանք նման քննարկումներ վարելու համար, որոնց մանրամասնումը մշտական ընթացք ունի: Կան բազմաթիվ հարցեր հակամարտության երկարաժամկետ կարգավորման տեսանկյունից մադրիդյան սկզբունքների արդյունավետության մասին: Այս հիմնապատկերի վրա միայն մեկ հարց մեզ մոտ տարակուսանք չի առաջացնում. նշված սկզբունքներից յուրաքանչյուրը և դրանք բոլորը միասին շոշափում են ԼՂՀ-ի անմիջական շահերը, իսկ դրանց իրականացումն ընդհանրապես հնարավոր չէ առանց Ստեփանակերտի հավանության ու նրա պաշտոնական մասնակցության:
Հանրությանը ներկայացված մադրիդյան սկզբունքները չեն կարող լուծել հակամարտության առաջացման պատճառները, այլ միայն վերացնում են դրա որոշ հետևանքները: Դրանցում չկա ղարաբաղյան հակամարտության անկյունաքարային հարցի լուծումը, որն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը իր բնակչության համար անվտանգ սահմաններում:
Ընդհանուր առմամբ ներկայիս մադրիդյան սկզբունքները պետք է համապատասխանեցվեն ղարաբաղյան հակամարտության հարցում ձևավորված իրողություններին:
-Կարո՞ղ եք ներկայացնել ներկայիս մադրիդյան սկզբունքների վերանայման Ձեր սեփական առաջարկությունները, որոնք կարտահայտեն ղարաբաղյան հակամարտության իրական վիճակը:
-Այո, իհարկե:
1994 թվականից՝ հակամարտության բոլոր երեք կողմերի միջև ձեռք բերված զինադադարի համաձայնության պահից հետո ստեղծված իրական իրավիճակին համապատասխան, հակամարտության երկարատև կարգավորման՝ հայկական կողմի համար սկզբունքային հարցերի շրջանակը, կարծում եմ, կարելի է ներկայացնել հետևյալ կերպ:
Լեռնային Ղարաբաղի վերջնական ու միջազգայնորեն ընդունելի կարգավիճակի հարցի շուրջ հանրաքվեի հնարավոր անցկացումը պետք է տեղի ունենա մինչև կարգավորման այլ հարցերի լուծումը, որոնք կոչված են հակամարտության հետևանքների վերացմանը: ԼՂՀ կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բացառիկ իրավունքն է: Ադրբեջանը նախնական կարգով իր վրա միջազգային պարտավորություններ պետք է վերցնի այն մասին, որ կճանաչի ԼՂՀ ժողովրդի կամքի ազատ արտահայտումը: Հանրաքվեն կլուծի հակամարտության գլխավոր պատճառային հարցը, որից հետո կարելի է ձեռնամուխ լինել հակամարտության պատճառների վերացմանն ուղղված բանակցություններին: Տվյալ հանրաքվեն պետք է անցկացվի միայն ԼՂՀ տարածքում՝ իր անվտանգ սահմանների շրջանակներում. նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, Քելբաջարի և Լաչինի շրջանները, ինչպես նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ այն շրջանները, որոնք ապահովում են ԼՂՀ ընդհանուր սահմանն Իրանի հետ: Այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք պետք է ստանան այն ադրբեջանցիները, ովքեր ԼՂՀ-ում բնակվել են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 10-ը (անկախության հանրաքվեին նախորդող պահը), իսկ Լեռնային Ղարաբաղի նշված ադրբեջանցիների այդ իրավունքի իրականացումը պետք է կազմակերպվի նրանց ներկայիս բնակության վայրում, այսինքն՝ Ադրբեջանում: Կարևոր է ընդգծել, որ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական ամրագրման համար նման հանրաքվեին համաձայնելով, մենք հարցականի տակ չենք դնում ո՛չ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությունը, ո՛չ էլ դրա նշանակությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ժողովրդավարական պետականության կառուցման հիմնարար սյուներից մեկը: Համաձայնելով կրկնակի հանրաքվեի անցկացմանը՝ մենք մեծ զիջման ենք գնում Ադրբեջանին, և դա պետք է հաշվի առնվի թե՛ վերջինիս, թե՛ միջազգային միջնորդների կողմից:
Տարածքների հարցի կարգավորման առումով պետք է ելնել նրանից, որ սխալ է խոսել հայկական կողմից ներկայումս վերահսկվող Դաշտային Ղարաբաղի ինչ-որ տարածքներ Ադրբեջանի իրավասությանը փոխանցելու մասին՝ առանց այդ տարածքների լիովին ապասպառազինման և, որ ամենակարևորն է, առանց ԼՂՀ-ին իր այն տարածքների վերադարձման, որոնք ներկայումս վերահսկվում են Ադրբեջանի կողմից (Շահումյանի շրջան, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը): Բացի այդ, երբ մենք խոսում են անվտանգ սահմաններում ԼՂՀ գոյության անհրաժեշտության մասին, ապա դա Արցախի ազգային անվտանգության համար պետք է երկու սկզբունքային կարևոր պայմաններ մատնանշի. Հայաստանի հետ Արցախի ձգված ընդհանուր սահմանի ապահովումը, այլ ոչ թե մի նեղ միջանցքի՝ 1980-ականների վերջի և 1990-ական թվականների սկզբին գոյություն ունեցող Լաչինի միջանցքի տեսքով, ինչպես նաև Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը, որը կապահովի Արցախի անվտանգության տնտեսական բաղկացուցիչը:
Փախստականների ու հարկադրված տեղափոխվածների հարցում պետք է ելնել նրանից, որ ինչպես տարածքների հարցում չի կարող լինել միակողմանի լուծում, այնպես էլ որևէ միակողմանի լուծում չի կարող լինել փախստականների ու հարկադիր տեղափոխվածների հարցում: Եթե Ադրբեջանը ձգտում է ադրբեջանցիների վերադարձին Լեռնային Ղարաբաղ, ապա նա պարտավոր է պայմաններ ապահովել հայերի վերադարձի համար՝ մինչև ղարաբաղյան հակամարտության սկիզբը նրանց պարփակ բնակեցման վայրերը (Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ և նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերը): Ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ պետք է դիտարկվի ԼՂՀ հասարակական-քաղաքական դաշտում նրանց վերաինտեգրման շրջանակներում. այն ադրբեջանցիները, ովքեր կամավոր կերպով ցանկություն կհայտնեն վերադառնալու իրենց բնակեցման նախկին վայրերը, պետք է ստանան ԼՂՀ քաղաքացու կարգավիճակ: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում իրենց բնակեցման վայրերը կամավոր վերադարձի համար պայմանների ստեղծման ու հետագա անվտանգության երաշխիքների ապահովման հավասարության նման իրավունքներ պետք է ստանան նաև հայ փախստականները: Այն պարագայում, երբ Ադրբեջանի ներկա իշխանություններն ի վիճակի չեն ապահովել անվտանգության նման երաշխիքներ, ապա ադրբեջանցիների վերադարձը ԼՂՀ հակամարտության բոլոր կողմերի համար չի կարելի դիտարկել որպես հավասարակշռված լուծում:
Վերջապես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության միջազգային երաշխիքների հարցին, պետք է նշել, որ ԼՂՀ անվտանգության լավագույն երաշխիքը կլինի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը՝ որպես անկախ պետություն և Արցախի ձևավորումը իր համար անվտանգ սահմաններում: Հակամարտության գոտում խաղաղարարների բաշխումը Արցախի անվտանգության երաշխիքների հարցի լուծում չէ: Դա միայն նման լուծման տարրերից մեկն է, որի գործուն լինելը թերարժեք է, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը (հիշենք վերջին օրինակը՝ կապված վրաց-օսական հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղարարների տեղակայման հետ, որոնք ի վիճակի չէին հակամարտության գոտու բնակչության անվտանգությունն ապահովելու և հենց իրենք դարձան անհապաղ պաշտպանության կարիք ունեցող սուբյեկտ):
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացը պետք է ընդունել որպես երկարատև ընթացող գործընթաց, որը չմտածված ու հապճեպ որոշումներ չի հանդուրժում: Մադրիդյան սկզբունքներն իրենց ներկայիս տեսքով չեն կարող նպաստել հակամարտության երկարատև կարգավորմանը, իսկ դրանց իրականացումը վերջինիս սրացման նոր թափ կհաղորդի՝ հակամարտության մեջ այլ երկրներին ներգրավելու սպառնալիքով: Ակնհայտ է, որ հակամարտության երկարատև կարգավորման ձեռքբերման առանցքային սուբյեկտի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր դիրքորոշումն ու մադրիդյան սկզբունքների նրա գնահատականը կայանում են նրանում, որ պաշտոնական Ստեփանակերտը հակամարտության արագ լուծման սպասելիքներ չունի: Ղարաբաղյան կարգավորման շուրջ միակ հարցը, որն արագ կարգով պետք է լուծվի, ԼՂՀ ներկայացուցիչների վերադարձն է բանակցային սեղանի շուրջ: Նման վերադարձը ղարաբաղյան կողմին հնարավորություն կտա ներկայացնելու իր դիրքորոշումը, առաջարկելու հակամարտության կարգավորման բոլորի համար ընդունելի իր տարբերակը:
-Թուրքիայի վերջին հայտարարությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ այդ երկիրը ձգտում է ստատուս քվոյի փոփոխմանը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ի՞նչ է իրապես թաքնված այդ ձգտման հետևում:
-Հայ-թուրքական գործընթացին տարածաշրջանային բնույթ հաղորդելու թուրքական հնարավոր փորձերը, ինչի մասին խոսել եմ Ձեր տեղեկատվական-վերլուծական ռեսուրսին տրված իմ նախորդ հարցազրույցում, կարող է հետապնդել նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ գործընթացներում իր համար ավելի նպաստավոր զարգացում ձեռք բերելու նպատակ:
Հայ-թուրքական գործընթացի տարածաշրջանային մասշտաբը կարող է նշանակել այդ գործընթացում ԱՄՆ-ի՝ ընդհանուր առմամբ չհաջողված առաքելության փոխարեն Ռուսաստանին հիմնական դեր հաղորդելու Թուրքիայի ջանքերը: Եթե Թուրքիային դա հաջողվի իրականացնել, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ևս կարող է մոտեցվել տարածաշրջանի պահանջներին, ինչը կարտացոլվի ղարաբաղյան կարգավորման միջնորդական մեխանիզմում ունեցած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի (Եվրամիության) դերի ակտիվության վրա: Այստեղ լիովին հնարավոր է մերձդնեստրյան կարգավորման շուրջ արտաքին ուժերի դերակատարության հայտնի սխեմայի կոոպտացիան: Ռուսաստանը և Թուրքիան կարող են քննարկել համատեղ հանդես գալու հարցը՝ որպես տարածաշրջանում կայունությունն ապահովող երաշխավոր-երկրներ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ղարաբաղյան և այլ հակամարտությունների կարգավորված չլինելու հանգամանքը, ինչը կարող է ենթադրել Թուրքիայի ներգրավումը Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման ինչ-որ ընդհանուր ձևաչափի մեջ: Նման ձևաչափ գործում է մերձդնեստրյան հակամարտության կարգավորման շրջանակներում, որտեղ հակամարտության կողմեր են Մոլդովան ու Մերձդնեստրյան Հանրապետությունը, տարածաշրջանում կայունության երաշխավոր-երկրներ են Ռուսաստանը և ՈՒկրաինան, միջնորդ՝ ԵԱՀԿ-ն, իսկ դիտորդներ՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը: Այդպիսով՝ կարող են տեղ գտնել Մինսկի խմբի ձևաչափի վերանայման փորձերը, ինչը կարող է միջազգային միջնորդների շրջանակից դուրս բերել ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ նրանց «վերաորակավորելով» որպես դիտորդներ, իսկ Ռուսաստանը և Թուրքիան՝ որպես տարածաշրջանում անմիջական դերակատարներ, որոնք առավել զգալի ազդեցություն ունեն ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա, կարող են դառնալ կայունության երաշխավոր-երկրներ՝ ԵԱՀԿ միջնորդական առաքելության ձևական պահպանման պայմաններում:
Կարևոր է նշել, որ թուրքական կողմն ամեն կերպ ձգտում է ստանալ Ռուսաստանի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի վերանայման հարցում: Ակնհայտ է, որ նման փորձերը տեղի են ունենում հրապարակային դիվանագիտական դաշտից դուրս, իսկ նման փորձերի մասին տեղեկությունը ժամանակ առ ժամանակ նետվում է հրապարակային տեղեկատվական դաշտ: Այսպես՝ ընթացիկ տարվա ապրիլի 26-ին Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուն հայտարարեց. «Մենք դեմ ենք Կովկասում գործող ստատուս քվոյի պահպանման շարունակմանը», ինչպես նաև նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը մտադիր է Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի հետ Անկարայում մայիսին կայանալիք պաշտոնական այցի ընթացքում քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: Նման հայտարարությունները հետաքրքիր են նաև այն առումով, որ դրանցում տեղ են գտել հայ-թուրքական գործընթացի հետագա իրականացման թուրքական տեսլականի որոշ տարրերը, որոնք Ա. Դավութօղլուն հանգեցրել է քայլերի հետևյալ հաջորդական շղթային. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, ղարաբաղյան հակամարտության կարգավորում, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների բացում: Այսպիսով, հայ-թուրքական սահմանի բացումը դիտարկվում է ոչ այնքան որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետաձգված փուլ, որքան որպես վերջին փուլ, ընդ որում՝ «հայ-ադրբեջանական սահմանի» բացմանը զուգահեռ:
Թուրքական դիվանագիտությունը հույսեր չի տածում Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխման հարցում իր համար բարենպաստ քայլերի: Թուրքիայի կողմից մշտապես աշխատանք է տարվում իր առաջարկությունները ԱՄՆ-ին և Ռուսաստանին հասցնելու համար հարմար պահի և հնարավորությունների որոնման ուղղությամբ: Եթե նախկինում Թուրքիայի ղեկավարությունը այդ մասին խոսում էր քողարկված տեսքով, ապա ներկայումս ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտությանը Թուրքիայի կողմնակից լինելու մասին խոսվում է բաց ռեժիմով:
ՈՒզում եմ ընդգծել, որ մեզ համար հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն ինքնանպատակ չէ: Մենք գործնականում հասել ենք մեր բոլոր նպատակներին, այդ թվում նաև` Արցախի պատմական տարածքներում անվտանգ ու կենսունակ պետականության սահմաններում Լեռնային Ղարաբաղի պետականության համար անհրաժեշտ հիմքերի կառուցման առումով: Ներկայիս ստատուս քվոյի պահպանումը մեզ համար այլընտրանք չունեցող տարբերակ է հակամարտության գոտու շուրջ ձևավորվող իրավիճակում՝ Ադրբեջանի կողմից չդադարող ռազմական շանտաժի պայմաններում, որն իր ամենաբարձր քաղաքական մակարդակներում մշտապես հնչող ռևանշիստական հայտարարություններով իր հասարակությանը և տարածաշրջանը պահում է շարունակական ռազմական սադրանքի պայմաններում:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց ոչ միայն միջազգային միջնորդների առաջարկությունից զինադադարի գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնք ընդունվեցին Հայաստանի և ԼՂՀ-ի կողմից, այլև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրման Հայաստանի նախագահի առաջարկությունից:
Հակամարտության կարգավորման մեջ կողմերի տրամագծորեն հակադիր մոտեցումների, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ԼՂՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում, ադրբեջանական ղեկավարության չդադարող ռազմատենչ հայտարարությունների պայմաններում, որն անընդհատ մեծացնում է այդ հայտարարությունների աստիճանը և արդեն բացեիբաց խոսում է բուն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իր ապագա հավակնությունների մասին, ղարաբաղյան հակամարտության գոտում գործողությունների ծավալումից խուսափելու ավելի նպատակահարմար միջոց չկա, քան 1994-ի մայիսին արձանագրված զինադադարի ռեժիմի պահպանումը:
Հայտնի ավստրիացի ֆիզիկոս և փիլիսոփա Էռնստ Մախը ձևակերպել է իներցիայի սկզբունքը, որը կրում է նրա անունը: Համաձայն այդ սկզբունքի՝ հանգստի վիճակում գտնվող մարմինը ձգտում է պահպանել իր հանգիստը, իսկ շարժվող մարմինը՝ շարունակել շարժումը: Ֆիզիկայի օրենքը, իհարկե, չի կարելի ամբողջությամբ տարածել սոցիալական, հասարակական-քաղաքական գործընթացների վրա, սակայն միջպետական հակամարտությունների առումով այդ օրենքը որոշակի կիրառում ունի: Եթե ղարաբաղյան հակամարտության գոտում հապճեպ որոշումներով ստատուս քվոն խախտվի, ապա տարածաշրջանի բոլոր գործընթացներին կհաղորդվի բացասական իներցիա, և այդ գործընթացները կձգտեն «շարունակել իրենց շարժումը», իսկ կասեցնել նման «շարժումն» արդեն ավելի դժվար կլինի, քան դա հաջողվեց 1994 թվականի մայիսին:
Այսպիսով՝ հակամարտության գոտում վերջին 15 և ավելի տարիների ընթացքում ձևավորված ստատուս քվոյի ցանկացած միակողմանի խախտում, որի համար մարտնչում է Թուրքիան, կհանգեցնի հակամարտության սրմանը և հակամարտության տարածաշրջանային բնույթից արտատարածաշրջանային մասշտաբի վերաճմանը: Շատ է խոսվում այն մասին, որ Թուրքիայի համար ղարաբաղյան հակամարտությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ինքնին մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում, և նա ստիպված է այս հակամարտության շուրջ ակտիվություն դրսևորել Ադրբեջանի համառ կոչերի, Բաքվի հետ հարաբերությունները չփչացնելու պատճառով՝ այս հարցում Թուրքիայի կողմից անտարբերություն դրսևորելու պարագայում: Կարծում եմ, որ նման գնահատականն ամբողջովին չի արտացոլում այն, ինչ կատարվում է թուրք-ադրբեջանական հարաբերություններում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ: Այս հարցում Թուրքիան ունի նաև իր սեփական շահերը, այնպես որ, խոսել միայն Ադրբեջանի քմահաճույքների բավարարման մասին, ճիշտ չէ: Հիմնական, ընդ որում բավական շոշափելի շահը ղարաբաղյան կարգավորման շուրջ մշտական լարվածության պահպանումն է, այդ թվում նաև` մշտական հայտարարություններով այն մասին, որ «ստատուս քվոն պետք է փոփոխվի»: Դա Թուրքիային անհրաժեշտ է դիվանագիտական առևտրի դաշտի ընդլայնման համար ոչ միայն Հայաստանի, ի դեպ, նաև Ադրբեջանի հետ, այլև Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, մասամբ նաև՝ Եվրոպական Միության հետ: Թուրքիան, իրականում, ձգտում է ոչ թե իր կողմից պաշտոնապես հայտարարված հարևանների հետ հիմնախնդիրների զրոյացման քաղաքականության իրականացմանը, այլ տարածաշրջանի խնդրահարույց հարցերում, տարածաշրջանային հակամարտություններում իր ազդեցության ռեսուրսների ավելացմանը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Մինսկի խմբի համանախագահների նոր նշանակումները:
-Ղարաբաղյան կարգավորման շուրջ միջազգային միջնորդության մեխանիզմում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում, կադրային փոփոխություններն ունեն որոշակի քաղաքական ենթատեքստ, որից ելնելով կարելի է դատել ղարաբաղյան կարգավորման հեռանկարների շուրջ արտաքին ուժերի ակնկալիքների մասին: Համարձակվում եմ ենթադրել, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխությունները, հատկապես վերջինը՝ այլ աշխատանքի անցնելու տեսքով Յուրի Մերզլյակովի փոխարինումը Յուրի Պոպովի թեկնածությամբ, վկայում են կարգավորման գործընթացում արագ որակական տեղաշարժերի առումով Ռուսաստանի սպասումների ցածր մակարդակի մասին: Հայտնի է, որ մինչև պարոն Պոպովի նշանակումը տեղեկատվություն կար Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի կողմից իր ներկայիս պաշտոնը Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահի պարտականությունների հետ համատեղելու մասին: Դա տեղի չունեցավ, և դրանում նկատվում է հետևյալ ենթատեքստային իմաստը. Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման մեջ արագ լուծումներ չի ակնկալում, հակառակ դեպքում՝ նման ակնկալիքների առկայության պարագայում, արտաքին քաղաքական գերատեսչության կարգավիճակում գտնվող պաշտոնատար անձը զուտ իր դիրքով կարգավորման գործընթացին նոր դինամիկա կարող էր հաղորդել՝ կարգավորման գործընթացի մեջ որոշակի ինտրիգ մտցնելով, որը կարող էր մատնանշել ռուսաստանյան կողմի կոնկրետ արդյունքի հասնելու վճռականությունը՝ թեկուզ որևէ հարցում: Սակայն դա տեղի չունեցավ:
Դա տեղի չունեցավ նաև ամերիկացիների պարագայում: Մեթյու Բրայզայի փոխարինումը Ռոբերտ Բրադկեով, այլ հարցերից զատ, ամերիկացիների համար բարդություններ ստեղծեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջարկության առիթով: Այս պաշտոնը թափուր է մնում արդեն մի քանի ամիս՝ անցած տարվա հուլիսի 4-ից, երբ Բաքուն լքեց դեսպանը՝ Էնն Դերսին, և Վաշինգտոնին ոչ մի կերպ չի հաջողվում Բաքվի հետ համաձայնեցնել նոր թեկնածությունը:
Եթե մենք ղարաբաղյան կարգավորման հարցում գտնվեինք որակական առաջխաղացումների նախաշեմին, ապա արտաքին ուժերն իրենց «գնդապետներին» կփոխարինեին «գեներալներով», այլ ոչ թե հակառակը՝ Մինսկի խմբում նշանակելով ավելի ցածր կոչումով անձանց, քան «դիվանագիտության գնդապետներն են»:
-Հետաքրքիր է նաև իմանալ Ձեր տեսակետը իրանական կողմի հայտնի հայտարարությունների կապակցությամբ, որն իր ծառայություններն է առաջարկում ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
-Իրանի դերակատարումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ շատ կարևոր է: Հրապարակային առումով ներգրավված չլինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուժերով իրականացվող հակամարտության կարգավորման մեխանիզմներում՝ Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում, և ղարաբաղյան կարգավորման շուրջ այս կամ այն հարցի կապակցությամբ նրա տեսակետին կարևոր նշանակություն է տրվում:
Թեհրանը միշտ առնվազն միջնորդավորված մասնակցություն է ունեցել ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ ժամանակ առ ժամանակ հստակորեն նշմարելով իր շահերը: Առավել ակտիվորեն նա այդ անում էր մինչև 1997 թվականը՝ այդ ընթացքում դիվանագիտական համագործակցություն ունենալով Ռուսաստանի հետ: Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը, Թեհրանի ակտիվությունը կարգավորման հարցում նվազեց: Սակայն 2001 թվականին Քի-ՈՒեստյան հայտնի հանդիպումից առաջ հակամարտության կարգավորման միջազգային միջնորդները մի շարք խորհրդակցություններ անցկացրին նաև իրանական կողմի հետ՝ հիանալի հասկանալով, որ վերջինիս շահերը պետք է հաշվի առնվեն:
Այժմ Իրանը նորից ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան կարգավորման շուրջ:
1991-1994 թվականներին հակամարտության գոտում մարտական գործողությունները ծավալվում էին Իրանի հավասարակշռված դիրքորոշման հիմնապատկերի վրա, որը չէր միջամտում հակամարտությանը, այնուամենայնիվ, ուշադրությամբ հետևում էր ռազմական գործողությունների զարգացմանը: Այս կապակցությամբ չեմ կարող չնշել մեզ համար այն սկզբունքային ու կարևոր դերը, որը կատարեց Իրանը 1991-1994 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիայի ամենաբարդ շրջանում, երբ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանի նեղ հատվածը մեզ համար «կյանքի ճանապարհ» դարձավ:
Իրանական կողմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպման կազմակերպման Թեհրանի վերջին նախաձեռնությունը, որի մասին ընթացիկ տարվա ապրիլի 19-ին հայտարարեց Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին, ես դիտարկում եմ օգտակար հնարավորությունների շարքում, որը կարող է նպաստել հակամարտության կողմերի դիրքորոշումների միջև մոտեցման կետի որոնմանը: Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև եռակողմ հանդիպումներն ունեն նույն իմաստը, այն է՝ ի լրացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի՝ հակամարտության երեք կողմերից երկուսի դիրքորոշումների մոտեցման հնարավորություն գտնել: Եթե Ռուսաստանի լրացուցիչ դիվանագիտական ակտիվությունը, բացի Մինսկի խմբում նրա համանախագահությունը, առանձնակի հարցեր չի առաջացնում, ապա Իրանի նմանատիպ նախաձեռնությունների նկատմամբ արտատարածաշրջանային ուժերը, իհարկե, հարցեր ունեն:
Կարծում եմ՝ Իրանի դիվանագիտական նախաձեռնությունը օժտված է օբյեկտիվ հիմնավորումով թեկուզ այն առումով, որ Իրանը հավասար հարաբերություններ ունի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի հետ, ինչպես նաև՝ ընդհանուր սահման նրանց հետ: Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության գոտում ապագայում խաղաղարար ուժերի հավանական բաշխման հետ կապված ցանկացած քննարկում չի կարող հաշվի չառնել Իրանի տեսակետը՝ իր սահմանների մոտակայքում նման առաքելությամբ կոնտինգենտի ուժերի կազմի և մանդատի հարցերում:
Մենք կարող ենք միայն ողջունել միջնորդական ծառայությունների իրանական կողմի նախաձեռնությունը՝ կատարելով մեկ ճշգրտում: Ակնհայտ է, որ այս հարցում Իրանի նախաձեռնությունը կրում է տարածաշրջանային բնույթ և հիմնված է նույնպես տարածաշրջանային բնույթի օբյեկտիվ տարրերի վրա: Եթե դա այդպես է, ապա Իրանի միջնորդական հովանու ներքո հավանական հանդիպումներում պետք է մասնակցություն ունենա նաև ԼՂՀ-ն, քանի որ Հարավային Կովկասի ներկա տարածաշրջանը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի, հատկապես երբ խոսվում է այդ տարածաշրջանի հարավային հատվածի մասին: Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների անցկացումը առանց ԼՂՀ նախագահի դեռ կարելի է քիչ թե շատ իմաստավոր համարել, քանի որ միշտ կարելի է ասել, որ այդ հանդիպումները Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով անցկացվող հանդիպումների սերտ շարունակությունն են` հաշվի առնելով այդ խմբում ռուսաստանյան համանախագահությունը և կարգավորման մեջ Ռուսաստանի հատուկ դերի համընդհանուր ճանաչումը (ռուսաստանյան կողմի ջանքերը, ուղղված զինադադարի համաձայնագրի ստորագրմանը, ժամանակին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի` ԽՍՀՄ մաս կազմելու հանգամանքը և այլն): Թվարկվածը բացակայում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Իրանի հավանական միջնորդության պարագայում, և միակ բանը, որը Իրանի միջնորդությանը կարող է լեգիտիմություն հաղորդել և, որն արդյունավետ ներուժ է պարունակում հակամարտության երեք կողմերի դիրքորոշումների մոտեցման համար, նման միջնորդությանը լիաֆորմատ տարածաշրջանային տեսք հաղորդելն է՝ ԼՂՀ-ի պարտադիր մասնակցությամբ:
Մեր կարծիքով` Հարավային Կովկասի տարածաշրջանում սպասվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակի տարրերից մեկը կարող է դառնալ Իրանի դերի մեծացումը՝ որպես առանցքային դերակատարներից մեկի, այդ թվում նաև` ղարաբաղյան հակամարտության երկարատև ու գործուն կարգավորման առումով: Ներկա փուլում Թուրքիայի հայտնի արտաքին քաղաքական գերակտիվությունը հեռանկարում չի կարող ձեռնտու լինել ո՛չ տարածաշրջանային, ո՛չ էլ արտատարածաշրջանային ուժերին: Այս առումով կարծում ենք, որ Իրանը ստանձնելու է Հարավային Կովկասի տարածաշրջանի շուրջ գործընթացների հավասարակշռման դերակատարում: Իրանի այդ դերն առանձնապես պահանջված կլինի Հայաստանի կողմից՝ ապագայում հայ-թուրքական սահմանի հավանական բացման պարագայում:
Հայաստանն Իրանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի, որոնք միջպետական երկկողմ հարաբերությունների ներկա իրողության համար ներառում են բավական արժեքավոր բաղկացուցիչ՝ փոխադարձ վստահությունը: Վերջինս հիմնված է նաև այն բանի վրա, որ Հայաստանը մի պետություն է, որը ոչ մի պարագայում չի պաշտպանի Իրանի դեմ ուղղված հավանական պատժամիջոցները՝ չխոսելով նույնիսկ մեր հարավային հարևանի նկատմամբ որևէ ուժային գործողության մասին: Դրա հետ մեկտեղ, ըստ էության, Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, որի նման հարաբերությունները Թեհրանի հետ ԱՄՆ-ի կողմից քննադատության չեն արժանանում, քանի որ Վաշինգտոնն ըմբռնում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետ կապված դժվարությունները: Հայ-իրանական հարաբերություններում վստահության տարր է, ի դեպ, որը բնորոշ է նաև հայ-ռուսական հարաբերություններին, Իրանում բազմաքանակ ու ազդեցիկ հայկական համայնքի առկայությունը: Այստեղ ուզում եմ ուշադրությունը հրավիրել Իրանում հայկական համայնքի առկայության որակական կարևորության կողմերից մեկի վրա, որն ընդհանուր առմամբ ընդգծում է հայ-իրանական հարաբերությունների վստահելի լինելու բնույթը. Իրանի հայկական սփյուռքը օգնում է այդ երկրին արտաքին աշխարհի հետ առևտրա-տնտեսական կապեր հաստատելու համար, և, որ ամենակարևորն է, ֆինանսական կապեր հաստատելու համար, քանի որ հայերն ակտիվորեն զբաղվում են բանկային և առևտրային գործունեությամբ: Իր հերթին՝ Իրանի քաղաքական ղեկավարությունն անում է ամեն հնարավորը հայկական մշակույթի, լեզվի և կրոնական ինքնության զարգացման համար իր հսկայական տարածքի ցանկացած անկյունում: Իրանում ամենուրեք կառուցվում և վերականգնվում են հայկական եկեղեցիները, որում ես բազմիցս եմ համոզվել այդ երկիր կատարած այցելությունների ընթացքում:
Զրույցը վարեց Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆԸ