Այս խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Չնայած մկրտված երբեք չեմ եղել, սակայն կյանքումս եղել է ժամանակաշրջան, երբ քրիստոնեության ճամփան եմ բռնել: Ընթացքն այդ ճամփով դադարեց, երբ հասկացա, որ Քրիստոսն ինքը քրիստոնյա չի եղել (չնայած Նիցշեն նրան համարում է միակ քրիստոնյա): Այդ ճամփան հանգեցրեց ճամփաբաժանի, որ կա՛մ պետք է Քրիստոսին հավատալ, կա՛մ քրիստոնյաներին:
Ընտրեցի առաջինը և հավատացի նրան այնպես, ինչպես ինքն է իր մասին վկայում: Եվ նրան հավատալով` նրա գաղափարները մերժեցի: Քանզի այդպես էլ չկարողացա սիրել թշնամուս: Եվ չհանդիպեցի թշնամուն սիրող գեթ մեկ քրիստոնյայի: Եվ չգիտեմ` թշնամու ի՞նչը կարելի է սիրել. բա՞րքը, խարդավա՞նքը, յաթաղա՞նը, ազգիս ու հայրենիքիս տիրելու ձգտո՞ւմը, թե՞ ինչ-որ անհայտ բան, որ կարող է թվարկածս ու չթվարկածս վերացական դարձնել: Թշնամուն սիրող քրիստոնյաների չեմ հանդիպել, սակայն Քրիստոսի կողմից Իրական Սերն ու Հավատը կաթվածահար անող գաղափարների չգիտակցված հետևորդների, ավաղ, շատ եմ հանդիպել: Դատարկախոս չորակվելու համար նրանցից մեկի խոսքը մեջբերեմ: «Երկրի վրայ կրակ գցելու եկայ, և ինչքան եմ կամենում‚ որ արդէն իսկ բորբոքուած լինի: Եվ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու և ինչպէս եմ շտապում‚ որ կատարուի: Կարծում էք‚ թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ, ո՛չ‚ ասում եմ ձեզ‚ այլ բաժանում, որովհետև մէկ տան մէջ այսուհետև հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն, երեքը երկուսի դէմ‚ և երկուսը՝ երեքի: Հայրը պիտի բաժանուի որդու դէմ‚ և որդին՝ հօր‚ մայրը՝ աղջկայ դէմ‚ և աղջիկը՝ մօր‚ կեսուրը՝ հարսի դէմ‚ և հարսը՝ իր կեսրոջ» (Ղուկաս գլ.12)։
Մի՞թե սա չէ մեր գլխով անցածը: Մի՞թե այս խոսքերը չեն, որ շարունակում են մեր հայրենիքի հիմքերն ու կերտվածքները քայքայել: Դեռ որքա՞ն պիտի քրիստոնեական տարբեր ծագումների ու հոսանքների քարոզիչները, նման տմարդի ու հակամարդկային արտահայտությունները ճարտասանական փոխակերպումների ենթարկելով, իրենց հանապազօրյա հացն ապահովեն:
Հարգելի ընթերցող, Հայկ Նահապետի արյունն ու անունը կրող սիրելի եղբայր կամ քույր: Քեզ եմ դիմում Մեծն Նժդեհի խոսքով. «Արթնացի՛ր, Հայ Մարդ: Արթնացիր սիրո դիմակով հոգիդ մտած ատելության թմբիրից: Գժտվա՞ծ ես հարազատիցդ, մոռացի՛ր պատճառը և գտիր առիթ կամ պատրվակ հաշտվելու: Տգե՞տ է մտերիմդ, կիսվիր նրա հետ իմաստությունովդ: Խոսքդ չի՞ ընդունում, լռել սովորիր: Արթնացի՛ր, Հայ Մարդ: Քեզ բաժանել են տիրելու համար: Եթե երկնքում դու տեր չփնտրես, երկրի վրա տեր չես ունենա: Եվ մի՛ վախեցիր անտեր լինելուց: Ինքդ քե՛զ տիրիր և քեզ եղիր Տեր: Եվ ընտանիքիդ ու հայրենիքիդ տիրություն արա, ոչ՝ տիրապետում: Կայացի՛ր, Հայ Մարդ, որպես Ինքնիշխան: Եվ ոչ մի ստրուկ իր ծառայության բացառիկությամբ թող քեզ չխաբի ու քեզ իրենից կախման մեջ գցի: Բնության կողմից քեզ տրված ձեռք - ոտք բավական են քեզ: Հաստատվի՛ր, Հայ Մարդ, Ընկերության մեջ: Եվ ընկեր գտիր ամեն տարածքում: Նույնիսկ երկնքում, նույնիսկ բնության ամեն տեսակում: Արթնացի՛ր, Հայ Մարդ»։
Արմեն ՄԱՍԻՍ
Կրասնոդար