Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ՞ ՈՒՂԵՐՁՈՎ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ՞ ՈՒՂԵՐՁՈՎ
17.11.2009 | 00:00

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` մինչև դեկտեմբերի կեսերը Սերժ Սարգսյանն ԱԺ-ում հանդես կգա հայ ժողովրդին ուղղված իր երկրորդ համապարփակ ուղերձով:
Նախ` փորձեցինք ինֆորմացիան ճշտել նախագահականից: Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը հարցմանն ի պատասխան ասաց, թե ուղերձի մասին պատշաճ ժամկետներում նախագահի լրատվական ծառայությունը տեղյակ կպահի:
Մենք անցնենք մեր գործին` փաստելու. «ճիշտ ժամանակն» է նման ուղերձի: Նախ որ, «Առա՛ջ, Հայաստան» կարգախոսը, փաստորեն, ի «սկզբանե» էր, քան էին Մեդվեդևի «Առա՛ջ, Ռուսաստան» հոդվածն ու նույնանուն ուղերձը, իսկ դրանից առաջ էլ այն իտալական և, իհարկե, ամերիկյան կարգախոս-կոդ-բանաձևում էր: Եվ` է:
Ապա` Սերժ Սարգսյանի առաջին ուղերձը, ինչ-որ առումով, հերթապահ-դեկլարատիվ-ռեաբիլիտացիոն էր: Երկրորդ ուղերձն արդեն այլ ամրագրումներ կունենա այն պարզ պատճառով, որ փոփոխվել է թե՛ ներհայաստանյան, թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղա-քական խաղը:
Եվ Սերժ Սարգսյանը, ով փորձում է տեղավորվել փոփոխվող խաղի, կարճ ասած, Օբամայի և Մեդվեդևի «մոդեռնիզացիայի սխեմայում» (հա, իհարկե, էդ գործը դժվարներից է ոչ միայն սերնդային, այլև ավտորիտար երկրի, ինչպես նաև հետխորհրդային մենթալի առումով), բայց, բոլոր դեպքերում, նա փորձում է (դե, գոնե, արտաքաղաքական վեկտորում) փոփոխվող աշխարհի ռիթմը որսալ:
Իսկ փոփոխվող աշխարհի օրակարգում է ոչ միայն միաբևեռից բազմաբևեռ (ոմանք այն բնորոշում են նաև որպես «անբևեռ») աշխարհակարգի անցման «պրոյեկտը» (երբ փոքրիկ պետություններն ու էթնոսները, ինչպես նաև նրանց առաջնորդները լուրջ դերակատարում են ստանում), այլև սերնդային «կարգը» բարեփոխելու երկընտրանքը, որը, ըստ ամենայնի, լուծվում է հօգուտ «թարմ արյան», որին և այս պահին փորձում են ինտեգրվել նոր մոտեցումներով «տղերքը», ասենք` Օբաման և Մեդվեդևը (չնայած` «good boys»-ի սխեման քաղաքականության մեջ այնքան էլ նոր չէ):
Դառնանք մեզ. քանի որ Սերժ Սարգսյանը, կենսագրության ինչ-որ փուլից սկսած (նախագահի թեկնածու դառնալու պատրաստությանը զուգահեռ) իր խաղի մեջ ներդրեց նաև մոտեցումների վերը նշված համակարգը, փաստորեն, իր նոր ուղերձում պետք է կարողանա սինխրոն ամրագրել հայաստանյան ներկա իրողություններն ու փոփոխվող աշխարհի նորացվող իմպուլսը:
Իհարկե, անիմաստ է համադրել ռուսաստանյան և հայաստանյան իրողությունները (ամերիկյանի հետ հաստատ գործ չունենք) և դրանց նկատմամբ մոտեցումները, սակայն ընդհանրություն բոլոր դեպքերում կա, և այն վերաբերում է մեր երկու երկրների «ներքին կյանքին»:
Մեդվեդևի ուղերձը միջազգային հանրությունը բնորոշել է հասցեագրված ոչ թե ռուս ժողովրդին, այլ ուղերձ` ընդդեմ Պուտինի: Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը զուտ չեկիստական հայացքով ու խորապես անտարբեր` Դիմայի ողջ ելույթի ընթացքում նայում էր «պատալոկին»։ Նույն պահին «բոլշևիկ տատիկի սենյակում»` կրեմլյան «բարձր» դահլիճում, Դիման հանձնարարականներ էր տալիս անձամբ Վովային` «խմել միայն այծի կաթ, չուտել մարդու միս», իմա` «գոսկորպորացիաներում վերահսկողությունն ուժեղացնել, շեշտադրումը դնել ուղեղի ու մտքի և ոչ «այլ» բաների վրա, որովհետև «այլ» մոտեցումը փոշիացնում է պետունեցվածքը և այդպես շարունակ:
Ինչպես նկատեցիք, Մեդվեդևն իր ուղերձում մոդեռնիզացիոն շեշտադրումը դրել է պետկորպորացիաների` Պուտինի ձեռից «ազատականացման» գաղափարային հենքի վրա. հասկանալի չէ՞, թե ինչքան բարձր ամբիոնից է Մեդվեդևը դուրս հրում պարոն Պուտինին: Հիշենք, որ Պուտինի վերջին ժամանակների միակ գործը տնտեսությունը պետականացնելն ու իր «տակ» դնելու սրբազան արշավանքն էր (տնտեսության հիսուն տոկոսից ավելին արդեն նրա ձեռքում էր):
Հա, ի դեպ, շշմելու էր (այստեղ էլ կարելի էր օրինաչափություն գտնել կամ չգտնել), բայց ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցներում Մեդվեդևի ուղերձից հետո Պուտինի անունը մի քանի անգամ փոքրատառով հանդիպեց (ասենք` «Գազետա.ռու»-ում):
Ներքաղաքական առումով, այո՛, ռազմավարական պարտնյոր Ռուսաստանի և Հայաստանի պրոբլեմները, մասնակի տարբերություններով, նույնական են, սակայն, արտաքաղաքական առումով, Հայաստանի վիճակն առավել բարդ է։ Օրակարգային հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը Սերժ Սարգսյանի մանևրի դաշտն ամբողջապես կաշկանդել է, և հետ-առաջի նույնիսկ ամենամեղմ շարժումը կարող է «գին» նստել նրա վրա, որովհետև «կոնկուրենտ ֆիրման» Հայաստանում շունչը պահած, «փարդի քամակից» անհամբեր սպասում է Ազատիչի ամենափոքր սայթաքումին:
Այս առումով բավականին տեղին ու ժամանակին էր Տեր-Պետրոսյանի հերթական «ուղերձը», որը, ի դեպ, հնչեց Մեդվեդևի ուղերձի հետ գրեթե նույն օրերին (ուզում եք` դա պատահականություն համարեք, ուզում եք` Կոելյոյի նշանների «լեզվով» ներհայեցվեք, փաստագրելով, որ Տեր-Պետրոսյանը կրկնակի օգնության մեսիջ էր հղել Սերժ Սարգսյանին. ցույց տալով Օսկանյանին և մնացածներին իրենց իրական տեղը, առաջարկել նրան` այս խաղում և այս պահին միավորել ուժերը` ընդդեմ ոչ լիբերալ, երկրի համար «սիլավիկ» զարգացման հեռանկարի սպասումից շունչները պահած հայոց պուտինականների):
Ի դեպ, Սերժ Սարգսյանի արձագանքն այս առաջարկին առայժմ չի երևում (գուցե ուղերձո՞ւմ երևացնի), սակայն, որքան նկատելի է, Սերժ Սարգսյանը փորձում է «step by step» քայլարշավով վերցնել ռուսաստանյան «սիլավիկի»` պարոն Պուտինի «տակ» եղող հայոց ուժերին` հերթով:
Նրանք, ովքեր լավ գիտեն ներիշխանական խոհանոցը, հասկանում են, թե ինչքան «զորավոր» է այնտեղ ընթացող մարտը, և թե ինչքան նուրբ է փորձում խաղալ Սերժ Սարգսյանը: Ասացինք` նա ցանկանում է «այդ թիմի» անդամներին մեկիկ-մեկիկ իր դաշտ տանել, այնտեղ լիցքաթափել, բայց քանի որ «համայնքը զորավո՜ր է, համայնքը չի՜ ներում», ընտանիքապատված հայաստանյան դաշտը, մաֆիայի կանոնների համաձայն, հետ է կանչում Սերժ Սարգսյանի շուրջը վերջերս «պտտվողներին» ու ասում` «արա՜, էդ ո՞ւր, խելոք նստի տեղդ»:
Դառնալով հայոց ուղերձային և իրականության մյուս հմայքներին, թույլ տանք մեզ փաստել, որ Սերժ Սարգսյանը, ուղերձային ներքին հենակետերից մեկն իրականում համարելով օլիգոպոլ դաշտի դեմ «մոդեռնիզացիոն» պայքարը, փորձելու է իրականում ևս կանխել սպասվելիք-«ցանկալիք» ռուսական «սիլավիկ» այլընտրանքի ստեղծումը` քաղաքական և տնտեսական կոնսորցիումի և մնացածի տեսքով, որի երազանքով այսօր ապրում է հակառակ բևեռը` փորձելով հայաստանյան տնտեսություն-քաղաքականությունը, «ա լա Պուտին», հավաքել իր ձեռքը:
Եվ վերջին մի փոքրիկ դիտարկում, որպես սոուս` վերը նշվածին: Բանն այն է, որ հայաստանյան պուտինականների «տարածքում» նույնպես գործերը շատ հարթ չեն։ Այնտեղ ամբիցիաներն ու դրանց կրողներն անչափ շատ են, ու աջ ձեռքը մտածում է` ձախ ձեռքի ռեսուրս-քաղաքական կապիտալը կօգտագործի և խաղի առանցքում ինքը կհայտնվի, որովհետև էս աշխարհում ամենակարևորն ինքն է, և հակառակը: Իսկ որ «այնտեղ» բոլորը ցանկանում են առանցքային լինել, ոզնուն էլ է տեսանելի (միայն «սպասվող» վարչապետության փոփոխության հեռանկարը ո՜նց է «կենտրոնացրել» յուրաքանչյուրին ինքն իր վրա` դարձնելով այդ սպասումը գայթումի քար, որի վրա բոլորն էլ կարող են «ընկնել», և որն էլ, հնարավոր է, Սերժ Սարգսյանի նման կոմբինատորը լավագույնս օգտագործի):
Փաստորեն, սողացող ճեղքումը «պուտինյան» հայոց թիմում ահագին մեծ է, ու հենց սրա վրա, այո, պիտի աշխատեն «համապատասխան» քաղտեխնոլոգ-ճեղքողները` խորացնելով այդ ճեղքումը, և ոչ թե օրական ավետեն գազի Հովոյի անվերջ ու անսկիզբ, իսկ իրականում ոչինչ չասող պատմությունը:
Իսկ մենք ասում ենք` հայաստանյան ներիշխանական թևերի խաղը, այո, նախ և առաջ վարչապետի աթոռի համար է, որովհետև բոլոր հակընդդեմ խաղացողները, բացի ամբիցիոներությունից, շատ լավ հասկանում են` եթե կարողանան այդ «գետնին» վրա տապալել Ազատիչին, ապա կկարողանան դարձնել նրան անգլիական թագուհի: Իսկ նա, այս պահին, ավելի քան երբևէ, խիստ անսասան է նստած իր աթոռին (շնորհիվ վերն ասած` արտաքաղաքական վեկտորալ խաղի և «մտորումների»), և «կոնկուրենտ ֆիրման» մատների, էլ չենք ասում` մտքի ծայրով իսկ դիպչել չի կարող նրան: Էլ չենք ասում, որ դեպ Ռուսաստան հայացքները հառած «մերոնք» աջակցություն կարող են ստանալ Պուտին-սեչինյան «բլոկից»` ընդդեմ Մեդվեդև-սուրկովյան բլոկի, իսկ այս պահին ինքը` Պուտինը, փաստորեն, բավականին լուրջ խնդիրներ ունեցավ` ի դեմս Դիմայի ուղերձի, որովհետև Մեդվեդևի այդ զեկույցը, խաղը փոխելու համարձակությունը, պայմանավորվածությունները վերանայելու ձիու նրա քայլը մեկընդմիշտ ցուցանեցին, որ մինչ այս բավականին ուժեղ դիրքերից հանդես եկող Պուտինն այնքան էլ այն չէ, ուժեղ, անսասան չէ:
Ճիշտ է, «умом Россию не понять», և մայր-Ռուսիայում ինչ զարգացումներ ասես կարող են տեղի ունենալ, որովհետև, երբ Ռուսաստանում երկիշխանություն է, այնտեղ «то ли еще будет»։ Բայց եթե խաղը այսպես շարունակվի, ապա որպես կայացած ու հետաքրքիր պրոյեկտ, կարելի է այն ներդնել Հայաստանում թե՛ ուղերձի, թե՛ «ժիզնեննի» տեսքով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ