«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Կյանքից ձանձրացել ենք, բայց խոսում ենք կյանքի հրաշքների մասին»

«Կյանքից ձանձրացել ենք, բայց խոսում ենք կյանքի հրաշքների մասին»
06.03.2009 | 00:00

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ
Գրական դաշտում առկա խնդիրները, քննարկումները հեռացել են բուն գրականությունից։ Հիմա էլ պարզվում է, որ ՀԳՄ-ն գրանցված չէ որպես հասարակական կազմակերպություն։ Գրողների մի խումբ ստորագրահավաք է կազմակերպել ընդհանուր ժողով հրավիրելու համար։ Այս խնդրի շուրջ էլ պարզաբանումները հակասական են։ Բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ կազմակերպչական բնույթի հարցերից ավելի կարևորում է ստեղծագործական խնդիրները։ Վերջերս լույս է տեսել նրա «Եթե Աստված կամենա» գիրքը, որն անկախության տարիների սկզբնական շրջանի նկարազարդ նկարագրությունն է` նախաանկախական խորհրդային շրջանի որոշ անդրադարձները։ Ինչպես նկատում է Ռազմիկ Դավոյանը, պատմական ճշմարտությունը կարելի է քաղել ավելի շատ առածներից, առակներից, ավանդապատումներից, քան պատմական գրքերից։ Այս տարի լույս կտեսնի գրքի ռուսերեն թարգմանությունը։
-Ոչ վաղ անցյալում գրողը կորցրեց իր երբեմնի դերն ու հեղինակությունը։ Մարդիկ հեռացան գրականությունից։ Սրանում մեղավոր է գրողն ի՞նքը, ընթերցո՞ղը, թե՞ ավելի շատ ժամանակն ու հետխորհրդային իրականությունը։
-«Երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են» արտահայտությունը պետք չէ բառացիորեն հասկանալ։ Գրողը ոչ թե դադարում է գրել, այլ նրա ձայնը կորչում է քաղաքական իրադարձությունների` «թնդանոթաձգությունների» մեջ։ Գրողը դերակատարություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ նպաստում է քաղաքական իրադարձությունների փոփոխմանը։ Իշխանության հաստատումից հետո նրան, ում օգնում էր, սկսում է խանգարել։ Որովհետև գրողը ժողովրդի խղճի արտահայտությունն է։ Իսկ իշխանությունը խնդիրներ ունի լուծելու ինքն իր համար։
-ՈՒրեմն, ինչո՞ւ է մտավորականը նպաստում այդ փոփոխություններին։
-Չարենցը երբ գրում էր լենինյան հեղափոխության մասին, կարծում էր` լենինյան դրոշի վրա գրված է խեղճերի անունը։ Բայց խոր հիասթափություն ապրեց, տեսնելով, որ այն ոչ թե խեղճերի համար էր, այլ ագրեսիվների։ Եվ հեղափոխությունը խժռեց իր լավագույն զավակներին, այդ թվում` Եղիշե Չարենցին։
-Ենթադրում եմ, որ խոսքը նաև այսօրվա մասին է, ավելի շուտ` զուգահեռ եք անցկացնում։
-Այո, ուղղակի վառ օրինակով, պատկերավոր ուզում եմ բացատրել, որ գրողը հեղափոխությանը պետք է մինչև իշխանության հաստատվելը։ Դրանից հետո բավական ժամանակ պետք է անցնի, որ հասկանան` մտավորականը և՛ պետության, և՛ ժողովրդի գոյության հենասյունն է։ Այսօր գրողի ձայնը պետք է լսելի դարձնի գրողների միությունը։ Բայց ՀԳՄ-ն սմքած, շոուական ձեռնարկների վիճակի մեջ է։ Միջակ, ապաշնորհ գրողները շատ ավելի տեղ ունեն, քան տաղանդավոր գրականություն ստեղծող մարդիկ։ Իհարկե, ժամանակը, սոցիալական վիճակը նույնպես դեր ունեն այս ամենի մեջ։ Ընթերցողը շվարեց սոցիալական բեռի տակ և նույնիսկ չի կարողանում գնել իր ուզած գիրքը, որ կարդա։ Այսօր ավելի շատ գրքեր են հրատարակվում, քան խորհրդային տարիներին։ Գրամոլությունը միշտ ճանապարհներ գտնում է ինքն իրեն ներկայացնելու (հովանավորների տեսակետից, անձնական կարողությունների և այլն)։ Այս զանգվածային գորշ իրականության պատկերի վրա հրատարակվում են նաև լավ գրքեր, բայց դրանք չեն հասնում ընթերցողին, քանի որ չկա ուղղորդող։ Նախկինում գրական մամուլն օրենսդիր էր։ Եթե որևէ մեկի ստեղծագործությունը տպագրվում էր «Գրական թերթում», նշանակում էր` ունի որոշակի հաջողություններ։ Այսօր չափանիշները ոչնչացված են։ Ամենագորշ, ապաշնորհ գրքի մասին կարելի է հանդիպել հանճարեղ որակումների։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է վճարողը։
-Ո՞րն է լրատվամիջոցների դերն այս իրավիճակում։
-ԶԼՄ-ները մեծ դեր ունեն, բայց զբաղված են պատվեր կատարելով։ Ի տարբերություն քաղաքականության` գրականությունը պատվիրատու չունի։ Եվ լրատվամիջոցներն ավելի շատ սկանդալային երևույթներին են արձագանքում, քան բուն գրականությանը, գրական արժեքներին։ Ավելին, լրատվամիջոցը սպառող ունի հենց դրա շնորհիվ։
-Այսինքն` չկա պահանջարկ։ Եթե, օրինակ, մամուլում տպագրվի մի գրական, «լուսավոր» հոդված, ընթերցողը, միևնույն է, շրջանցելու է այն։
-Չեմ կարող ասել, թե իսպառ չկա պահանջարկ։ Ես էլի եմ ասել այս մասին, որ` այո, ֆուտբոլի, շախմատի, մարզական հաջողությունների համար (որոնք ինձ էլ են ուրախացնում) ժողովրդային պահանջարկ կա, իսկ գրականության համար կան միայն խուլ տրտունջներ իսկական մտավորական անձանց։ Նրանց տրտունջը տեղ չի հասնում, և նրանք ոչինչ չեն որոշում։
-Այսօր գրական դաշտում առկա թոհուբոհից շատերը գլուխ չեն հանում, բայց գոնե հիշել են գրողների միության գոյության մասին։ Այսինքն` այս առումով նույնիսկ լավ է...
-Հիմա պարզվեց, որ օրենքի տեսակետից գրողների միություն էլ չկա։ ՀԳՄ-ն հասարակական կազմակերպությունների մասին իր կանոնադրությունը չի վերահաստատել Ազգային ժողովի ընդունած օրենքի պահանջներին համապատասխան։ Այսինքն, 2003-ից բոլոր գործողությունները, որ կատարվել են, ապօրինի են։ Պարտավոր ենք Հայաստանում գրողների միության կարգավիճակը ճշտել, վերահաստատել։ Սա` կազմակերպչական տեսակետից, իսկ զուտ ստեղծագործական առումով` գրողների միությունը պետք է իր բոլոր միջոցները, հնարավորությունները ծառայեցնի արժեքավոր գրականություն ստեղծելու և արարող, իսկական գրողի ձայնը հասարակության բոլոր շերտերին հասցնելու համար։
-Ձեր` ՀԳՄ նախագահ դառնալու որոշումը պայմանավորված է հիշյալ խնդիրներո՞վ։
-Ես համաձայնել եմ նախագահ դառնալու առաջարկին մի պայմանով, որ ՀԳՄ-ն կանոնավորելուց հետո երկար չեմ մնա այնտեղ։ Որովհետև ունեմ շատ անելիքներ։
-Ստեղծագործակա՞ն։
-Այո՛։
-Դուք նախագահել եք ՀԳՄ-ում 1994-96 թվականներին, թեև ժամանակներն այլ էին, այնուամենայնիվ, ինչո՞վ էր առանձնանում Ձեր գործունեությունը։
-ՀԳՄ-ի նախագահ եմ եղել ամենածանր տարիներին, երբ գրողների միության ունեցվածքն օտարելու ագրեսիվ քայլեր էին կատարվում։ Եթե ես աթոռապաշտ լինեի, չէի հրաժարվի ՀԳՄ-ի նախագահի իմ պաշտոնից (ընտրված նախագահ էի), ունեցվածքի մի մասը տալով, մի մասը չտալով` կպահեի իմ աթոռը։ Մենք քայլեր ձեռնարկեցինք, գտանք ճանապարհ ՀԳՄ-ի ամբողջ սեփականությունը եկող սերունդներին փոխանցելու համար։ Բայց պարզվեց, որ այն պահպանվել է մի խումբ մարդկանց համար։ Այդ պատճառով էլ նորից ինձ առաջ մղեցին, ասելով, որ պարտավոր եմ գրողների միության վիճակը վերականգնել։
-Իսկ գրողների միության ներքին խնդիրները հնարավոր չէ՞ր ավելի քաղաքակիրթ ձևով լուծել, անպայմա՞ն էր դրանք բարձրացնելը։ Խոսքն այսօրվա մասին է։
-Այդ հարցերը հասունացել էին։ Դա հասարակական պահանջ էր։
-Ի դեպ, պարոն Դավոյան, մեղադրանքները երկուստեք են. դժվար է տարբերել հերյուրանքն ու իրականությունը։
-Իմ նախագահության օրերի համար գործածվել է այսպիսի արտահայտություն` գրողների միության ունեցվածքը փոշիացավ։
-Աբգար Ափինյանի և այլոց մասին էլ կարելի է հանդիպել զանազան մեղադրանքների։
-Աբգար Ափինյանը որևէ պահանջ չունի։ Նա կարող էր բորբոքվել, որ «Նոր-դար» ամսագիրն արտաքսվեց ՀԳՄ-ից։
-Առանց պատճառի՞։
-Առանց պատճառի։ Պատճառը հետևյալն էր` ՀԳՄ նախագահի մասին վատ հոդված էր տպագրվել։ Մեկ, թե երկու հոդված, չգիտեմ։ Ինձ չեն հետաքրքրում նրանց անձնական վեճերը։
-Բայց հենց նման վեճերից ելնելով` կարելի է ենթադրել, որ պայքարը զուտ իշխանության համար է։ Ի դեպ, գրողներից շատերը նույնպես այդ կարծիքին են։
-Գրողները (հիմնական զանգվածը) դարձել են մեր ընդհանուր հասարակության մինի պատկերը։ Ասում են, որ եթե պահանջկոտ լինեն ՀԳՄ-ի նկատմամբ, փոքր նպաստները, որ ստանում են, դրանից էլ կզրկվեն։ Սա, իհարկե, ծանր դեպք է։ Մինչդեռ պետք է ունենայինք հոնորարով տպագրվող մամուլ, գրողը պետք է վարձատրվեր իր ստեղծագործության դիմաց, ինչպես հարկն է։ Շատ խնդիրներ կան։ Չեմ ուզում մանրամասն շարադրել կամ քննարկել։ Իմ հետաքրքրությունը մեկն է` ի՞նչ անենք, որ հայ գրականության շողշողուն ներկայությունը մեր գորշ իրականության մեջ վերականգնվի։ Կա վերականգնելու ձև։ Ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ ՈՒղղակի իրական ադամանդ առաջարկողը պետք է այնպիսի մարդ լինի, որ հավատան։
Առայսօր, քսան տարիների ընթացքում, ԵՊՀ-ում հանդիպում չի կազմակերպվել որևէ գրողի հետ։ Մենք փողոցներում հարցնում ենք` ո՞վ է Թումանյանը, և ստանում ենք զանազան պատասխաններ։ Հաճախ չեն ճանաչում մեր ժողովրդի հանճարեղ դեմքերին։ Տխուր երևույթ է։ Իսկ մեկ հանդիպման ժամանակ մի տաղանդավոր գրողը ներկայացնում է ոչ միայն իրեն, այլև ամբողջ հայ գրականությունը։
-Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել էր «գիրք նվիրելու օր»։ Բավականին հետաքրքիր միջոցառումներ իրականացվեցին։
-Այո՛։ Թումանյանի հոբելյանական հանձնաժողովի այդ որոշումը հիանալի էր։
-Նաև գրողների միության որոշումն էր դա։
-Գրողների միությունը միացել է և լավ է արել։ Ես մասնակցել եմ դպրոցներում տեղի ունեցող արարողություններին։ Բայց տարին մեկ անգամ գիրք նվիրելով չէ ամեն բան սահմանափակվում։ «Հայոց աշխարհ» թերթում լրագրողուհի Կիմա Եղիազարյանն այդ առիթով հոդված էր տպագրել` «Անկեղծ չենք»` Թումանյանի հոդվածի վերնագրով։ Եվ ասել էր` չե՞նք կարող իմանալ` ինչ գրքեր են նվիրում։ Արդյոք աղբանոցի՞ց են հանված, թե՞ իրական արժեքներ են, որ նվիրում են երեխաներին։
-Պետք է իրենց հարցնել, կարծում եմ` պատասխան կունենան։
-Անպայման կասեն` այո, իսկական ադամանդը զատում ենք կեղծից։ Դրա համար Եղիազարյանը վերարծարծում էր Թումանյանի խոսքը` «Անկեղծ չենք»։
-Փաստորեն, Թումանյանի ասածը բոլոր ժամանակներին է վերաբերում։ Հնարավո՞ր է, ուրեմն, նախագահի փոփոխությամբ առողջ մթնոլորտ ապահովել գրողների միությունում։
-Այո, որովհետև խնդիրն ուղղորդելու մեջ է։
-Ձեր խոսքերը հիշեցի «Ռեքվիեմ» պոեմից.
«Կյանքից ձանձրացել ենք,

Բայց խոսում ենք կյանքի հրաշքների մասին»։
-ՈՒրեմն` այդ ձանձրույթը մեզ տիրակալ չէ։ Մեզ վրա դրված դամբանաքար չէ։ Մենք տեղյակ ենք մեր կյանքի հրաշքներից և ուզում ենք, որ դրանք իրագործվեն։
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հ. Գ.- Պարոն Դավոյանը խոսեց (իր խոսքերով ասած) հեքիաթային մի առաջարկի մասին` ունենալ ընթերցողների կողմից պահանջված գրողների հետ հանդիպման օր։ Ծագեց տրամաբանական հարց` գրողներից շատերին այսօր ժողովուրդը չի ճանաչում։ Հեքիաթային այդ միջոցառումները կարող են պարզապես չկայանալ։ «Մեկ, երկու, երեք չկայացած հանդիպումներից հետո,- ասաց Ռ. Դավոյանը,- գրողը պետք է հաշիվ տա իրեն` ի՞նչ է լինելու...»։

Դիտվել է՝ 5275

Մեկնաբանություններ