Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դրամաշնորհներ պոկելու և սուտ թվեր նկարելու փոխարեն պետք է լուրջ քաղաքականություն մշակել

Դրամաշնորհներ պոկելու և սուտ թվեր նկարելու փոխարեն պետք է լուրջ քաղաքականություն մշակել
16.09.2008 | 00:00

ԹՈՂԵՍ` ՄԵԾ-ՄԵԾ ԽՈՍԵՆ...
Անցած շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ընթացքում նրան ուղեկցող ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը հպարտությամբ զեկուցել է, թե գյուղոլորտում արդեն իսկ մոտ 6,9% աճ է նկատվում: Ընդ որում, բուն գյուղատնտեսության ոլորտում աճը կազմում է մոտ 9,8%, իսկ անասնապահության ոլորտում` 4,4%...
Ինչպես ասում են, հրաշալի է: Հատկապես եթե իրողություն դառնա նաև Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանության առաջին քարտուղար, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրերի համակարգող պարոն Ձիրո Իիդայի հետ ընդամենն անցած ամիս ձեռք բերված պայմանավորվածությունը` կրկին ճապոնական դրամաշնորհով տավարաբուծության զարգացման համալիր մի ծրագիր ֆինանսավորելու հնարավորության իմաստով, ինչը, ասում են, «պատրաստակամորեն է ընդունել պարոն Իիդան»: Ստացվում է` ընդհանրապես հարց չկա. ծաղկելու-բարգավաճելու ենք, էլ դու սուս…
Զավեշտալին, սակայն, այս ամենի մեջ այն է, որ օրերս անգամ Հանրայինը չէր դիմացել` բավական ծավալուն մի ռեպորտաժ էր պատրաստել ազգիս Գեղարքունյաց գյուղերից մեկի մասին, որտեղ տեղի է ունեցել այն, ինչի մասին մենք բազմիցս ենք գրել: Բա, իհարկե, ոչ սերմացու կա, ոչ պարարտանյութ կա (ի դեպ, ճիշտ այդ հաղորդումից հետո ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սկսեց ուսումնասիրել այս շուկան` կասկածելով, թե առանց դրա անպարարտանյութ մնացող և «մինուճար» մեր ազոտականի հույսին մնացած գյուղացու հաշվին էդ ո՞վ և ի՞նչ իրավունքով է փող սարքում` դրա մի պարկի գինը մինչև 12 000 «քշելով»… Ինչ դուրս կգա, անհայտ է, ինչպես մնացած բոլոր դեպքերում, կամ էլ` հայտնի. նայած ճաշակի, ինչպես ասում են…), առավել ևս` ոռոգում չկա: Եվ ինչ է մնում անել մարդկանց, հայտնի է. թողնել անմշակ նախորդ «հանցագործների» կողմից նրան անհատույց տրված հողակտորը կամ վաճառել այն տարածքի ֆեոդալին ու գնալ նրա մոտ իբրև հացփորի նոքար աշխատելու…
Սա, ուրեմն, մեր գյուղնախը չի տեսնում: Չի տեսնում և այն, որ հողը վաղուց ֆոսֆորի, կալցիումի և մնացած բազմաթիվ կարևոր-անհրաժեշտ հանքանյութերի երես չի տեսել` սպառվելով և ուժազրկվելով: Չի տեսնում և այն, որ հողերի աղակալումը, այսինքն` ամբողջովին անպիտան դառնալը, դամոկլյան սրի պես է կախված մեր գյուղացու գլխին: Թքած ունի, որ էստեղից-էնտեղից դրամաշնորհներ պոկելու և սուտ թվեր նկարելու փոխարեն պետք է լուրջ քաղաքականություն մշակել` ծայրից ծայր ոլորտը պատկերացնելով ու բոլոր հարցերին պատասխան տալով: Այլ բան է, որ դա իրողություն դարձնելու համար գումարներ չկան, բայց նաև համոզված եմ, որ երբ խելքը գլխին մի ծրագիր լինի, այն ժամանակ գումարներ էլ կգտնվեն: Բա էդ դրամաշնորհները, որ ներկայումս ոչ մի բանի էլ չեն ծառայում կամ ծառայում են մասամբ, որովհետև ամբողջական շղթա չկա գործունեության, տրամաբանություն չկա, որտեղի՞ց են գալիս: Թե՞ հատվածային ու այսրոպեական «կարկատաններ անելու» համար գումար կա, գործի համար չկա:
Հիմա գիտեմ, որ նյութը կարդալուց հետո գյուղնախը մեղադրելու է մեզ, թե բա չգիտե՞ք, որ մենք` է՜, քանի տարվա զարգացման հայեցակարգ ունենք, բա գոնե մեր կայքէջ մտնեիք-կարդայիք, բայց հոգ չէ, որովհետև և՛ գիտենք, և՛ կարդացել ենք, և՛ ահագին էլ խելացի մարդկանց հետ այն քննարկել ենք (սկսած հողերի կադաստրային արժեքի հաշվարկման, հողերի և արոտավայրերի բարելավման, շուկայում գյուղապրանքների գնագոյացման ու գյուղատնտեսական շուկաների խնդիրներից մինչև ՋՕՄ-երի թնջուկ, բոլորի համար ոչ հասանելի սուբսիդավորման հիմարություն և էլի շատ ու շատ այլ հարցեր…): Խնդիրը, ուրեմն, այլ է. մանավանդ գյուղատնտեսության ոլորտում բնավ կարիք չկա մրգի ու բանջարեղենի առատ սեզոնին բարձրագոչ թվեր բերել ու ասել, թե` տեսե՛ք, աճ ենք արձանագրել: Ի՞նչ աճի մասին է խոսքը, էդ ի՞նչ եք արտահանել, էդ ո՞ր երկրում ձեզ գիտեն, նույնիսկ ձեր գովաբանած ծիրանն ու խաղողը կարողացե՞լ եք «բրենդ դարձնել»: Կամ` երբ ձեր գյուղացին գնում է 21-րդ դարում հաց ուտելու դիմաց հարևանի արտը մշակում ու իր եղած բերքն էլ կորցնում, որովհետև մշակելու հնարավորություն չունի, գետինը մտնելու բան չի՞ դա, կարո՞ղ եք պատասխանել:
Թող ոչ ոք չմտածի, թե էնքան միամիտ ենք, որ նման հարցեր ենք առաջ քաշում` հստակ իմանալով, որ ոչ ոք էլ գետինը չի մտնի, պատասխան էլ չի տա: Շատ-շատ` «մուննաթ գան լրագրողի վրա»: Ավելին, հրաշալի գիտեմ, որ ամիսներ անց ներկայացված այս ճոխ-ճոխ թվերն ավելի «կգունազարդվեն», որովհետև հենց երեկ իմացանք, որ Երևանի կոնյակի գործարանը պատրաստվում է 31 350 տոննա խաղող մթերել այս տարի, ինչն ավելի է 2007-ի ցուցանիշից մոտ 2350 տոննայով: Էլի շարունակենք. ԵԿԳ-ի գործադիր տնօրեն Սեդրիկո Ռետայոն նաև հայտարարել է, թե դա պայմանավորված է անցած տարվա վաճառքի լավ ցուցանիշներով, ինչ վերաբերում է հարցի «տեխնիկական կողմին» ու գործնականում բարդություններ չլինելուն` «գյուղատնտեսների մի մեծ արհեստավարժ խումբ, ողջ տարին աշխատում է գինեգործների ու գյուղացիների հետ` նրանց հետ կնքելով պայմանագրեր, ապահովելով նրանց թունաքիմիկատներով ու սարքավորումներով»: Այսինքն` գործարանը մինի-պետության և գյուղոլորտում լավ կառավարման օրինակելի մի մոդել է ստեղծել մոտ 5500 տնտեսությունների հետ, ինչը, չգիտես ինչու, մեր պետությանն այդպես էլ չի հաջողվում ու չի հաջողվում:
Ի միջի այլոց, ԵԿԳ-ն բավական լավ գնով է խաղողն ընդունում: Եթե հաշվի առնենք, որ այսօր խաղողի մանրածախ գինը շուկայում 250 դրամից է սկսվում, ապա կիլոգրամի համար գործարանի սահմանած 140-150 դրամը բոլորովին էլ վատ գին չէ: Մանավանդ լավ է այն հանգամանքը, որ ԵԿԳ-ն, փաստորեն, մասնաճյուղեր ունի Արմավիրում ու արդեն սեպտեմբերի 13-ից` Այգավանում, և, ի տարբերություն, օրինակ, 2000-ի, գյուղացին էլ չի գա «շոշի գլխին կանգնի` խաղողի հյութն էլ շաքարը հետը թափի գետնին, գնա»:
Հա, բայց գալով պրոբլեմներին` նշենք, որ մի ծաղկով գարուն չի գալիս, որովհետև, գյուղնախի տվյալներով` այս տարի խաղողի բերքը կհասնի 230-240 հազար տոննայի, և եթե ԵԿԳ-ն 31 350 տոննա մթերի, անհասկանալի է, թե մնացածն ինչ է լինելու: Ակնհայտ է, որ մնացած բոլոր մթերողները միասին ավելի քիչ կամ նույնքան են մթերում, որքան Երևանի կոնյակի գործարանը: Ակնհայտ է նաև, որ եթե մանրածախի բաժինն էլ մեջտեղից «հանենք», տնայնագործ գինեգործությանն էլ, միևնույն է, ահագին խաղող է մնում «տակը», և թե ինչ է անելու գյուղացին իր բերքը, անհայտ է:
Բայց դե մեր պարագայում նորմալ է: Ոնց նախարարությունը, էնպես էլ գործարարը: Սրանց թողնես` մեծ-մեծ խոսեն, նոր տարուն էլ գնան Թուրքիայից չամիչ ներկրեն, «հոր գները վրան դնեն»: Խաղողը սրանց ինչի՞ն է պետք…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5054

Մեկնաբանություններ