ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 69 ԹՎԻՆ ԼՈՒԿՈՒԼԼՈՍԸ ԳՆԵՑ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ»

«ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 69 ԹՎԻՆ ԼՈՒԿՈՒԼԼՈՍԸ ԳՆԵՑ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ»
02.04.2010 | 00:00

Ապրիլի 1-ին «Իրավունք de facto» ակումբի հյուրերն էին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ ու ՀՐԱՅՐ ՍԱՎԶՅԱՆԸ:
Պարոն Խզմալյանը լրագրողներին նախ իրազեկեց անցյալ ուրբաթ «Թեքեյան» կենտրոնում նախատեսված քննարկման չկայացման պատճառների մասին, նշելով, որ այդպես էլ անհայտ մնաց, թե ինչու դահլիճը չեն տրամադրում: «Նմանօրինակ խոչընդոտների շղթայի մի օղակն է սա, որն ապացուցում է` իշխանությունները հետևողականորեն մերժում են հասարակության իրավունքը և պարտքը` քննարկումներ կազմակերպել մի հարցի շուրջ, որը ողջ հասարակությունը համարում է բախտորոշ ու կարևորագույն: Խոսքն Արցախի, հետևաբար` Հայաստանի ազգային անվտանգությանն է վերաբերում, որը մենք համարում ենք ազատագրված տարածքների անձեռնմխելիությունը, իսկ դիվանագիտական լեզվով վերջերս առավել հաճախ օգտագործվում է «ստատուս քվոն»: Մենք տագնապով ենք վերաբերվում այն հանգամանքին, որ հերթական անգամ ազգի համար բախտորոշ հարցերը քննարկվում են գիշերային գաղտնի դիվանագիտության ոճով, նեղ անձնական շահերից և օտարերկրյա ճնշումներից ելնելով: Այդ ոճը մենք անընդունելի ենք համարում և ձգտում ենք միավորված ջանքերով այդ միտումները տապալել: Մենք համարում ենք, որ ազատագրված տարածքների պահպանման ու պաշտպանության քաղաքական, ռազմավարական, գաղափարական կարևորությունը միավորում և միավորելու է ողջ ազգն Արցախում, Հայաստանում և սփյուռքում, ինչը բացառելու է հայրենիքի որևէ մասի սակարկությունը կամ զիջումը, որը պետական հանցագործություն և ազգային դավաճանություն է: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դիմում է բոլոր հասարակական, քաղաքական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայերին միավորվելու կոչով` մեր ընդհանուր հաղթանակի արդյունքում ազատագրված տարածքների պահպանության ու պաշտպանության համար, հանուն մեր նահատակների և մեր ապագայի: Բազմիցս ասվել է, որ «ոչ մի թիզ նահանջ» գաղափարը ոչ մեկի քմահաճույքը կամ համառությունը չէ: Պետական, ազգային անվտանգությունը, որը նախ և առաջ ապահովվում է սահմանների պաշտպանությամբ, ունիվերսալ կատեգորիա է և տոտալ համակարգ: Ամրոցն ամուր է այնքան, ինչքան պաշտպանված են բոլոր հատվածները: Ֆիլմ նկարելու բերումով ուսումնասիրում եմ պատմությունը և մի հետաքրքիր դրվագ եմ ուզում ձեզ հիշեցնել. Քրիստոսի ծննդից առաջ` 69 թ. հոկտեմբերի 6-ին ընկավ արևմտյան Տիգրանակերտը, որը գտնվում է ներկա Թուրքիայի տարածքում: Լուկուլլոսի լեգեոնները հինգ ամիս պաշարել էին քաղաքը և ոչ մի կերպ չէին կարողանում գրավել: Լուկուլլոսը, որ հայտնի էր ոչ այնքան իբրև ռազմական գործիչ, որքան իր խրախճանքներով, առաջնորդվում էր հռոմեական առածով` ոսկին կբացի այն դուռը, որը չի բացում սուրը: Նա հինգ ամսում կարողացավ կապեր հաստատել Տիգրանակերտում բնակվող հույների հետ և նրանց կաշառելով` համոզեց բացել աշտարակներից մեկի դուռը: Հսկայական քաղաք-ամրոցի մի աշտարակի դուռ բացելը բավական էր, որ ամրոցն ընկնի: Այսինքն` որևէ զիջում տապալում է պաշտպանական համակարգը, մենք հասել ենք եզակի ռազմավարական և աշխարհագրական իրավիճակի արցախյան ճակատում, երբ հյուսիսային սահմանը պաշտպանված է բնական պատնեշով` Մռավի լեռնաշղթայով, որի միջին բարձրությունը 3000 մետր է, որն անանցանելի է բանակի համար, բացի Օմարի միջանցքից, որը շատ ավելի հեշտ է վերահսկել, հարավից պաշտպանում են Արաքս գետը և Իրանը, ինչն ինքնըստինքյան որոշակի երաշխիքներ է ստեղծում: Մենք պաշտպանում ենք միայն արևելյան սահմանը, որովհետև արևմտյան սահմանը հսկում են նաև Ռուսաստանի Դաշնության զորքերը: 240-270 կմ սահմանը եռապատկվելու է, եթե հանձնվեն հինգ շրջանները:
Հենց դա է հանգեցնելու պատերազմի, ոչ թե տխրահռչակ փոխզիջումները: Ցանկացած փոխզիջում տապալում է պաշտպանության, ազգային անվտանգության ռազմավարական համակարգը, որն անհնար է լինելու վերականգնել: Ոչ մի միջազգային երաշխիք չի կարող փոխարինել մեր սեփական պաշտպանությանը: Սա երբեմն մոռանում են մարդիկ, ովքեր կարծում են, թե ինչ-որ բան հանձնելով` ինչ-որ բան էլ կշահեն: Առավել ևս, որ ներկայիս վիճակը ստեղծվել է ոչ թե բանակցությունների, այլ պատերազմի արդյունքում: Պատերազմի արդյունքները փոխզիջումներով չեն փոխվում: Դա առաջինը մեզ սովորեցրել է Աբդուռահման Վեզիրովը, որն արցախյան շարժման առաջին օրերին ասում էր, որ հողը խոսքերով ու խնդրանքներով չեն նվաճում, այլ արյունով: Իրենք ընտրեցին այդ ճանապարհը, և իրենք էլ այսքան տարի անց չեն ուզում հաշտվել իրենց սկսած պատերազմի արդյունքների հետ: Տարօրինակ է, որ 6-7 հազար նահատակների արյունով նվաճված, մեր ողջ սերնդի ճակատագրի, կյանքի գնով ձեռք բերվածը նետված է սակարկության, թեպետ ոչ ոք էլ ուղղակի մեզնից ոչ մի զիջում չի պահանջում: Համենայն դեպս, ոչ մի երկիր նման զիջումների կամ փոխզիջումների օրինակ չի տալիս մեզ. ո՛չ Ռուսաստանն է Ճապոնիային նվիրում վիճահարույց Կուրիլյան կղզիները, ո՛չ Ֆրանսիան է Կորսիկային անկախություն նվիրում, ո՛չ Իսպանիան` Կատալոնիային, ո՛չ Ալյասկան են նվիրում, ո՛չ Կանադան է անկախ ճանաչում Քվեբեկը: Ոչ ոք բարոյական իրավունք չունի դա պահանջելու մեզնից` Ցեղասպանության 95-րդ տարելիցի շեմին գտնվող ազգից, որը պաշտպանում է իր ֆիզիկական գոյության իրավունքը»:
Տիգրան Խզմալյանը և Հրայր Սավզյանը պատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը, հասարակության վերաբերմունքին ու անելիքներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ