ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ
02.04.2010 | 00:00

Իսլամական արմատական շարժումը ներկայումս քաղաքական և գաղափարական ճգնաժամ է ապրում։ Դա պայմանավորված է չեչեն ծայրահեղականների ջախջախման, ընդհանրապես չեչենական հիմնախնդրի սպառման և իսլամական կենտրոնների կողմից այդ հիմնախնդրի նկատմամբ հետաքրքրության նվազման փաստով։ Ճգնաժամը կապ ունի նաև իսլամական արմատականության հանդեպ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականության վերագնահատման, արաբական երկրներում իսլամական ծայրահեղականության հետ կապված մտահոգությունների աճի, իսլամի օրենքների` շարիաթի օգնությամբ ուժեղ ազգային պետություն ստեղծելու և սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու անհնարինության գիտակցման, իսլամական պետությունների և տարբեր ծայրահեղական շարժումների միջև հակասությունների սրման հետ: Իսլամական ծայրահեղական շարժումներից տուժած մի շարք պետություններ ստեղծել են կառույցներ` այդ շարժումներին դիմագրավելու համար:
Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումից ի վեր կոսմոպոլիտ բնույթի իսլամական շարժումները և, առաջին հերթին, սուննիական շարժումը, ոչ մի ուղղությամբ չկարողացան ինքնուրույնաբար լուծել քաղաքական կամ գեոռազմավարական որևէ խնդիր: Բալկաններում, հյուսիսարևմտյան Չինաստանում և Կենտրոնական Ասիայում կոսմոպոլիտ իսլամական շարժման հաջողությունները պայմանավորված են սոսկ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությանբ: Լիբանանյան «Հըզբոլլահի» հաջողությունը Հարավային Լիբանանում բացատրվում է նրանով, որ այն ազգային-կրոնական կազմակերպություն է և նպատակաուղղված է ազգային ազատագրական պայքարին: Անխտիր բոլոր անդրազգային նախագծերը, որոնք կառուցվել էին կրոնական սկզբունքների վրա և ֆինանսատնտեսական նպատակներ էին հետապնդում, դատապարտվեցին ձախողման:
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նախաձեռնել են մի շարք միջոցառումներ, իսլամական արմատականության վտանգ ստեղծելով հենց իրենց` իսլամական պետությունների համար: Ներկայումս բոլոր առաջատար արաբական երկրներում կառավարող ռեժիմները կանգնած են իսլամական արմատականների կողմից տապալվելու վտանգի առջև: Եթե նկատի չունենանք Ալժիրը, որը վերահսկվում է ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից և հեռու է Մերձավոր Արևելքի հիմնախնդիրներից, իսլամական շարժման կողմից ամենամեծ վտանգը ձևավորվել է Եգիպտոսում: Այնտեղ ավանդապես ուժեղ են «հին» իսլամական կազմակերպությունները, որոնք հիմնականում ներգրավված են «Եղբայր մահմեդականներ» ընկերակցության կազմում: Այդ կազմակերպությունները լավ ծանոթ են թե՛ իշխանություններին, թե՛ արևմտյան հատուկ ծառայություններին: «Նոր» կազմակերպությունները` ի դեմս «Ալ Քաիդայի» և մյուսների, ստեղծվել են նոր ժամանակներին համահունչ և, ելնելով նոր խնդիրներից, որևէ ազդեցություն չունեն Եգիպտոսում ընթացող գործընթացների վրա: Այնպես որ, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից մեծ ջանք չի պահանջվում այս երկրում իրավիճակը վերահսկելու համար: Բայց նրանք շատ քիչ հնարավորություններ ունեն իսլամիստների օգնությամբ իշխանությունը քայքայելու Սիրիայում և Լիբանանում: Իսկ անգլո-սաքսոնական բլոկի հիմնական հարվածն ուղղված է գործընկեր երկրներում, այն է` Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում, Օմանում և Հորդանանում, իշխանությունը քայքայելուն: Այս երկրներում արևմտյան տերություններն օգտագործում են իրավիճակն ապակայունացնելու երկու գործոն` արևմտամետ մտավորական էլիտային և իսլամական արմատականներին: Հիմնական հարվածն ուղղված է Սաուդյան Արաբիայի դեմ: Ամերիկացիներն այս երկրի հանդեպ որդեգրել են անսխալ վերաբերմունք: ԱՄՆ-ը պնդում է, որ իսլամական կազմակերպությունների գործունեությունը պիտի սահմանափակվի, իսկ թագավորական ընտանիքը պետք է հետ կանգնի սալաֆիզմի, տվյալ դեպքում` վահաբիզմի սկզբունքներից: Սաուդյան իշխանությունները ստիպված գնում են այդ քայլերին, ինչն իսլամիստների պատասխան վերաբերմունքին է արժանանում: Բրիտանական մասնագետները կարծում են, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի այս քաղաքականությունը սաուդյան կառավարող շրջանները մասնատել է երեք մասի. չափավորներ, որոնց առաջնորդում էին թագավորական ընտանիքի որոշ անդամներ, արևմտամետ ուժեր` ներառյալ տեխնոկրատիայի ներկայացուցիչները, խոշոր առևտրական բուրժուազիայի մի մասը, մտավորականությունը և թագավորական ընտանիքի երիտասարդ թևը, ինչպես նաև համաարաբական ազգայնականներ, որոնց գլխավորում է թագաժառանգ Աբդուլլան: Պետք է նշել, որ դեռևս տասը տարի առաջ Սաուդյան Արաբիայում գոյություն չուներ այսպիսի ընդգծված առճակատում: Սա Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գործունեության հետևանք է` հենց այս հաջորդականությամբ:
Նմանատիպ նախաձեռնողականություն է ցուցաբերվում նաև Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի և Հորդանանի հանդեպ: Հորդանանի երիտասարդ թագավոր Աբդուլլան փորձում է իր երկիրը վերածել քաղաքական Շվեյցարիայի` միջնորդ մի երկրի` տարբեր պետությունների, շարժումների, ընդդիմադիր խմբավորումների միջև բանակցություններ անցկացնելու նպատակով: Ընդ որում, օգտվելով իր այդ դիրքից, Հորդանանը միևնույն ժամանակ փորձում է պաշտպանել համաարաբական ազգային շահերը և զարգացնում է հարաբերություններն Իրաքի ու Սիրիայի հետ: Դրանով են պայմանավորված իսլամիստների միջոցով իրավիճակի ապակայունացման փորձերը:
Արաբական և այլ իսլամական երկրներն աշխարհականացնելու երկու-երեք տասնամյակների անհիմն հույսերից հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի ռազմավարական կենտրոնները հասկացան, որ արաբական և մահմեդական երկրների ժողովրդավարացումը բավականին վտանգավոր հեռանկար է Արևմուտքի և Իսրայելի համար: Նախ, ժողովրդավարացումը տվյալ երկրներում մշտապես հանգեցնում է իրավիճակի ապակայունացման, առաջացնելով քրոնիկ անկայուն իրավիճակ, քաղաքացիական բախումներ, զինվորական հեղաշրջումներ: Ընդ որում, ստեղծված անկառավարելի իրավիճակը բավականին երկար է տևում: Տվյալ երկրների կառավարող վարչակազմերը հմտացել են ժողովրդավարությունը որոշակի մակարդակի վրա կոնսերվացնելու արվեստի մեջ, չվտանգելով իրենց իշխանությունը: Բայց, ամեն դեպքում, ժողովրդավարացումը հանգեցնում է ոչ միայն չափավոր իսլամական, այլ նաև ծայրահեղական ռեժիմների հաստատմանը, ճիշտ է, կարճ ժամանակով: Երկրորդ` ժողովրդավարացումը հանգեցնում է տնտեսության և սպառման աճին, ինչը միշտ չէ, որ ձեռնտու է Արևմուտքին: Այդ իսկ պատճառով Արևելյան Եվրոպայում կիրառվող ժողովրդավարացման քաղաքականությունը չի կարող նույնությամբ կիրառվել արաբական և իսլամական պետությունների նկատմամբ: Որպես ապակայունացման ունիվերսալ մեթոդ, ավելի մեծ կիրառում ունի իսլամացումը: Սկզբունքորեն այն հնարավորություն է տալիս կանխելու պանարաբիզմն ու պանիսլամիզմը արաբական և իսլամական երկրների կողմից որպես պետական քաղաքականություն որդեգրելու հնարավորությունը: Բայց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վարած այս քաղաքականության հիմնական նպատակը նավթամթերքների գների վերահսկողությունն ու եվրոպական տնտեսությանը հարվածելու հնարավորությունն է: Այսպիսով, իսլամական ծայրահեղականությունն ուղղվում է հենց իսլամական պետությունների դեմ: Տպավորություն է ստեղծվում, որ ժամանակակից իսլամական շարժումը կորցնում է իր արդիականությունը, տրանսֆորմացվելով որոշ երկրներում ազգայնական, իսկ մյուս երկրներում` չափավոր իսլամական շարժման:
Արաբական աշխարհի առաջատար նավթա-ֆինանսական երկրները ռազմական տերություններ չեն և ի վիճակի չեն պատերազմներ վարելու նույնիսկ ոչ մեծ, բայց կազմակերպված պետությունների դեմ: Այդ իսկ պատճառով այն երկրների դեմ, որտեղ արաբական նավթա-ֆինանսական էլիտան ունի աշխարհատնտեսական շահ, նրանք վարում են պարտիզանական պատերազմներ, որոնք ունեն յուրահատուկ գաղափարական հենք: Փաստորեն, դա արմատական իսլամիզմի արտահանման գործընթաց է` դեպի արտաքին միջավայր` կա՛մ դեպի այլ իսլամական պետություններ, կա՛մ այն պետություններ, որոնք վերահսկում են ընդարձակ մարգինալ տարածքներ` Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Հարավսլավիա: Այդ պետությունների դեմ պարտիզանական պատերազմները թանկ չեն: Արաբական նավթաֆինանսական էլիտան չի ծախսում այդ պատերազմների վրա անգամ իր ստացած շահույթի մեկ տոկոսի մեկ տասներորդ մասը: Կյանքի ցածր մակարդակը Ռուսաստանի հարավում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, հյուսիսարևմտյան Չինաստանում թույլ է տալիս նույնիսկ ոչ մեծ ծախսերի պարագայում ընդգրկել մեծաքանակ մարդկային ռեսուրսներ: Գրոհայինների հավաքագրումը Մեծ Բրիտանիայում, օրինակ, շատ ավելի ծախսատար է: Միևնույն ժամանակ բրիտանական ու ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքը թույլ է տալիս խուսափել բազմաբնույթ սպառնալիքներից, որոնք գալիս են արմատական իսլամական խմբավորումներից:
Իսլամի հիմնախնդիրների գծով ԱՄՆ-ի առաջատար փորձագետ Շեր Հանտերի կարծիքով (Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոն, Վաշինգտոն)` մոտակա քսան տարիներին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը նպատակաուղղվելու է իսլամական գործոնի վերահսկմանը, որպես առաջնային խնդիր: Փորձագետի պնդմամբ, ԱՄՆ-ը փորձում է խուսափել իր համար բավականին տհաճ մի խնդրից` արմատական իսլամիզմի դեմ պայքարում Ռուսաստանի ու Չինաստանի հետ միավորվելու անհրաժեշտությունից: Ըստ փորձագետի, մինչ այժմ ԱՄՆ-ը երբեք չի պլանավորել իսլամական տարածաշրջանի նկատմամբ քաղաքականությունը հինգ տարուց ավելի կտրվածքով: Բայց ներկայումս երկարաժամկետ պլանավորման բացակայությունը դարձել է ամերիկյան արտաքին քաղաքականությանը խոչընդոտող լուրջ գործոն: Այդ կապակցությամբ փորձագետը փորձում է հիմնավորել այլ երկրների, այդ թվում` Ռուսաստանի մասնակցությամբ անվտանգության նոր համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Իոսիֆ Բոդանսկին նույնպես մշակել է Ռուսաստանի և այլ պետությունների մասնակցությամբ անվտանգության գոտի ստեղծելու գաղափարներ: Այդ նախագծում մեծ նշանակություն է տրվում Հայաստանին, որը, անվտանգության երաշխիքների դիմաց, պետք է ներգրավվի իսլամական արմատականության կենտրոնների դեմ պայքարի մեջ: Բոդանսկին իր այդ մոտեցումները շարադրել էր` 1999-ին այցելելով Հայաստան: Հայաստանը ևս դիտվում էր որպես իսլամական ֆունդամենտալիզմի դեմ պայքարի հարմար տարածք` տարածաշրջանի երկրորդ Իսրայել: Հարկ է նկատել, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրների նկատմամբ նմանատիպ շատ մոտեցումներ ծնվել են դեմոկրատական կուսակցության վերլուծական կենտրոններում և նպատակաուղղված են Իսրայելի անվտանգության ապահովմանը: Հանրապետականների օրոք, Ջ. Բուշի իշխանության նախնական շրջանում ԱՄՆ-ի ղեկավարությունը փորձեց կենտրոնանալ Մերձավոր Արևելքի վրա` ի հաշիվ Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի, ապա նորից վերադարձավ Աֆղանստանին ու Պակիստանին: Ըստ անգլո-ամերիկյան վերլուծաբան Անատոլի Լիևենի` հանրապետականների վարչակազմը չի կարողանա խուսափել ագրեսիվ իսլամիստների հետ «ուղիղ առճակատումից» տարբեր տարածաշրջաններում: Եվ նվազեցնել ԱՄՆ-ի դերն այդ տարածքներում կարգ ու կանոն պահպանելու առումով, սխալ է: Գուցե այդ նկատառումներից ելնելով, Օբամայի վարչակազմը որոշեց շարունակել նախորդների ջանքերը` Հարավային և Կենտրոնական Ասիայում, ներառյալ Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, առկա հիմնախնդիրները լուծելու առումով: Բայց այս դեպքում, լուծելով իսլամական արմատականության հետ կապված խնդիրները, իրականում ԱՄՆ-ը փորձում է դիմակայել նաև չինական էքսպանսիային դեպի Եվրասիա: Չնայած արտաքուստ կորուստներին, ԱՄՆ-ը բավականին լուրջ խնդիրներ է լուծել թե՛ Իրաքում, թե՛ Մերձավոր Արևելքում ընդհանրապես: ԱՄՆ-ի գլխավոր հաջողությունն արաբական և իսլամական պետությունների միավորումն է` արմատական իսլամիզմի դեմ պայքարում:
Իսլամական արմատականությունը գործնականում չի ազդել Հայաստանի վրա: Աֆղան և չեչեն գրոհայինները ղարաբաղյան պատերազմում ոչ մի էական դեր չեն խաղացել: Իրանի և Սիրիայի դիրքորոշման շնորհիվ Ադրբեջանը և Թուրքիան չկարողացան քաղաքականապես մեկուսացնել Հայաստանն իսլամական աշխարհից: Պատճառներից մեկն էլ Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվ համագործակցությունն էր Իսրայելի և ԱՄՆ-ի հետ, մասնավորապես` անվտանգության և սպառազինության ոլորտում: Իսլամական աշխարհում Հայաստանը հայտնի է որպես մի երկիր, որն ակտիվորեն համագործակցում է Իրանի և Սիրիայի և բարիդրացիական հարաբերություններ պահպանում Կենտրոնական Ասիայի պետությունների հետ: Լիբանանում հայկական համայնքը և քաղաքական կուսակցությունները համագործակցում են «Հըզբոլլահի» հետ, տարանջատվելով հակասիրիական ուժերից: Իսլամական աշխարհում լավատեղյակ են, որ Հայաստանն ու հայկական համայնքները պայքարում են Իսրայելի քաղաքականության և ԱՄՆ-ում Իսրայելի բարեկամների դեմ: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է նեոեվրասիական ռուսական նախագծին, և այդ մասնակցության շնորհիվ դաշնակցային հարաբերություններ ունի Կենտրոնական Ասիայի մուսուլմանական պետությունների հետ: Իսլամական աշխարհում դրական փոփոխություններ են տեղի ունենում, ծայրահեղականությունը մարում է: Իսլամական պետությունները դառնում են ավելի ադեկվատ, լուծում են իրենց քաղաքական և տնտեսական խնդիրները: Մի շարք իսլամական երկրներ վերաճել են տարածքային մակրոտերությունների և ավելի մեծ դեր են ստանձնել աշխարհում:
Հայաստանը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի իսլամական աշխարհում և հստակեցնի առաջնային խնդիրներն այս կամ այն իսլամական տերությունների հետ հարաբերությունների համատեքստում: Բացի Մերձավոր Արևելքից և Կենտրոնական Ասիայից, որտեղ Հայաստանի դիրքերն ամուր են, մոտ ապագայում հարկավոր է դիրքավորվել Բալկաններում և Հյուսիսային Կովկասում, չնայած Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի տարածաշրջաններից մեկն է: Նշված երկու տարածքները կարևոր են և՛ հաղորդակցության առումով, և՛ որպես հումքի ու սպառման շուկաներ հայկական արդյունաբերության համար: Բայց սա արդեն այլ քննարկման նյութ է:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ