Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձությունները ևս մեկ անգամ բացահայտեցին ՀՀ վարչախմբի ռեսուրսային թուլությունները՝ ինտելեկտուալից սկսած մինչև տարրական կազմակերպչական: Իշխանությունների խրոխտ և կոշտ հռետորաբանությունը թվում է‚ թե տարերային է՝ զուրկ իրականում արդյունավետ ու հաշվարկված, վերլուծական և նույնիսկ այս իշխանության առավելություններից մեկը համարվող քարոզչական հիմքերից: Անգամ առկա բոլոր ռեսուրսների համապարփակ օգտագործումն իշխանության համար շատ դեպքերում չի ապահովում ցանկալի արդյունք: Եվ հակառակը՝ վարչախմբի գործողությունների դեմ ձևավորվող դիմադրության ցանկացած օջախ ռեզոնանսային էֆեկտ է տալիս՝ համախմբելով ոչ իշխանական, փոքրաթիվ, բայց արդյունավետ և ադեկվատ գործող զանգվածներին, ստիպելով իշխանություններին նույնիսկ նահանջել նախանշված ծրագրերից։ Այսօրվա իշխանությունների գործողությունների վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում‚ որ վերջիններս‚ որպես կանոն‚ ապավինում են մեկ‚ լավագույն դեպքում մեկուկես քայլանոց գործողությունների ու կոմբինացիաների՝ հիմնականում հույս փայփայելով, որ ագրեսիվ հռետորաբանության վրա հիմնված քարոզչությամբ և դրան հետևող բլիցկրիգի միջոցով կկարողանան ուղղակիորեն կաթվածահար անել ընտրված թիրախի կամքն ու դիմադրելու ունակությունը՝ այդպիսով հասնելով վերջնարդյունքի:
Սակայն ինչպես բազմիցս ցույց է տվել վերջին մեկուկես տարվա պրակտիկան, կազմակերպված‚ անգամ լոկալ բնույթի դիմադրությունը շատ դեպքերում կաթվածահար է անում հենց իշխանության կամքը՝ ստիպելով վերջիններիս հայտնվել ցայտնոտային իրավիճակում‚ շտապ ու չհաշվարկված որոշումներ կայացնել և իրականացնել, ինչն էլ հիմնականում հանգեցնում է տապալումների և նոր խնդիրներ առաջ բերում: Ավելին‚ ընդդիմության տարբեր հատվածներ և հենց իշխանության մեջ առկա իրար հետ մրցակցող տարբեր խմբերը հնարավորություն են ստանում այդ սխալների շնորհիվ նոր քաղաքական օրակարգեր ձևավորելու և նոր խնդիրներով ծանրաբեռնելու ղեկավարության առանց այդ էլ ծանր առօրյան։ Պետք է նաև նկատել‚ որ վաղուց ակնառու է դարձել‚ որ պրոբլեմներից նոր պրոբլեմներ առաջացնելու պրակտիկան իշխանությունների մոտ ակնհայտ համակարգային բնույթ է կրում։ Հատկանշական է‚ որ նույն այդ վարչախումբը‚ երբեմն հասկանալով‚ որ պրոբլեմը հենց իրենց գլխում է‚ չի կարողանում ճիշտ եզրակացություններ անել և հանգել նոր ու արդյունավետ լուծումների։
Ասվածի հերթական օրինակն է ՍԴ-ի և նրա նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու արդեն երկարատև բայց դեռ անհաջող փորձից նույնպես կարելի է եզրակացնել‚ որ Սահմանադրական դատարանի կողմից ԱԺ-ի դիմումի մերժման որոշումն իշխանական ողջ վերնախավին հանեց հավասարակշռությունից։
Ամենայն հավանականությամբ‚ ՀՀ ղեկավարությունը հույս էր փայփայում, որ գործը ՍԴ կողմից վարույթ կընդունվի, որից հետո իշխանական ռեպրեսիվ կառույցները քննության ժամանակաշրջանում կանեն իրենց քայլերը՝ անհատական աշխատանք սկսելով Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր անդամի հետ։ Բայց ՍԴ-ի՝ թերևս շատ պարզ, բայց ձիով քայլը՝ մերժել գործի ընդունումն առհասարակ, պարզապես անիմաստ դարձրեց ՍԴ անդամների նկատմամբ ճնշում իրագործելու մեխանիզմը։ Այսպիսով‚ ըստ էության, իշխանությանը մնում է միայն փորձել կոտրել գլխավոր թիրախի՝ Հրայր Թովմասյանի դիմադրությունը: Սա‚ թերևս‚ ամենաանցանկալի տարբերակն էր իշխանության համար, քանի որ Հրայր Թովմասյանը գուցե թե՛ իշխանության‚ թե՛ նույնիսկ ընդդիմության որոշ հատվածների համար անսպասելիորեն արդեն իսկ հասցրել է ապացուցել, որ պատրաստ է երկարատև, փաստարկված և հակառակորդի ռեսուրսները մաշեցնող պայքարի: Վերլուծաբաններից շատերը պնդում են‚ որ Հրայր Թովմասյանի այս տոկունությունը միայն անձնական որակներով չի պայմանավորված. ՍԴ նախագահն ունի նաև արտաքին հենարաններ՝ ամուր կապեր եվրոպաներում‚ առաջին հերթին Գերմանիայի որոշ ազդեցիկ շրջանակների հետ տասնամյակներ շարունակվող համագործակցությամբ:
Նկատենք, որ վերջին շրջանում ակնհայտ է ոչ միայն իշխանության‚ այլև ընդդիմության դաշտում դիրքավորված ուժերի և նրանց ներկայացուցիչների հռետորաբանության կոշտացումը։ Հիշատակենք‚ թերևս‚ Վիտալի Բալասանյանի, Արմեն Աշոտյանի, Միքայել Մինասյանի, Միհրան Հակոբյանի, Էդուարդ Շարմազանովի և այլոց կողմից օգտագործվող ավելի քան կոշտ բառապաշարը: Ընդ որում, վերջիններիս գնահատականներում և մեկնաբանություններում առկա են ոչ միայն կարծր բնորոշումներ, այլև նույնիսկ տարաբնույթ սպառնալիքներ: Ընդդիմադիր շրջանակների մարտավարության կոշտացումը‚ ամենայն հավանականությամբ‚ պատահական չէ‚ գուցե նաև լավ հաշվարկված է‚ և չի բացառվում‚ որ արդյունավետ լինի՝ ելնելով գործող իշխանության արդեն իսկ նկարագրված բնավորությամբ:
Ինչի՞ վրա է հիմնված ընդդիմադիրների մարտավարության նկատելի կարծրացումը։ Բանն այն է‚ որ ըստ վերլուծությունների‚ ՀՀ իշխանությունների վարկանիշը և պետական համակարգի գործունեության արդյունավետությունը հիմնված են մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հեղինակության վրա: Սա ենթադրում է, որ առաջնորդի արտաբերած յուրաքանչյուր միտք, գաղափար կամ խոսք վերջնական է ու քննարկման ենթակա չէ: Այս մոդելը‚ սակայն‚ ռիսկային է և կարող է բավականին խոցելի լինել‚ եթե դրան հակադրվի նպատակաուղղված, հետևողական և կոորդինացված աշխատանք: Այս պարագայում օրվա ընդդիմության նպատակը թերևս դառնում է առաջնորդի վերաբերյալ ստեղծված կարծրատիպերի կոտրումը: Այն է՝ ՀՀ վարչապետի «անսխալ, դուխով, ազնիվ, անկոտրում, ասֆալտին փռող, պատերին ծեփող ու միշտ վերջին խոսքն ասող» հեղափոխական առաջնորդի կերպարը պետք է կասկածի տակ դրվի: Այս մարտավարական հնարքի գործադրման ճանապարհին ընդդիմության կողմից, նախ և առաջ, քարոզչական հարթակներում օգտագործվում է առնվազն նույն բառապաշարը, որը մինչ այդ օգտագործվում էր առաջնորդի կամ նրա թիմակիցների կողմից՝ խոսքին խոսքով, ուժին ուժով, հայհոյանքին հայհոյանքով և այլն: Այս համատեքստում, եթե‚ օրինակ‚ դիտարկենք Վիտալի Բալասանյանի կողմից ՀՀ վարչապետին տրված գնահատականները, Արթուր Վանեցյանի կոշտ արձագանքը և սպառնալիքները, Արմեն Աշոտյանի կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով օգտագործվող կոշտ մեկնաբանությունները, ինչպես նաև Միքայել Մինասյանի կողմից հեղափոխական գործընթացների ակունքների մասին գաղտնազերծման ակնհայտ ակնարկները, ապա կարելի է արձանագրել, որ դրանք բավականին զգայուն հարված են հասցնում առաջնորդի կերպարի շուրջ ստեղծված առասպելին՝ ձևավորելով կարծիք, որ կան նրանից ավելի «դուխով», ավելի վճռական, անգամ ուղղակիորեն բոլոր առումներով դիմադրելու պատրաստ ուժեր: ՈՒշագրավ է, որ այս մարտավարության պարագայում իշխանական դիմադրության ռեսուրսը զգալիորեն ընկրկում է, որևէ լուրջ արձագանք‚ հակաքայլ ընդդիմության կոշտ դրսևորումներին չի ցուցաբերվում: Անգամ տպավորություն է ստեղծվում, թե լուրջ դիմադրության հանդիպելով՝ իշխանությունը բարոյալքվում է‚ նահանջում է՝ խնդիրների հետ մեն-մենակ թողնելով անձամբ երկրի վարչապետին:
Միքայել Մինասյանը իր «Երկիր-Հայկական ժամանակ» հոդվածում‚ որ հրապարակվեց օրերս‚ ծաղրական նրբերանգներով կիրառեց առաջնորդին նսեմացնելու գործիքը: Սա նույնպես հայտնի մեթոդոլոգիա է. հակառակորդին ծաղրի ենթարկելու մեխանիզմով, ի դեմս նրա, ձևավորվում է անլուրջ գործչի կերպար, որին առհասարակ որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, և տպավորություն է ստեղծվում‚ թե գործող ղեկավարն ընդամենը, միջանկյալ‚ ժամանակավոր մի օղակ է խաղի իրական տերերի մեծ փասիանսում:
Այս իրավիճակում ընդդիմությունը փորձում է նաև օրակարգային դարձնել բոլոր խնդրահարույց հարցերը միաժամանակ, որոնց լուծումներն իշխանությունն ու նրա առաջնորդն այնքան էլ լավ չեն պատկերացնում։
Ինչպես ցույց է տվել վերջին ամիսների փորձը, երբ իշխանությունը ստիպված է լինում Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի, Արթուր Վանեցյանի և այլ ուժայինների, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, Ամուլսարի, դատարանների, Ստամբուլյան կոնվենցիայի և այլ ավելի պակաս հնչողություն ստացած խնդիրների միաժամանակյա լուծումներ փնտրել, ապա կա՛մ պարզապես դրանց լուծում չի տրվում, կա՛մ այնպիսի եզրակացություններ են արվում, որոնք է՛լ ավելի են ծանրացնում ընդհանուր իրավիճակը‚ ինչը ստիպում է վարչապետին ակնհայտ սխալներ թույլ տալ: Մասնավորապես‚ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ արված քայլերը նման չկշռադատված «լուծումներից» մեկն են: «Սասնա ծռերի» հետ իշխանության ցուցադրական սիրախաղը նույնպես նյարդային ռեակցիաներից է, ինչն ակնարկում է իշխանության կողմից ուժային լուծումների գնալու պատրաստակամության մասին: Եվ այս համատեքստում Վիտալի Բալասանյանի հայտարարությունները հայաստանյան քաղաքական շրջանակներում ընկալվեցին որպես պատասխան հենց այդ, առայժմ տեսական, սպառնալիքին: Ինչևէ‚ իրավիճակը բավականին բարդանում է‚ և շատ դեպքերում փոփոխություններ են արձանագրվում ոչ թե օրերի‚ այլ անգամ ժամերի ընթացքում։ Հատկանշական է‚ որ գործող իշխանությունը վերջին շրջանում բազմաթիվ գործիքակազմերից ապավինում է հիմնականում ռեպրեսիվ մեխանիզմին‚ սակայն ինչպես արդեն նշեցինք‚ յուրաքանչյուր դեպք առաջացնում է նոր խնդիրներ‚ ընդ որում‚ ոչ միայն երկրի ներսում‚ այլև արտաքին հարթակներում։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ