ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լոնդոնը ԱՄՆ-ի բարի կամքից կախված կլինի՝ ինչպես չի եղել երբեք

Լոնդոնը ԱՄՆ-ի բարի կամքից կախված կլինի՝ ինչպես չի եղել երբեք
05.06.2019 | 12:07

Դոնալդ Թրամփը Թերեզա Մեյի հետ համատեղ ասուլիսում Բրիտանիային խոստացավ ֆենոմենալ առևտրային պայմանագիր ԵՄ-ից դուրս գալուց հետո:
Նախագահն ու հեռացող վարչապետը քննարկել են համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ և հաստատել երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը: «Քանի դեռ Բրիտանիան պատրաստվում է ԵՄ-ից դուրս գալուն, ԱՄՆ-ը ցանկանում է Միացյալ Թագավորությանն հետ կնքել ֆենոմենալ առևտրային համաձայնագիր»՝ հայտարարեց Թրամփն ասուլիսում: Բրեկզիտի մասին հարցին նա պատասխանեց, որ պետք է: «Սա մեծ, մեծ երկիր է, որ ցանկացավ ունենալ իր նույնականությունը, իր սեփական սահմանները և ինքնուրույն անել իր գործերը»՝ ասաց ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիայի մասին: Թերեզա Մեյը տեղեկացրեց, որ քննարկել են ոչ միայն իրենց փոխհարաբերությունները, այլև՝ տարաձայնությունները, իմա՝ բրիտանական կառավարության համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ, որ դուր չի գալիս ԱՄՆ-ին, վերաբերմունքը մոլորակի կլիմայական փոփոխություններին: Թրամփն անդրադարձավ Թերեզա Մեյի իրավահաջորդին: Նա հիշատակեց նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի ու ԱԳ նախարար Ջերեմի Հանթի անունները, ասաց, որ երկուսին էլ ճանաչում է ու գտում է, որ երկուսն էլ կարող են լավ աշխատել:

Նա նշեց, որ Լեյբորիստների նախագահ Ջերեմի Կորբինը հանդիպում է խնդրել ու մերժում ստացել: Դա հաստատել են և Լեյբորիստական կուսակցությունում՝ հավելելով, որ Կորբինը պատրաստ է ԱՄՆ նախագահին հանդիպել: Huawei-ի հետ համագործակցության մասին Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ը չի ծրագրում սահմանափակել Բրիտանիայի համար ԱՄՆ հետախուզության տվյալների հասանելիությունը համաձայնագրի շրջանակներում՝ չինական ընկերության հետ համագործակցության պատճառով: Թրամփը վստահ է, որ Բրիտանիան ու ԱՄՆ-ը այդ հարցում համաձայնության կգան: Տարաձայնություններ հարուցած ևս մեկ հարց է ԱՄՆ ընկերությունների մուտքի սահմանափակումը առողջապահության բրիտանական պետական համակարգ: ԱՄՆ-ում շատ ընկերություններ ցանկանում են փայատեր դառնալ ու պետական պայմանագրեր ստանալ Բրիտանիայում, բայց բրիտանացի քաղաքական գործիչները դեմ են: Թրամփն ասաց, որ հարցը կարող է մաս դառնալ առևտրական համաձայնագրի, բայց Մեյն առարկեց, որ այդ հարցերը դեռ պետք է քննարկել, իսկ առողջապահության նախարար Մեթ Հենկոկը Թվիթերում գրեց, որ քանի դեռ ինքը նախարար է, մասնավոր ընկերությունները մուտք չեն ունենա բրիտանական պետական առողջապահական համակարգ:
Լոնդոնի կենտրոնում ցույց էին անում Թրամփի այցի դեմ: Ցույցեր են ծրագրված նաև մյուս քաղաքներում: Ցուցարարները նորից երկինք բարձրացրին «բեբի Թրամփ» փուչիկը, որով ողջունել էին նրան Լոնդոն առաջին այցի ժամանակ:
BBC


Հ.Գ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շուտով հրաժարական կտա, վարչապետի 13 թեկնածուների մեծ մասը խոստանում է արագ հեռանալ ԵՄ-ից ու ավելի շահավետ միջազգային պայմանագրեր: Քաղաքական հիմնական երկու կուսակցությունները լավագույն ժամանակները չեն ապրում, ընտրողների աջակցությունը նվազում է: Այս պահին ամենահանրաճանաչ քաղաքական գործիչներ պահպանողական Բորիս Ջոնսոնն ու Brexit կուսակցության հիմնադիր Նայջել Ֆարաջը կողմ են ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին առանց համաձայնագրի դուրս գալու՝ գրում է Թերեզա Ռաֆայելը Bloomberg-ում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի խզումը բազում դրական պահեր ունի: Առաջին՝ կարելի է Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ ներքաշել ԱՄՆ-ի ազդեցության գոտի՝ հեռացնելով եվրոպական համակարգից: Երկրորդ՝ ՄԲ-ի դուրս գալը կնվազեցնի ԵՄ-ի աշխարհաքաղաքական կշիռը, որ շատ ձեռնտու է՝ հաշվի առնելով Չինաստանին ու Իրանին զսպելու ԱՄՆ-ի ձգտումը: Լոնդոնը ԱՄՆ-ի բարի կամքից կախված կլինի՝ ինչպես չի եղել երբեք:
Թեպետ առևտրական գործարքները լավ գործ են, իսկ ՄԲ-ն ու ԱՄՆ-ը վաղեմի առևտրական գործընկերներ են, Լոնդոնը պետք է ռեալ նայի իրավիճակին: Հազիվ թե ԱՄՆ-ը դեկավարվում է սենտիմենտալ շահերով: Անգլոամերիկյան ցանկացած առևտրական բանակցություններում բրիտանական կողմն է ստիպված լինելու զիջել: Բրիտանիան կարող է եվրոպական կարգերը փոխել ամերիկյանով: Դա է վկայում ԱՄՆ-ի առևտրական նպատակների մարտին հրապարակված ընդգրկուն ցանկը: ԱՄՆ-ի հետ ազատ առևտրից շահույթները շատ համեստ են: Առևտրական ներկրման մաքսատուրքերը արդեն շատ ցածր են՝ միջինը 3%, թեպետ ԵՄ-ն ավելի բարձր մաքսատուրքեր է սահմանում գյուղատնտեսական ու արդյունաբերական որոշ ապրանքների համար՝ ներառյալ ավտոմեքենաները: Սպասվում է, որ ՄԲ-ն կմեծացնի ԱՄՆ-ի գյուղատնտեսական արտադրանքի ներկրումը, երբ զրկվի եվրոպական սուբսիդիաներից ու ընդունի գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ կանոնները: Ծառայությունների ոլորտում, որ ՄԲ տնտեսության 80% է և արտահանման 45%-ը, առևտրական գործարքները, որպես կանոն, մեծ դեր չունեն, քանի որ այդ ոլորտը հիմնականում կարգավորվում է կանոններով, իսկ կառավարությունները միշտ շահագրգռված են պահպանել այդ կանոնները իրենց հայեցողությամփ փոխելու հնարավորությունը:


Անկախ ինչ է ուզում Թրամփը, Կոնգրեսը ևս ձայնի իրավունք ունի: Համայնքների պալատի նախագահ Նենսի Փելոսին հասկացրեց, որ եթե բրեկզիտը վնասի Իռլանդիայի շահերին, Կոնգրեսը ցանկացած առևտրական գործարք կարգելափակի: ԱՄՆ-ին ու ՄԲ-ին ժամանակ է պետք բանակցությունների համար: Հաշվի առնելով՝ ինչ ճնշման տակ է հիմա Բրիտանիան, կարող է զիջումների գնալ՝ բանակցային գործընթացն արագացնելու համար:
Բրեկզիտի կողմնակիցները տրտնջում են եվրոպացիների բազմաթիվ կանոններից ու սահմանափակումներից, նրանք տհաճորեն զարմանալու են՝ որքան պահանջկոտ գործընկեր է ԱՄՆ-ը: ԱՄՆ-ը, իհարկե, ՄԲ-ի բարեկամն ու դաշնակիցն է, բայց առևտրական ցանկացած բանակցություն երկու երկրների միջև լինելու է միակողմանի: Պատահական չէ, որ բրեկզիտն այդքան Թրամփի սրտով է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ