ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բրյուսելը նորից որոշել է դաս տալ Անկարային

Բրյուսելը նորից որոշել է դաս տալ Անկարային
31.05.2019 | 12:58

Երբ 2018-ի նոյեմբերի վերջին Անկարան ու Բրյուսելը մեկուկես տարվա մեջ առաջին անգամ վերադարձան Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններին, թվաց, որ ԵՄ-ն մտադիր չէ հրաժեշտ տալ Թուրքիային: Թեպետ կողմերը կոշտ բառային հարձակումներ փոխանակեցին: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարեց, որ «Անկարայի համար իդեալական կլիներ ԵՄ անդամակցության հայտը հետ կանչել»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանեց, որ «Անկարան չպետք է մտահոգվի ԵՄ-ի առիթով ու չկենտրոնանա ԵՄ-ի անդամակցության վրա»։ Իսկ եթե «Եվրոպան Թուրքիայի հետ անցնելու ճանապարհ չունի, առաջինը պետք է դա հայտարարի»: Բայց խոսքը՝ խոսք, գործը՝ գործ: Տարբեր պատճառներով Բրյուսելն ու Անկարան, այնուամենայնիվ, չդադարեցրին երկխոսությունը, միայն ժամանակ առ ժամանակ դադարեցնելով՝ քննարկում էին եվրաինտեգրմանն անհրաժեշտ բարեփոխումների ներդրումը, հատկապես մաքսային միության և վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Այդ ժամանակ Թուրքիայի կարևորությունը որոշարկում էր Եվրոպայի միգրացիոն սուր խնդիրը և որոշ չափով խլացնում էր Անկարայի հասցեին եվրոպական քննադատությունը, որ կտրուկ աճեց միայն Թուրքիան նախագահական հանրապետություն դարձնող սահմանադրական բարեփոխումներից հետո:


Բրյուսելն ունի գործողությունների 2 սցենար: Առաջինը՝ ոչնչի չնայելով առավելագույն մերձեցման գնալ (բայց ոչ ինտեգրման) Անկարայի հետ՝ ստեղծելով իրավիճակ, երբ Անկարան ստիպված կլինի իրականացնել ԵՄ-ին ցանկալի քաղաքական և մյուս բարեփոխումները: Երկրորդը՝ շարունակել Անկարային տարածության վրա պահել, բայց կոշտ քննադատության թիրախում, անընդհատ սպառնալով ԵՄ անդամակցության բանակցությունների դադարով: Նպատակը՝ խաղալ Թուրքիայի իշխող դասի եվրոպական նույնականության զգացումների վրա՝ մղելով Էրդողանի հետ դիմակայության, երբ նա հայտարարի, որ կա այլընտրանք Ռուսաստանին ու Չինաստանին միանալու տեսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ: Թեպետ այլ պահերի նա սկսում է բոլորին համոզել, որ դա «ճանապարհ է հետ՝ դեպի Արևելք, ոչ թե առաջ՝ դեպի Արևմուտք»: Օրերս հրապարակվեց Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցը ԵՄ ընդլայնման քաղաքականության մասին, որտեղ ասվում է, որ «Թուրքիան շարունակել է հեռանալ ԵՄ-ից, լրջորեն նահանջելով օրենքի գերակայության և հիմնական իրավունքների ոլորտում և թուլացնելով քաղաքական համակարգի հավասարակշռությունը սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պատճառով»: Որ «Թուրքիայի անդամակցության բանակցությունները, հետևաբար, փաստացի փակուղի են մտել»: Այսինքն՝ Բրյուսելը Անկարայի նկատմամբ իրականացնում է երկրորդ սցենարը՝ հետ մղելով իրենից, իր գործողությունները կապելով բացառապես Էրդողանի քաղաքականության հետ: Բայց Թուրքիային Էրդողանի իշխանության գալուց առաջ էլ տասնամյակներով պահում էին Եվրոպայի նախաբաղնիքում: Թուրքիայի Հանրապետության և Եվրոպական տնտեսական հանրության ասոցացման համաձայնագիրը կնքվել է 1963-ին: ԵՄ անդամության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ Թուրքիան ստացավ 1999-ին: 2005-ին ԵՄ անդամակցոթյան բանակցությունները վերսկսվեցին: Կիսաբաց դռների քաղաքականությամբ Բրյուսելը ձգտում էր ազդել քաղաքական ուժերի դասավորության վրա Թուրքիայում: Հիմա այդ քաղաքականությունը գործուն լծակներ չունի Անկարայի վրա, փոխարենը. Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով Անկարան ստացել է ոչ քիչ ուժեղ փաստարկներ Բրյուսելի վրա ճնշում գործադրելու համար: Եթե առաջ Թուրքիան խոսքով հայտարարում էր իր աճոող դերի մասին այդ տարածաշրջանում, դա ընկալվում էր իբրև Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ քաղաքական առևտրի ձև, նոր պայմաններում Թուրքիան ալյանսի մեջ է Ռուսաստանի ու Իրանի հետ սիրիական ուղղությամբ՝ ստանալով իր արևմտյան գործընկերների հետ հավասարակշռված հարաբերություններ կառուցելու շանս: Ավելին՝ դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ Թուրքիան նույնիսկ ԵՄ անդամակցության դեպքում հրաժարվի իր ազգային ինքնիշխանության մի մասից: Ստացվում է ինտրիգային իրավիճակ՝ ԵՄ-ն չի ցանկանում հայտարարել, որ «կորցնում է» Թուրքիային, Թուրքիան չի ցանկանում հրաժարվել Եվրոպայից:


Պաշտոնապես ոչ ոք իր ներքին պատճառներով մտադիր չէ կամուրջներն այրել, խզել առևտրատնտեսական կապերը, հետևելով, որ արտաքին քաղաքականության շրջադարձերը շատ հեռուն չտանեն: Բրյուսելը հոգու խորքում հույս ունի, եվրոպացի մի փորձագետի խոսքով, որ «ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում թուրքական վերքերը վաղ թե ուշ կվերածվեն ներքաղաքական փտախտի»: Թուրքիան հայտարարում է, որ «ԵՄ-ն գտնվում է փլուզման եզրին և Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որ միությունից հեռացավ»: Միով բանիվ՝ Անկարան ցուցադրում է ԵՄ-ին փոքր գործընկերոջ դերով չհարաբերվելու մտադրություն, իսկ ԵՄ-ն որոնում է նրան դաս տալու միջոցներ, որ նախկինում բազմիցս եղել է: Միևնույն ժամանակ՝ Էրդողանը շարունակում է խաղը: Նա հայտարարում է, որ իր երկիրը «թիկունք չի դարձնի իր ամենամեծ առևտրային գործընկերոջը» ի դեմս ԵՄ-ի, չնայած միության մի քանի պետություններից «ապրած անարդարությանը», որ «օգտագործել են Թուրքիան իրենց ներքաղաքական նպատակներով»: Դա նոր բաղադրիչ է ու նոր ինտրիգ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Նոր բաղադրիչ ու նոր ինտրիգ արդեն իսկ կա ԵՄ նոր ղեկավարության տեսքով, որ դեռ չի որոշակիացել, բայց դատելով Եվրախորհրդարանի կազմից՝ Բրյուսելը շարունակելու է երկրորդ սցենարը, իսկ Թուրքիան չափազանց շտապում է՝ հայտարարելով ԵՄ փլուզումը՝ բրեկզիտով սկսվելը: Փաստը մնում է փաստ, որ ԵՄ-ն երբեք էլ իր կազմում չի ընդունի մենթալիտետի ու քաղաքակրթության, կրոնական այդքան տարբերություններով երկիր: Առանց այդ էլ թուրքերը հեղեղել են Հին աշխարհը ու բոլորն էլ հասկանում են, որ մուսուլմանները չեն ինտեգրվում ու չեն ընդունում եվրոպական արժեքները: Տնտեսական համագործակցություն կշարունակվի, իսկ քաղաքականը կմնա որոշակի տարածության վրա: Ու այդտեղ ոչ մի ինտրիգ չկա վաղուց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ