Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Վերադարձ դեպի արմատները

Վերադարձ դեպի արմատները
14.10.2008 | 00:00

ՄԵՐ ԱՆՎԱՆԻՆԵՐԸ
Այս տարվա մայիսի 9-ին լրացավ համաշխարհային աթլետիկայի լեգենդներից մեկի՝ Իգոր Տեր-Հովհաննիսյանի ծննդյան 70-ամյակը։ Յոթ տասնամյակ, որից շուրջ վեցը նվիրել է սպորտին։
-Իմ մարզական կենսագրության առաջին տողերը գրվել են այստեղ՝ Երևանում,-
ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում օրերս կայացած հանդիպման ժամանակ հուշերի կծիկը բացեց Իգոր Տեր-Հովհաննիսյանը։- 1946 թվականին, նորաբաց ֆիզկուլտուրայի ինստիտուտի հրավերով, հայրս՝ սկավառականետման Խորհրդային Միության բազմակի ռեկորդակիր, Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ Արամ Տեր-Հովհաննիսյանը, տեղափոխվեց Երևան և սկսեց ղեկավարել աթլետիկայի ամբիոնը։ Իմ պատանեկան հիշողությունները կապված են Աբովյան փողոցում գտնվող սպորտկոմիտեի հետ, որի բակում եղած շինությունում տեղավորվեց մեր ընտանիքը։ Այնտեղ հաճախակի էի տեսնում Հրանտ Շահինյանին, Իգոր Նովիկովին, որն ինձ լողալ սովորեցրեց և այն տարիների այլ հանրահայտ մարզիկների։ 1947 թվականին մասնակցեցի Մոսկվայում անցկացված համամիութենական շքերթին և «Դինամո» մարզական ընկերության ստադիոնում տեղի ունեցած մարզական պատմական տոնին, որի ժամանակ այն տարիների աշխարհի ուժեղագույն մարդկանցից մեկը՝ լեգենդար Սերգո Համբարձումյանը, ահռելի ծանրաձողն ուսերին՝ ծայրերից կախված երկու հսկայական գնդերով, դուրս եկավ խաղադաշտ, և գնդերից դուրս թափվելով՝ մենք՝ գնդերի մեջ եղած մանուկներս, սկսեցինք ֆուտբոլ խաղալ։ Հիշում եմ, որ խաղում էի «Սպարտակից» 9 համարի տակ, իսկ այդ մարզական յուրօրինակ ներկայացմանը ներկա էր նաև Ստալինը։ Երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե ինչ մարզաձևով զբաղվեմ։ Ինձ մոտ ամեն ինչ լավ էր ստացվում, իսկ այդ տարիներին մարզվում էի ակրոբատիկայով, ըմբշամարտով, ֆուտբոլով և լողով։ Իմ երևանյան կենսագրությունը երկար չտևեց։ 1948-ին տեղափոխվեցինք Մոսկվա, որտեղ հայրս երեք տարի աշխատեց ֆիզկուլտուրայի կենտրոնական ինստիտուտում, իսկ երեք տարի անց հաստատվեցինք Լվովում։ Հայրս նշանակվեց ֆիզկուլտուրայի ինստիտուտի պրոռեկտոր և ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ։ Հետագայում պաշտպանեց դոկտորական թեզը (1972 թ.), ստացավ պրոֆեսորի կոչում։ Հենց Լվովում էլ սկսեցի մարզվել աթլետիկայով։ Պետք է խոստովանեմ, որ իմ կյանքը շատ հաջող ստացվեց։ Ես երջանիկ եմ իմ ապրած մարզական կյանքով...
Համաշխարհային սպորտի բոլոր ժամանակների մեծագույն ներկայացուցիչներից մեկի մուտքը մեծ սպորտ տեղի ունեցավ 1956 թվականին, Մելբուռնի օլիմպիական խաղերում։ Հետագայում նա ևս չորս անգամ դուրս եկավ օլիմպիական մեկնարկ։ 1960 թ. Հռոմում և 1964 թ. Տոկիոյում նվաճեց բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի ողջ պատմության մեջ հատ ու կենտ մարզիկների է հաջողվել հինգ անգամ դուրս գալ օլիմպիական մեկնարկ։
Հեռացատկի Խորհրդային Միության 12-ակի և 4x100 մետր վազքի եռակի չեմպիոնը մասնակցել է նաև Եվրոպայի ամառային և ձմեռային վեց առաջնությունների, 1958, 1962 և 1969 թվականներին Ստոկհոլմում, Բելգրադում և Աթենքում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ արժանացել արծաթե պարգևի։
Պեկինի օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցումների օրերին անդրադառնալով համաշխարհային հեռացատկին, լրագրողները միայն այլ արդյունքների բաժնում էին նշել 1936 թվականի բեռլինյան օլիմպիադայի հերոս Ջեսի Օուենսին, ով առաջինն աշխարհում 1935 թ. ցատկեց ութ մետրից հեռու (8 մետր 13 սմ), և այս ռեկորդը անգերազանցելի մնաց ամբողջ 25 տարի։ 1960 թվականի օգոստոսի 12-ին Օուենսի «հավերժական» ռեկորդը բարելավեց մեկ այլ ամերիկացի՝ Ռալֆ Բոստոնը։ Ամերիկացի մարզիկի և Իգոր Տեր-Հովհաննիսյանի բազմամյա մենամարտը վաղուց մտել է համաշխարհային աթլետիկայի ոսկե պատմագիրք։ ԽՍՀՄ-ԱՄՆ այն տարիների համար ավանդական մրցամարտին, որը տարվա գլխավոր աթլետիկական իրադարձությունն էր, երկու անգամ նրանք հանդիպել են, և երկու դեպքում էլ հաղթանակ է տարել խորհրդային աթլետը։
Իգոր Տեր-Հովհաննիսյանի մարզական աստղը ողջ ուժով փայլատակեց հատկապես 1962 թվականին։ Հունիսի 9-ին Երևանի հանրապետական մարզադաշտում անցկացվեց հայրենական պատերազմում զոհված Հայկազ Սաֆարյանի հիշատակին նվիրված համամիութենական մրցաշարը։ Այդ մրցումների զարդը դարձավ Տեր-Հովհաննիսյանի ելույթը։ Նույն ստադիոնում, որտեղ անվանի մարզիկն արել էր իր առաջին քայլերը, նա սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ՝ 8 մետր 31 սանտիմետր։ Երևանյան ռեկորդը երեք սանտիմետրով ավելի էր Բոստոնի 1961 թվականին Մոսկվայում սահմանած բարձրագույն նվաճումից։ 1967 թ. հայազգի մարզիկը ևս մեկ անգամ բարելավեց համաշխարհային ռեկորդը՝ այն հասցնելով 8 մետր 35 սանտիմետրի։
-Ակնկալիքները, թե Պեկինում հեռացատկորդները կառանձնանան բարձր արդյունքներով, չիրականացան։ Մայք Պաուելի 16-ամյա վաղեմություն ունեցող ռեկորդը, որը հավասար է 8 մետր 95 սանտիմետրի, դարձյալ մնաց անհասանելի։ Սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ բարձրակարգ հեռացատկորդ պատրաստելն այնքան էլ դյուրին գործ չէ։
Իգոր Տեր-Հովհաննիսյանի երևանյան այցի հիմնական շարժառիթը հոկտեմբերի 10-ին ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունն էր։ Ռեկտորը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի վկայական հանձնեց մանկավարժական գիտությունների թեկնածու, ԻԱԱՖ-ի պատվավոր անդամ, աթլետիկայի եվրոպական ասոցիացիայի մարզիչների ընդհանուր պատրաստականության բարձրացման կոմիտեի փոխնախագահ Իգոր Տեր-Հովհաննիսյանին։
Հանդիպման վերջում Իգոր Տեր-Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այդ բարձր և պատվավոր կոչման համար և ոչ միայն դրա։
-Շատ ուրախ եմ, որ մեկ անգամ ևս առիթ ներկայացավ լինելու իմ մանկության քաղաքում, հնարավորություն ունեցա վերհիշելու անցյալը, հանդիպելու վաղեմի ծանոթներիս հետ, ինչը անչափ հաճելի էր։ Սա նաև խոսում է այն մասին, որ մենք բոլորս ոչ միայն ընդհանուր արմատներ, այլև ընդհանուր հետաքրքրություններ ունենք, և շատ եմ ցանկանում, որ այդ հետաքրքրությունները այսուհետ էլ զարգանան, ինչը կնպաստի հայկական աթլետիկայի հետագա զարգացմանը։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3793

Մեկնաբանություններ