Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բանկին ճնշել չհաջողվեց

Բանկին ճնշել չհաջողվեց
10.06.2008 | 00:00

Անցած շաբաթ օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում «Հայէկոնոմբանկը» ամփոփեց 2007թ. իր գործունեության արդյունքները: Ժողովին ներկա բաժնետերերի, նաև մի շարք խոշոր հաճախորդների և լրագրողների ներկայությամբ բանկի գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը նախ ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք նշանավորել են բանկի գործունեությունը 2007-ի ընթացքում, ապա խոսքը փոխանցեց բանկի ամենատարբեր մասնագետներին։ Նրանք ներկայացան մանրակրկիտ հաշվետվությամբ՝ միաժամանակ ներկաներին առաջարկելով հանդես գալ իրենց առաջարկներով: «Հայէկոնոմբանկի» բաժնետեր Սարիբեկ Սուքիասյանն այս իմաստով նշեց, որ «բոլոր խելացի առաջարկներն անպայման և անհապաղ հաշվի կառնվեն հենց միայն այն պատճառով, որ բանկի, բաժնետերերի և սպառողների շահերը համընկնում են»:

Բայց գանք ձեռքբերումներին: Հաշվետու տարվա հիշարժան իրադարձություններից կարևորվում են փետրվար ամսին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային ընկերության կողմից բանկին տրված E+ (ֆինանսական կայունության) և B1 (ՀՀ դրամով ու արտարժույթով երկարաժամկետ ավանդների) վարկանիշերը, երկուսն էլ Stable Outlook-ով, որ կայուն հեռանկար է նշանակում, և ինչը ՀՀ բանկային համակարգում եզակի երևույթ էր, իսկ ապրիլին, վերանայելով վարկանիշերը, նույն ընկերությունը բանկին արժանացրել է ավելի բարձր` D- և Ba3 վարկանիշերի (երկուսն էլ` կայուն հեռանկարով): Սրանից բացի` փետրվար ամսին բանկի և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի՝ IFC-ի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ բանկին հատկացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի վարկ` ՀՀ-ում փոքր ու միջին բիզնեսի և հիպոթեքի վարկավորման համար: Հունիս, հուլիս ամիսներն էլ բարեբեր են եղել բանկի համար. նախ` բանկն արժանացել է գերմանական Commerzbank AG բանկի Միջազգային արտարժութային փոխանցումների որակի սերտիֆիկատին` այդ ոլորտում արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար, ապա բանկի և Գերմանահայկական հիմնադրամի միջև կնքվել է վարկային պայմանագիր, որով 103,5 մլն դրամի չափով հիպոթեքային վարկեր են տրամադրվել 2007-ին: Հոկտեմբերին բանկի և Վերակառուցման ու Զարգացման Եվրոպական բանկի (ի դեպ, այս հեղինակավոր բանկը «Հայէկոնոմբանկում» բաժնետեր է, նրա ներկայացուցիչը ևս ելույթ ունեցավ ժողովի ընթացքում և, առկա հաջողությունների համար ուրախություն հայտնելով, տեղեկացրեց, որ ապագայում ևս իրենք ամեն բան կանեն` բոլոր առումներով առաջիններից մեկը լինելու համար) միջև կնքվել է սինդիկացված վարկի պայմանագիր, հատկացվել է 3 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը, իսկ ահա դեկտեմբերին ՀՀ-ում կրկին եզակի մի իրողություն տեղի ունեցավ, ըստ որի նույն ՎԶԵԲ-ը և թվով 5՝ գերմանական, ավստրիական, հնդկական, թայվանյան ու բրիտանական հայտնի բանկեր դարձյալ 15 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ տրամադրեցին բանկին: Այսքանից հետո ամփոփենք, որ 2007-ին մեծապես աճել են ոչ միայն բանկի ակտիվները, այլև ընդհանուր կապիտալը, ցպահանջ, ժամկետային ավանդները, բանկի շահույթը կազմել է 1893,6 մլն դրամ` աճելով մոտ 20,5 տոկոսով:

Սա նշանակում է, որ ինչքան էլ ոմանք անցած ամիսների հայտնի իրադարձությունների ընթացքում փորձեցին թուլացնել «Հայէկոնոմբանկը», չհաջողեցին: «Դուք այդ ընթացքում բանկի կողքի՞ն եք եղել»,- հարցրի ժողովին ներկա ՀՀ բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանին: «Դուք կարող եք հարցնել պրն. Սուքիասյանին, և նա ինքն էլ կվկայի, որ չնայած իրենց բանկը նոր-նոր պիտի մեր միության անդամ դառնա, բայց մենք միշտ իրենց հետ ենք եղել: Անձամբ ես ամեն օր զանգահարել եմ, հետաքրքրվել խնդիրներով և հիմա ուրախ եմ, որ մի շարք հաճախորդներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացել էին բանկից, ոչ միայն նորից վերադարձել են, հետներն էլ նոր հաճախորդներ են բերել: Ես ինքս գործող բանկ եմ ղեկավարում և կվկայեմ, որ սա շատ թափանցիկ ու զարգացած բանկ է»:

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 17012

Մեկնաբանություններ