Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Աշխարհում իրավիճակի լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, ինչն ազդել է մեր քաղաքական իրավիճակի վրա»

«Աշխարհում իրավիճակի լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, ինչն ազդել է մեր քաղաքական իրավիճակի վրա»
06.03.2009 | 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԼԻՆԵԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎՏԱՆԳԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ»
«Շատերը, այդ թվում որոշ քաղաքական գործիչներ, չեն ընկալում որակական այն փոփոխությունները, որոնք վերջին երկու տարիների ընթացքում տեղի են ունեցել Հայաստանում։ Իսկ ո՞րն է դա՝ քաղաքացիական շարժումը։ Եթե 1998-2009 թվականները փորձենք համեմատել, ապա քաղաքական ուժերի այսպիսի համախմբում չի եղել։ Թող ներեն ինձ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, որոնք իսկապես նվիրյալներ էին, բայց այն իր խնդիրներով տարբերվում էր ՀԱԿ-ից։ Այսինքն, այսպիսի շարժում, երբ քաղաքական ուժն ու իր առաջնորդը կարողանում են իրենց հետևից տանել այսքան զանգվածի, երբևիցե չի եղել»,- Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի ու դրա արձագանքների շուրջ մեր զրույցի սկզբում նշեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
-Տեր-Պետրոսյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ի «բառապաշարում իսպառ պետք է բացակայեն գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները»։ Ոչ կտրուկ գործողությունների չգնալը հասարակության կողմից չի՞ դիտարկվի որպես նահանջ։
-Իհարկե, Տեր-Պետրոսյանը բացարձակ ճիշտ է։ Երբ գործընթացը թափ է հավաքում ու տանում է իշխանափոխության, դրան բիրտ ուժով միջամտել՝ էքսցեսներով կամ նոր իրավիճակ ստեղծելով, կարծում եմ, արդարացված չէ։ Կամ` որքանո՞վ արդարացված կլինեն նոր բախումները, նոր քաղբանտարկյալներն առանց այդ էլ պիտակավորված մեր պետության համար։ Կարծում եք՝ ընդդիմադիր գործիչների համար շա՞տ հաճելի է ԵԽԽՎ-ում մի ամբողջ տարի Հայաստանի մասին բացասական խոսք լսելը։
-Արագ փոփոխություններ ակնկալող քաղաքացիները որոշակի հիասթափություն չե՞ն ապրելու։
-Տեր-Պետրոսյանի ելույթը բազմաշերտ է, և բոլոր հարցերի պատասխանները կարող եք այնտեղ գտնել։ Նախ՝ ժամանակի առումով գործողությունները երկարատև չեն։ Նրանք, ովքեր կարծում են, թե սա ամիսներ, տարիներ ձգվող երևույթ է, սխալվում են, քանի որ առաջին նախագահը խոսեց սոցիալական պայթյունի մասին, ինչը տեղի ունեցավ։ Ընդամենը երկու-երեք օրվա ընթացքում, տեսեք, ինչ է կատարվում մայրաքաղաքում, սրան էլ հավելենք ապրիլի 1-ից թանկացումները։ Կան միամիտներ, ովքեր մտածում են, թե Տեր-Պետրոսյանը, սահմանադրական ճանապարհի մասին խոսելով, տանում է 2013 թվականը։ Այդպես մտածողները, մեղմ ասած, չեն կարող վերլուծել քաղաքական զարգացումները կամ հեռու են քաղաքական տեխնոլոգիաներից։
-Սահմանադրական ճանապարհի նախանշումն արդյոք չի՞ հիշեցնում 2003-ի ընդդիմության քաղաքական պայքարի նմանօրինակ ուղու որդեգրումը, ինչը կարծեք թե հաջողության չհասավ։ Այս առումով մտահոգություններ չունե՞ք։
-Եթե դիտարկենք 2003-ի և նախորդ տարվա նախագահական ընտրությունները, ապա պետք է նկատել, որ աշխարհում իրավիճակի լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, ինչը, բնականաբար, ազդել է մեր քաղաքական իրավիճակի վրա։ Արդեն նշեցի, որ Հայաստանում ձևավորվել է քաղաքական մի ուժ, որը հայ հասարակության մեջ երբևէ չի եղել։ Հետևյալ ուժը, իհարկե, պետք է գնա սահմանադրական ճանապարհով։ Ո՞վ է այն երաշխավորը, որ կարող է փրկել ռեժիմը սոցիալական ճգնաժամից, ղարաբաղյան բանակցությունների այսպիսի գործընթացից։ Արդեն իսկ ասված է՝ կա՛մ պետք է հրաժարական տան, կա՛մ պետք է լուծարեն ԱԺ-ն, գործադիր մարմինը, այսինքն, սա նշանակում է իշխանության փլուզում։ Համոզված եմ, որ արհեստականորեն ձևավորված իշխանական բուրգը, որ սերտաճել է կրիմինալի հետ, ճեղքվածք է տալիս։
-Տեր-Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց ֆինանսատնտեսական ճգնաժամի բոլոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա։ Սակայն շրջանցվեց այն խնդիրը, որի համար դադարեցվեցին հանրահավաքները՝ ղարաբաղյան հիմնախնդիրը։ Իշխանության ներկայացուցչի կարծիքով՝ ակնկալվում էր դադարի պատճառի վերլուծություն, իսկ դրա բացակայությունը հիմնավորում են նրանով, որ Տեր-Պետրոսյանը գուցե «երկրորդական» է համարել հարցը կամ «մտահոգիչ բան» չի տեսել բանակցային զարգացումների մեջ։ «Մտահոգիչ բան» չլինե՞լն էր շրջանցման պատճառը։
-Տեր-Պետրոսյանը և կոնգրեսի ղեկավար մարմինները ճշգրիտ, ազգային որոշում կայացրին։ Արցախյան հարցը թրի նման կախված է մեր գլխին։ Այդ իրավիճակում երկրի ներսում լարվածությունը խորացնելը կդիտվեր հակազգային, հակապետական, հակահայկական։ Քաղաքական գործիչ, քաղաքական ուժ լինելը չի նշանակում վտանգել պետության և պետականության ապագան։ Այսօրվա խնդիրներով առաջնորդվելը շատ պարզունակ է. պետք է մտածել Արցախի անկախության, նրա և Հայաստանի հզորացման մասին։ Սա է պատճառը, ոչ թե այն, որ Ղարաբաղի հարցն ընդդիմությունը, կոնգրեսը կամ նրա լիդերը համարել են տասներորդական։
-Այս պայմաններում Դուք իրատեսական համարո՞ւմ եք իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը։
-Այս մասին բազմիցս է խոսվել, բայց ռեժիմը վաղուց է կորցրել այդ հնարավորությունը։ Երկխոսություն կլինի, երբ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, բայց ոչ համաներմամբ։ Մեր դժբախտությունն այն է, որ ներկայիս ռեժիմի ներկայացուցիչներն իրենց ինտելեկտուալ ներուժով ընդհանուր հայկական ինտելեկտուալ պոտենցիալից տասնյակ անգամ ցածր են։ Իհարկե, կան առանձին անհատներ, որոնց չի վերաբերում ասածը, սակայն և՛ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների ինտելեկտուալ միջին մակարդակը չափազանց ցածր է։ Սա է բերել-հասցրել նրան, որ երկիրը չի կառավարվում, բարձիթողի վիճակում է։ Հետևանքն այն է, որ ռեժիմն ի վիճակի չէ կառավարել ու ժամանակ է ձգում։ Իսկ սահմանադրական ճանապարհով գնալը նշանակում է օրինական, քանի որ բոլոր ապօրինի ճանապարհներով ձեռք բերված իշխանությունները թույլ են, խոցելի։ Տեր-Պետրոսյանի ելույթը մանրամասն ընթերցելուց հետո պարզ է դառնում անգամ գործողությունների ժամանակը։ Կարծում եմ՝ այդ ժամանակն այս տարվա գարնան ավարտն է կամ ամառվա սկիզբը։
-Ասել է՝ գործող կառավարության՝ «ազգային փրկության կառավարության» վերափոխմանը երկար չե՞նք սպասելու։
-Երկրորդեմ. երբ «7-ի գործի» տղաներն ու մյուսներն ազատ կարձակվեն, այդ ժամանակ կոնգրեսն ու նրա լիդերը պատրաստ կլինեն երկխոսելու այս ռեժիմի հետ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2960

Մեկնաբանություններ