«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իսկ արցունքները խեղդում էին...

Իսկ արցունքները խեղդում էին...
30.09.2008 | 00:00

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Որ ամեն մի իրապես հայ հավատացյալի համար Մյուռոնօրհնեքը սեփական արյան գիտակցման, պապ-թոռ շարունակության ընկալման ու ժամանակներից անդին կենալու հրաշալի առիթ ու տոն է, անկասկած է: ՈՒրեմն, տոնի կազմակերպիչները կամ առնվազն հատուկ և շատ պիտի ջանք անեին այն փչացնելու համար, կամ առհասարակ պիտի անպետք լինեին դրա համար, ինչի առիթով հիմա հարկավոր է պարզապես մտնել «ներքին սենյակդ ու աղոթել», զի չգիտեն, թե ինչ են անում…
Իսկ տոնը, որքան էլ ցավալի լինի դրա մասին բարձրաձայն խոսելը, դեռ նախորդ օրը` շուրջ 15 հրավիրյալ քահանայապետերի ներկայությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում կազմակերպված էկումենիկ աղոթքի ընթացքին, ոչ ցանկալի հունով գնաց…
Ես չգիտեմ ինչպես է պետք խնդրել այս տաճարը նախագծած ճարտարապետին, որ վերացնի կամ մինիմումի հասցնի այն սոսկալի արձագանքը, ինչի պատճառով (ի դեպ, չի բացառվում նաև, որ պարզապես վատ տեխնիկա է գործածվում, չգիտեմ) հավատացյալները ոչ միայն մեկ բառ անգամ չլսեցին մեր Վեհափառի խոսքից, այլև առհասարակ չհասկացան` աղոթք ասվածն իրականացա՞վ, թե՞ չէ…
Ինչ վերաբերում է բուն Մյուռոնօրհնեքին, որ հաջորդ օրը տեղի ունեցավ Մայր Աթոռում, վախենամ` այսպես որ շարունակվի, մենք շատ շուտով Մեքքա ուխտ գնացող մահմեդականների օրինակով զոհեր էլ ունենանք… Այնպիսի հրմշտոց, այնպիսի աղմուկ-աղաղակ էր այդ օրն Էջմիածնում, որ ապշել էի ուղղակի: Կրկին ցավով պիտի խոստովանեմ, որ սրանում իրենց մեղքի մեծ բաժինը նաև կազմակերպիչներն ունեին: Նախ` բոլորը գիտեին, որ հատուկ այս արարողությանը ներկա լինելու նպատակով ոչ միայն տեղի մեր հավատացյալներն են Մայր Աթոռ հասնելու, այլև մեր բազմաթիվ սփյուռքահայ հայրենակիցներ: Հետևաբար, արժեր չբավարարվել ճիշտ բեմի մի անկյունում տեղադրված և կասկածելի հզորությամբ բարձրախոսով, ինչի պատճառով նորից ոչ մի բառ չէր լսվում, և ինչի պատճառով շատերը սրտնեղությունից սկսեցին արտասվել: Չգիտեմ` ով էր կազմակերպիչը միջոցառման, բայց նա պիտի նաև հաշվի առներ, որ մարդիկ կապիկներ չեն, որ ծառերը ելնեն, և հարկ էր գոնե 1-2 էկրան դնել բակում: Թե՞ ամեն տեսակ կասկածելի հրապարակային միջոցառումներին ու աստղիկներով լեցուն շոուներին դա «սազական է», իսկ ահա Մայր Աթոռին` ոչ…
Դա էլ մի կողմ դնենք. ամբողջ օրվա ընթացքում ես Մայր Աթոռի ներսում գոնե մեկին չտեսա, ով գար, հարկ եղածի պես մաքրեր մոմ վառելու համար նախատեսված ամանները: Առանց չափազանցելու եմ ասում, որ ինչ-որ պահից սկսած` այդտեղ ուղղակի հրդեհի վտանգ կար, էլ չասեմ, որ շատերի հագուստը վնասվեց, այրվեց, մոմ թափվեց վրաները և այլն…
Բայց ամենաահավորը գիտե՞ք որն էր: Թող հազար անգամ մեղավորիդ ների Վեհափառը, բայց մենք` հավատացյալ ժողովուրդս, չտեսանք, որ այս տոնը մեզ համար է կազմակերպված, մյուռոնը մեզ համար է եփված, և Վեհափառն էլ մեզ հետ ու մեր մեջ է: Մեր կողքին ավելի շատ թիկնապահ տեսանք: Ընդ որում, տարբեր տեսակի. իրենց աշխատանքային համազգեստով, սև վերնաշապիկով ու սև շալվարներով, կապույտ բաճկոններով և համարյա բոլորը բութ հայացքներով ու սոսկալի ագրեսիվ: Այնքան, որ քիչ էր մնում Մայր Աթոռի դռների մոտ ծնկած և Վեհափառի օրհնությանը սպասող, մեր սրբություններին հաղորդվելուն, համբուրելուն երանությամբ սպասող մամիկին «քացու տակ տային»: Իսկ երբ վերջապես շատ երկար սպասեցնելուց հետո Վեհափառը 12 եպիսկոպոսների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Հակոբ Մծբինո, Սուրբ Խաչափայտի մասունքով, Սուրբ Գեղարդով դուրս ելան, սրանք ժողովրդին սկսեցին ուղղակի ոտնատակ տալ, թե ճամփա բացեք, չխոսենք արդեն բերանների ծամոնի ու հռհռոցի մասին: Իսկ գիտե՞ք որն էր էդ խրխնջոցի առիթը. մի պառավ տատիկ կարողացավ «ճեղքել պատնեշն ու մոտենալ» սրբություններին` դրանք համբուրելու, և ահա թիկնապահ կոչված «պահապաններից» մեկը տատի թևից բռնեց-շպրտեց ու թե` «արա, գի՞ժ ես, մորքուր, էս կողմ արի, հերիք ա պաչվես, արա»:
Երբ ներկա սփյուռքահայերից մեկը բարձր հեկեկալով հիշեց, որ մասնակիցն է եղել թե՛ Վազգեն Առաջինի, թե՛ Գարեգին Առաջինի առաջնորդությամբ ընթացող թափորների ու նման անաստված բան չի տեսել երբեք, որ եթե անգամ թիկնապահ է եղել, նրա աշխատանքը հավատացյալ ժողովուրդը չի էլ նկատել, սարկավագ էր կարծես` աչքերը լցրեց ու թե` դե, իրենք հո Վեհի համա՞ր չեն, նախագահի համար են…
Կարճ ասած` թեպետ հրավիրատոմս ունեի, բայց այլևս չկամեցա ու տեղ էլ չկար առաջանալու` «առոք-փառոք» աթոռին բազմելու: Դեռ արարողությունը չէր ավարտվել, թողի-գնացի Սուրբ Գայանե, շա՜տ երկար նստեցի ներսում ու դրսում, իսկ արցունքները խեղդում էին… Եվ այնուամենայնիվ, մարդուն չնայենք, ով էլ որ լինի, և թող լույս իջնի բոլորիս վրա…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4872

Մեկնաբանություններ