ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Նաղդ» ընտրություններ` «նիսյա» ակնկալիքների դիմաց

«Նաղդ» ընտրություններ` «նիսյա» ակնկալիքների դիմաց
24.02.2009 | 00:00

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՀԱՇՎԱՐԿ
Տեսաբաններն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետի ընտրությունների շուրջ վերլուծություններ անելիս, հիմնականում կանխատեսում էին, որ դրանք տեղի կունենան ոչ շուտ, քան այս տարեվերջին: Նման կանխատեսումների տրամաբանության հիմքում այն թեզն էր, որ ցանկացած ընտրություն իր մեջ ապակայունացնող տարր է պարունակում, իսկ Երևանի քաղաքապետի ընտրությունների պարագայում, բացի իշխանություն-ընդդիմություն ավանդական հակամարտությունից, լուրջ սրացումներ են սպասվում նաև բուն իշխանության ներսում` տարբեր տնտեսաքաղաքական շահեր հետապնդող խմբավորումների միջև: Ահա թե ինչու շատերին թվում էր, թե նախագահական ընտրությունների արդյունքները դեռևս լիովին չմարսած վարչակազմն առայժմ ձգտելու է ներքաղաքական և ներիշխանական դաշտում առկա բավականին փխրուն ստատուս-քվոյի պահպանմանը: Այս առումով, մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնելու մասին որոշումը շատերին անտրամաբանական թվաց, իսկ Սերժ Սարգսյանի պարագայում այն գնահատվեց որպես չարդարացված ռիսկ: Մինչդեռ, եթե առաջիկա ընտրությունները դիտարկվեն ոչ որպես առանձին կարևորագույն քաղաքական միջոցառում, այլ ներքին և արտաքին քաղաքական սպասվող գործընթացների համատեքստում, ապա դժվար չէ նկատել, որ Սերժ Սարգսյանի որոշումը թեև ռիսկայնության որոշակի աստիճան իր մեջ պարունակում է, սակայն, անկասկած, այն նաև մանրակրկիտ հաշվարկների արդյունք է: Նման եզրակացությունն առնվազն մի քանի հիմնավորում ունի: Նախ` ժամկետի մասին հայտարարելուց առաջ ներիշխանական ճամբարում որոշակի հստակեցումներ արձանագրվեցին։ Խոսքն ամենից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի շուրջ և հենց համագումարում ծավալված զարգացումների մասին է, որոնց արդյունքում բոլորին պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանին, առնվազն մոտ ապագայի կտրվածքով, հաջողվել է չեզոքացնել «Ռոբերտ Քոչարյանի վերադարձի» գործոնը: Նախագահին հաջողվեց ոչ միայն ներիշխանական կուլուարներում, այլև հրապարակավ ամբողջ հանրությանը ցույց տալ, թե ով է այսուհետ լինելու իշխանության մեջ միանձնյա «տանտերը»: Որոշ «ըմբոստացած» կոալիցիոն գործընկերներին «շողուլի բերելուց» հետո Սերժ Սարգսյանը, իրեն հոգեհարազատ շախմատային լեզվով ասած, «շահեկան դիրք ստացավ» և «տեմպը չկորցնելու» համար որոշեց միանգամից լուծել նաև Երևանի ապագա քաղաքապետի գերկարևոր խնդիրը: Այսօր արդեն գրեթե ոչ ոք չի կասկածում, որ այդ պաշտոնի իշխանական թեկնածուն լինելու է հանրապետական կուսակցության այն հովանավորյալը, որին անձամբ կնախընտրի երկրի նախագահը, իսկ կոալիցիոն մյուս կուսակցություններին կվերապահվի ավելի ցածր պաշտոնների (քաղաքապետի տեղակալների, թաղապետերի, վարչության պետերի և այլն) համար թեկնածուներ առաջադրելու իրավունքը: Եվ եթե ամեն ինչ ընթանա Սերժ Սարգսյանի նախագծած սցենարով, արդեն ամռան սկզբին, ըստ էության, վերջնականապես կձևավորվի իշխանական կուռ ուղղահայացը կամ բուրգը: Ինչ վերաբերում է արմատական ընդդիմությանը, ապա Երևանի քաղաքապետի ընտրությունները մայիսի վերջին օրը նշանակելով, իշխանական վարչախումբը, փաստորեն, առաջարկում է համապետական արտահերթ ընտրությունների ձգտող ընդդիմախոսներին մասնակցել իր նշանակությամբ ոչ պակաս համապետական նշանակություն ունեցող Հայաստանի մայրաքաղաքի ավագանու (փաստացի քաղաքապետի) համամասնական հերթական ընտրություններին և իրենց հավակնությունները փորձել բավարարել դրանց ընթացքում: Պատահական չէ, որ նման առաջարկները վերջին օրերին ավելի հաճախակի են հնչում իշխանական համակարգը ներկայացնող տարբեր գործիչների կողմից: Ամենայն հավանականությամբ, քաղաքապետի ընտրությունների ժամկետները նախօրոք համաձայնեցվել են նաև եվրոպական շահագրգիռ կառույցների հետ, որոնք Երևանի քաղաքապետի ընտրությունները կարող են դիտարկել որպես գործող իշխանությունների համար փորձաքար` հնարավորինս ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առումով, իսկ ընդդիմության համար` որպես լավ հնարավորություն` «նիսյա» արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում հաջողություն ակնկալելու փոխարեն հասնել դրան «նաղդով»` Երևանի քաղաքապետի ընտրություններում: Ընդ որում, այս ընտրական գործընթացից խույս տալու համար ընդդիմությունը պետք է բավականին հիմնավոր փաստարկներ գտնի` թե՛ սեփական ժողովրդին, թե՛, առավել ևս, միջազգային շահագրգիռ կառույցներին ներկայացնելու համար:
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3252

Մեկնաբանություններ