«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Շնորհավոր բոլորիս տոնը, հայե՛ր ջան

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Շնորհավոր բոլորիս տոնը, հայե՛ր ջան
28.05.2013 | 13:32

Ինձ համար մայիսի 28-ը միշտ կապված կլինի Մովսես Գորգիսյանի հետ, երբ առաջին անգամ Ազատության հրապարակում նա պարզեց մեր եռագույնը:

Ճիշտն ասած, մի փոքր վախեցել էինք իր համար, բայց նաև բոլորիս պարզ էր, որ գործընթացը սկսվել է և անդառնալի է:
Մեր հարևանի տանը 80-ականներին շատ էին հավաքվում նախկին ԱՄԿ-ականները և խոսակցություններ տանում անկախ Հայաստանի, Արցախի ու Նախիջևանի վերադարձի մասին: Մի տեսակ անհավատալի և ռոմանտիկ էին թվում այս հավաքները, տարօրինակ էին լսվում կերուխումի ընթացքում հնչող ազգայնական երգերը:
«Անկախության գժեր»՝ ժպիտով, բայց ջերմությամբ այդպես էին անվանում հարևանները հավաքի մասնակիցներին:
Անկախության գժերի երազանքը կատարվեց: Անկախության գժերը կռիվ էին տալիս Արցախում և սովետական բանակի դեմ, մի փոքր անց էլ՝ ամբողջ քաղաքակիրթ Արևմուտքի դեմ:
Տարիներ անցան, շատերն այսօր չկան, հարևանս ԱՄՆ-ում է, մի մասը պաշտոնների է: Երկրի վիճակը լավ չի: Ապագան՝ մշուշոտ: Հուսալքությունն աստիճանաբար գլուխ է բարձրացնում:
Բայց: Բայց ես գիտեմ, որ գժերը դեռ կան: Նրանք մեր մեջ են: Մենք ենք:
- Մարդն առանց երազանքի, առանց նպատակի՝ անիմաստ մարդ է, խոտ, բույս,- այս բառերը, որ բազմիցս լսում էի հարևանիս տանը, տպավորվել են իմ հոգում հավիտյանս հավիտենից:
Ու ես գիտեմ, որ ավելի լավ է լինես այս աշխարհի վերջին ռոմանտիկը, քան հաշվենկատ, սառը ու ու պրագմատիկ բույս:
Շնորհավոր բոլորիս տոնը, հայեր ջան: Աստված բոլորիս պահապան:

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ