Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
01.08.2023 | 09:52

(սկիզբը` այստեղ)

Հայ կլասիցիզմը հետագա զարգացում է ստանում Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի, Է. Հյուրմյուզյանի, Գ. Ավետիքյանի ստեղծագործություններում և թարգմանություններում («Տաղք մխիթարեան վարդապետաց», հ. 1–3, 1852–54), իսկ Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»- ով (1858) հասնում է իր գագաթնակետին XIX դ. 2-րդ կեսից կլասիցիզմին փոխարինում է ռոմանտիզմը, որը սկզբնավորվում է Ղևոնդ Ալիշանի՝ «Բազմավեպ» ամսագրում 1847-1858 թթ. տպագրված «Նահապետի երգերը» շարքով:

Սեբաստացին նաև հմուտ շարականագետ ու նաև երգահան էր: Իր նորաստեղծ միաբանության Մայրավանքում վերակենդանացնելով եկեղեցական ծեսն ու արարողությունը՝ Մխիթար Սեբաստացին կարողանում է նոր շունչ հաղորդել այնտեղ հնչող հոգևոր երգեցողությանը՝ պահպանելով հանդերձ մեր միջնադարյան լավագույն ավանդույթները և դառնալով Միաբանության առաջին երաժշտապետը: Նրա կենսագիրների վկայութեամբ՝ երիտասարդ աբբահայրը մանկուց աչքի էր ընկնում ոչ միայն երաժշտական նուրբ լսողությամբ ու հազվագյուտ հիշողությամբ, այլև ախորժալուր երգչային ձայնով: Նրա 24 տաղերից պահպանվել են վեցը, որոնցից մեկը երեք տնից բաղկացած «Երգ առ Երանուհի Կոյսն յօրինեալ բանիւք դրուատանօք եւ պէսպէս խնդրուածովք» խորագիրը կրող տաղն է, որը Սեբաստացին գրել է Ս. Կույս Մարիամի պատկերի առջև միայնակ աղոթելիս ունեցած հրաշալի տեսիլքից ոգեշնչված:

Ժամանակին նրա բոլոր տաղերը երգվել են, անգամ լայն ժողովրդականություն են վայելել Ս. Ղազար կղզու սահմաններից դուրս և ժամանակի ընթացքում վերածվել են ֆոլկլորի նմուշների:
Մխիթար Սեբաստացի ուսուցչի համար դաստիարակության կարևոր պայմաններից էր թատրոնը։ Նա Սուրբ Ղազարում բացահայտում է թատրոնի կարևորությունը՝ այն գործածելով որպես միջոց՝ հայրենասիրություն արծարծելու, անհայտ պատմական փառահեղ էջերը և լուսապայծառ դեմքերը կենդանացնելու, գաղափարական Հայաստանի տեսլականն արթնացնելու նպատակով, և այս ամենը մի ժամանակաշրջանում, երբ ամեն ազատության զգացում և տենչ ենթարկվում էր անմարդկային ճնշումների։

1730 թվականից սկսած Մխիթարյանները Սուրբ Ղազարում սկսում են բեմադրել կրոնական, երբեմն էլ՝ պատմահայրենասիրական թեմաներով այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք էին՝ «Երվանդ և Արտաշես», «Տրդատա հաղթությունը», «Վաճառումն Հովսեփա», «Վասակ Մամիկոնյան» (1792), «Ղևոնդյանց նահատակությունը» (1795), «Մեծն Վարդան Մամիկոնյան» (1799), «Հայկ Դյուցազուն» (1805) և այլն, որոնք հայրենասիրական լինելով իրենց բովանդակությամբ, նաև բազմաբովանդակ հայերեն լեզվի հարուստ գանձարաններ էին։
Միաբանության վարժարանների նախկին սաների նախաձեռնությամբ Կ Պոլսում ավելի ուշ զարգանում է իսկական թատրոնը՝ բանաստեղծ և դրամատուրգ Մկրտիչ Պեշիկթաշլյանի անմիջական նախաձեռնությամբ։
Մխիթարյան միաբանությունը հայ գիտամշակութային կյանքում կարևոր ներդրում ունի իր պարբերական մամուլով:

1799 թ. մինչև 1820 թ․ մեկը մյուսի հետևից կամ միաժամանակ Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են նախ՝ պարբերական տարեգրքեր՝ «Տարեգրություն» (1799-1808 թթ․, հեղինակում և խմբագրում էր Մխիթարյան նշանավոր գործիչ, պատմաբան և աշխարհագրագետ Ղ. Ինճիճյանը՝ 8 հատորանոց «Դարապատումի» հեղինակը։ Այն երկրորդ հայ պարբերականն է «Ազդարարից» հետո), «Եղանակ Բիւզանդեան» (1803-1820), այնուհետև՝ «Դիտակ Բիւզանդեան» շաբաթաթերթը (1812-1816):

Տարեգրքերից շաբաթաթերթի անցնելը վկայում է դեպի ավելի լայն լսարան դիմելու Մխիթարյանների ընթացքը։ Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում մամուլի բովանդակության և ձևի, նրանց ինքնատիպ ըմբռնումների վրա, որոնք իրենց զարգացումն ապրում են 19-րդ դ. առաջին քառորդից հետո էլ, մասնավորապես՝ 1843 թ. լույս տեսած «Բազմավէպ» ամսագրում: 1843 թվականից անընդմեջ Վենետիկի Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը ներկայումս հրատարակվող հայ ամենահին պարբերականն է և հնությամբ չորրորդ պարբերականն Իտալիայում:

Ամսագիրը, որի հիմնադիր խմբագիրը Գաբրիել եպսկոպոս Այվազովսկին էր, սկզբնապես հանրագիտակ բնույթ ուներ, բայց աստիճանաբար սկսում են գերակշռել հայագիտությանը նվիրված նյութերը։
Թերևս Մխիթարյանների դերի ու նշանակության լավագույն բնորոշումը հայասպան Սուլթան Համիդի հետևյալ խոսքերն են․

«Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրական գործիքներից, քան հայ ֆիդայինների զենքից»։
Մխիթարյանների անգերազանցելի դերի մասին է խոսում նաև Նապոլեոն Բոնապարտի վերաբերմունքը։ 1805 թ․ Նապոլեոն Ա Բոնապարտը մի օրենք է ընդունում, համաձայն որի՝ իր իշխանության ներքո գտնվող մի շարք կրոնական միաբանություններ, այդ թվում նաև Իտալիայի միաբանությունները, պետք է փակվեին, իսկ միաբանությունների կալվածքները և հարստությունը բռնագրավվեր պետության կողմից։ Մխիթարյան հայրերին հաջողվում է շահել Ֆրանսիայի միապետի համակրանքը և համոզել, որ Սուրբ Ղազարը լոկ հոգևոր կենտրոն չէ, այլև գիտական, մշակութային հզոր հաստատություն։ Արդյունքում կայսեր 1810 թ․ օգոստոսի 17-ի հրովարտակով միաբանությունը ոչ միայն շարունակում է գործել, այլև ճանաչվում է գիտական մարմին՝ «Հայկական ճեմարան» պատվավոր տիտղոսով։

Ի դեպ, Նապոլեոնը մեծ համակրանք ուներ հայերի նկատմամբ։ Դրանում մեծ դեր էին խաղում նրան ծառայող և նրա համակրանքը վայելող հայերը, որոնցից մեկն էլ՝ կայսեր հայազգի սենեկապետ Պիեռն էր (Պետրոս, ծնունդով Արցախի Վարարակն գյուղից), որը 1810-ի սեպտենբերի 3-ին Սուրբ Ղազար է հասցնում վերոնշյալ հրովարտակ-շնորհագիրը)։

Հայերի հանդեպ Նապոլեոնի համակրանքը կրկնապատկվում է, երբ 1807 թ․ դեկտեմբերին, ժամանելով Սուրբ Ղազար, վերջինս հանդիպում է Միաբանության Աբբահայր Ագոնցի և աթոռակալի հետ։ Եվ հենց այս հայ վանականների և նրանց Գործի հանդեպ ունեցած համակրանքն է, որ Նապոլեոնին ավելի ուշ մղում է Փարիզի Արևելյան լեզուների բարձրագույն դպրոցում Հայագիտության ամբիոն բացել։
Հիրավի գեղեցիկ էր Մխիթար Սեբաստացու կառուցած մշակութային օրրանը։

Հովհաննես Թումանյանը 1901 թ․ Վենետիկում հրատարակած իր՝ Սեբաստացու կյանքին ու գործունեությանը նվիրված գրքում նշում է, որ Մխիթար Աբբան ուներ նաև ճարտարապետական զգացողություն, և նրա կառուցած վանքի վայելչագեղությամբ հիանալու էին գալիս շատերը՝ ուխտավոր ժողովուրդ, իշխաններ, դեսպաններ, ծիրանավորներ, նվիրակներ և այլն, և Մխիթարի հանճարով ու կարողությամբ հիացած՝ հետ էին վերադառնում:

Մի օր այցելության է գալիս Աբբահորը ծանոթ և մտերիմ մի վանահայր և խոսք բացելով վանքի շինության մասին՝ խորհուրդ է տալիս պարտեզի կենտրոնում կանգնեցնել Մխիթարի մարմարե արձանը՝ որպես հավերժական կոթող և հիշատակարան: Մխիթարը, ժպտալով ցույց տալով իր աշակերտներին, ասում է.

«Ահա՛ իմ կենդանի արձանները»:

Եվ իրոք, վանքի ոչ մի անկյունում չենք գտնում մի արձանագրություն կամ մի հիշատակություն, որը կարող էր գեթ որոշակի չափով փառավորել իր անունը ներկա և ապագա սերունդների դիմաց: Իր աշակերտների բուռն թախանձանքներից միայն ստիպված, պարզապես ապագայի իմացության համար, թե ե՛րբ և ու՛մ օրոք է կառուցվել այդ հոյակերտ մենաստանը, զիջում է և սեղանատան մեծ դռան բարավորի վերևում, դրսի կողմից, գրեթե թաքնված մի անկյունում, թույլ է տալիս քանդակել հետևյալ պարզ ու անշուք արձանագրությունը.

ՄԵՆԱՍՏԱՆՍ ԱՅՍ ԸՍՏ ԲՈԼՈՐԻՆ
ՇԻՆԵԱԼ ԵՂԵՒ Ի ՓԱՌՍ ՓՐԿՉԻՆ,
ՅԱԲԲԱՅՈՒԹԵԱՆ ՍԵԲԱՍՏԱՑՒՈՅ
ՄԽԻԹԱՐԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ.
ՅԱՄԻՆ 1740:

Այս տողերի մեջ փայլում է Մխիթարի հոգու բովանդակ մեծությունը:
Երկարատև ծանր դեղնախտ հիվանդությունը 1749 թ․ մարտին ուժասպառ ուսուցչին վերջնականապես գամում է անկողնուն։

1749 թ. ապրիլի 27-ին Մխիթարը մահանում է և թաղվում Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա մահից հետո «Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» վերանվանվում է «Մխիթարյան»։
Մխիթար Սեբաստացին լիովին իրականացնում է իր երազանքը, բայց ի՜նչ գնով է դա նրան տրվում․ երբ թափառւմ էր Հայաստան Աշխարհով մեկ՝ շատ հաճախ միայնակ, քաղցի և տենդի ճիրաններում տառապելով, երբ գնում էր Էջմիածին ու հետ դառնում, երբ հասնում էր Հալեպ ու հետ դառնում, երբ ափ էր ելնում Կիպրոսում ու հետ դառնում, երբ գնում էր Կոստանդնուպոլիս ու հետ դառնում՝ ի՞նչ էր փնտրում։ Ինքն իրեն տառապանքի դատապարտած մարդը միտքը, հոգին տանջահարող դեռ որոշակի իմաստ չստացած գաղափարից ուզում էր դուրս կորզել իր ծնունդի գաղտնիքը, որովհետև վստահաբար գիտեր՝ ինքը հենց այնպես չի ծնվել, ինչ-որ կարևոր առաքելության դրոշմ կար իր հոգու վրա, որը դեռ անորոշ էր ու անկերպարանք, որը սակայն, եթե ծնվեր՝ պիտի ուժ տար այն մեծ Ծրագրին, որը կիրագործեր Նպատակը։ Եվ այդ Նպատակն արժեր տառապանքին:
(շարունակելի)

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 12229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ