Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

666 և 777

666 և 777
20.04.2023 | 22:39

Նախ խոսենք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «6» թիվը։

(առանց սնոտիապաշտության մեջ ընկնելու. ձեր մտքով ոչինչ չմեկնեք)

Հիշենք արարչագործության սկիզբը. «Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր վեցերորդ» (Ծննդոց 1:31)։

6-րդ օրը կար ամեն բան, բայց չկար Աստուծո օրհնությունը։ Սակայն 7-րդ օրը Տերն օրհնեց այս ամենը. «Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և Իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթներորդ օրը, հանգստացավ։

Աստված օրհնեց յոթներորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ Իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել» (Ծննդոց 2:2-3)։

Յոթերորդ օրը Տերն օրհնեց Իր ստեղծածը։

Ի՞նչ կապ ունի 666 թիվը սրա հետ, որը նշված է Հայտնության գրքում։

Հայտնի է, որ 666-ը՝ գազանի թիվը, շատերը պիտի ընդունեն, սակայն մինչ այդ, մարդիկ նախ իրենց սրտում և մտքում պետք է կրեն գազանի նշանը ու խոստովանեն այդ ամենն իրենց շրթունքներով։

Ինչպե՞ս:

Ըստ Սբ. Օգոստինոս Երանելու՝ սա է բացատրությունը.

6-րդ օրը եղավ ամեն բան, բայց չկար Աստուծո օրհնությունը:

ա. 6-ը մեր աշխարհն է՝ իր ամեն ինչով, բայց՝ առանց Աստուծո օրհնության, որովհետև աշխարհը մտքով ենք ճանաչում, այսինքն՝ առաջին 6-ը մտքի վրա է դրոշմվում և մտքով ցանկանում ենք միայն աշխարհիկն և նրա վայելքները՝ բացարձակապես հոգևորի և հավիտենականի մասին չխորհելով:

բ. 6-ը՝ շրթունքներով հաստատում ենք այդ։

գ. 6-ը՝ սրտով է կապվում այդ ամենի հետ և ստրկանում սատանային։

Եթե մարդը սիրում է այս աշխարհը և նրան հետաքրքիր չէ 7-րդ օրը, ուրեմն սատանային է սիրում և հոգևորապես արդե՛ն իսկ կրում է իր մեջ գազանի թիվը, որով և՝ ՄԱՐԴԸ ԳԱԶԱՆԱՆՈՒՄ Է, այսինքն՝ ընդունում է գազանական, անասնական և սատանայական կերպարանք:

666, այսինքն՝ մարդու համար կա ամեն ինչ և մարդը վայելում է դրանք, սակայն՝ առանց Աստուծո։

Եվ այդ իսկ պատճառով է, որ բոլոր ընդհանրական Հայրերն ասում են, թե գազանի նշանն ընդունելը պետք է լինի ԿԱՄԱՎՈՐ, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու մեր Աստվածատուր այբուբենի թվային արժեքի բացատրության՝ 666 - «կամաւ ուրանամ զԱրարիչն»:

Ինչպես տեսանք, մարդկությունը հոգևորապես ընդունե՛լ է 666-ի կնիքը, և շարունակում է դա անել, ինչի արդյունքում, անշուշտ, հոգևորից արժեզրկված՝ ընդունելու է ամենայն երկրավոր, անցողիկ, խաբուսիկ բաներով գայթակղող նեռին՝ չհավատալով և մերժելով Երկնայինն ու հավիտենականը:

Այսօր մարդուն գալիք խոստացված Պարգևներն ընդհանրապես չեն հետաքրքրում:

7 ԹՎԻ ՄԱՍԻՆ.

Աստված ասաց Մովսեսին. «Ես այն Աստվածն եմ, որ Է»։ Եվ ավելացրեց. «Այսպես կասես իսրայելացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ» (Ելք 3:14):

Հայոց այբուբենի 7-րդ տառը «է» տառն է, որը խորհրդանշում է Գոյ, Գոյություն, այսինքն՝ Աստված Հավիտենապես Կա: Հետևաբար՝ Ես այն Աստվածն եմ, ՈՒմ պետք է ճանաչե՛ք և Իմ կողմից առաքվածներին պետք է լսե՛ք, որպեսզի մտքով հասկանաք, սրտով հավատաք և շուրթերով վկայեք Իմ մասին (777):

Սուրբ Գրիգոր Նարեկացին 7 թվի մասին ասում է.

«Թի՜վ անհաշվելի, որ Աստվածային Հավիտենություն է նշանակում,

Նրա հարակայության սահմանն անհետազոտելի,

Եվ ավազանի նորածին որդոց առատություն անսպառ:

Թիվն այս պանծալի, որ չունի իրեն զույգը հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,

Կուսություն է մի ուրույն ընտրությամբ միշտ նվիրական՝

Որ անճառորեն Հավիտենության դժվարմեկնելի Խորհուրդն է խորին ու մեր մտքից վեր» (Նարեկ, Բան ԼԱ):

Պյութագորյան ըմբռնումով, որ մուտք է գործել նաև քրիստոնեական բնազանցության մեջ, յոթ թիվը համարվում էր կույս թիվ, որովհետև տասից ցած ո՛չ մի թիվ ծնունդ չի տալիս նրան կամ ծնունդ չի առնում նրանից. այդ պատճառով էլ համարվում էր հավիտենականության խորհրդանիշ:

7-րդ օրը աշխարհում կար ամեն ինչ և Աստված օրհնեց, իսկ մեր կյանքում, նույնպես, պետք է Աստվա՛ծ լինի որպես ամենայն մարմնավորի Պարգևատու, դրանք ունենալով հանդերձ՝ պետք է հոգու կարիքների՛ն էլ տանք իրեն անհրաժեշտ բարիքները, որը և Աստվածային Օրհնությունների Շնորհն է՝ նվիրվելով հոգևոր կյանքով Աստծուն մերձենալուն:

Եվ այսպես, բոլոր նրանք, ովքեր 6 օր շարունակ աշխարհին են տրվում և Աստուծո Պատվիրաններով չեն ապրում ու զրկել են իրենց հոգևորից, ուրեմն՝ արդե՛ն իսկ իրենց հոգու վրա դրոշմել են գազանի նշանը, և քանի որ մարդը միաժամանակ հոգևոր և մարմնավոր արարած է, ապա մարմնի վրա 666-ի կնիքը ստանալն ընդամենը ժամանակի հարց է...

Ի դեպ, Սուրբ Հոգով մեր հոգիները չհագեցնելն ու այն մեղքերով լցնելն՝ առանց մարմնի վրա կնիքը ստանալու, դարձյալ մարդկանց դատապարտելու է այն ՆՈՒՅՆ հավիտենական կորստին, ինչը որ մարմնի վրա 666-ը կրողներին է ասվում, այնպես որ, պետք է ապաշխարության միջոցով ՆԱԽ ՋՆՋԵՆՔ ՄԵՐ ՀՈԳՈՒ ՎՐԱ ԵՂՈՂ 666-ը, որ հետո այն մարմնով էլ չընդունենք:

Իսկ այս ամենի հետ, Աստծո օրհնությունները ստանալու յոթերորդ օրվա խորհուրդը, որը քրիստոնյաներիս համար Կիրակին է՝ ըստ 8-րդ, այսինքն՝ Քրիստոսի Հարությամբ ավետվող Նոր Արարչության տեսանելի խոստման և հնի անցնելու ու Նորի սկզբնավորման Խորհրդի, եթե անտեսում ենք այն, ապա Տիրոջ Սուրբ Պատարագներն անտեսողը և կիրակի օրը պղծողը՝ իր սրտի վրա արդե՛ն իսկ դաջել է 666 թիվը։

ՈՒրեմն, Աստուծո պատվիրաններո՛վ ապրենք, լսե՛նք Մայր Եկեղեցու ուսուցումները և Կիրակի օրերին մասնակցե՛նք Սուրբ և Անմահ Պատարագներին, որպեսզի օրհնությո՛ւն ստանանք և գազանի հետ միասին չնետվենք գեհենը։

Սբ. Յարութեան Տաճար

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4441

Մեկնաբանություններ