Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Երբ Ստեփանակերտը հակադրվում է Երևանին, իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է»

«Երբ Ստեփանակերտը հակադրվում է Երևանին, իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է»
15.05.2009 | 00:00

«Հայ կամավորների համախմբում» ազգային հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ու նրա համախոհ-գաղափարակիցների համոզմունքն է սա, ինչը նա երեկ տարբեր դիտանկյուններից փորձեց հիմնավորել «Իրավունք de facto» ակումբում։
2009-ի գարնանային նախընտրական «մարաթոնը» համեմատելով 2008-ի ձմեռային ընտրարշավի ու դրանց զուգահեռ ընթացող ներքին և արտաքին քաղաքական զարգացումների հետ` Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը վստահաբար պնդեց, թե մեկ տարի անց` Երևանի ավագանու մայիսյան ընտրությունների շեմին, Հայաստանի իշխանությունները շատ ավելի թույլ են, քան ՀՀ նախագահի փետրվարյան ընտրություններից առաջ։
«Այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցավ ազգային դավաճանություն, ինչը չէր կարող չազդել մեր ժողովրդի տրամադրությունների վրա։ Նախորդ ընտրությունների ժամանակ հանրության մի զգալի հատվածն իրեն բավականին կրավորական պահեց` որպես փոխարինող նախագահ չընդունելով Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն համոզված եմ, որ այդ կրավորական հատվածի գերակշիռ մասը, տեսնելով ազգային դավաճանության առկա դրսևորումները թե՛ Արցախի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների խնդրում, պիտի ակտիվանա և մայիսի 31-ին ընտրի, գոնե, չարյաց փոքրագույնը»,- հույս հայտնեց Սէֆիլյանը։
Լրագրողներին հիշեցնելով, որ արցախյան խնդիրն ինքը երբևէ չի դիտարկել որպես արտաքին քաղաքական գործոն և այն մշտապես «տեղավորել» է ներքաղաքական իրողությունների դաշտում, ՀԱԿ-ի ներկայացուցիչը գոհունակությամբ շեշտեց, որ տասնմեկ տարիների վախվորած լռությունից հետո վերջապես «արժանացանք» Ստեփանակերտից ճշմարիտ խոսք լսելու «պատվին»։ Իսկ ճշմարիտ խոսքն այն է, որ ԼՂՀ խորհրդարանը մայիսի սկզբին արտահերթ նիստ գումարեց` բարձրացնելով չափազանց կարևոր մի հարց, ըստ որի` բանակցային գործընթացի մասնակից որևէ կողմ, այդ թվում և` Հայաստանը, իրավասու չեն հանդես գալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից։
«Սա ես շատ լուրջ քայլ եմ համարում, իսկ թե ինչ տեղի ունեցավ այդ քայլից հետո, բոլորս տեսանք,- մանրամասնեց Ժիրայր Սէֆիլյանը` բացելով իրեն հայտնի մի քանի փոքրիկ փակագծեր։- Սերժ Սարգսյանը խնդրել էր ԼՂՀ ղեկավարությանը, թե` համբերեք, գնամ Պրահա, գամ, կխոսենք։ Համբերեցին։ Իմ տեղեկություններով` Սերժ Սարգսյանի ստեփանակերտյան հանդիպումը շատ լարված է անցել և ոչ մի արդյունք չի տվել այն կասկածները փարատելու առումով, թե ինքը դավաճանական ընթացքի մեջ է։ Համոզված լինելով դրանում` այս պահին Ստեփանակերտում համապատասխան քայլեր չեն անում, բայց համոզված եմ, որ եկող օրերին նման քայլեր լինելու են։ Առիթից օգտվելով` հորդորում եմ իմ նախկին գործընկերներին, իմ հին ծանոթներին, ներառյալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` չկաշկանդվել այն հանգամանքի պատճառով, որ երկար տարիներ աշխատել են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ ու նրանց ենթակայության ներքո, և իրերը կոչեն իրենց անուններով։ Սա անհատի խնդիր չէ։ Այսօր մեր երկիրը, մեր հայրենիքը լուրջ վտանգի առջև է կանգնած, և որևէ անհատի գործոն չպետք է շեղի մեզ ճշմարիտ ուղուց»։
Ասելիքն ամփոփելով` Ժիրայր Սէֆիլյանը եզրահանգեց, որ երբ Ստեփանակերտը հակադրվում է Երևանին` Հայաստանում իշխանափոխությունն անխուսափելի է։
Ահա այս իրողություններով էլ գնում ենք ընտրությունների, որոնք, ընդդիմադիր գործչի համոզմամբ, միայն անունով են Երևանի ավագանու ընտրություններ, իրականում որևէ մեկը կասկած չունի, որ դրանք համապետական նշանակության ընտրություններ են։ Հայ ազգային կոնգրեսն այդ ընտրություններին մասնակցում է մեն-միակ նպատակով` մայիսի 31-ից հետո հասնել իշխանափոխության և այս անգամ շատ ավելի վճռական ու ազդու մարտավարություն է ընտրել, քան 2008-ի փետրվարյան ընտրություններում։ Նման մարտավարությունը, նրա դիտարկմամբ, ոչ միայն հաղթանակ է ապահովելու, այլև օգնելու է տեր կանգնել հաղթանակին։ Դե, իսկ եթե այս անգամ էլ վարչական մեքենան գործի գցի իր սև հնարքները, հերթական անգամ «շլագբաում» կանգնեցնելով սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու ճանապարհի՞ն։
«Այդ դեպքում սոցիալական պայթյունն անխուսափելի է»,- վերջակետեց Սէֆիլյանը։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ