Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մինչև շենքին հասնելը հարկավոր է ցեցել ՀԳՄ նախագահին

Մինչև շենքին հասնելը հարկավոր է ցեցել ՀԳՄ նախագահին
31.03.2009 | 00:00

ԱՆՈՒՆՆ Ի՞ՆՉ ԵՆՔ ԴՆՈՒՄ, ԵՐԲ ԱՄԵՆՈՒՐ ԱՆՈՒՆ ԵՆՔ ԿՏՐԵՑՆՈՒՄ
20-րդ դարի գլխին երեսներս լավ դեմ արինք, թե ինչ կլինի, Աստված ջան, մի քիչ էլ կյանք տուր, որ 21-րդ դարի աչքով անելը մեր աչքով տեսնենք (մտքում` երեսը, ոտք ու գլուխն էլ հետը), ձենն էլ լսենք։ Դար էր` առանց ուշանալու, սպասել տալու, եկավ։ Շատերը փորձեցին նորածին դարին ծառայել, ինչպես ասում են, անհագ, ոմանք էլ իրենց խասիաթ-բնույթի հանգույն` ո՛չ ավել, ո՛չ պակաս, դարը ծառայեցնել իրենց։
Դե, եթե ոչինչ խորթ չէ մարդուն ու մարդկությանը, թող էդպես լինի։ Հին լեզու լինես, թե նոր լեզու առած` խոսքն ազատություն է սիրում, և փոխադարձ է ազատության սերը։ Իրար գտնելն է դժվար, ու հենց գտան` Արևելքի մի նոր սիրավեպ կստեղծվի, թեկուզ ազատությունը եկած լինի արևելքախեղդ Արևմուտքից։ Մեր բաժին ազատությունը եկավ, առանց նշտարի մեր դարավոր լեզվի տակից հանեց հազարամյա փուշը, տվեց մեր հեքիաթի պառավին, պառավին էլ դա էր մնում` ազատության իր թոնիրը վառեց, թխեց ազատության իր լոշը... Ազատությունն էլ ծիտիկի նման դես թռավ, դեն թռավ, ուրախացավ, ինքն իր ականջին ասաց` դե, հիմա իրար կերեք պառավի լոշի նման։ Հա, էդպես էլ ասաց` իրար կերեք։ Բա էս բազմադեմ, բայց անդեմ կուսակցություններն ինչի՞ համար են, բա էս թերթերը, հեռուստաաստառները ո՞ր օրվա համար են։ Ասողին, մանավանդ ազատություն-ծիտիկի նման ասողին, լսող է հարկավոր` աղավնյակից մինչև ագռավյակ։ Եվ ասելն էնքան հեշտացավ, որ խուլ ու համր դարձած լսողները վերածվեցին ասող-խոսողների։ Ամենուր ստեղծվեցին հատուկ ասողների խմբեր։ Որոնա՜ծ, սպասա՜ծ ճշմարտության գիտակներ, որոնք շտապելուց ոչ թե թիթեռնիկներ դարձան, այլ ճամարտակաբաններ։ Մի «ամենուր» էլ փորձեցին դարձնել, ու դեռ շարունակում են, Հայաստանի գրողների ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ միությունը։ Տեղից վերկացող իշտահավոր-իշխանավոր-դոլարակապ աչքը տնկում է գրողների տան շենքին։ Շենքին տիրանալու համար, ոչ Չախչախ թագավորի նման հեշտ ու հանգիստ, հարկավոր է ցեցը, ալավ-բոցը գցել շենքի տերերի` գրողների միության անդամների մեջ։ Ցեցն ով կլինի, ով չի լինի, նման գործի համար միշտ էլ տեղական նշանակության (հայի բախտ` ինչո՞ւ ոչ եվրոպական չափանիշի) մի տռուզ ցեց կճարվի։ Փորձառու ցեց` ճակատամարտերի սովոր։ Մինչև շենքին հասնելը հարկավոր է ցեցել գրողների միության նախագահին։ Ազատությո՜ւն է, առաջվա երջանիկների նման հուսատու Լենինի դամբարան ու Կրեմլ չկան, պոլիտբյուրո ու Հայաստանի կոմկուսի շենք չկան, բայց կա նախագահ, գլխավոր դատախազ կա, քուչա-քուչա քչփչալ կա, հրապարակ կա, ակումբ կա, հեռուստաաստառ կա, թերթ կա, ամբիոն կա, բաժակ կա, հավատացե՜ք, սիրտ կա ու խղճի վրա դրվող ձեռք կա... Գրեք ու գրեք, ասեք ու ասեք։ Էդ գրողներից մինը, գոգաթիակի նման, ստաժավոր է։ Ժամանակին քաջություն է ունեցել` գրավոր իմացրել է իրավասու մարմիններին, թե իմացած եղեք, Հրանտ Մաթևոսյանը ձեռամբ թուլացրել է իրեն կցված մեքենայի «բոլտ ու գայկան», որ երբ ինքն իրեն տեղափոխելիս լինի, վթար տա, ու հայ գրականագիտական միտքը... Մեղա՜ քեզ, տեր Աստվա՜ծ, իբր Հրանտ Մաթևոսյանը հասկանում էր, որ ֆայտոնը «կարմիր ակներ» ունի, բայց շա՞տ էր հասկանում, որ իշտահավորի մեքենան ակներ ունի, անվադողերն էլ` «բոլտ ու գայկա»։ Երկհոգիսի հնօրյա ու նորօրյա աշկերտները գլխի ընկան, որ չոր թրիքը մարդու փեշին կպցնելը զոռ գործ է, վարպետը լավ խորհուրդ է տվել` ծամեք, փափկացրեք և, հանուն հաղթանակի, կպցրեք։ Եվ էդ «ողորմուկ ձայները» (Թումանյան) նոր եռանդով, հանուն իրենց դավի, դավանում են։ Ես չէի ասի, թե նրանք անշնորհք են։ Մեղք բան` չար աչք է կպել։ Նրանք էլ` թողած ձեռագիրը, երկաթագիրը, բոլորագիրը, շղագիրը, հայոց ազնիվ պատմագիրն ու մտքագիրը, 50-60 տարեկան սկսնակ գրողների համառությամբ զբաղվում են զրպարտանքով, համոզված, որ ՀԳՄ նախագահը տրոհել է իրենց տաղանդը։ Անորոշ որոշ ակումբներ, հեռուստաաստառներ նրանց լավ պար են ածում, ուրախանում, ցուցադրում բորբոք իրավիճակներ, տխրեցնում ժողովրդին, թե երբեմնի ռահվիրա գրողների միությունում էս ինչե՜ր են կատարվում, էս ի՞նչ օրի հասանք, ինչ իմանանք` «ո՞ւր ընկանք»։ Գրողների միությունը գյուղացի Համբոյի տունը չէ, որ կռիվ ընկնի, ստեղծագործական տուն է իր ստեղծագործական հոգսերով, Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներով, և ամեն մի գրող, անկախ նրանից` հացի և դեղորայքի փո՞ղ ունի, թե ոչ, իր տունը համարում է ստեղծագործական, հաստատում, որ մենք մտավորական ազգ ենք։ ՈՒ թե ամենուր երևում են ղոչփախներ, ապա իրենք ի՞նչ մեղավոր են։ Ժամանակը լավ թարազո է նմանների համար։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3748

Մեկնաբանություններ