Հունիսի 9-ից 10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի կունենա «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող երրորդ ամենամյա DigiTec Business ֆորումը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) շատ քիչ ընդգրկում ունեն հայաստանյան բիզնես ոլորտում։ «Եթե դիտարկենք ոչ թե հեռահաղորդակցությունը, այլ ծրագրային միջոցների կիրառումը Հայաստանում, ապա կպարզվի, որ դրանց օգտագործման մակարդակը բավականին ցածր է։ Պարբերաբար հրավիրվող մեր հանդիպումներում բիզնես ոլորտի ներկայացուցիչների սակավաթիվ լինելը խոսում է այն մասին, որ հայաստանյան գործարարները տեղյակ չեն ՏՀՏ հնարավորությունների մասին։ Դա կա՛մ տեղեկացվածության պակասի հետևանք է, կա՛մ թերահավատության։ Այս երկուսի դեմ էլ հարկ է պայքարել։ Մարդկանց ոչ միայն պետք է ցույց տալ, որ կարելի է հաջողությունների հասնել, այլև պետք է մատնանշել այն մեթոդներն ու եղանակները, որոնց կիրառմամբ կարելի է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Ամբողջ աշխարհում արտադրողականության բարձրացման հիմնական եղանակն այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է, ինչը կարող է նպաստել և՛ ծախսերի կրճատմանը, և՛ կադրերի առավել օպտիմալ կառավարմանը, ինչու չէ, նաև վաճառքի ծավալների ավելացմանը»,- նշում է ԻՏՁՄ նախագահը՝ ավելացնելով, որ DigiTec Business ֆորումի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաներ արտադրողների և սպառողների միջև համագործակցության կամուրջ ստեղծելն է։
Բիզնես համաժողովում աշխատելու են հատուկ մասնագետներ, ովքեր կպատասխանեն գործարարների հարցերին, կուղղորդեն նրանց։ Ըստ ԻՏՁՄ նախագահի՝ ազատ գործարար շփումները նաև փորձ են պահանջում, դա որոշակի մշակույթ է, որը պետք է ձևավորվի։ Համաժողովը նախատեսում է նաև սեմինարների անցկացում, որտեղ հատուկ գիտելիքներ կմատուցվեն մասնակիցներին։ Հովհաննես Ավոյանը նշում է, որ իրենց հետագա ծրագրերում նախատեսվում են նաև թեմատիկ հանդիպումներ, որոնց միջոցով կկարողանան ավելի նպատակային դարձնել թիրախային խմբերի հետ աշխատանքը։
Այս տարի ակնկալվում է լայն միջազգային մասնակցություն DigiTec Business ֆորումին, մասնավորապես, Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներից, այդ թվում` Բուլղարիայից, Ալբանիայից, Կոսովոյից, Սերբիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից և Մոլդովայից: Անցած տարիներին ֆորումն ունեցել է մոտ 1500 բիզնես այցելու և 30 ՏՀՏ ընկերություն: Այս տարի նախատեսվում է մոտ 40 ընկերության մասնակցություն, որոնք կներկայացնեն ՏՀՏ լուծումներ ֆինանսաբանկային, հաճախորդների սպասարկման, հաշվապահության, կադրերի կառավարման, էլեկտրոնային առողջապահության, էլեկտրոնային ուսուցման, վաճառքների և այլ ոլորտներում: Ընդ որում, ըստ պարոն Ավոյանի, տարեցտարի նկատվում է ոչ միայն թվային, այլև որակական աճ։ DigiTec-ն արդեն դարձել է բրենդ, բավականին ճանաչելի է, ինչն ավելի է շահա-գրգռում մասնակիցներին։
ԻՏՀՄ նախագահի փոխանցմամբ` բիզնես ֆորումի շրջանակներում շատ կարևոր է հաջողության պատմություններ ստեղծելը, որպեսզի մարդիկ ծանոթանան հաջողության հասած կոնկրետ ընկերությունների փորձին։ Նրանց օրինակով կարելի է իրապես ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավումը գործարար շրջանակներում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ