Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հայ տղաներն արյուն թափեցին Ղարաբաղի համար, որ Ղարաբաղը ղարաբաղցիներինը լինի, բայց Ղարաբաղից գաղթում են»

«Հայ տղաներն արյուն թափեցին Ղարաբաղի համար, որ Ղարաբաղը ղարաբաղցիներինը լինի, բայց Ղարաբաղից գաղթում են»
23.01.2009 | 00:00

«ԵՍ ՀՈՒԴԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶՈՀ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՔԱՆ ՄԱՏՆԻՉ, ԴԱՎԱՃԱՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
ՀՀ վաստակավոր նկարիչ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ի տարբերություն որոշ արվեստագետների, պատրաստակամ է հաղորդակցվելու հասարակության հետ «ոչ միայն մշակութային» թեմաներով: Իսկ պատրաստակամ զրուցակիցը, բնականաբար, տրամադրում է հետաքրքիր զրույցի:
«ՈՐՏԵՂ ԿԱ ՊԱՇՏՈՆ, ԱՅՆՏԵՂ ԷԼ ԿԱՆ ԱՅԴ ՊԱՇՏՈՆԻՆ, ԱՅԴ ԱԹՈՌԻՆ ՁԳՏՈՂՆԵՐ»
-Վարուժա՛ն, օրինաչա՞փ եք համարում նկարիչների միության համագումարի ընթացքում բարձրացված աղմուկը:
-Ոչ մի արտառոց բան չկար, հենց այդպես էլ պետք է լիներ: Կային մարդիկ, ովքեր ուզում էին հանդես գալ իրենց ծրագրերով, ինչ-ինչ բարեփոխումներ անել: Ամեն ինչ սպասելի էր. որտեղ կա պաշտոն, այնտեղ էլ կան այդ պաշտոնին, այդ աթոռին ձգտողներ:
-Ձեր համակրանքն ընտրվա՞ծ թեկնածուի կողմն էր:
-Միշտ էլ նորմալ եմ վերաբերվել Կարեն Աղամյանին, այնպես որ նրան էի համակրում:
-Տարիներ առաջ «Կեղտոտ սենյակ» գրքում ալեգորիկ համեմատություն եք կատարել՝ նկարիչների միությունը կոչելով գաճաճների միություն: Հարազատ միջավայրից մերժված մարդու վերաբերմո՞ւնքն եք արտահայտել:
-Կոնկրետ նկարիչների միության հետ կապ չուներ: Գուցե կապ ուներ գաճաճ մտածողության տեր մարդկանց հետ, առհասարակ: Դա ոչ թե մերժված, վիրավորված մարդու, այլ օբյեկտիվորեն վատ վերաբերմունքի արժանացած մարդու պոռթկում էր: Վաստակավոր նկարչի կոչումը, որ պիտի ինձ տրվեր այն ժամանակ, փակ քվեարկությամբ մերժվեց: Եթե չմերժեին, ես հիմա արդեն կունենայի ժողովրդական նկարչի կոչում: Իհարկե, կոչումներն այնքան մեծ նշանակություն չունեն, բայց և ունեն, որովհետև դրանք, ի վերջո, քո աշխատանքի գնահատականն են:
«ՀԻՍՈՒՍԸ ՄԵԿՆ ԷՐ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՐ»
-Նույն գրքում Դուք փորձում եք պատճառաբանել, եթե չասենք՝ արդարացնել Հուդա Իսկարովտացու դավաճանությունը: Սա Ձեր հաստատ համոզմունքի դրսևորո՞ւմն է:
-Հուդան հիմար չէր, որ 30 արծաթի համար իր ՈՒսուցչին դավաճաներ: Ինչ-որ մեկը դա պետք է աներ, որպեսզի Հիսուսն ի խաչ բարձրանար, հարություն առներ, և ապացուցվեր նրա աստվածային ծագումը: Եվ դա արեց Հուդան: Ես Հուդային ավելի շատ զոհ եմ համարում, քան մատնիչ, դավաճան: Հիսուսն այնքան հզոր էր, որ եթե ուզենար, կաներ այնպես, որ Հուդան իրեն չդավաճաներ: Բայց այդ ծանր բեռը դրվեց Հուդայի վրա: Հուդան սիրում էր Հիսուսին: Եվ գաղտնիք է մնում, թե ինչո՞ւ հատկապես նա ընտրվեց որպես մատնիչ: Ի վերջո, գնաց կախվեց, չէ՞: Եթե ինքն այնքան ստոր էր, որ պիտի մատներ 30 արծաթով, հետո չէր կախվի, չէ՞: Ավետարանում չի ասվում, որ Հուդան չէր սիրում Հիսուսին: Համենայն դեպս, դա իմ մտածողությունն է:
-Առավելապես հիսուսներո՞վ, թե հուդաներո՞վ եք շրջապատված:
-Հիսուսը մեկն էր և աստվածային ծագում ուներ: Իսկ, ընդհանրապես, կարծում եմ, որ մարդկության մեջ հավասարաչափ են բաշխված հուդաները և ոչ հուդաները: Այլապես աշխարհը շուռ կգար:
«ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԷՐ»
-Որպես արվեստագետ և որպես քաղաքացի՝ Խորհրդային Միության օրոք Ձեզ շա՞տ էիք կաշկանդված զգում:
-Ես շատ ազատ եմ եղել խորհրդային իշխանության օրոք, նկարել եմ այն, ինչ ուզել եմ: Իհարկե, այն ժամանակ որոշակի պահանջներ կային: Բայց Հայաստանում պարտադիր չէր սոցռեալիզմ նկարելը: Պարզապես հասարակությունն էլ այնքան զարգացած չէր, որ ընկալեր մոդեռնիստական արվեստը, ավելի շատ ընդունված էր ռեալիստական, իրապաշտական արվեստը: Դրա համար էլ թեև ես արդեն հանգել էի վերացական արվեստին, բայց սկսեցի նկարել ավելի իրապաշտական, ավելի տեսանելի գործեր ու դրանով հաջողություն ունեցա: Երբեք կոմունիստ չեմ եղել, բայց պիտի ասեմ, որ արվեստագետի համար, համենայն դեպս Հայաստանում, ավելի լավ կարգեր չէին կարող լինել, քան խորհրդայինն էր: Արվեստագետները սոցիալապես ապահովված խավ էին: Բացի այն, որ մինչև վաթսուն տարեկանը նկարիչները ցուցահանդեսներ էին ունենում, նկարներ էին վաճառում ու ապահովում իրենց ապրուստը, վաթսունից հետո էլ բավականին բարձր թոշակ էին ստանում ու դարձյալ շարունակում ստեղծագործել, նյութապես ապահովել իրենց: Ռուսները շատ էին խոսում, որ սոցիալիզմի օրոք իրենց հետապնդել են, հալածել, բայց Հայաստանում, հավատացնում եմ, չկային հալածանքներ, հայ նկարիչների համար սոցիալիզմը լավ ժամանակաշրջան էր: Այն ժամանակ հեռուստատեսությունն արգասավոր դեր էր կատարում մշակութային կյանքում: Այսօր հեռուստատեսությունում անտարբերություն կա մշակույթի նկատմամբ: Մի խելոք դեմք չես տեսնի եթերում, հատկապես Հանրային (Հ1) հեռուստաընկերության եթերում: Անընդհատ ինչ-որ երգիչներ են երևում, որոնց մասին ասվում են բարձրագոչ խոսքեր՝ «անկրկնելի», «հանճարեղ», «բացառիկ»: Նման բառերով բնորոշում են երգիչների, որոնց 90 տոկոսը պարզապես պրոֆեսիոնալ չէ: Սոցիալիզմի օրոք մենք ունեինք 3-4 ժողովրդական երգիչ, որոնք մեծ պրոֆեսիոնալներ էին: Հիմա ունենք հարյուրավոր անկապ երգիչներ, տխմար ժպիտներով հաղորդավարներ, տափակ հումոր անողներ: Ի՞նչ պիտի մտածի մեր մասին սփյուռքի հեռուստադիտողը, որ մենք տհաս երգիչների հանրապետությո՞ւն ենք: Մահացան երկու նշանավոր նկարիչներ՝ Ալեքսանդր Գրիգորյանը և Կարեն Սմբատյանը: Խոշոր հաշվով ոչ մի արձագանք չեղավ հեռուստատեսությամբ: Իսկ եթե էդ տզզան-բզզան երգիչներից որևէ մեկին մի բան պատահեր, օր ու գիշեր կխոսեին այդ մասին: Սրանք շատ լուրջ խնդիրներ են: Ես Հ1-ի պատվերով խոսք ասացի Վիլյամ Սարոյանի մասին: Ծրագրից հանեցին ու հեռարձակեցին գիշերվա ժամը 2-ին: Մարդկանց հետաքրքիր չէր, հա՞, թե Վարուժան Վարդանյանն ինչ հուշ կպատմի Սարոյանի մասին: Մեր թշնամիներն ասում են, թե հայերը մազոխիստ են: Մենք, կարծես, ուզում ենք արդարացնել այդ կարծիքը. փոխանակ ինտելեկտուալ մարդկանց մասին, մեր փայլուն շախմատիստների, նկարիչների, գրողների մասին սերիալ ստեղծեն, ինչ-որ որբերի, բռնաբարողների, հանցագործների են նկարում: Իսկ ես և ինձ նման մարդիկ եթերում երևալու հնարավորություն չունենք: Ինչպես որ երգի ասպարեզում, այնպես էլ նկարչության մեջ են շատացել ապաշնորհները: Այսօր հայ նկարիչների 90 տոկոսն զբաղված է աղբ արտադրելով: 60-70 թվականներին էլ կային և՛ լավ, և՛ վատ նկարիչներ, բայց մի ընդհանուր բան կար բոլորին բնորոշ. բոլորը պրոֆեսիոնալ էին, տիրապետում էին իրենց արհեստին: Այսօր այդպես չէ: Եվ ալբոմներ են տպագրվում, ուր տեղ են գտնում այնպիսի մարդիկ, ովքեր մեկ ուրիշ դարում ուղղակի չէին կարող համարվել նկարիչ: Այնպես որ, նկարչությունն էլ այսօր բավական թշվառ վիճակում է:
«ՄԵՆՔ, ՑԱՎՈՔ, ԴԱՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԻՍԿ ԱԶԱՏԱԳՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»
-Ի վերջո, անկախությունը Հայաստանին, հայ մարդուն ի՞նչ տվեց:
-Տվեց անհատապես մտածելու իրավունք: Պետությանը տվեց ինքնուրույնություն, իր խոսքն ասելու հնարավորություն: Չնայած ես այն կարծիքին եմ, որ մեր պետության նման փոքր, ոչ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրները չեն կարող լիարժեք անկախ լինել, միշտ էլ կախված կլինեն ինչ-որ հզոր պետությունից, ինչպես որ մենք՝ Ռուսաստանից:
-Մենք միայն Ռուսաստանի՞ց ենք կախված:
-Այո՛, հիմնականում: ԱՊՀ երկրներն իրենց համար ընտրություն կատարեցին: Վրաստանն ու ՈՒկրաինան ընտրեցին Ամերիկան, օրինակ: Իսկ հայերն ուղղակի ընտրություն չունեին և դաշնակցեցին Ռուսաստանի հետ: Երևի մեր կյանքի ուղին դա էր:
-Մայնդորֆյան հռչակագրի ստորագրման ժամանակ Հայաստանի կողմից Ռուսաստանն ընտրած լինելու հանգամանքը նպաստավոր պայմաններ ապահովե՞ց մեզ համար:
-Կարծում եմ, որ այդ հռչակագրերն ուղղակի թղթեր են, որոնք լրացնում են ինչ-որ մարդիկ և այնքան էլ կարևոր չեն պետության զարգացման հարցում: Համենայն դեպս, դրսի աշխարհի ճնշման տակ մերոնք կարող են որոշ զիջումների գնալ: Դա, իհարկե, լավ չէ: Կարծում եմ՝ վաղ թե ուշ, գրավյալ տարածքները պետք է վերադարձնեն Ադրբեջանին: Իսկ որտե՞ղ է տեսնված, որ զենքով ու արյամբ գրավված տարածքները վերադարձվեն: Որքան հիշում եմ, պատմությանը նման բան հայտնի չէ:
-Իսկ ինչո՞ւ մենք պիտի բացառություն դառնանք:
-Դե, որովհետև փոքր պետություն ենք, չենք դիմանա Եվրախորհրդի, Ամերիկայի ու մյուս մեծ պետությունների ճնշմանը: Իհարկե, չեմ կարծում, թե Ղարաբաղը երբևիցե կվերադարձնենք: Բայց այստեղ մի «բայց» կա: Մենք, ցավոք, դատարկում ենք մեր իսկ ազատագրած հայկական տարածքները: Ղարաբաղցիները չեն մնում Ղարաբաղում: Գյուղերը բնակեցված չեն: Ղարաբաղի բնակչության մեծ մասը գաղթել է այլ տեղեր, այդ թվում և՝ Երևան: Եվ գաղտնիք չէ, որ դա բավական տհաճ զգացումներ է առաջացնում հայաստանցիների մեջ: Հայ տղաներն արյուն թափեցին Ղարաբաղի համար, որ Ղարաբաղը ղարաբաղցիներինը լինի, բայց Ղարաբաղից գաղթում են: Ղարաբաղցիներն անընդհատ փախուստի մեջ են, և ղարաբաղցու անունն ավելի ու ավելի տհաճությամբ է ընկալվում հայաստանցիների կողմից, ցավոք սրտի:
-Արևմուտքին սպառնացող ֆինանսատնտեսական ճգնաժամը կարո՞ղ է դրդել հայերին ներգաղթելու:
-Բոլորովին: Ֆինանսատնտեսական ճգնաժամն ավելի շատ հարվածելու է այն երկրներին, որոնք ունեն խոշոր արդյունաբերություն, հարուստ տնտեսություն: Իսկ մենք այդպիսին չենք: Երբ ինչ-որ տարածք ռմբակոծում են, խոշոր կենդանիներն են վնասվում, չէ՞: Մանրմունրները, միջատները մնում են անվնաս: Մենք փոքր պետություն ենք, պիտի որ առանձնապես մեզ վրա այդ ցնցումը չզգանք, եթե, իհարկե, տագնապի մթնոլորտ չստեղծվի Հայաստանում: Ավելի շատ հոգեբանորեն կարող ենք տուժել: Թե չէ ուրիշ ի՞նչը պիտի տուժի. մեր գործարաննե՞րը, մեր ավտոարտադրությո՞ւնը:
«7-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԳՅԱԴԱՅԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶ»
-Ձեր արվեստանոցը բավականին մոտ է մարտիմեկյան դեպքերի կիզակետին: Անձամբ հետևե՞լ եք դրանց:
-Դեպքերի ժամանակ արվեստանոցում չեմ եղել, բայց մանրամասներն իմացել եմ իմ ծանոթներից, ովքեր մասնակցել են դրանց: Ինչպես բոլորը, ես ևս իրազեկված եմ: Մարտի 1-ին իշխանությունները կատարել են հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ: Հունաստանի ցնցումների ժամանակ զոհվեց ընդամենը մի հայ տղա, և ժողովուրդը դա չներեց իշխանություններին: Իսկ մեզ մոտ անտեղի զոհվեց 11 հոգի: Դրա համար պիտի իշխանությունները պատասխան տան:
-«7-ի գործով» դատավարությունից ակնկալո՞ւմ եք այդ պատասխանը:
-Եթե իշխանությունները խելացի լինեն, ընդհանրապես համաներման կարժանացնեն այդ մարդկանց և կազատվեն այն ամոթալի վիճակից, որ իշխում է Հայաստանում: Միայն դա է ճիշտ ճանապարհը, և այդպես կարելի է ինտեգրացվել Եվրախորհրդին: Իշխանությունները դա պիտի գիտակցեն: «7-ի» դատավարությունը դարձել է գյադայական վրեժխնդրության ասպարեզ: Ի՞նչ է նշանակում ստիպել մարդկանց` ներում խնդրել: Ինչի՞ համար ներում խնդրեն: Այդ մարդիկ ընդամենն ունեցել են իրենց սեփական կարծիքը, հո չե՞ն գնացել զենքը ձեռքին կռվել իշխանությունների դեմ: Միայն սեփական կարծիք ունենալու համար նման ճնշման չեն ենթարկում: Այդ դատավարությունը ֆարսի է վերածվել. ոտքի չեն կանգնում, դատավարությունը հետաձգվում է: Ոչ մեղավոր մարդկանց դատապարտում են և ստիպում, որ նրանք ամեն ինչ իրենց ուզածով անեն: Չեն կանգնում, թող չկանգնեն: Դա հիմք չէ՝ դատավարությունը հետաձգելու համար: Վերջ ի վերջո, դատը պիտի արվի: Թե չէ հանձնաժողովներ են ստեղծում, քննարկումներ են անում: Չերչիլն ասել է. «Եթե ուզում եք որևէ գործ տապալել, ստեղծեք հանձնաժողով»: Ես կցանկանայի, որ մարդիկ վեր կանգնեին մանր վրեժխնդրությունից ու միասին մտածեին Հայաստանի ապագայի մասին: Ճիշտն ասած, հույսեր եմ փայփայում, որ Սերժ Սարգսյանը բարեփոխումներ կանի Հայաստանում: Նրան ավելի չափավոր մարդ եմ համարում իր վարած քաղաքականության մեջ: Ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի գործած սխալների համար պատասխան չտար ու չշարունակեր այդ սխալները: ԱՄՆ-ում Բուշին փոխարինում է Բարաք Օբաման: Բուշն Ամերիկան տարավ կործանման, հիմա Օբաման հո չի՞ շարունակելու Բուշի արածը: Այդպես էլ պիտի մեզ մոտ լինի: Մարդկանց պետք է համաներում շնորհել, և վե՛րջ:
«ՆԿԱՐԵԼՈՒՑ ԴՈՒՐՍ ԻՄԿՅԱՆՔՆ ԱՅԼ Է, ՇԱՏ ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ»
-Այս օրերի մթնոլորտում հաջողվո՞ւմ է ստեղծագործել:
-Ե՛վ ղարաբաղյան շարժման օրերին, և՛ ընդհանրապես քաղաքական, տնտեսական խոշոր ցնցումների ժամանակաշրջանում չեմ դադարել ստեղծագործելուց: Եթե ամեն մի ցնցման ժամանակ այնքան ցնցվեմ, որ սկսեմ չաշխատել, բա ինչո՞վ զբաղվեմ: Ես սիրում եմ իմ գործը և ապրում եմ միայն նկարելու պահին: Նկարելուց դուրս իմ կյանքն այլ է, շատ անհետաքրքիր է ինձ համար:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3477

Մեկնաբանություններ