ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
21.05.2010 | 00:00

Մայր ՄԱՐԻԱ
Կրոնական կյանքի հաջորդ տեսակը` կանոնադրականը, իր վրա կրում է բոլորովին այլ ծագման հետքեր։ Այն սինոդական տեսակի համեմատությամբ հնամյա է, երբեք չի մահացել և ներհյուսվել է սինոդական բարեպաշտությանը, դիմադրելով նրան, բայց առանց մարտնչելու նրա դեմ։ Սինոդական բարեպաշտությունն այն գտավ Եկեղեցում իր ծագման պահին, որովհետև Մոսկովյան Ռուսիան համակված էր կանոնադրական մոլեռանդությամբ։ Հնադավանությունն աճեց նրա մեջ և ներծծեց բոլոր ուժերը։ Կերպարանափոխվելով ու բարդանալով, այն ապրեց մինչև մեր օրերը։ Եվ ամենաահավոր ու հետամնաց բանը, ինչը թողեց մեզ որպես ժառանգություն, Մոսկովյան Ռուսիան է։
Կասկածի ենթակա չէ մոսկովյան բարեպաշտության չափազանց թույլ ստեղծագործական և աստվածաբանական մակարդակը։ Մոսկվան շատ բան է յուրացրել Բյուզանդիայից, բայց ասես նրա ստեղծագործական լարվածության կողքով է անցել։ Մոսկվան անշարժ ձևի է վերակռել տառի պաշտամունքը, ավանդավարքի պաշտամունքի, կրկնվող ռիթմիկ ժեստի բյուզանդական հանճարի ամբողջ կրակոտ և անտինոմիական եռումը։ Մոսկվան ոչ միայն բյուզանդական ժառանգությունը կարողացավ սառեցնել, այլև չորացրեց ու ոսկրացրեց աստվածաշնչյան ժառանգությունը` նրանից հանելով բարեբեր ու կենդանի հոգին։ Հին մարգարեի խոսքով` այն սկսեց դիզել «պատվիրանը պատվիրանի», «կանոնը կանոնի» վրա։ Բյուզանդական ճարտասանության շքեղ հեղեղն ընկալեց որպես իրերի ինչ-որ անշարժ չափանիշ, մտցրեց այն սեփական պարտադիր կենցաղի մեջ, ծիսակարգեց յուրաքանչյուր պոռթկում, օրենքի ձևերի մեջ մարմնավորեց ամեն մի կրոնական զգացմունք։
Այդ հետամնաց, վերամբարձ, անշարժ, պահպանողական ոգու առավելագույն արտահայտությունը, իհարկե, հնադավանությունն էր։ Եվ այդ իմաստով այն մեծ ծառայություններ ունի. մեզ համար պահպանեց հնամյա սրբանկարները, փրկեց հնագույն մեղեդիները, բայց միաժամանակ այնպես շփոթեց քրիստոնեական կյանքի արժեքների հիերարխիան, որ տանջանքի և մահվան խնդիր էր ոչ միայն երկու մատով խաչակնքելու, այլև «Հիսուս» անունը «Իսուս» գրելու պատճառով։ Հարցը ոչ միայն պարզ անգրագիտության, այլև անհամեմատ լուրջ խնդրի մեջ է, ինչը հետագա ժամանակներում ծավալվեց ամբողջ ակներևությամբ. խոսքը մոգությանը հավատալու մասին էր` ոչ միայն բառի, անվան, այլև յուրաքանչյուր տառի, որից կազմված է այդ անունը։
Եվ Քրիստոսի ճշմարտության նկատմամբ նման հնադավան վերաբերմունքի համար ակնհայտ էր վրա հասած ահավոր պատիժը։ Մտեք հնադավանների աղոթատուն։ Այնտեղ հավաքված է այն ամենը, ինչի վրա նրանք դողացել են իրենց ողջ պատմության ընթացքում. հնամենի սրբանկարներ, որոնք անգին են, հնագույն գրքեր, որոնց մեջ առանձնահատուկ երգեցողության ձայնանիշեր են, այսինքն` այն ամենը, ինչի համար նրանք պայքարել էին և նահատակվել։ Չկա միայն զոհասեղան, որովհետև չկան սուրբ խորհուրդներ։ Պահպանված է ամեն ինչ, բացի Եկեղեցու կենդանի հոգուց, բացի նրա խորհրդավոր Աստվածային կյանքից. մնացել է միայն շքեղաշուք սրբապատկերակալը, ինչի հետևում խուլ պատն է միայն։ Այս երևույթի շուրջն արժե խորհրդածել։ Այստեղ մարդիկ պատժվեցին հենց իրենց հաղթանակով, իրենց նպատակին հենց հասնելով։ Մեկ անգամ խեղաթյուրելով Քրիստոսի ճշմարտությունը` մնացին նրա մեռած պատյանի հետ։ Այդ մասին արժե խորհել ամեն անգամ, երբ հայտնվում է ոգին` ձևին, սերը` կանոնադրությանը մատնելու գայթակղությունը։ Այդ գայթակղությունը մեզ ևս սպառնում է նույն վտանգով` մնալ ձևի և կանոնադրության մեջ, կորցնելով սերն ու ոգին։
Ինչպիսի՞ն է կանոնադրի բարոյական նկարագիրը։ Ինչպիսի՞ն է նրա հոգևոր բովանդակությունը։ Նրա ամենամեծ տենչանքը կատարյալ հոգևոր բարեկարգության ծարավն էր, ներքին կյանքի ամբողջական հնազանդեցումն արտաքին, ամենաչնչին մանրամասնություններով մշակված, ռիթմին։ Արտաքին ռիթմն ընդգրկում է ամեն ինչ։ Եկեղեցուց դուրս նա գիտի կենցաղի բոլոր մանրուքների հոգևոր իմաստը, նա պահպանում է պահքը, օրեցօր ապրում է ժամասացությունների բովանդակությամբ, վառում է կանթեղները, ինչպես պետք է, ճիշտ խաչակնքում և այլն։ Եկեղեցում նույնպես նա թույլ չի տալիս ոչ մի խոյանք, թույլ չի տալիս դուրս գալ սահմանված ժեստերից։ Ժամերգության անփոփոխ պահին նա ծնկի է գալիս, սահմանված պահին գլուխը խոնարհում, երեսը խաչակնքում։ Նա հաստատ գիտի, որ Զատկից մինչև Համբարձում հանցավորություն է ծնկի գալը, նա գիտի քանի անգամ տարվա մեջ կգնա խոստովանության, և, ամենակարևորը, նա ամենանուրբ մանրամասնություններով ուսումնասիրել է ժամերգությունների կանոնադրությունը և զայրանում է, եթե ժամասացության ընթացքում ինչ-որ բան բաց է թողնվում, քանզի այդպես սահմանված չէ։ Եվ, դրա հետ, նրա համար համարյա միևնույն է, եթե ընթերցվածը հասկանալի չէ, եթե այն կարդացվում է արագ-արագ։
Եվ, անշուշտ, նա սլավոնական լեզվի մոլեռանդ ջատագով է, ռուսերենը Եկեղեցում նրան գրեթե սրբապղծություն է թվում։ Եվ սլավոնականը նա սիրում է, որովհետև սովոր է դրան։ Սաղմոսների բազմաժամյա երգեցողությունը խորասուզում է նրան բարեպաշտության որոշ մթնոլորտի մեջ, ստեղծում է նրա հոգևոր կյանքի որոշակի ռիթմը. դա գլխավորն է, ինչը նա կուզեր, բովանդակությունը նրան այնքան էլ չի հետաքրքրում։ Նրա աղոթքները երկարատև են` դրանց համար նա ունի մշտական և անշարժ վարքականոն։ Այդ կանոնի մեջ շատ հաճախ կրկնվում են միևնույն աղոթքները և միշտ միևնույն տեղում։ Ավետարանն ու տերունական աղոթքը չեն զատվում այդ կանոնի ընդհանուր կառուցվածքից` այդ ամբողջը միայն մասն է մեկընդմիշտ սահմանված, համաչափ ամբողջության։ Այդպիսի մարդու հոգևոր կյանքը մշակված է չափազանց բծախնդրորեն։ Նա կարող է սովորեցնել, թե ինչպես է հարկավոր շնչել աղոթքի ժամանակ, թե որտեղ պիտի լինեն ոտքերը` տա՞ք տեղում, թե՞ սառը։
Եթե քննենք առանձնահատուկ այդ երևույթը, ապա կպարզվի նրա անկասկած ուժեղ կախումն Արևելքի մինչև անգամ ոչ քրիստոնեական կրոններից։ Այստեղ զգացվում են և ՛յուրատեսակ դերվիշականություն, և՛ հինդուիզմի արձագանքներ, իսկ գլխավորը` կրքոտ հավատ բառի, ժեստի, նրա ռիթմի մոգության նկատմամբ։ Եվ անկասկած է, որ մոգության հանդեպ տածած այդ հավատը շատ իրական արմատներ ունի։ Այդ ճանապարհով իսկապես կարելի է շատ բաների հասնել` վիթխարի ներքին կարգապահության, մեծ իշխանության ինքն իր վրա, մարդկային հոգու ամբողջ քաոսի վրա, մինչև իսկ ուրիշների վրա իշխելու հմտությանը, սեփական արտաքին և ներքին կյանքի ամբողջական կարգավորվածության և ավարտման, նույնիսկ յուրատեսակ օրինական ոգեշնչվածության։ Միակ բանը, որ այդ ճանապարհին չի հաջողվում, իհարկե, սերն է։ Այստեղ կարելի է խոսել մարդկային և հրեշտակների լեզուներով, բայց չունենալ սեր։ Ճիշտ է, սիրո և բարերարության գործերը մտնում են կանոնադրական կյանքի ընդհանուր ռիթմի մեջ։ Կանոնադիրը գիտի, որ նա պարտավոր է աղքատին ողորմություն տալ, հատկապես պահքի ժամանակ, կառուցել անկելանոցներ և այլն, բայց այդպիսի գործունեության հիմնական դրդապատճառն այն է, որ նա կարգադրած է, որ մտնում է իր կյանքի ընդհանուր ռիթմի մեջ, նա մասն է իրերի ինչ-որ կանոնադրական ըմբռնման։
Այդ իմաստով նրա մեջ շատ զարգացած է պարտքի, հնազանդության զգացումը։ Եվ նրա վերաբերմունքը մարդու նկատմամբ որոշվում է նրա ստանձնած հնազանդությամբ, այլ ոչ թե անմիջական սիրով։ Բարեպաշտության այդ տեսակը ներկա պահին ավելի շուտ միտում ունի աճելու և տարածվելու։ Եվ այդպիսի տարածումը դժվար չէ բացատրել, եթե հաշվի առնենք ժամանակակից մարդկային հոգու ամբողջ թշվառությունը, լքվածությունը, անապաստանությունը և հոգնատանջությունը։ Նա սխրանք չի փնտրում, նա վախենում է ուժից վեր ծանրությունից, նա այլևս չի կարողանում ոչ փնտրել, ոչ հուսահատվել։ Զոհաբերող սիրո խստաշունչ և անոսր օդը նրա ուժերից վեր է։ Եթե կյանքը շրջանցել է նրան և չի տվել ոչ մի արտաքին բարեկեցություն, ոչ մի արտաքին կայունություն, ապա նա ընդգծված ագահությամբ ձգտում է ձեռք բերել ներքին բարեկեցության, սեփական ներքին աշխարհի ամբողջական որոշակիություն և օրինականություն։ Նա քաոսի վրա գցում է սահմանվածի և թույլատրվածի ամուր ծածկոցը, և քաոսը դադարում է նրա հոգին քրքրելուց։ Նա գիտի մոգական հմայախոսքերի զորությունը, որոնք հաճախակի արտասանվում են անհասկանալի բառերով։ Նա դերվիշների նման գիտի ժեստի և դիրքի ուժը։ Նա պաշտպանված է և հանգիստ։
Կանոնադրական ուղու այդ բոլոր առանձնահատկություններն են որոշում նրա աճը մեր ժամանակներում։ Շատ հնարավոր է, նրա առաջ ընկած է ծաղկման երկարատև ժամանակաշրջան։ Պետք է նշել, որ մեր դարաշրջանը ևս կանոնադրականությանը խոստանում է հաջողություն։ Այսօր ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք հաստատուն և կոնկրետ ինչ-որ դիրեկտիվներ` ինչպես հավատալ, ինչի համար պայքարել, ինչպես իրեն պահել, ինչ խոսել, ինչ մտածել։ Մենք տեսնում ենք, որ աշխարհն այսօր ծարավի է հեղինակավոր առաջնորդների, որոնք իրենց հետևից կտանեն կույր և նվիրված ամբոխին։ Մենք գիտենք երբևիցե գոյություն ունեցած ամենասարսափելի դիկտատուրան` գաղափարի դիկտատուրան։ Անսխալական կենտրոնը` կուսակցությունը, կամ առաջնորդը, օրինակ, կարգադրում է մտածել և գործել այս կերպ, և մարդը, որը հավատում է այդ դիրեկտիվների անսխալականությանը, զարմանալի և անհասկանալի հեշտությամբ վերափոխում է սեփական ներքին աշխարհը համաձայն այդ դիրեկտիվի։ Մենք գիտենք պետականորեն պարտադիր փիլիսոփայության և աշխարհայեցողության գոյության մասին։ ՈՒ եթե ենթադրենք, որ Եկեղեցին ինչ-որ տեղ կդառնա եթե ոչ հովանավորող, ապա գոնե տանելի, ու այնտեղ կգան մարդկային նոր կադրեր, որոնք դաստիարակված կլինեն պարտադիր դիրեկտիվներով, ապա կանոնադրականությունը շատ արագ կսովորեցնի նրանց, ինչպիսի ճանապարհով է պետք ընթանալ, որտեղ քիչ են տարակուսանքները, որտեղ դիրեկտիվները ամենաստույգն են, որոնք լավ են կանոնակարգում մարդկային ողջ կյանքը, որտեղ, վերջապես, մարդկային կյանքի ողջ քաոսը հնազանդեցված և քշված է սահմանված վանդակների մեջ։ Այստեղ կանոնադրականության հաջողությունը միանգամայն կանխորոշված է։ Զուգահեռ չի կարելի խոսել, իհարկե, նրա ստեղծագործական հնարավորությունների մասին։ Կանոնների, բառերի, ժեստերի անվերջ կրկնության սկզբունքը բացառում է ամեն մի ստեղծագործ լարվածություն։ Հին ժամանակներից սկսած կանոնադրականությունը հակառակ է մարգարեությանը և արարմանը։ Նրա գործն է պահպանել և կրկնել, ոչ թե քանդել և կառուցել։ Եթե նա իսկապես հաղթի, ապա կնշանակի, որ Եկեղեցում մի քանի տասնամյակների ընթացքում կդադարի ստեղծագործ ոգին և ազատությունը։
Սակայն գլխավոր հարցը, որը ցանկանում ես դնել կանոնադրականության առջև, այն է, թե ինչպես է նա պատասխանում Քրիստոսի երկու պատվիրաններին` Աստծո նկատմամբ սիրո և մարդկանց սիրելու անհրաժեշտության։ Արդյոք նրա մեջ տեղ կա՞ այդ պատվիրանների համար։ Որտե՞ղ է նրա մեջ մարդը, ում մոտ բարեհաճեց իջնել Քրիստոսը։ Եթե ենթադրենք, որ նրա մեջ հաճախ արտահայտվում է յուրատեսակ սերն առ Աստված, ապա, այնուամենայնիվ, դժվար է տեսնել, թե ինչ ճանապարհով է նա քայլում դեպի սեր առ մերձավորը։ Քրիստոսը երես դարձրեց գրքագետներից և փարիսեցիներից և գնաց մեղավորների ու պոռնիկների մոտ։ Նա դժվար թե ՈՒսուցիչ լինի նրանց համար, ովքեր վախենում են իրենց շուրջառը (քահանայական զգեստ) կեղտոտելուց, ովքեր ամբողջովին նվիրված են տառին, ովքեր պահպանում են միայն կանոնադրությունը, ովքեր չափանշում են իրենց ամբողջ կյանքն ըստ կանոնադրության։ Նրանք իրենց զգում են հոգեպես առողջ, որովհետև կատարում են հոգևոր հիգիենայի (առողջագիտության) բոլոր կարգադրագրերը, իսկ Քրիստոսն ասել է` բժշկի կարիք ունեն ոչ թե առողջները, այլ հիվանդները։ Քրիստոսը տերն էր շաբաթվա, և խախտում էր այն հանուն սիրո։ Իսկ այնտեղ, որտեղ այն խախտել չեն կարող, չեն կարողանում դա տալ, քանզի չկա այդ «հանունը»` չկա սերը։ Կանոնադրությունն այստեղ հանդես է գալիս որպես շաբաթվա ստրուկ, այլ ոչ թե Աստծո Որդու ճանապարհի հետևորդ։ Մի՞թե մենք այս դեպքում գործ չունենք կենդանի Աստծո փոխարեն նոր կուռքի հետ, որը նոր հեթանոսությամբ հանդես է գալիս ոճերի, կանոնադրությունների, կանոնների, արգելքների մասին վեճերով, շաբաթ օրով, որը հանդգնում է հաղթանակ տանել Աստծո ճշմարտության նկատմամբ։ Ահավոր է կռապաշտությունն աշխարհում, երբ այն դավաճանում է Քրիստոսին հանուն պետության, ազգի, սոցիալական գաղափարի, չնչին քաղքենիական հարմարավետության և բարեկեցության։
Էլ ավելի ահավոր է կռապաշտությունը Եկեղեցում, երբ այն նենգափոխում է Քրիստոսի սերը` պահպանելով շաբաթը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ