ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՄԻԱՅՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՄՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՆԱԼ»

«ՄԻԱՅՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՄՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՆԱԼ»
09.04.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Հայ-թուրքական հարաբերությունների կայացման ընթացքում ինչ-որ սխալ կատարվե՞ց, թե՞ սխալ կար սկզբից, որ այս արդյունքին հանգեցինք:
-Չեմ կարծում, որ արդյունքների մասին պիտի խոսենք, որովհետև վաղ է դեռ: Երբ արձանագրությունները ստորագրվեցին, ես առիթ ունեցա ասելու, որ վավերացվելու լուրջ ընթացք պիտի անցնեն: Պահը չէ գնահատական տալու` արդյունք եղավ, թե ոչ: Վերջին հաշվով պատմական մի պահ ենք ապրում, երբ միջազգային հանրությունը ցանկացած միջոցառման ընթացքում` քաղաքական, պետական, անվտանգության հարցերով, միշտ խոսակցություն է ծավալում հայերի ու Հայաստանի մասին: Դա հաստատում է, որ Հայաստանի միջազգային վարկը բարձրանում է. եթե մինչև վերջերս որոշակի դեգերումների մեջ էինք տարբեր պետությունների հետ կապեր ստեղծելու համար, այսօր նաև մասնակից ենք աշխարհում կատարվող իրողությունների քննարկումներին: Այդ տեսակետից Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է: Հայ-թուրքական փոխհարաբերություններն անընդհատ զարգացող գործընթաց են, իհարկե, միջազգային հանրությունը և Հայաստանի քաղաքական ուժերը մտածում են` արդյունքը պիտի լինի Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացումը, բայց խնդիրը դրանով չի ավարտվելու: Նույնիսկ եթե թուրքական կողմն արձանագրությունները չվավերացնի, գնացքն արդեն շարժվել և գնում է: Մենք աստիճանաբար բազմապատկում ենք այն գործիքները, որոնցով ուզում ենք արդյունքի հասնել:
-2009-ից սկսած մի քանի անգամ ողջամիտ ժամկետները հատել ենք, ո՞րն է լինելու հաջորդ «ողջամիտը»:
-Ողջամիտ ժամկետներն անցել են, մենք նաև պատրաստ ենք մեր ստորագրությունն արձանագրություններից հետ կանչելու, բայց դա կանենք, երբ մեզ շահեկան կլինի: Մանավանդ այսօր Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը շատ լարված է, դա է պատճառը, որ Թուրքիայի իշխանությունները ջղաձիգ վերաբերմունք ունեն քաղաքական դաշտի իրողությունների նկատմամբ` իրարամերժ հայտարարություններ, խոսքի տրամաբանության փոփոխություն: 2011 թ. Թուրքիայում համապետական ընտրություններ են, իշխանությունը վերարտադրման խնդիր ունի ու հիմա ընտրության առաջ է` արձանագրությունների վավերացո՞ւմն է ավելի շահեկան, թե՞ չվավերացումը, թե՞ ձգձգումը` ընտրողների համակրանքին արժանանալու համար: Թուրքիայի վարչապետ Էրդողանի բանագնացի Հայաստան գալն էլ դիվանագիտական ժեստ էր` աշխարհին ցույց տալու, որ գործընթացը կանգ չի առել: Իհարկե, դա վերաբերմունքի տեսակետից գնահատելի է, բայց ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է իր ձախողումը ներկայացնել որպես մեծ դժվարությունների հաղթահարում` ժամանակ շահելու համար: Ըստ իս, մենք ժամանակ չունենք:
-Ի՞նչ եք կարծում` Թուրքիան, այնուամենայնիվ, ո՞ր տարբերակը կընտրի` չվավերացնելո՞ւ, վավերացնելո՞ւ, ժամանակը ձգելո՞ւ:
-Աշխարհն արդեն վավերացրել է, սա կարևորագույն քայլ եմ համարում: Կարծում եմ` առաջիկա զարգացումները կհստակեցնեն դա: Հայաստանը միջուկային զենք չունի և, չեմ էլ կարծում, որ անհրաժեշտություն կլինի ունենալու, բայց Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով մեծ համաժողովին հրավիրվում է ՀՀ նախագահը, սա վերաբերմունք է պետության և նախագահի նկատմամբ:
-Վաշինգտոնյան երկկողմ կամ հնարավոր եռակողմ հանդիպումից ինչ-որ փոփոխություն ակնկալո՞ւմ եք:
-ԱՄՆ-ի նախագահը հանդիպելու է ՀՀ նախագահի հետ։ Դա ավելի կակտիվացնի քաղաքական փոխհարաբերությունները: Հայ-թուրքական հարաբերությունների առումով մենք նոր ասելիք չունենք, թուրքական կողմը փորձում է ներկայացնել, որ եռակողմ հանդիպում է լինելու, խնդիրներ են լուծվելու, ակնարկում են նաև Ղարաբաղի հարցի քննարկում: Էրդողանի բանբերի հիմնական միտքն այն էր, որ թուրքական կողմը ցանկանում է նախագահի հետ համաձայնեցնել հանդիպման կայացումը:
-Եվ ի՞նչ` հանդիպումը կկայանա՞:
-Ես չգիտեմ` կկայանա, թե ոչ և ի՞նչ օրակարգ կունենա: Մեզ համար կարևոր է, որ աշխարհի գերհզոր երկրներից մեկը փորձում է իր հարաբերությունները սերտացնել Հայաստանի հետ, իսկ հայ-թուրքական հարաբերությունների առումով մեր նախագահը երկրի ամենածանրակշիռ ամբիոններից իր տեսակետն արդեն ասել է, և մեր խոսքից հրաժարվելու հետընթաց չի նախատեսվում: Մենք վտանգավոր ճանապարհ ենք ընտրել, բայց վճռական ենք ու այդ վճռականությամբ էլ արդյունքներ ենք գրանցելու: ՈՒրիշ ժառանգություն սերունդներին այսօրվա հասարակությունը չի կարող թողնել` բացի ամուր հայրենիքից, և այդ նախաձեռնությունն ամուր գաղափարախոսության հետևանք է, ոչ թե պատահական երևույթ: Իհարկե, ավելի հանգիստ կարելի էր ապրել, երկիրն իր ռիթմով տանել, կգար ուրիշ նախագահ, հետո մի ուրիշը` նրանք էլ թող լուծեին:
-Այսինքն` ինչ ստացել եմ, այն փոխանցո՞ւմ եմ:
-Այո, բայց դա շատ վտանգավոր է, մենք պիտի վճռական լինենք: Հիշում եք` հայրենատիրության օրենքին մենք, փաստորեն, դեմ քվեարկեցինք, որը մեր գաղափարախոսության հիմքն է, բայց դեմ քվեարկեցինք, որովհետև հայրենատիրությունը հայ ժողովրդի ծննդով է արժևորվել ու հասել մեզ, դարձել է նաև Նժդեհի գաղափարախոսության հիմքը, և մենք որևէ երևույթի հետ չենք կապում, բայց ամեն օր այդ գաղափարախոսությունը զորանում է հենց հայրենատիրությամբ: Մենք կարծում ենք, որ հայ ժողովուրդն իր ձեռքով պիտի կարողանա լուծել իր խնդիրները: Մեր և ՀՅԴ-ի տարբերությունն այդտեղ է` մենք գնում ենք հայրենատիրության ճանապարհով, ՀՅԴ-ն` պահանջատիրության: Իհարկե, մենք չենք հրաժարվում պահանջատիրությունից, բայց միայն պահանջատիրությամբ չես կարող ամուր հայրենիք ունենալ: Ի վերջո` աշխարհի աչքի առաջ է տեղի ունեցել ցեղասպանությունը, և աշխարհն էլ դատապարտված է պատասխան տալու` այդ հիմքով պահանջեք: Դե, Երևանում նստեք ու պահանջեք, որ Ղարաբաղի հարցը լուծվի, մենք գնացինք հայրենատիրության ճանապարհով, մեր ձեռքով պատմական արդարությունը վերականգնեցինք: Ժողովուրդը պիտի ավելի առնական դառնա: Երբեմն քաղաքական գործիչները սոցիալական իրավիճակի հետ են կապում այդ հարցը, բայց ես համոզված եմ, որ սահմանամերձ շրջանի շինականի հայրենասիրությունը շատ ավելի մեծ է, քան իմ, քան երևանաբնակների: Բոլորիս մեջ էլ արյան կանչը կա: Խնդիրն ուղղորդելը, համակարգելն է և աշխարհին մատուցելը որպես առնական ժողովրդի կամք, որը պատրաստ է իր բոլոր խնդիրները լուծելու:
-Բոլոր գումարումների խորհրդարանների պատմության մեջ եղել է մի շրջան, երբ խոսել են լուծարման անհրաժեշտության ու անխուսափելիության մասին: Չորրորդ գումարման ԱԺ-ն չի՞ լուծարվի, և արտահերթ ընտրություններ չե՞ն սպասվում:
-Նորագույն ժամանակների քաղաքական մշակույթի մեջ դա քաղաքական հիվանդություն է, որովհետև բոլոր հայերը մտածում են, որ իրենք իշխանական զարմից են ու ավելի լավ կկարողանան կառավարել և ղեկավարել: Անընդհատ նույն խնդիրն առաջանում է այդ պատճառով, սին պատրանքներ են ընդամենը:
-Բոլոր դեպքերում, կոալիցիայի ներսում էլ հաճախացել են ու խորացել տարաձայնությունները...
-Բացեք թերթերն ու նայեք կոալիցիայի պատմությունը: Նույն խնդիրը միշտ էլ եղել է, մարդիկ փորձում են սեպեր տեսնել և տեղավորվել այդ սեպերի արանքում: Եթե կոալիցիայի ներսում գզվռտոց լինի, ուրեմն հակառակ կողմի համար դա նպատակահարմար ու ձեռնտու է: Ստորագրված հուշագիրն իր բոլոր կետերով կատարվում է, խնդիրները լուծվում են, կոալիցիայում տարբեր կուսակցություններ են, և առանց քննարկումների ու տարաձայնությունների առաջ չես կարող գնալ: Եթե վեճ չկա, ամորֆ վիճակ է, նշանակում է զարգացումներ չկան: Վեճը պիտի դիտել ոչ թե հակադրություններ կոալիցիայի ներսում, այլ խնդիրները լուծելու արդյունավետ ճանապարհի որոնում:
-Թվում է` կոալիցիայի ներսում ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները սրվեցին, խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անհրաժեշտության խոսակցությունները շատացան, երբ Ռոբերտ Քոչարյանը քննադատեց կառավարության կուրսը, երկրում ու երկրից դուրս տարբեր հանդիպումներ ունեցավ: ՀՀ երկրորդ նախագահի մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձը կապվում է որոշակի տեղաշարժերի հետ: Հավանական համարո՞ւմ եք նրա վերադարձը և, ի հետևանս, ի՞նչ իրադարձություններ եք կանխատեսում:
-Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հասարակությանը փոխանցվում է սարսափով: Ռոբերտ Քոչարյանն իր գործունեությամբ դրական նախագահ է եղել և լուրջ արդյունքներ է ունեցել: Այս պահին իշխանափոխության որևէ խնդիր չկա, որ ինչ-որ քննարկումներ լինեն: Ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Ռոբերտ Քոչարյանը տարբեր հարցերի վերաբերյալ իր տեսակետը կարող է արտահայտել, բայց դա չպիտի կապել իշխանափոխության հետ: Մեր հակառակորդների համար շատ հաճելի կլինի, որ դա իրողություն լինի: Ցանկությունները հասարակությանը մատուցվում են որպես իրողություն, նման խնդիր չկա, և հակասություններ չկան:
-Ի՞նչ եք կարծում` ԱՄՆ-ի նախագահը, ի վերջո, «ցեղասպանություն» բառը իր ապրիլյան ուղերձում կօգտագործի՞, և ի՞նչ կփոխվի աշխարհում:
-Ընդամենը դրական ազդակներ կառաջացնի: 1975 թ. ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Ցեղասպանությունը, նախագահ Ռոնալդ Ռեյգանը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործեց, խնդիրը Ցեղասպանության ընդունումն է Թուրքիայում: Իհարկե, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձում ոգևորիչ կլինի վերջապես այդ բառը լսելը, մինչև ընտրվելն ասում էր, որ կօգտագործի, և քանիցս էլ ասել է, որ իր կարծիքը չի փոխել: Իհարկե, մենք շատ կուրախանանք. միշտ էլ, երբ մեզ շահեկան տեսակետ է հնչում, ուրախանում ենք, բայց դա որևէ կոնկրետ, իրեղեն խնդիր չի լուծում:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ