Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄ ԲՈՒԺՎԵԼ

ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄ ԲՈՒԺՎԵԼ
02.03.2010 | 00:00

«Չգնացինք Երևան, որովհետև Հրազդանում արդեն բարձր տեխնոլոգիաներով, անհրաժեշտ պայմաններով հագեցած կենտրոն ունենք։ Ճիշտն ասած, չէինք հավատում, որ մեկուկես տարում նման կենտրոն կունենանք»,- մեզ հետ զրույցում նշում էին Հրազդանի բժշկական կենտրոնի ստացիոնար հիվանդները և փաստում, որ վճարովի ծառայության դեպքում, փաստացի վճարներից բացի, այլ գումարներ չեն պահանջում։ «Խիղճս հո չե՞մ կորցնի, պառկածս օրվանից ոչ մի կոպեկ չեն ուզել»,- իրենց հերթին նշում էին պետպատվերով բուժծառայություն ստացողները։
Վերջին 10-15 տարիներին մարզերից հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաքի բժշկական կենտրոններ մեծացել է, ինչը պայմանավորված է ոլորտի ոչ համաչափ զարգացման մակարդակով։ Միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ առողջապահության նախարարությունը մարզերում որոշակի ծրագրեր իրականացրել է, իհարկե, սակայն դրանք վերաբերում են ընտանեկան բժշկի ինստիտուտի ձևավորմանը։ Իսկ ստացիոնար ոլորտը, կարելի է ասել, նվաստացուցիչ վիճակում էր, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ ուղղությամբ շատ քիչ բան է արվել։ Ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ ևս հիմնական ներդրումներն իրականացվել են մայրաքաղաքում։ Եվ միայն երկու տարի առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարեց մարզային հիվանդանոցները գերժամանակակից դարձնելու անհրաժեշտության մասին, ինչը դարձավ նախարարության քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։ «Առաջնային բուժծառայության վերազինման նպատակով անցած տարիներին մեր մարզում աշխատանքներ իրականացվել են, սակայն հիվանդանոցային վերազինում, արդիականացում առաջին անգամ է կատարվել։ Մեզ համար ուրախալի է, որ աշխատանքները սկսվել են նաև Աբովյանի ու Եղվարդի հիվանդանոցների պայմանների բարելավման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովման հարցերի վարչության պետ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ումից էլ տեղեկացանք, որ մարզն ունի 278 հազար բնակիչ, իսկ տարածված հիվանդություններից են շաքարախտը, սրտանոթային և օնկոլոգիական հիվանդությունները։ Ըստ միջազգային փորձագետների` Հայաստանի մարզային առողջապահության համակարգում առաջին անգամ Հրազդանում ստեղծվել է արդիական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն, որն ունի ընդունարան` շտապօգնության մեքենայի համար նախատեսված թեքահարթակով և տեղում անհետաձգելի բուժում իրականացնելու բոլոր հնարավորություններով, կենտրոնացված վիրահատական բլոկ` երեք սրահներով, որոնցից մեկը հատկացված է ծննդատանը, հետվիրահատական ինտենսիվ բուժման հիվանդասենյակներ, ժամանակակից սարքավորումներով վերակենդանացման բաժանմունք և ծնարանային բլոկ` անհատական տիպի երեք ծնարաններով։ Սակայն, ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել։ Մենք շրջեցինք կլինիկայով։ ՈՒրախալի էր ոչ միայն գերժամանակակից կենտրոն տեսնելը, այլև որ այն մասնավոր չէ։ Սա կարևոր խնդիր է հատկապես մարզային բուժոլորտում, քանի որ այդպիսով մեծանում է պետպատվերով բարձրակարգ բուժծառայություն ստանալու հավանականությունը։ «Կենտրոնում 80 տոկոսը պետպատվերով հիվանդներն են, 20 տոկոսը` վճարովի»,- պարզաբանեց Գայանե Մարտիրոսյանը։ Կլինիկան ոչ միայն հագեցած էր բուժսարքավորումներով և գույքով, այլև գործում էին լվացքատունն ու թափոնների հավաքման սենյակները։ Այս նոր համակարգը հատկապես կարևոր է էկոլոգիական խնդիրների նվազեցման տեսանկյունից։
Մարզում բժշկական կենտրոն ստեղծելն ինքնանպատակ չէ, այն պետք է լուծի մի շատ կարևոր խնդիր` կանխի հիվանդների արտահոսքը դեպի մայրաքաղաքի կլինիկաներ։ Արդյոք նկատվո՞ւմ է այդպիսի երևույթ, և ընդհանրապես, ի՞նչ փոխվեց ներսում կենտրոնն արդիականացնելուց հետո։ Այս հարցի շուրջ զրուցեցինք Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։ «Հունվար ամսին արդեն նկատվեց հիվանդների հաճախելիության մակարդակի բարձրացում, ինչը փաստում է վիճակագրությունը։ Անցած տարվա հունվարին ունեցել ենք 80, այս տարվա հունվարին` 134 հիվանդ։ Այժմ հիվանդներին հոսպիտալացնելու համար (հատկապես սոցիալապես անապահով խմբի) հերթագրում ենք, քանի որ պահանջարկը մեծ է։ Ընդհանրապես, կենտրոնի արդիականացումից հետո շատ բան փոխվեց, հատկապես աշխատակազմի և բնակչության հոգեբանությունը։ Ստեղծված պայմանները նպաստում են ոչ միայն հիվանդների հաճախելիության աճին, այլև բարձրացնում են աշխատակազմի աշխատանքային որակը։ Անկեղծ ասած, մեր բնակչությունը թերահավատ էր, որ տարեվերջին կարող է ունենալ նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց։ Մինչ այդ մեր վիրաբույժները երազում էին վիրաբուժական էլեկտրադանակների մասին, իսկ այժմ դրանց օգնությամբ լուրջ վիրահատություններն անում են գրեթե անարյուն։ Կենտրոնն ունի ղեկավարվող շնչառության սարք, ինչը խիստ անհրաժեշտ է անեսթեզիոլոգներին»,- ասաց տնօրենը։
Ինչ խոսք, բարձր տեխնոլոգիաներով հագեցած կլինիկան անհրաժեշտություն է, սակայն մարզային բժիշկների արհեստավարժությունը բավարա՞ր է այդ սարքավորումներով աշխատելու համար։ «Այս պահին ունենք անզգայաբան վերակենդանացնողի անհրաժեշտություն, իսկ վիրաբույժի խնդիր չունենք։ Անզգայաբանի խնդիրը լուծում ենք մասնագետ հրավիրելով Երևանից։ Առաջիկայում կունենանք բարձրորակ ուրոլոգ և վնասվածքաբան։ Ընդհանրապես, եթե առաջ մենք էինք խնդրում, որ բժիշկը գա և տեղում վիրահատություն կատարի կամ կոնսուլտացիա անցկացնի, այժմ ոչ միայն սիրով են գալիս, այլև ցանկանում են աշխատել այստեղ։ Հիմա էլ մենք ենք մտածում, քանի որ բուժանձնակազմի մասնագիտական բարձր մակարդակը մեր քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է»,- պարզաբանեց Ռոբերտ Սահակյանը։ Այլ կերպ ասած, սա այն դեպքն է, երբ կարելի է ասել` միջոցներն արդարացրել են նպատակը։ Հիշեցնենք, որ Հրազդանի 50-մահճակալանոց բժշկական կենտրոնն իրականություն է դարձել ՀՀ կառավարության և ՀԲ-ի համատեղ ծրագրով։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ. -Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ առաջիկայում Տավուշի մարզի Իջևան քաղաքում կվերաբացվի արդիականացված բժշկական կենտրոնը։

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ